՛՛ՊՈՒԾԻՆ՛՛ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈՒՄ Է ՛՛ՊԱՏԵՐԱԶՄ՛՛

0

Ռուսաստանում բեմականացված ՛՛ընտրություններում՛՛ Վլաձիմիր Պուծինն ինքն իրեն վերանշանակեց նախագահ եւ սկսեց իր կառավարման տասնիններրորդ տարին: Խամաճիկ Մեդվեձեւի ձեւական նախագահությունը 2008-2012 թթ. չընդհատեց Պուծինի եւ նրան ծնած ՉԿ-ՆԿՎԴ-ԳՊՈՒ-ԿԳԲ-ՖՍԲ լիակատար վերահսկողությունը աշխարհի ամենախոշոր պետության հանդեպ:

Ի՞նչ է նշանակում Պուծինի գահակալության շարունակությունը Հայաստանի համար: Միայն մի բան՝ պատերազմ: Փորձեմ հիմնավորել պնդումս:

Հայաստանի Առաջին հանրապետությունը ծնվեց ռսական կայսրության փլուզման արդյունքում, Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին,  Հայոց Եղեռնի սկզբից երեք տարի անց եւ փաստորեն դրա ընթացքում՝ հայ-թրքական պատերազմում հայերի տարած հաղթանակի շնորհիվ: Վերստեղծված մեր պետականությունն ընդամենը երկու տարի անց ոչնչացվեց ռուս-թրքական համատեղ հարձակման, Հայաստանի հանրապետության օկուպացիայի եւ երեք մասի բաժանման միջոցով: Հենց դա եղավ Հայող Եղեռնի վերջին արարը, կնքված լինելով Լենին-Քեմալ մոսկովյան պայմանագրով 1921 թ. մարտի 16-ին:

Սովետական Միության կազմում քսան դաժան տարիներ քարշ գալուց հետո հայությունը եւս քառորդ միլիոն զոհ տվեց՝ այս անգամ 1939-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ոչ մի թիզ հող, արդարության ոչ մի կաթիլ, փոխհատուցման ոչ մի փշրանք չհասավ արյունաքամ մեր ազգին այդ հաղթանակից հետո:

1991 թ. ԽՍՀՄ փլուզման արդյունքում կրկին հայտնված Հայաստանի Հանրապետությունը իր գոյության առաջին իսկ օրերին ստիպված եղավ կրկին պատերազմել՝ այս անգամ Եղեռնի արդյունքուոմ ստրակացած Արցախի հայությանը թրքական լծից ազատագրելու համար: Այդ չորսամյա հերոսամարտի ընթացքում հայության դեմ կռվում էին ոչ միայն ազերիները, այլ նաեւ սովետական, իսկ հետո ռուսական կանոնավոր բանակի դիվիզիաները, ռուս վարձկանները, չեչեն կամավորները, աֆղան մուջահեդները, թուրք եւ պակիստանցի ռազմական հրահանգիչները: Մենք ջարդեցինք նրանց բոլորին եւ այսօր հանդիսանում ենք միակ պետությունը, որն Երկրորդ Աշխարհամարտից հետո ազատագրական պայքարի շնորհիվ ընդլայնեց իր տարածքը Եւրասիայում:

Ոչ մի բան հայերը չեն ցանկացել այս աշխարհում ավելի շատ քան խաղաղություն: Ոչ մի բան հայերը չեն ստացել այս աշխարհում, բացի պատերազմից:

Մենք խաղաղ, խաղաղասեր, անգամ խաղաղամոլ ազգ ենք: Բայց մենք նաեւ պատերազմող հնագույն ազգերից ենք, հազարավոր տարիներ շարունակ փառաբանված  մեր ռազմական հաղթանակներով եւ զինվորական սխրանքներով: Հայոց պետության՝ Արարատյան թագավորության առաջին հիշատակումն Աստվածաշնչում Երեմիայի կոչն է հայերիս՝ պատերազմի դրոշը բարձրացնել Բաբելոնի դեմ: Մեր քաջ նախնիները ծնկի էին բերել հզոր Ասորական կայսրությանը, հավասարի պես մարտնչում էին եւ փախուստի ենթարկում փառապանձ Հռոմի լեգիոնները: Հայոց այրուձին դարեր շարունակ հանդիսանում էր Բյուզանդական աշխարհակալ կայսրության բանակի առանցքն ու գլխավոր ուժը: Օսմանյան թրքերը հենց հայ մանուկներից էին հավաքագրում իրենց զորքի ահն ու սարսափը համարվող յենիչերների գնդերը: Մենք համարյա թե չենք պարտվել պատերազմներում՝ մեր գրեթե բոլոր պարտությունները դիվանագիտական ու քաղաքական էին: Սակայն մենք հյուծվում ու տարալուծվում էինք անվերջ պատերազմներում, ի վերջո մի բռով ծվարած մեր լեռների ափերում:

Այսօր, մեր անկախության 100-ամյակի շեմին մենք կրկին զգում ենք պատերազմի թեժ ու գարշահոտ շունչը: Չխաբենք մեզ՝ հոսանքն այդ ոչ թե արեւելյան կամ արեւմտյան թրքերից է գալիս, ովքեր կարող են արձակել կրակի բոցերը: Դժոխային կրակն այդ պատրաստվում է հյուսիսում, ռուս քաղաքական խոհանոցում եւ դրա գլխավոր խոհարարն է Վլաձիմիր Պուծինը:

Նա այսօր առավել վտանգավոր եւ կատաղած է քան երբեւե: Նրա երկրի հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ ողջ աշխարհն է միաձայն մեղադրում Ռուսաստանն ու նրա միանձնյա ղեկավարին սպանությունների, դավադրությունների, գողության համար: Նա չի համարձակվի ուղիղ պատասխանել ԱՄՆ-ին, Բրիտանիային, Գերմանիային: Նրանց դեմ նա գործում է անուղղակի, թաքուն, բայց դա էլ է գնալով դժվարանում: Նա չի հանդգնի հարձակվել բալթյան կամ արեւելայն Եւրոպայի նախկին սոցցիալիստական երկրների ուղղությամբ՝  այդ պետությունները ժամանակին խոհեմաբար մտան ՆԱՏՕ եւ այժմ երաշխավորված են ռսական նոր զավթումից: Նա չի կարող ներխուժել Մոլդովա, անգամ իր ստեղծած ռազմաբազային օգնելու համար, քանի որ չունի ցամաքային կապ դրա հետ եւ քանի որ Մոլդովան անմիջապես միավորվելու է ՆԱՏՕ անդամ Ռումինիայի հետ: Նա արդեն չի կարող զարգացնել իր նախկին հաջողություններն Ուկրաինայում կամ անգամ մեր հարեւան Վրաստանում՝ նրանք հասցրել են որոշակի չափով պաշտպանվել արեւմտյան ռազմական դաշինքների հետ համագործելով եւ ամենակարեւորը՝ գերարդիական զենքեր ստանալով այնտեղից: Ուստի միակ եւ ամենամատչելի թիրախը, որը դեռ հասանելի է Պուծինին՝ Հայաստանն է: Ինչպես միշտ՝ թրքերի միջոցով: Կարող են ասել՝ այդ ինչու՞ պետք է Ռսաստանը հանկարծ հարձակվի իր դարավոր դաշնակից, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ հավատարիմ անդամ Հայաստանի վրա, սա ի՞նչ սադրիչ ցնորք է…

Պատասխանը կարող է լինել երկար ու հիմնավոր, ռսական պետության կառուցվածքի ու գաղափարախոսության բյուզանդական հիմքերին հասնող, հիշատակելով, թե ինչու Պասկեւիրչի կովկասյան արշավից արդեն 12 տարի անց, 1840 թվին ռուս արքան քարտեզից հեռացրեց բուն ՛՛Հայաստան՛՛ բառը:  Բայց ես բավարարվեմ կարճ պատասխանով՝ ռսի համար լավ հայը՝ ռսահայն է: Ռսերեն խոսացող ու մտածող, ռսերեն երգող ու գրող, ռսի համար հային դավաճանող ու սպանող: Ռսաստանին խորթ ու թշնամական է թվում այն ամենն, ինչ ռսական չէ: Ահա ինչու Ռսաստանը փակում էր հայկական դպրոցներն ու եկեղեցիները, այսինքն հալածում հայոց լեզուն ինչպես 1840 թվին, այնպես էլ 1912 թվին, եւ 1970-ական թթ., եւ նույն հարցն է շոշափում նաւ հիմա:

Բայց Պուծինն ունի մեկ այլ, շատ ավելի կարեոր ու անձնավորված խնդիր, որն էլ ավելի է ծանրանում քաղաքական ու տնտեսական կորուստներով, որ տարել է Ռսաստանը Հայաստանի պատճառով: Ես մի քանի անգամ անդրադարձել եմ հայության մեջ գրեթե չընկալված այս հարցին: Այո, Հայաստանը, իր ողջ տնտեսությունն ու էներգետիկան, սահմաններն ու երկաթուղին, օդն ու ընդերքը Ռսաստանին հանձնած մեր խեղճ ու կրակ Հայաստանը այնուամենայնիվ հսկայական վնաս ու կորուստ է պատճառել Պուծինին: Հենց այդ պատճառով էր սկսվել ռսների ու ազերիների համար անհաջող ապրիլյան չորսօրյա պատերազմը 2016-ին: Հենց այդ պատճառով են ռսական հատուկ ծառայությունները վերջին տարիներին փորձում կրկնել 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրենց հաջողությունը, թեեւ մեկը մյուսի ետեւից տապալում են այդ փորձերը, ինչպես նաեւ Ուկրայինայում կամ Չեռնոգորիայում: Եւ հենց այդ պատճառով է, որ նոր պատերազմի վտանգն այսօրվանից, Պուծինի վերանշանակումից հետո իր ողջ լրջությամբ խոյանում է կրկին հայոց հորիզոնում:

Պատճառն այդ՝ Արցախուն ռսական լիակատար վերահսկողության գոտի ստեղծելու ձախողումն է, որը, իրականացման դեպքում, պետք է բերեր ռուս զորքերը Մարտակերտի եւ Հորադիզի սահմանագլխին, այսինքն Բաքու-Ջեյհան նավթա-գազամուղի ու Բաքու-Կարս երկաթուղու անմիջական հարեւանության, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային սահմանի վրա, կտրուկ բարձրացնելով տարածաշրջանում ռսական ներկայությունը եւ հետեւաբար՝ նավթի ու գազի գների վրա Մոսկվայի ազդեցությունը: Հենց սա էր 2016 թ. ապրիլի քառօրյա հատուկ պատժիչ օպերացիայի գերխնդիրը, որի արդյունքը պետք է լիներ հայոց բանակի նահանջը եւ ՀՀ իշխանության կողմից օգնության խնդրանքն, այսինքն Պուծինին ներխուժելու եւ ՛՛խաղաղապահ՛՛ զորք ուղարկելու պաշտոնական հրավերը: Երեւանը դա չարեց: Փոխարենը, Սերժ Սարգսյանը 2016 թ. ապրիլի 5-ին շտապ մեկնեց Բեռլին եւ հայտնեց այնտեղ, որ ՛՛ՀՀ այլեւս չունի քաղաքական հովանավոր՛՛: Դա էր Հայաստանի պաշտոնական պատասխանը Մոսկվային: Եւ այդ պատճառով զայրացած Պուծինը ստիպված եղավ կրկին, հայտարարված զինադադարից հետո, նետվել Սիրիա, ուղարկել այնտեղ իր ծխացող նավատորմը, ծախսել միլիարդավոր դոլարներ եւ հարյուրավոր զինվոր զոհաբերել հանուն նույն նպատակի, որին չհասավ Արցախում՝ նավթի ու գազի խողովակների տեղանքն ու գները վերահսկելու ու բարձրացնելու երազանքով…

Դուք զարմանում եք, թե ինչու է Պուծինը ներում միլիարդավոր դոլարների պարտքեր ու վարկեր Կուբային ու Անգոլային, Ղրղզստանին ու Բելառուսին, բայց երբեք՝ Հայաստանին: Որովհետեւ Պուծինը հենց մեզ, միամիտ անտեղյակներիս է համարում իր սիրիական խայտառակության գլխավոր մեղավորներ: Մեր անտեղյակությունը չի ազատում մեզ պատասխանատվությունից, ինչպես քրեական օրենսգրքում: Մեր քաղաքական ղեկավարության մեղքն ու տկարությունն է, որ չի կարողացել հասկանալ ու բացատրել այդ հանգամանքը սեփական ժողովրդին եւ գոնե այդ ահեղ թշնամու դեմհանդիման միավորել ազգը: Իհարկե չի կարողացել, չի համարձակվում, ասելով, թե բեթարից է ազատվում, սակայն իրականում վախենալով ընդունել սեփական պատասխանատվությունը փակուղի մեզ բոլորիս մտցրած այս բազմամյա ու տգետ քաղաքականության համար:

Ի միջի այլոց, ռսների իրական նպատակները շատ լավ հասկանում է նաեւ Ալիեւը, կամ գոնե դա նրան բացատրել են արեւմտյան դիվանագետները: Ու թեեւ նա շարունակում է ռսների հետ մահաբեր այդ խաղը, հույս ունենալով ընթացքում կորզել Արցախից որոշ տարածքներ, որոնք ռսները խոստանում են նրան որպես պարգեւ հաջողության դեպքում, այնուամենայնիվ, նա զգուշանում է լուրջ առճակատման դեպքում հայերի հակահարվածից եւ այդ դեպքում սեփական բռնապետության քայքայումից: Սա, թերեւս, միակ հանգամանքն է, որ դեռ տալիս է մեզ նոր պատերազմից խուսափելու որոշ հույսեր:

Սակայն Պուծինի վերանշանակվելու եւ նոր ՛՛սառը պատերազմի՛՛ ու ՛՛երկաթե վարագույրի՛՛ պայմաններում, Մասկվայի ճնշումը, խոստումներն ու առաջարկները Բաքվին կարող է չափազանց գայթակղիչ թվալ եւ այդ դեպքում նոր արկածախնդրությունը առաջիկա ամիսներին դառնում է շատ հնարավոր: Հայաստանի միակ լուրջ հակախաղն ու հակադեղը՝ Արեւմուտքի հետ սերտ համագործակցությունը, կիրառվում է հոմեոպատիկ, թեյի գդալի չափերով:  ԵՄ հետ ստորագրված պայմանագիրը դեռեւս թույլ է ու անողնաշար: ՆԱՏՕ-ի հետ ՀՀ տարածքում նախատեսվող համատեղ զորավարժությունները ծավալուն չեն եւ նշանակված են մայիսի կեսին: Իսկ ամենավտանգավոր շրջանը սկսվում է արդեն մարտի 19-ից, Պուծինի վերանշանակվելուց հաջորդ իսկ օրը: Մեր հարեւան Վրաստանը վերջերս ԱՄՆ-ից ստացավ շուրջ 400 ՛՛ջեվըլին՛՛ տեսակի գերարդիական հակատանկային շարժական համակարգեր, որոնք բավական են ներծուժման դեպքում ողջ ռսական 58-րդ բանակն այրելու համար: Իսկ ՀՀ զինուժը դեռեւս բավարարվում է գերմանական անցյալ դարի ՛՛Միլան՛՛ եւ սովետական հնամաշ ՛՛Ֆագոտ՛՛ հակատանկային ականանետներով, որոնք գործնականում անզօր են Ադրբեջանին վաճառված մի քանի հարյուր Տ-90 ռսական տանկերի դեմ, որոնցից մեր բանակն ունի միայն մեկը, այն էլ զորախաղերում որպես մրցանակ ստացած նմուշ…

Լռեմ հայ ՛՛դեգեներալների՛՛ կաշառքով ու գողությամբ ձեռք բերված դղյակների ու ՛՛մերսեդեսների՛՛ մասին, որոնց հաշվին կարելի էր տանկային շարասյուն կամ ավելի լավ է հակատանկային ժամանակակից զենքեր գնել: Չխոսեմ նաեւ ՀՕՊ-ը ռսներին հանձնելու խելագար համաձայնության մասին՝ դա էլ է արվել ՀՀ տարածքից Սիրիայում տեղակայված ռսական պատժիչ զորքը մատակարարելու համար: Դա մեզ դեռ կհիշեցնեն եւ դրա բարձր գինը մենք դեռ վճարելու ենք: Սակայն այսօր կարեւոր է գոնե գիտակցել եւ հասարակության քննարկմանը հանել անհետաձգելի քաղաքական, գաղափարական, ռազմավարական լուծումները խոյացող սպառնալիքին դիմադրելու նպատակով:

Կրկնվում եմ, սակայն այս պայմաններում դա անխուսափելի է՝ ուղիղ երկու տարի առաջ, 2016 թ. մարտին ինձ հրավիրել էին ՛՛Երկիր Մեդիա՛՛ դաշնակցական հեռուստատեսության եթեր, որտեղ հաղորդավարն երկու իշխանական ՛՛փորձագետների՛՛ հետ միասին հեգնում ու ՛՛խուճապահար՛՛ էին անվանում մոտալուտ պատերազմի ռսական քարոզչական նախապատրաստության իմ զգուշացումները: Իմ կողքին կանգնած էր եւ իմ տեսակետն էր պաշտպանում պատմաբան ու դիվանագետ Արա Պապյանը: Երկու շաբաթ անց սկսվեց ապրիլյան պատերազմը: Այսօր կուսակցական եւ իշխանական վարձկանները այդքանն էլ չեն անում, գոնե այդ միջոցով հասարակությանը տեղեկացնելու եւ պատրաստելու, համերաշխության եւ ազգային համախմբման կոչ հնչեցնելու առումով: Ֆեյսբուկը չափազանց սահմանափակ է, անգամ իմ 15 հազար ընթերցողների հաշվարկով՝ դա կաթիլ է լրատվական ծովում, ուր ալեկոծվում են ցանկացած հիմարույուններ, գավառական քննարկումներ, քաղքենիական լրատվություն, որտեղ տիրում է ռսական կեղծիքն ու քարոզը: Մենք կրկին անպատրաստ ենք եւ անպաշտպան: Բռնապետությունը ամուր է միայն ներքին այլախոհների ու հակառակորդների դեմ: Այն փխրուն է ու անօգնական ցանկացած դրսի ազդեցության դեպքում: Եւ մենք կրկին ստիպված ենք լինելու իրականացնել ուղիղ ժողովրդավարւթյունը պատերազմական իրավիճակում՝ կամավորներով ու ինքնակազմակերպմամբ, անհատների հերոսությամբ եւ հանրային ինքնապաշտպանությամբ: Որուետեւ խաղաղության օրերին մենք զիջում ենք մեր ազատությունն ու իրավունքները բռնակալներին ու վաճառականներին, ովքեր զբաղված են այն միակ գործով, որին տիրապետում են՝ առեւտրով: Մեր դեպքում՝ պետության վաճառքով: Գնորդը միշտ կհայտնվի: Այսօր դա կրկին Պուծինն է եւ նա կրկին փորձելու է հասնել իր ուզածին: Եթե փողով չստացվի՝ ուրեմն ուժով:

Պատրաստ լինենք, հայեր:

 

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply