՛՛ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՛՛ ՝ 2016-Ի ԱՄՓՈՓՈՒՄ

0

՛՛Եվրոպական ընտրություն՛՛ հասարակական քաղաքական նախաձեռնությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը 2016 թվականի ավարտի կապակցությամբ: Հայաստանի երրորդ հանրապետության 25-ամյակը պսակող այդ տարին առանձնանում է իր ծանր ու դառը հետեըանքներով: Տարեսկզից հարյուր օր չանցած, բռնկվեց ողբերգական քառօրյա պատերազմը: Եւս հարյուր օր անց Երեւանում տեղի ունեցավ զինված ապստամբության փորձ, որը բերեց մեր երկիրը քաղաքացիական պատերազմի եզրին: Ներքին այդ ահավոր փորձություններին եւս հարյուր օր հետո ավելացավ միջազգային մարտահրավերը՝ ԱՄՆ արտաքին քաղաքական ուղղության կտրուկ փոփոխության վտանգը:
Անկայուն եւ խոցելի մեր պետության համար սա իսկապես դաժան ու ծանր տարի էր: Սակայն մոտ ապագան չի խոստանում արագ լուծումներ եւ մեր բեռի թեթեւացում՝ հակառակը. ժողովրդավարական առաջադեմ ուժերի ժամանակավոր նահանջն ու պարտությունը Ամերիկայում ու Եւրոպայում նշանակում է ծայրահեղ ազգայնականության, անհանդուրժողականության, քաղաքական, տնտեսական եւ գաղափարական հետադիմության ուժեղացում: Նման իրավիճակում աշխարհը հայտնվում էր Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների շեմին: Այսպիսի շիկացած միջազգային մթնոլորտում ամբողջ թափով ընթանում է քաղաքական կողմնորոշումների մրցավազք եւ պետությունների ու ազգերի արագ ՛՛ճամբարացում՛՛, այսինքն քաղաքական դաշնակիցների և ռազմական դաշինքերի ընտրություն:
՛՛Եվրոպական ընտրություն՛՛ նախաձեռնությունը բազմիցս պնդել է եւ այսօր էլ հաստատում է, որ ՀՀ իշխանությունների ստրկամիտ ու անհեռատես դիրքորոշման պատճառով մեր Հայրենիքը հայտնվել է սխալ քաղաքական ճամբարում, մեր հանդեպ թշնամաբար տրամադրված ռազմատնտեսական կառույցում, առանց իրական դաշնակիցների եւ ըննդեմ մեր պատմական բարեկամների: Սա մեծագույն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը եւ պետական անկախությանը, որի պատասխանատվությունը ՀՀ գաղութային վարչախմբի հետ կիսում է կեղծ ու նույնքան ստրկամիտ ընդդիմությունը:
՛՛Եվրոպական ընտրություն՛՛ նախաձեռնությունը տոկունության ու ինքնակազմակերպման կոչ է անում իր համախոհներին: Սկսվող տարին մարտահրավերների ժամանակ է, որոնց պետք է ոչ թե դիմանալ, այլ դիմադրել՝ քաղաքացիական բարձր գիտակցությամբ եւ Հայրենիքի ու Ազատության հանդեպ նվիրվածությամբ: Երբ չի երեւում հույսի ճառագայթը, մենք ապրում եւ գործում ենք մարդկային եւ ազգային արժանապատվության շնորհիվ: Խավարը հավերժ չէ, ամենաերկար գիշերն էլ ավարտ ունի: Շնորհավորենք միմյանց նոր տարվա, նոր գործերի, նոր պայքարի առիթով: Սեր ու միություն: Հանուն մեր եւ ձեր ազատության:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply