ԱԿԵԼԱՆ ՎՐԻՊԵՑ… ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ՀՅՈՒՍԻՍ

0

Չհայտարարված հայ-ադրբեջանական պատերազմի երկու տասնմայակներն ավարտվում են համարյա աննկատ անցած նոր պատերազմի հայտարարությամբ: Երբ պատերազմը հայտարարում է Պաշտպանության Նախարարության մամլո խոսնակը, դա նշանակում է կամ այդ հայտարարության զուտ քարոզչական բնույթը, կամ էլ այն, որ ՛՛գլխավոր գերագույն հրամանատարը՛՛ խուսափում է իր վրա վերցնել պատերազմ հայտարարելու պատասխանատվությունը: Առավելեւս, որ իր ջանքերով վերջերս ՛՛փոփոխված՛՛ սահմանադրության մեջ անհասկանալի է մնում, թե ով է լինելու երկրի գլխավոր պատասխանատուն պատերազմի դեպքում: Միանգամայն օրինաչափ է, որ կեղծված սահմանադրության առաջին իսկ բախումն իրականության հետ կատարվեց հենց պատերազմի ու խաղաղության ճակատագրական հարցում՝ պետության գոյության ամենակարեւոր խնդրի շուրջը:

Ստեղծվել է զավեշտական իրավիճակ՝ երկրում պատերազմ է, կամ երկիրն է պատերազմի մեջ, սակայն ոչ ոք, կարծես, դա չի նկատում: Մարդիկ ամանորյա սեղաններ ու նվերներ են պատրաստում իրենց սուղ միջոցներով, քաղաքապետարանը զարդարում է փողոցները լույսերով ու եղնիկներով, ընդդիմությունը շարունակում է սահմանադրություն բողոքարկել սահմանադրական դատարանում, գողերից պահանջելով վերադարձնել գողացածը: Այս ամենը միայն ապացուցում է, որ մենք այդպես էլ պետություն չենք ստեղծել: Արցախյան պատերազմը հիշող իմ հասակակիցները կարող են վկայել, որ իրավիճակը շատ նման է 90-ականների առաջին կեսին, երբ Երեւանը համարյա անհաղորդ էր ռազմաճակատի գոյամարտին եւ ազգի ճակատագրով մտահոգված էին մի քանի տասնյակ հազար կամավորներ միայն, որ կռվում ու մեռնում էին հանուն ապագայի, որում այս ամենն այսօր կրկնվում է:

Մեր հասարակության անթույլատրելի ու զավեշտական մեղքն է այն, որ ոչ իշխանության կողմից վերահսկվող մամուլն ու հեռուստատեսությունը, ոչ բազմաթիվ գրպանային կան ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում հասկանալ ու բացատրել ժողովրդին Հայաստանի անքակտելի կապվածությունը արտաքին աշխարհի ու կախվածությունը դրանում զարգացող գործընթացների հետ: Ինքնամեկուսացումն ու գավառականությունը, անտեղյակությունն ու անհաղորդությունը սպանում են ազգի ոգին ու ինքնապաշտապանական բնազդը:

Մինչդեռ մեր ճակատագրի համար կարեւորագույն իրադարձությունները կատարվում են այս օրերին դրսում ու ընդհուպ մոտենում են մեր սահմաններին: Երկու հարյուրամյակ տեւող ՛՛սիրավեպը՛՛ Ռուսաստանի հետ անշեղորեն մոտենում է ավարտին՝ այդ կայսրության վերաբերյալ պատմության մեջ աննախադեպ մեղադրանքներ են հնչում եւ պատժամիջոցներ կիրառվում երկրի բարձրագույն ղեկավարության դեմ: Նավթի ու գազի գների անկումը դատապարտում է պուծինյան Ռուսաստանը կրկնելու ԽՍՀՄ անփառունակ վախճանը դրա բոլոր հետեւանքներով: Թուրքիայում իսկական քաղաքացիական պատերազմ է ընթանում նահանջող թրքական բանակի եւ հարձակվող քուրդ գրոհայինների միջեւ: Վանի փողոցները նման են ռազմադաշտի: Իրաքում ու Սիրիայում հասունացող քրդական պետականությունը անշրջելիորեն ներթափանցում է հարավ-արեւելյան Թուրքիա, մոտենալով ՀՀ սահմաններին: Արագորեն վերականգնվող Իրանը անշտապ բայց հստակ խարխլում է Ադրբեջանը, որն առանձ այն էլ խորապես խոցված է նավթի գնանկումով եւ մանաթի արժեզրկմամբ: Արցախյան ռազմաճակատում ադրբեջանական հարձակումներն ավելի նման են սատկող գազանի հոգեւվարքին, որին անհրաժեշտ է դիմակայել, դիմադրել ու դիմանալ, բայց որից նաեւ հնարավոր է օգտվել:

Հայաստանը գտնվում է միաժամանակ աննախադեպ մարտահրավերների եւ փայլուն հեռանկարների բաց դռների առաջ, սակայն Կաֆկայի ՛՛Ամրոց՛՛ վեպի տխրահռչակ հերոսի նման, մնում է շեմին ու տարիներ շարունակ չի համարձակվում ներս մտնել: Մեզանում, անշուշտ, վերլուծում ու քննարկում են ստեղծված եւ արագ փոփոխվող իրավիճակը, հատկապես Սերժ Սարգսյանի վերջին բոցավառ ճառի առիթով, որն ուղղված էր ՀԱՊԿ եւ ԵՏՄ իր գործընկերներին: Մինչդեռ իշխանամետ կայքերն ու ալիքները գովերգում են նրա ՛՛խիզախությունն ու սկզբունքայնությունը՛՛, որոշ ընդդիմադիր գործիչները համարում են Սերժի քայլը ուղղորդված եւ պայմանավորված, սակայն վիճում են՝ արդյոք Կրեմլի՞, թե՞ Արեւմուտքի պատվերն է հնչեցրել ՀՀ նախագահը:

Կարծում եմ բոլորն էլ ճիշտ են եւ բոլորն էլ սխալվում են: Անշուշտ, Սերժ Սարգսյանը նախապես ակնարկել եւ քննարկել է իր ելույթի թեզերը, եւ հավանաբար երկու կողմերի հետ: Սա իր ՛՛ֆիրմային ոճն՛՛ է, որն օգնել էր նրան պահպանել իշխանությունը ե՛ւ 2008-ի , ե՛ւ 2013 ճգնաժամերից հետո: Եթե Տեր-Պետրոսյանը գերադասում էր կողմնորոշվել դեպի Արեւմուտք, իսկ Քոչարյանը միանշանակ կատարում էր Մոսկվայի պատվերը, ապա Սերժ Սարգսյանը յոթ տարի շարունակ ցուցադրում է աճպարարության արհեստը, ձգտելով նստել երկու աթոռների արանքում: Սակայն արանքն այդ գնալով մեծանում է եւ նստողը պետք է կամ ընտրի դրանցից մեկը, կամ ընկնելու է ճեղքի մեջ:

Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի վերջին գործողությունները վկայում են՝  նրա քթին էլ հասավ Կրեմլից տարածվող դիահերձարանի նեխած հոտը եւ նա շտապում է այժմ հերթական անգամ վերադիրքավորվել հանուն իր միակ ու մշտական կուռքի՝ սեփական իշխանությանը: Դրա մեջ չկա ոչ մի նոր ու հետաքրքիր բան, բացի մեկից՝ սա ապացուցում է, որ ոհմակը զգաց առաջնորդի վրիպումը: Կրեմլի ինքնահռչակ ՛՛ալֆա-որձ՛՛ Ակելան վրիպեց, նա այլեւս չի կարողանում պաշտպանել ինքն իրեն եւ գլխավորել ոհմակը: ՀԱՊԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի ջղաձիգ ելույթը եւ դրան հետեւած պատերազմի փաստացի հայտարարությունը Հայաստանում վկայում են պաշտոնական Երեւանում տիրող հիստերիկ տրամադրությունների մասին: Պուծինի սասանվող իշխանությունը խարխլում է նաեւ Սերժի իշխանության հիմքը, ուստի վերջինս շտապում է նահանջի ճանապարհ գտնել: Ի տարբերություն Կիպլինգի հեքիաթի բորենու, որը նման դեպքերում գոռում էր՝ ՛՛Իսկ մենք կգնանք դեպի Հյուսիս՛՛, Սերժ Սարգսյանը Հյուսիս այլեւս չի կարող գնալ: Հյուսիսն ինքն է խավարի ու անորոշության մեջ: Արեւմուտքն էլ նրան այլեւս չի վստահում, ինչի ապացույցն էր արեւմտյան դեսպանների ցուցադրական այցելությունը ընդդիմության գրասենյակ հանրաքվեից մեկ շաբաթ առաջ: Ուստի, Սերժ Սարգսյանին մնում է բոլոր բռակալների վերջին հանգրվանը՝ ազգայնական դեմագոգիան ու պատերազմը: Նա սկսեց երկրորդից, բայց կարելի է վստահաբար կանխատեսել մոտ օրերս նաեւ իշխանության ՛՛խիստ հայրենասիրական՛՛ դրսեւորումները: Ավաղ, Գարեգին Նժդեհի արձանն իրականում բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանն է, իսկ Արամ Մանուկյանի պաշտոնում այսօր Վովա Գասպարյանն է: Առասպալական էջմիածինցի գեներալներն էլ հազիվ թե փոխարինեն Դրոյին ու Անդրանիկին: Տեղի ունեցավ ազգի ու պետութայն ահավոր որակազրկում: Երրորդ հանրապետությունը հանդիսացավ Առաջինի ողբերգության ծաղրանկարը, երգիծական կատակերգությունը, ԿՎՆ-ի ոճի մանրապատում: Պատերազմ չի լինելու, քանի որ խաղաղության տասնամյակներում ոչ մի բանի բացի թալանից անընդունակ իշխանությունը պատերազմ էլ չի կարող ո՛չ հայտարարել, ո՛չ էլ հաղթել դրանում: Լինելու է իրարանցում, թատերական այս դեկորացիաների քայքայում ու տապալում, որից հետո մենք մնալու ենք դատարկ դահլիճում միայնակ, մեր ճակատագրի հետ դեմառդեմ: Եթե մենք ինքներս այն չընտրենք, դա մեր փոխարեն կրկին կանեն ուրիշները:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply