՛՛ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՛՛ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (նախագիծ)

0

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Մենք, Հայաստանի մի խումբ համախոհ քաղաքացիներս, միավորվում ենք ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցության մեջ, նպատակ ունենալով օրինական ճանապարհով մեր Հայրենիքը դարձնել ազատ, անկախ, ժողովրդավարական եւիրավական պետություն: Մեր համոզմամբ, առկա աշխարհաքաղաքական իրավիճակում այդ նպատակն իրագործելի է միայն Եւրոպական Միությանը եւ Հյուսիս-Ատլանտյան պաշտպանական դաշինքին Հայաստանի անդամակցության դեպքում:

Հետեւաբար, ՛՛ Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցության ծրագրային դիրքորոշումն ու գործունեության սկզբունքները հիմնվում են ժամանակակից եւրոպական քաղաքակրթության առանցքային արժեքների վրա՝ ժողովրդավարություն եւ ազատականություն, օրենքի գերակայություն եւ իրավահավասարություն, արդարություն եւ մարդասիրություն:

Մենք ապրում ենք հսկայական քաղաքական, տնտեսական, գաղափարական տեղաշարժերի բարդ ժամանակաշրջանում, որը սկսվեց քառորդ դար առաջ ԽՍՀՄ փլուզմամբ եւ բնորոշվում է Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններով:

ԽՍՀՄ քայքայումը 1991 թվականին, ինչպես եւ Ռուսական կայսրության փլուզումը 1918-ին, հնարավորություն տվեց Հայաստանին վերստեղծելու մեր պետականությունը: Սակայն ռազմաֆեոդալական կարգերից անցումը դեպի ազատական ժողովրդավարություն մեկ տասնամյակ անց ընդհատվեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, եւ մի շարք այլ հետխորհրդային երկրների նման մեզնում վերստեղծվեց բռնատիրական ու ոստիկանական համակարգը: Իրական ապասովետականացման եւ հասարակական ինքնամաքրման գործընթացը տեղի չունեցավ եւ մեր երկիրը կրկին հայտնվեց ռուսական գաղտնի ծառայությունների ու նրանց տեղական ստորաբաժանումների լծի տակ: Հայոց պետականությունը, ազգային մշակույթը, տնտեսությունը, անվտանգության համակարգը, զանգվածային լրատվությունը, հասարականակ կյանքը տարիներ շարունակ վերահսկվում եւ ղեկավարվում են տխրահռչակ ԿԳԲ-ի ու դրա գործակալական ցանցի կողմից: Բնականաբար, նման պայմաններում անհնար էր իրականացնել ժողովրդի ինքնիշխանության, ազատ կամարտահայտության, ինքնակառավարման սահմանադրական իրավունքները: Հայաստանի նոր գաղութացումը պսակվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ի խայտառակ իրադարձություններով, երբ Կրեմլի ճնշմանը տեղի տալով, ՀՀ նախագահը հայտարարեց Եվրոասոցիացման գործընթացի ընդհատման եւ ռուսական գլխավորությամբ Մաքսային, ապա Եվրասիական միությանն անդամակցելու մասին: Դրան հաջորդած զարգացումները բերեցին Հայաստանին աղքատության ու արտագաղթի աճ, տնտեսության անկում, մշակութային լճացում եւ պատերազմ:

Իրավիճակը սկսեց փոխվել վերջերս, երբ միջազգային պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի տնտեսական կտրուկ թուլացման հետ մեկ տեղ զգալիորեն սկսեց նվազել դրա քաղաքական ազդեցությունը, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում: Փաստորեն, մենք կանգնած ենք 1918 եւ 1991 թթ. իրադարձությունների կրկնման շեմին, երբ ռուսական գերիշխանության նահանջը մեր ազգային ինքնիշխանության եւ ժողովրդավարության վերստեղծման հնարավորություններ է ընձեռում:

Հայաստանը մտնում է այս շրջան քաղաքական ու տնտեսական ծանր ճգնաժամի պայմաններում: Առավել ողբերգական է հասարակության զգալի մասի քաղաքացիական ու գաղափարական անկազմակերպվածությունն ու տհասությունը: Ռուսական գերիշխանության տասնամյակները սերմանել են հայության շրջանում ստրկամտության, կայսերապաշտության եւ անվստահության ծանր ժառանգություն: Չեկիստական քարոզչությունը ստեղծել է հայ հանրության մի ստվար զանգվածում այն անհեթեթ աշխարհահայացքն, ըստ որի մեր Հայրենիքը զավթած եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բաժանած, մեր հակառակորդին զինող, մեր տնտեսությունը սնանկացնող Ռուսաստանը դեռ ընկալվում է ոմանց կողմից իբրեւ ՛՛փրկիչ՛՛, իսկ Հայոց Առաջին հանրապետությունը պատմական սահմաններում ճանաչած, Եղեռնի հազարավոր հայ որբերին եւ Երկրորդ աշխարհամարտի հազարավոր հայ գերիներին ապաստան տրամադրած, վերջին քսան տարում միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն մեզ հասցրած Արեւմուտքը դիտվում է որպես ՛՛թշնամի՛՛:

Բացառությամբ ԱԻՄ հնամարտիկների, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ խորհրդարանական խմբակցության եւ առանձին մտավորականների ու խմբերի՝ Հայաստանում չկա կազմակերպված քաղաքական ուժերի բեւեռ, որը սկզբունքորեն ու հրապարակավ դնի Ռուսաստանի գաղութային լծից Հայաստանը ազատագրելու եւ Եւրոպական քաղաքակրթության ընտանիք վերադարնալու խնդիրը: Միայն բոլորովին վերջերս ապագաղութացման գաղափարը սկսեց արծարծվել հասարակության շրջանում եւ զանգվածային լրատվության մեջ, իբրեւ հնարավորություն եւ նպատակ:

Մինչդեռ Հայաստանում ծնվել է մի ողջ սերունդ, որը չի ցանկանում ապրել գաղութում, որը ձգտում է միջազգային չափանիշներով կրթությանը, որն առաջնորդվում է մարդու իրավունքների, քաղաքական ու տնտեսական ազատությունների, օրենքի գերիշխանության արժեքներով: Դա այսպես կոչված ՛՛անկախության սերունդն է՛՛, ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված ու չեկիստական քարոզից ազատ հայ երիտասարդությունը: Դա նաեւ ավագ սերնդի իրական մտավորականությունն է, որն այս ողջ ժամանակաշրջանում հավատարիմ է մնացել համամարդկային արժեքների, եվրոպական քաղաքակրթությանը, որը չի վաճառվել իշխանական կաշառքներով, որը պահպանել է ազգային ու անձնական արժանապատվությունը եւ ազատ ու անկախ Հայրենիքի երազանքը: Հենց նրանց շարքերից, նրանց միջոցով, նրանց համար է ստեղծվում ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը: Պատկերավոր ասած՝ մենք ձգտում ենք իրականացնել ՛՛եւրոպական նորոգում՛՛ մեր ընդհանուր ազգային տանը՝ Հայաստանում:

Ռուսական կայսերական ճնշման թուլացման պայմաններում Հայաստանում հնարավոր եւ անհրաժեշտ է դառնում արեւմտամետ քաղաքական ու հասարակական բեւեռի ստեղծումն ու ժողովրդավարական ազատական գաղափարների տարածումը հանրության շրջանում: Չափազանց անհավասար կլիներ Հայաստանի միանձնյա պայքարը Ռուսաստանի գաղութացման դեմ, եթե չստեղծվեին ներկայիս բարենպաստ պայմանները միանալու սովետա-չեկիստական ահավոր ժառանգությունից ազատվելու համաշխարհային գործընթացին: Հայաստանը միայնակ չէ այս պայքարում: Մեր անմիջական հարեւաններ Վրաստանն ու Իրանը, ամեն մեկը յուրովի, մերձենում են Արեւմուտքի երկրների հետ: Իրանն ազատվում է բազմամյա տնտեսական պատժամիջոցներից ու սահմանափակումներից եւ արագորեն վերականգնում է իր տնտեսությունն ու քաղաքական դերը տարածաշրջանում: Վրաստանը նախանձելի առաջընթաց է գրանցել այս ճանապարհին եւ արդեն ստացել է իր քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտքի արտոնություն: Առավել կարեւոր է Վրաստանի տարածքում Հյուսիս-Ատլանտյան ռազմական դաշինքի կառույցների տեղակայումը եւ այդ երկրին տրվող պաշտպանության երաշխիքները Արեւմուտքի կողմից: Նույն երաշխիքները՝ զգալի քաղաքական ու նյութական օժանդակության հետ միասին վերջերս տրվել են Ուկրաինային ու Մոլդովային, որոնք բացահայտ ու անվերադարձ բռնել են եւրոպական կողմնորոշման ճանապարհը: Հայաստանը կարեւոր դեր ու տեղ ունի Արեմտյան Եւրոպա-Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան առանցքում, որը մեր միջոցով ու մեր տարածքով ձգվում է դեպի Իրան եւ վերաձեւավորվող Մերձավոր ու Հեռավոր Արեւելք: Չհասկանալ դա ու հապաղել, առավելեւս չմասնակցել կամ ընդդիամանալ այս վիթխարի աշխարհաքաղաքական գործընթացին՝ ազգային դավաճանության հավասարազոր աններելի հիմարություն է եւ քաղաքական հանցագործություն:

Ստեղծված իրավիճակում ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը հանդես է գալիս ոչ թե ավանդական քաղաքական բարեմաղթանքների ու վերացական նախագծերի ոճով գրված ծրագրով, այլ ՀՀ Սահմանադրության շրջանակներում իրականացվելիք անհետաձգելի գործողությունների առաջարկություններով:

2. ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի անդամակցումը Եվրոմիությանը եւ Հյուսիս-Ատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական եւ իրագործելի խնդիրներներ են, ուստի դրանք հանդիսանում են ընդամենը միջանկյալ նպատակներ ու միջոցներ մեր ազգային ու պետական գերխնդիրը լուծելու համար՝ անկախ, ժողովրդավարական, հզոր ու բարգավաճ պետության կառուցումը: Լինելով վիթխարի աշխարհաքաղաքական գործընթացների մասը, Հայաստանը միեւնույն է ուշ թե շուտ հայտնվելու է պատմական տրամաբանությամբ իրեն հատկացված տեղում, սակայն միայն մեր հասարակական գիտակցությունից ու պետական քաղաքականությունից է կախված մեր երկրի դերն ու կշիռը վերաձեւավորվող ապագա աշխարհում: Ուստի ՛՛Եւրոպական ընտրւթյուն՛՛ կուսակցությունը (ԵԸԿ) իր առաջնահերթ նպատակն է համարում ոչ այնքան երկրում իշխանության հասնելը, ինչը դիտվում է իբրեւ անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման, այլ եւրոպական քաղաքակրթության արժեքների տարածումն ու հաստատումը հետխորհրդային վարակից դժվարությամբ ապաքինվող մեր հասարակության մեջ: Այդ արժեքները համամարդկային են եւ համընդհանուր՝ մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավահավասարությունը, ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները, սոցիալական արդարությունն ու անձի պաշտպանվածությունը, քաղաքական ու տնտեսական ազատություններն եւ ցանկացած խտրականության բացառումը: Դժվար չէ նկատել, որ բոլոր այս դրույթներն արտացոլված ու հռչակված են ՀՀ Սահմանադրության մեջ, սակայն նույնքան ակնհայտ է, որ դրանց մեծ մասը չի գործում մեր երկրում: Հետեւաբար, ԵԸԿ գործունեությունը նախեւառաջ ուղղված է ՀՀ Սահմանադրության լիարժեք կատարմանն ու իրագործմանը:

Հայաստանը հերթական անգամ մտնում է կտրուկ քաղաքական, տնտեսական ու գաղափարական փոփոխությունների շրջան, որը բնորոշվում է Ռուսաստանի դարավոր գերիշխանության նվազեցմամբ, դրա ընդհանուր թուլացմամբ եւ մասնավորապես մեր տարածաշրջանից դրա մոտալուտ նահանջով: Հայաստանի համար կենսականորեն կարեւոր է ստեղծվող դատարկությունը լրացնել եւրոպական ուղղվածության ժամանակակից քաղաքական ու տնտեսական համակարգով, որի այլընտրանքն է ասիական ավանդական բռնակալությունը:

ԵԸԿ-ը տեսնում է իր առաքելությունը հետեւյալ առաջնահերթ միջոցառումների կազմակերպման եւ իրագործման մեջ:

2.1. Հայաստանում միջազգային դիտորդների ու տեղական իրավապաշտպանների վերահսկողությամբ եւ իրավապահ մարմիններիպաշտպանության ներքո ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում:

2.2. Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված Խորհրդարանի կողմից դիմել ԵՄ-ին ՀՀ եվրոասոցիացման գործընթացը վերսկսելու առաջարկով:

2.3. Ընտրությունների արդյունքում կազմված խորհրդարանի կողմից նշանակված կառավարությանը առաջադրել իշխանությանգործադիր, օրենսդիր եւ դատական թեւերի բաժանման անհապաղ իրականացումը:

2.4. Կառավարությանը կից եւ առանձին ԱԺ կազմում ստեղծել բացառիկ լիազորություններով օժտված երկու անկախ՝ պետական եւ հասարակական հանձնաժողովներ Հայաստանի քաղաքական ու մշակութային ապասովետականացման գործընթացն իրականացնելու առաջադրանքով:

2.5. Կառավարության եւ Ազգային ժողովի կազմից ստեղծել համատեղ հանձնաժողով՝ համաներման սկզբունքով բանտարկյալների ազատագրման հարցով:

2.6. Կառավարությանը առաջադրել սեղմ ժամկետներում ու առաջնահերթ կերպով անցկացնել նախորդ տասնամյակներում կնքված բոլոր քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային պայմանագրերի ու իրավական ակտերի ուսումնասիրությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Անկախության Հռչակագրին, ՀՀ օրենսդրությանը եւ պետական ու ազգային գերագույն շահերին դրանց համապատասխանելիությունը պարզելու նպատակով: Պետական եւ հասարակական հանձնաժողովների զեկույցները հրապարակել եւ դրանց արդյունքերի հիման վրա պատրաստել նշված դրույթներին հակասող քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային պայմանագրերի ու իրավական ակտերի չեղարկման եւ ՀՀ կրած վնասների փոխհատուցման գործընթացը:

2.7. Առաջնահերթ կերպով քննել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու, ռուսական 102-րդ ռազմակայանիգործունեությունը դադարեցնելու, այնտեղից ՌԴ զինվորական անձնակազմի դուրս բերման եւ գույքի արդարացի բաժանման, ՀՀսահմանը բացարձակապես ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից վերահսկողության տակ հաձնելու խնդիրների լուծումը:

2.8. Դնել սույն հարցերը համաժողովրդական հանրաքվեի եւ դրական պատասխանի դեպքում վերածել այն պետական օրենքի:

2.9. Իրականացնել ՀՀ ՊՆ, ՆԳՆ, ԱԱԾ, Դատախազության եւ ԱԳՆ համակարգերում լայնածավալ մասնագիտական ստուգումներ՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Անկախության Հռչակագրին, ՀՀ օրենսդրությանը եւ պետական ու ազգային գերագույն շահերին դրանց գործունեության համապատասխանելիությունը պարզելու նպատակով: Հրապարակել ու լուսաբանել այս ողջ գործընթացը զանգվածային լրատվության միջոցներով:

2.10. Առաջադրել Կառավարությանը կից եւ ԱԺ կազմում ստեղծված համապատասխան հանձնաժողովներին կազմել ՀՀ գործող նախկին խորհրդային եւ ներկայիս ռուսական հատուկ ծառայությունների գործակալների ցանկը: Այդ նպատակով փոխանցել ԿԳԲ/ԱԱԾարխիվները սույն պետական եւ հասարակական հանձնաժողովներին՝ ազգային իրական քաղաքական եւ մշակութային անվտանգությանապահովման եւ նոր պետական եւ հասարակական կառույցներ նախկին գործակալների

ներթափանցումը բացառելու համար:

2.11. Քննարկել Կառավարության եւ ԱԺ նիստերում ՀՀ ԱԱԾ վերացումը պետական համակարգից եւ նրա գործառույթների բաշխումը ՀՀ Պաշտպանության եւ Ներքին գործերի նախարարությունների միջեւ:

2.12. Կատարել ՀՀ Ներքին եւ Արտաքին գործերի նախարարություններում, ՀՀ Մաքսային եւ Հարկային ծառայություններում մանրակրկիտ եւ լիարժեք մասնագիտական ստուգումներ, իրականացնելով այդ կառույցներում արմատական փոփոխություններ եւշարքերի մաքրման գործընթաց: Հրավիրել աշխատանքի երիտասարդ մասնագետների, այդ թվում Սփյուռքից:

2.13. Վերանայել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրատվական քաղաքականությունը եւ գործունեության սկզբունքները, արմատապես վերակազմավորել այդ կառույցները՝ ՀՀ օրենսդրության, ժողովրդավարության, խոսքի ազատության, ազգային մշակույթիեւ մասնագիտական միջազգային չափանիշների հիմքերով:

2.14. Անջատել ՀՀ տարածքում ռուսական հեռուստատեսության հեռարձակումը եւ արգելել ՀՀ հեռուսատընկերություններին առանց հայերեն թարգմանության օտարալեզու հաղորդումների տարածումը:

3. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նկատի առնելով, որ ԵՄ եւ Հյուսիս-Ատլանտյան պաշտպանական դաշաինքին անդամակցելու մասին քաղաքական հայտարարությունից մինչեւ այդ նպատակի իրականացումը Հայաստանին անհրաժեշտ է լինելու մի քանի տարիների անցումային շրջան, որը ընթացքում օրենսդրությունն ու պետական կառույցները պետք է արմատական բարեփոխումների ենթարկվեն՝ ժողովրդավարության քաղաքական ու տնտեսական եվրապական չափանիշներին համապատասխանելու համար, ՀԵԿ-ը առաջարկում է սույն գործընթացի իր տեսլականը:

3.1. ՀՀ պետական ու հասարակական կյանքում իրականացնել գործադիր իշխանության՝ կառավարության կազմի եւ դերի կտրուկնվազեցումը: Քաղաքական եւ տնտեսական ազատությունները անխուսափելիորեն հակասության մեջ են մտնում պետության ուռճեցված գործադիր ու բյուրոկրատական ապարատի հետ եւ վերջինս պետք է զիջի իր դիրքերը ապագա Հայաստանում: Բավարար ենք համարում սահմանափակել ՀՀ կառավարության կազմը հետեւյալ նախարարություններով.

ա. Պաշտպանության նախարարություն

բ. Արտաքին գործերի եւ Հայրենադարձության նախարարություն

գ. Ներքին գործերի եւ արտակարգ իրավիճակներիի նախարարություն

դ. Մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարություն

ե. Գիտության եւ կրթության նախարարություն

զ. Առողջապահության նախարարություն

է. Տնտեսության ու ֆինանսների նախարարություն

ը. Գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություն

թ. Տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարություն

ժ. Արդարադատության նախարարություն

ի. Առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն:

3.2. Պետության, ազգի կամ համայնքների համար կարեւոր քաղաքական, տնտեսական եւ մշակութային խնդիրների քննարկումն ուորոշումների ընթունումն անցկացնել համաժողովրդական կամ տեղական հանրաքվեների միջոցով:

3.3. Ե րկրի համաչափ տնտեսական ու մշակութային զարգացման եւ բնակչության տեղաբաշխման անբնական ու անբարենպաստ միտումները շտկելու նպատակով կիրառել ՛՛շրջող մայրաքաղաք՛՛ ծրագիրը, պարբերաբար տեղափոխելով պետական առանցքային կառույցները Երեւանից դեպի տարբեր մարզեր՝ յուրաքանչյուր անգամ 5-10 տարի ժամկետով: Առաջնահերթ համարելով երկրաշարժի գոտու եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացումը, հետեւողականորեն իրականացնել ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմի, կառույցների ու ծառայությունների լիարժեք տեղափոխումն ու գործունեությունը Գյումրիում, ապա Վանաձորում, Կապանում եւ այլ մարզային կենտրոններում:

3.4. Կտրուկ սահմանափակել կապիտալ շինարարությունը Երեւանում եւ խրախուսել ներդրումներն ու կառուցապատումը ՀՀ մարզերում, օգտագործելով հարկային եւ այլ տնտեսական ու ֆինանսկանա գործիքները:

3.5. Պարտադրել սեղմ ժամկետում բոլոր պետական հիմնարկները, մասնավոր գործարարության հաստատությունները, հասարակական տրանսպորտը, հանրային օգտագործման վայրերը, ժամանցային եւ սպորտային կենտրոնները, սպասարկող ենթակառույցները, բանկերը, փոստային ծառայության կետերը, սննդի եւ առեւտրի օբյեկտները, փողոցներն ու շենքերի շքամուտքերը հարմարեցնել սահամանափակ հնարավորություններով քաղաքացիների կարիքների համար, կառուցելով թեքահարթաքներ եւ կիրառելով անհրաժեշտության դեպքում հատուկ սարքեր: Արգելել որեւե կառույցի շահագործումն առանց նման հարմարությունների եւ սահմանել խիստ պատժամիջոցներ ու տուգանքներ կարգազանցների նկատմամբ: Հասարակական տրանսպորտի դեպքում օգտագործել պետական միջոցներ եւ դիմել այս խնդրով միջազգային բարեգործական կազմակերպություններին:

3.6. Մշակել եւ իրականացնել առաջնահերթ տնտեսական նախագծերի ցանկ, տալով դրանց Ազգային Ծրագրերի կարգավիճակ: Դրանց թվում.

ա. Սեւանա լճի կենսական ու ռազմավարական նշանակությունից ելնելով կտրուկ կրճատել դրա ջրային եւ այլ բնական պաշարների տնտեսական օգտագործումը, սահմանելով այն իբրեւ բացարձակ ազգային հարստություն: Այդ նպատակով անհապաղ կառուցել կոյուղային համակարգ, որը բացառելու է լճի աղտոտումը:

բ. Իրականացնել Հայաստանի անտառապատման բազմամյա ծրագիր, կրկնապատկելով երկրի անտառային ծածկը մինչեւ դարի ավարտը:

գ. Մշակել եւ իրագործել ջրամբարների կառուցման ծրագիր՝ տնտեսության եւ բնապահպանության չափանիշներով ապահովելով երկրի տարածքում ջրային պաշարների առավել արդյունավետ օգտագործումը:

դ. Իրականացնել երկրի շուտափույթ անցումն արեւային, հողմային եւ այլ բնական էներգիայի աղբյուրների, կրճատելով գազի ու նավթի ներմուծումը: Այդ նպատակով ապահովել երկրի գիտական ներուժի եւ տնտեսական հզորությունների կենտրոնացումն այս խնդիր լուծման վրա, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաներով էլեկտրական մարտկոցների արտադրության ոլորտում: Դիմել աջակցության համար միջազգային կազմակերություններին, խոշար մասնագիտական ընկերություններին, Սփյուռքի ֆինանսական կարողություններին; ստեղծել բացարձակ բարենպաստ տնտեսական պայմաններ եւ հարկային արտոնություններ սույն ծրագրի իրականացման համար:

ե. Նույնանման պետական ծրագիր իրագործել աղբի ուտիլիզացման եւ էներգետիկ նպատակներով կիրառման ուղղությամբ: Անհապաղ ձեռք բերել համապատասխան սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ առաջատար ընկերություններից, որոնք հաջողությամբ լուծել են այդ խնդիրը: Ապահովել առավելագույնս բարենպաստ տնտեսական եւ իրավական պայմաններ ծրագրի իրագործման ընթացքում:

զ. Վերականգնել Հայաստանի ազգային ավիացիան, պարտադիր կերպով վերստեղծել պետական ավիաընկերություն, նկատի առնելով բնական աղետների եւ քաղաքական ճգնաժամների դեպքում անկախ եւ հուսալի օդային հաղորդակցութններ ունենալու կենսական անհրաժեշտությունը, հատկապես աշխարհասփյուռ համայնքներ ունեցող մեր երկրի համար: Վերակառուցել եւ շահագործման հաձնել փոքր ավիացիայի համար նախկինում ստեղծված մարզային օդանավակայանները: Դասել այս խնդիրը, ինչպես եւ ճանապարհաշինարարությունն ընդհանրապես Հայաստանի ռազմավարական խնդիր:

է. Անհապաղ վերսկսել Երեւանում մետրոպոլիտենի կառուցումն իբրեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման, բնապահպանական ու քաղաքշինական իրավիճակի բարելավման եւ աշխատատեղերի ստեղծման խթան: Մասնագիտական եւ բնապահպանական քննարկում կազմակերպել Հրազդանի կիրճի վերգետնյա հատվածը սույն նպատակով օգտագործելու հարցով՝ դեպի Աջափնյակ, Դավիթաշեն եւ Կիլիկիա թաղամասերը մետրոպոլիտենի գիծը հասցնելու նպատակով:

ը. Ստեղծել եւ իրականացնել ազատգրված տարածքների վերաբնակեցման եւ զարգացման պետական համազգային նախագիծ: Հատուկ հարկային արտոնությունների, դրամաշնորհների եւ պետական աջակցույան միջոցով խրախուսել այդ տարածքների բնակեցումը, շինարարությունը, արդյունաբերական եւ գյուղատնտեսական համակարգի ստեղծումը, մշակութայնի, կրթական եւ առողջապահական համալիրը: Հայրենադարձության նախարարության միջոցով իրականացնել ներգաղթող քաղաքացիների ընդունման, նյութական օժանդակության, հոգեբանական ընտելացման, բնակարաններով ու աշխատատեղերով ապահովման, կրթության եւ սոցիալական օգնության համազգային ծրագիրը:

թ. Ստեղծել համապետական հիմնադրան, որտեղ կուտակվելու է ՀՀ բնական պաշարների օգտագործման հարկային եկամուտների 5 տոկոսը: Այդ միջոցներով յուրաքանչյուր նորածին ՀՀ բնակչի անունով բացել առանձին կուտակային հաշիվ՝ կրթական, առողջապահական եւ այլ կենսական նպատակների համար: Այսպիսով, մեկ սերնդի կյանքի ընթացքում ՀՀ դառնալու է իրապես սոցիալական պետություն՝ կենսմակարդակի կտրուկ աճի եւ ազգային հարստության արդար վերաբաշխման միջոցով: Արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին դառնալու է պետական արժետոմսերի սեփականատեր եւ ողջ երկիրը վերածվելու է ազգային բաժնետիրական ընկերության:

4. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

4.1.Ազատ շուկայական հարաբերություններն եւ ազատական տնտեսությունը պահանջում են պետության դերի փոփոխություն: Աղքատության, գործազրկության եւ ցածր կենսամակարդակի խնդիրների անհետաձգելի լուծման նպատակով առաջնահերթ կարեւորություն եւ բացարձակ տնտեսական արտոնություններ պետք է տրվեն մանր ու միջին գործարարությանը, օգտագործելով հարկային արտոնությունները, պետական դրամաշնորհները, ֆինանսա-բանկային խրախուսական վարկատրության գործիքները: Տնտեսապես ապահով ու բարգավաճ սեփականատերերի խավը հանդիսանում է պետության հիմնական մարդկային ռեսուրսն եւ ազատ ու արժանապատիվ հասարակության ներուժը: Ոչ թե պետական ծառայողներն ու տեսուչները, այլ անկախ գործարարները, ինքնաբավ հողագործներն ու ազատ ստեղծագործներն են ապահովում պետության զարգացումն ու բարգավաճումը, ժողովրդավարական կարգերի եւ օրինականության հաստատումն ու գերակայությունը:

4.2. Պետության դերակատարությունը տնտեսության ոլորտում պետք է փոխվի՝ ֆիսկալ վերահսկողության եւ հարկային ճնշումներից դեպի մասնագիտական խորհրդատվության եւ հարկային արտոնությունների կամ սահմանափակումների ճկուն քաղաքականություն: Պետությունը փորձագետների ու միջազհային խորհրդատվության միջոցով ընտրում է ազգային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններ եւ բացարձակապես տնտեսական գործիքներով է ստեղծում է դրանց համար բարենպաստ պայմաններ, հարկային ու մաքսային արտոնություններ, օգնում է դրանց իրացմանը ներքին եւ արտաքին շուկաներում: Ակնհայտ է, որ ժամանակակից տնտեսությունը պետք է զարգանա գիտության ու նորագույն տեխնոլոգիաների, բնապահպանական խստագույն պահանջների եւ բնական ռեսուրսների խելամիտ օգտագրոծման ճանապարհով: Երկրի տնտեսական զարգացումը պետք է իրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության շահերի, բնապահպանական եւ մշակութային արժեքների գերակայությանպայմաններում՝ մասնավոր սեփականության, ազատ շուկայական գործարարության եւ ազգային ու հասարակական գերագույն շահերի հավասարակշռության սկզբունքով:

4.3. Իբրեւ անցումային շրջանի տնտեսական առողջացման եւ սոցիալական արդարության հաստատման կարեւոր խնդիր, անհրաժեշտ է Կառավարությանը կից եւ ԱԺ ներսում անմիջապես ստեղծել բացառիկ լիազորություններով օժտված եւ ՆԳՆ ու Դատախազության ստորաբաժանումների հետ համագործակցող երկու անկախ ՝ պետական եւ հասարակական հանձնաժողովներ՝ 1991 թ. հետո խոշոր արդյունաբերական հաստատությունների, գործարանների, հանքերի, այլ կարեւոր տնտեսական օբյեկտների եւ անշարժ գույքի սեփականաշնորհման օրիականությունը, օգտագործման արդյունավետությունը եւ գործունեության նպատակահարմարությունը ուսումնասիրելու եւ գնահատելու նպատակով: Ստուգման արդյունքներով ներկայացնել կառավարության, ԱԺ եւ հանրությանը զեկույցներ, որոնց հիման վրա, օրինականության խախտումների եւ տնտեսական անարդյունավետության հաստատված դեպքերում կատարել անհրաժեշտ իրավական գործողություններ: Սեփականության իրավունքի օրինական ընդհատման դեպքերում հրավիրել միջազգային անկախ մասնագետների՝ համապատասխան օբյեկտների ու ակտիվների վերագույքագրման, արժեքավորման եւ միջազգային աճուրդով վերավաճառքի նպատակով: Բոլոր գործընթացներն անցկացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ԶԼՄ-րի միջոցով հանրությանը հաշվետվություններ ներկայացնելով:

4.4. Տնտեսական զարգացման ընթացքում առաջնահերթությունը եւ հարկային արտոնությունները պետք է տրվեն տեղական հումքի վրա աշխատող արտադրություններին, սահմանափակ հնարավուրություններով մարդկանց ներգրավվող հաստատություններին, տեղական աշխատուժի օգտագործմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը, էկոլոգիապես մաքուր սննդի եւ բարձր տեխնոլոգիաներով պատրաստված արտադրանքին, ինչպես նաեւ ՛՛ազգային բրենդ՛՛ ստացած արտադրատեսակներին: Ինչպես ցույց է տվել տնտեսական ճգնաժամն ու գործազրկությունը հաղթահարած երկրների փորձը, այդ նպատակով առավել արդյունավետ է երկրում խոշոր ճանապարհաշինական նախագծերի իրականացումը, ինչը կենսական կարեւորություն ունի մեր պետության համար:

5. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

5.1. Կառավարության եւ ԱԺ մակարդակով անհապաղ հայտարարել ԵՏՄ ու ՀԱՊԿ կառույցներից ՀՀ դուրս գալու եւ ԵՄ ու Հյուսիս-Ատլանտյան դաշինքին անդամակցությանը հասնելու ցանկության մասին: Առաջադրել ԱԳՆ եւ ՊՆ համատեղ ուսումնասիրել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը դադարեցնելու, այնտեղից ՌԴ զինվորական անձնակազմի դուրս բերման եւ գույքի արդարացիբաժանման, ՀՀ սահմանը բացարձակապես ՀՀ ՊՆ կողմից վերահսկողության տակ հաձնելու խնդիրների իրավական, դիվանագիտական եւ նյութական հանգամանքները սույն գործընթացները անհապաղ սկսելու համար: Վերսկսել Եվրոասոցիացման բանակցությունները, պատրաստելով համապատասխան փաստաթղթերը եւ կատարելով անհրաժեշտ լրացումներն ու փոփոությունները ազգային օրենսդրության մեջ:

5.2. Եվրոմիության եւ Հյուսիս-Ատլանտյան դաշինքին անդամակցությունը ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջնական նպատակն է, այլ զուտ ազգային անվտանգությունը եւ պետական ինքնիշխանությունը ապահովելու քաղաքական միջոց է: Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը մնում է Հայոց Եղեռնի ճանաչումը եւ դրա ողբերգական հետեւանքների վերացումն ու հատուցումը: Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունները, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, պետական սահմանների բացումը եւ քաղաքական խնդիրների, այդ թվում նաեւ փոխհատուցման քննարկումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցը: Հայաստանի ազգային ու պետական շահերից է բխում խաղաղ, ժողովրդավարական, տնտեսապես զարգացած եւ համաշխարհային արժեքներով առաջնորդվող Թուրքիա, որպես հարեւան երկիր: Իբրեւ փոխվստահության եւ բարի կամքի դրսեւորում կարելի է ստեղծել միջազգային հովանավորության տակ երկու հատուկ ապառազմականացված չեզոք գոտիներ հայ-թրքական սահմանի վրա՝ Արարատ լեռան եւ Անի քաղաքի շրջաններում, հայտարարելով դրանք համաշխարհային մշակութային ժառանգության տարածք:

5.3. Արցախյան հիմնախնդիրը իր կայուն եւ մշտական լուծումը կարող է ստանալ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում, սակայն ոչ ներկայումս երկու երկրներում տիրող բռնակալական մթնոլորտում: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն ու հարաբերությունների կանոնակարգումն այլըտրանք չունի: Վերջին տասնամյակների համաշխարհային ու եվրոպական փորձի համաձայն բոլոր վիճելի քաղաքական հարցերը լուծվում են խնդրահարույց տարածքների ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի գերակայության սկզբունքով եւ հանրաքվեի միջոցով: Արցախյան հիմնախնդիրն այս առումով եւս մի ծանրակշիռ փաստարկ է Հայաստանի համար Եվրոմիությանը անդամակցելու համար:

5.4. Եւրոինտեգրացման գործընթացում Հայաստանի համար առանցքային տեղ է զբաղեցնում մեր անմիջական հյուսիս-արեւելյան հարեւանների՝ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ բարեդրացական, գործընկերային հարաբերությունները: Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում հանդես գալ Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան-Հայաստան քաղաքական դաշինքի եւ ազատ հաղորդակցության ուղիների ստեղծման նախաձեռնությամբ, որը էապես կհեշտացնի Եւրոպայի եւ Մարձավոր Արեւելքի միջեւ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը եւ տրասպրտային կապը:

5.5. Ինչպես անցած երկու հազարամյակներում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում եւ ապագայում ՝ մեր երկրի համար ռազմավարական գործընկերն է մնում հարեւան ու բարակամական Իրանը: Մեր երկու պետությունների միջեւ ստեղծված վստահությունն ու եզակի փոխհարաբերություններն առանցքային դեր են կատարում ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: Իրանի արագ զարգացող տնտեսությունն աննախադեպ ու բարենպաստ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ու Սփյուռքի ձեռներեցների համար՝ փոխշահավետ ու լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացման համար: ՀՀ իշխանությունները հատուկ արտոնությունների եւ խրախուսական միջոցառումների օգնությամբ պետք է աջակցեն եւ ամրապնդեն հայ-իրանական տնտեսական, սոցիալական, մշակութային հարաբերությունները:

5.6. Հատուկ ուշադրությամբ եւ նրբանկատությամբ պետք է կառուցել նոր պետական եւ հասարակական հարաբերությունները տարածաշրջանի նորանկախացող եւ ինքնորոշմանը ձգտող ազգերի հետ, նախեւառաջ՝ քրդերի: Հայ-քրդական բազմադարյա կապերը ունեցել են ե՛ւ մռայլ, ե՛վ լուսավոր էջեր, սակայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ քաղաքականությունը ստեղծվող քրդական պետության հետ պետք է կառուցվի բացարձակապես բարիդրացիական եւ փոխշահավետ հիմունքներով, ապահովելով կայունություն եւ խաղաղություն ողջ տարածաշրջանում: Հատուկ ուշադրություն եւ պետական հոգատարություն է անհրաժեշտ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում պահպանված հայ ազգաբնակչության եւ նրա մշակութային ժառանգության հանդեպ:

5.7. Վերանայել ՀՀ արտաքին քաղաքականության տեսլականը ԵՄ անդամակցելու լույսի ներքո: Մասնագիտական եւ կադրային արմատական բարեփոխումներ կատարել ՀՀ դիվանագիտական անձնակազմում: ՈՒսումնասիրել ՀՀ բոլոր դեսպանատների գործունմեության քաղաքական, մշակութային, գաղափարական ու տնտեսական արդյունավետությունը, ՀՀ ներկայացուցչությունների բաշխման նպատակահարմարությունը, ելնելով քաղաքական եւ տնտեսական նկատառումներից: Հնարավորինս կրճատել եւ կենտրոնացնել ՀՀ դիվանագիտական ծառայությունները արտերկրներում, միաժամանակ կտրուկ բարձրացնելով դրանց արդյունավետությունը, մասնակցությունը ընդունող երկրների քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, ամրացնել կապերը տեղական հայ համայնքների հետ՝ հայրենադարձությունը խրախուսելու նպատակով:

5.8. Մշակել եւ իրագործել աշխարհասփյուռ հայությանն ուղղված ՛՛բաց Հայաստան՛՛ քաղաքական ծրագիրը, ապահովելով հայրենադարձությանը ու ներգաղթին նպաստող հատուկ արտոնություններ ու պետական երաշխիքներ: ՀՀ դեսպանատների միջոցով կատարել օտարերկրյա հայ համայնքների մարդկային ներուժի ՛՛հաշվառումն ու գույքագրումը՛՛, առաջարկելով ու նպաստելով սփյուռքահայ լավագույն մասնագետներին, ինչպես նաեւ արհեստավարժ երիտասարդներին ժամանակավոր կամ մշտապես տեղափոխվել ՀՀ՝ տնտեսության, մշակույթի, առողջապահության, գիտության ու կրթության զարգացման նպատակով:

5.9. Ներգրավվել Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցական եւ ուսանողական երիտասարդությունը համատեղ ուսումնական եւ փոխանակման ծրագրերի մեջ, պետական պատվերների, ազգային ծրագրերի եւ հատուկ հրավերների միջոցով խրախուսելով ներգաղթը:

6.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

6.1.Հայաստանի պատմությունը, աշխարհաքաղաքական դիրքը եւ ազգային նպատակները թելադրում են պետության ռազմական տեսլականը իբրեւ կանխարգելիչ ինքնապաշտպանություն, որտեղ ազգային անվտանգությունը ապահովվում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գաղափարական, հետախուզական համակարգով, եւ որի մեջ զինված ուժերը հանդիսանում են վերջին, սակայն նաեւ որոշիչ գործոնը: Հյուսիս-Ատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու քաղաքական նպատակը չի զրկում Հայաստանը հզոր պաշտպանական համակարգ ունենալու անհրաժեշտությունից, քանի որ մեր երկիրը պատկանում է ոչ թե անվտանգության սպառողների, այլ անվտանգությունն ապահովող պետությունների թվին: Հայոց բանակը մեր ողջ բազմադարյա պետականության ընթացքում հանդիսանում էր աշխարհաքաղաքական կարեւոր ուժ եւ անգամ այլ տերությունների կազմում գտնվելով հայությունը հանդես էր գալիս որպես քաջարի զինուժի եւ շնորհալի ռազմավարների մշտական աղբյուր: Վերստեղծված պետականության շրջանում՝ Սարդարապատից մինչեւ Արցախ, հայոց բանակը ամրապնդեց իր հաղթական համբավը: Ներկայումս միջազգային խաղաղապահ զինուժի կազմում՝ Բոսնիայում, Իրաքում, Աֆղանստանում ծառայություն կատարող ՀՀ ռազմական ստորաբաժանումները ձեռք են բերում արեւմտյան զինվորական չափանիշների անգնահատելի փորձ, որը էական նշանակություն կունենա ՀՀ բանակը Հյուսիս-Ատլանտյան ռազմական դաշինքնի պահանջներին մերձեցնելու ընթացքում:

6.2. Անցումային շրջանի տարիներին ՀՀ զինված ուժերի դերը որոշակի է մնալու ՀՀ պետական անկախության եւ ազգային անվտանգության ապահովման համար: Հա ՛՛Եւրոպական ընտրություն՛՛ կուսակցությունը առաջարկելու է բանակի վերակառուցման նախագիծ, որի առանցքն է երկու զուգահեռ գործընթացները.

Ա. Հատուկ պատրաստված եւ արագ արձագանքման մշտական պրոֆեսիոնալ բանակի ստորաբաժումների թվի եւ որոկի ավելացման հաշվին՝ ավանդական երկամյա համընդհանուր զինվորական ծառայության կրճատում.

Բ. Շվեյցարական եւ իսրայելական օրինակով՝ մշտական ու համընդհանուր զինված պահեստազորի համակարգի ներմուծում, որի համար արական սեռի 18-55 տարեկան ՀՀ ողջ ազգաբնակչությունը ամեն տարի երկու շաբաթով անցնում է պարտադիր զինվորոկան ծառայություն ու վերապատրաստում, հանդիսանալով անհրաժեշտության դեպքում հաշված ժամերի ընթացքում մինչեւ 1 միլիոն կազմ ունեցող աշխարհազորի վերածվող պահեստազոր:

6.3. Սույն համակարգի ներմուծման եւ պահպանման նպատակով ստեղծել համազգային հիմնադրամ, որի համար առաջարկել սփյուռքահայությանը փոխանցել յուրաքանչյուր աշխատողի տարեկան եկամուտների 1 տոկոսը:

7. ՄՇԱԿՈՒՅԹ

7.1. Ազգային մշակույթը հանդիսանում է ցանկացած ժողովրդի եւ պետության գոյության նախապայմանը եւ միաժամանակ՝ գերագույն արժեքն ու նպատակը: Ազգային մշակույթից եւ դրա բարձրագույն դրսեւորումից՝ լեզվից զրկված ազգերը ուծացվում են անհայտանում պատմության էջերից: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ եւ անգամ ստրկացման ամենադաժան ժամանակաշրջաններում գոյատեւում եւ վերածնվում էր շնորհիվ իր մշակույթի, լեզվի եւ արվեստի: Ներկայումս աշխարհասփյուռ հայությունը միաժամանակ ենթարկվում է երկու իրարամերժ գործընթացների՝ ազգային մշակույթի, լեզվի ու կրթության պահպանումն ու զարգացումը Հայաստանում եւ դրանց լճացումն ու անհայտացումը օտարության մեջ: Եթե հայոց լեզվի ու կրթության կարգավիճակը շատ թե քիչ բարվոգ է մնում Մերձավոր Արեւելքի պատմական գաղթօջախներում, ինչպես եւ ԱՄՆ ու Կանադայի հայկական համայնքներում, շնորհիվ օտար պետությունների նպաստավոր վերաբերմունքի եւ անգամ հատուկ աջակցությանը, ապա անմխիթար է իրավիճակը Ռուսաստանի մեծաթիվ հայության շրջանում, որտեղ արդեն երկրորդ սերունդն արդեն կորցնում է մայրենի լեզուն եւ մշակութային կապերը Հայրենիքի հետ: Հետեւաբար, նույնպիսի երկակի պետք է լինի ՀՀ մշակութային քաղաքականությունը: Մշակույթի բացարձակ նշանակությունն ու առաջնահեթությունը հայոց պետության համար ընդունելով եւ ապահովելով հանդերձ, ՀՀ իշխանությունը պարտավոր է հայապահպանական նախաձեռնողական գործունեություն ծավալել Սփյուռքում, միաժամանակ նախապատրաստելով պայմաններ առաջիկա տարիներին Ռուսաստաից սպասվող մեծաքանակ ներգաղթի համար: Լեզվի դասընթացներ երեխաների եւ մեծահասակների համար, հատուկ դասագրքեր ու հայերեն պարտադիր թարգմանություններ բոլոր հեռուստահաղորդումների եւ կինոֆիլմերի համար՝ դա միայն առաջին անհրաժեշտության միջոցառումներ են:

7.2. Մշակույթի պահպանման ու զարգացման հիմնական կենտրոնը պետք է դառնա դպրոցը, որտեղ անհրաժեշտ է արմատապես փոխել ինչպես դասախոսական անձնակազմը, այնպես էլ ուսումնական ծրագրերն ու դասավանդման սկզբունքները: Պետական քաղաքականությունը այս ոլորտում պետք է ուղղված լինի դպրոցական ուսուցչի սոցիալական դիրքի կտրուկ բարձրացմանը եւ լավագույն համալսարանների շրջանավարտներին բարձր աշխատավարձով դպրոց հրավիրելու ծրագրին: Կարեւոր բարեփոխում կլիներ յուրաքանչյուր դպրոցում երգչախմբերի ստեղծումը եւ ընդհանրապես երգչախմբային մշակույթի ներմուծումը ազգային մշակույթի մեջ:

7.3. Առանձին ուշադրություն եւ հոգատարություն պետության կողմից պետք է ուղղված լինի ազգային թատրոնի, կինոյի, ժողովրդական պարի ու երգի, ազգային տարազի ու խոհանոցի պահպանման ու զարգացման հարցերին: Մնացած բոլոր դեպքերում պետությունը պետք է խուսափի միջամտությունից, թողնելով գործընթացը ազատ ստեղծագործության եւ հասարակական պատվերի հավասարաշռությանը:

7.4. Ազգային մշակույթի պահպանման առաջնահերթությունը հանդիսանում է Եվրոմիության կառուցվածքի եւ գործունեության առանցքային սկզբունքներից մեկը: Բավական է ասել, որ ԵՄ պաշտոնական աշխատանքային լեզուներ են համարվում բոլոր անդամ-պետությունների ազգային լեզուները, եւ բոլոր այդ լեզուներով է թարգմանվում ԵՄ պաշտոնական գրագրությունը: Այսպիսով, հայոց հարուստ մշակույթի պահպանման եւ աշխարհին այն ներկայացնելու կարեւոր գրավականն է Հայաստանի անդամակցությունը Եւրոպական Միությանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply