ԱԱԾ-ԱՅՐԱՀԵՂ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

0

Մինչդեռ հայոց ընդդիմությունից մնացած փշրանքները իրար են ոչնչացնում Երեւանի գլխավոր հավաքարարի պաշտոնի համար մենամարտում, հերթական սկանդալ է բռնկվել հայոց քաղաքականության իրական դարբնոցում՝ ԱԱԾ կոչվող եւ ռուս հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող գաղտնի ոստիկանությունում: Ինչպես հաղորդել են ՛՛Ժողովուրդ՛՛ եւ ՛՛Լրագիր՛՛ տեղեկատվական միջոցները՝ ՀՀ ԱԱԾ կազնում բացահայտվել է հանցավոր խումբ, որում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից: Հանցավոր խմբի կազմում նշվում են հինգ անձինք, որոնց թվում են ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնի պետը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետը: Ավելի հստակ՝  ՛՛ԱԱԾ կազմում գործող հանցագործները 2016 թվականի ընթացքում շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով՝ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների արտագաղթը…՛՛

Վերջին տարիներին մենք բազմիցս լսել էինք այս կամ այն հանցավոր զինված խմբի մասին, որին հերոսաբար վնասազերձել է ՀՀ ԱԱԾ-ը: Մերթ հայ չեկիստները անձնուրածաբար զինաթափում էին ՛՛Նորք-Մարաշ՛՛ ահաբեկչական խմբի ուսանողուհիներին, մերթ նրանք սերիալ մարտաֆիլմերից թխած սեւ համազգեստով ու դիմակներով խիզախորեն ուղեկցում էին դեպի բանտախցեր զենքերը վայր դրած ՛՛Սասնա ծռերին՛՛: Անգամ Հաց Բերողի երկրորդ ձերբակալության վերաբերյալ ՀՀ Դատախազությանը ուղված Շահեն Հարությունյանի բողոքին պատասխանել էր չգիտես ինչու հենց ԱԱԾ քննիչը, այն էլ թմրամոլության դեմ պայքարի բաժնից…

Հայաստանում ԱԱԾ-ն ամենուր է՝ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանից մինչեւ Բաղրամյան պողոտայի ցուցարարների շարքերը, իշխանական առանձնասենյակներից մինչեւ ընդդիոմության հանրահավաքները: Եւ քանի որ ՀՀ ԱԱԾ-ն իր կառուցվացքով, գաղափարախոսությամբ ու կազմով գրեթե չի տարբերվում ԽՍՀՄ ԿԳԲ-ից, ակնհայտ է ու հայտնի, որ ՀՀ ԱԱԾ-ն այսօր էլ հանդիսանում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների անմիջական եւ ամենահավատարիմ ենթաբաժինը Հայաստանում: Յուրահատուկ մի 102-րդ ռազմաբազա ողջ մեր երկրի տարածքով եւ բոլոր քաղաքական ու տնտեսական կառույցների կազմում:

Իսկ հիմա մի պահ հարց տանք ինքներս մեզ՝ կարո՞ղ էր արդյոք ՌԴ ՖՍԲ լիակատար վերահսկողության տակ գտնվող ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում ռսներից գաղտնի գործել նույնպես ՌԴ ՖՍԲ լիակատար վերահսկողության տակ գտնվող ԱԱԾ կազմում որեւե հանցախումբ, այն էլ միայն մեկ տարվա ընթացքում շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ փաստաթղթերով Եվրոմիության երկրներ ապօրինի ուղարկելու հնարավորություններով:

Կաշառքների նշված համեստ գումարները թողնենք մի կողմ՝ դրանք զուտ նախնական ու ՛՛պաշտոնական՛՛ տվյալներ են: Էական է, որ հենց այս եղանակով են Արեւմուտքում հայտնվում հայ նախկին օլիգարխներն ու պատգամավորները, մաքսատան ու հարկայինի, ոստիկանության ու նույն ԱԱԾ բարձրաստիճան աշխատակիցները, որոնք դիզել են իրենց հարստությունը կողոպտելով ու թալանելով Հայաստանը, վաճառելով մեր երկիրը Ռուսաստանին, եւ հիմա հենց այսպիսի եղանակով՝ կաշառքով, ապօրինի, բայց իհարկե նույն ռսների իմացությամբ ու թույլտվությամբ փախչելով Արեւմուտք… Երբ մենք զարմանում ենք՝ որտեղի՞ց են Արեւմուտքում ապրող մեր հայրենակիցների համայնքներում հայտնվում այդքան շատ պուծինասեր ռսամոլները՝ հիշեք այս պատմությունը: Երբ լսում եք դրսում հերթական խայտառակ ակցիաների կամ անգամ ահաբեկչությունների մասին՝ հիշեք, թե ով եւ ում է այստեղից դուրս ուղարկում կեղծ փաստաթղթերով: Իհարկե, սա ոչ միայն հայերին է վերաբերվում՝ վերջերս ինքը Պուծինը մի առիթով ասաց, որ ՛՛Իսլամական պետության՛՛ ահաբեկիչների թվում շուրջ 4,5 հազար գրոհային կազմում են Ռուսասատնի քաղաքացիները: Այլ տվյալներով՝ մոտ 5 հազար էլ այլ նախկին սովետական պետություններից են: Իսկ ՛՛Իսլամական պետության՛՛ բանակի ընդհանուր թիվը մոտ 20-25 հազար է, այսինքն գրեթե կեսը դրա կազմում են հենց ԿԳԲ-ի օգնությամբ Իրաք ու Սիրիա տեղափոխված ավազակները: Նույն պատճառներով էլ այդպիսի հեշտությամբ ու համակարգվածությամբ վերահսկվում են ՛՛անհայտ՛՛ կենտրոնից Արեւմուտք հասած փախստականների հոսքերը եւ այնտեղ պարբերաբար տեղի ունեցող ահաբեկչությունները: Չեմ կասկածում, որ ՀՀ ԱԱԾ-ի բանդայի կողմից Շենգենի երկրներ մաքսանենգության եղանակով մարդկանց տեղափոխումը  բացահայտվեց միայն Արեւմուտքի միջամտությունից հետո…

Խեղճ ու կրակ հայ խոպանչիներին պոկել են ընտանիքներից եւ ուղարկում են նախկին աքսորավայրեր՝ Ալթայ, Սիբիր, Սիկտիվկար, Մագադան, Որկուտա, Չիտա: ՛՛Մեծապատիվ՛՛ եւ մեծահարուստ հայ մուրացկան-պաշտոնյա ՛՛խոպանչիներին՛՛ ընտանիքներով ուղարկում են Արեւմուտք: Երկու դեպքում էլ դա անում են ռսական գաղտնի ծառայությունները, որոնք գործում են Հայաստանում ՛՛Սօօտեչեստվեննիկի՛՛, ՛՛Ռուսկիյ կուլտուռնիյ ցենտր՛՛, ՛՛Ռուսկօ-արմյանսկոյե կազաչեստվո՛՛, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ մականուններով: Իսկ ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում եւ Թուրքիայի ու Իրանի հետ ՀՀ սահմաններում ռսական ՖՍԲ-ի զորքերը կանգնած են հայ-ռսական միջպետական պայմանագրի համաձայն…

Նրանք դատարկում են Հայաստանը հայերից, հայկական աշխատուժից, ուղեղներից, փողից, հողից, հույսից: Սա պատերազմ է հայ ազգի դեմ եւ ՀՀ ԱԱԾ այս պատերազմում մեր դարավոր թշնամու կողմից է կռվում մեր դեմ: Ահավասիկ դավաճանության հերթական ապացույցը…

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply