ԱՆԴՈՒՆԴԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋԸՆԹԱՑ

0

Վաղուց է ասված, որ կայացած ու հզոր պետությունները չունեն արտաքին քաղաքականություն՝ այն հանդիսանում է նրանց ներքին քաղաքականության շարունակությունն ու արտացոլումը: Այդպիսին է իրողությունը ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում, Ռուսաստանում ու Իսլանդիայում, Չինաստանում ու Ճապոնիայում, Իսրայելում ու Շվեյցարիայում: Երկրների չափերն այստեղ էական չեն: Մյուս կողմից, չկայացած պետություններում ամեն ինչ ճիշտ հակառակ կերպով է դասավորվում՝ այնտեղ հենց արտաքին քաղաքականությունն է բնորոշում ներքինը: Ընդ որում՝ այլ, կայացած պետությունների քաղաքականությունը: Հենց այսպիսին է իրավիճակն այսօրվա Հայաստանում:
Հանդիսանալով ռուսական լիակատար վերահսկողության տարածք, հայկական դեկորատիվ քաղաքական կառույցը պարզապես արտացոլում է Ռուսաստանի ներքին կյանքի ելեւեջներն ու զարգացումները, առավելեւս՝ ներկայիս դրա անկումն ու ճգմաժամը:
Դա հայտնի է բոլոր բանիմաց մարդկանց ու թերեւս չարժե ձեւացնել, թե Հայաստանում որեւե բան կարող է տեղի ունենալ տեղական ՛՛կառավարության՛՛ այս կամ այն փոխանակումների ու շարժումների արդյութնքում, եթե չլիներ վերջերս առաջացած եւ օրեցօր ընդլայնվող մի նոր միտում: Առաջին անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը մտել է նոր անցումային շրջան: Այն բնորոշվում է պուծինյան Ռուսաստանի անխուսափելի գահավիժման հեռանկարով եւ արտահայտվում է ռուսական փորձադաշտ (կամ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով ՛՛վաեննի պալիգոն՛՛) հանդիսացող Հայաստանում սկսված դանդաղ եւ զգույշ փոփոխություններով: Նախեւառաջ այդ փոփոխությունները պաշտոնական Երեւանի համար նշանակում են նոր հովանավորի, նոր տիրոջ փնտրտուք: Եվ այդ նոր տերը՝ Արեւմուտքն է: Պետք է ընդգծել կարեւոր մի հանգամանք՝ ՛՛տերն՛՛ այդ անհրաժեշտ է ոչ թե հայ ազգին, Հայաստանի քաղաքացիներին, որոնք ինքնաբավ են եւ կարող են բարենպաստ պայմաններում հոգալ եւ սեփական կարիքները եւ, ինչպես ցույց է տալիս Սփյուռքի փորձը, ծաղկեցնել իրենց բնակության ցանկացած վայր: Տեր է պետք հենց իշխող դասին, որն իր իսկ բազմաթիվ խոստովանությունների համաձայն միշտ պատրաստ է ստրկամտորեն ու խոնարհաբար ծառայել ցանկացած տիրոջ: Բացի սեփական ժողովրդից: Իսկ հայ ժողովրդին պետք է ոչ թե տեր, այլ արդար եւ օրինապաշտ գործընկեր, կամ գոնե մրցավար: Ազատություն եւ արդարություն՝ ահա ինչ է պետք հայ ժողովրդին: Եւ այդ երկու անհրաժեշտ ու բավարար պայմաններն առկա են միայն արեւմտյան քաղաքա-տնտեսական համակարգում:
Այն, ինչ տվել է Հայաստանին ռուսական 200-ամյա վերահսկողությունը՝ մենք բոլորս ճաշակել ենք եւ դեռ երկար ենք մարսելու: Միամիտ է թվարկել ռսական ծառայության մեջ աչքի ընկած հայ գեներալներին, գիտնականներին, արվեստագետներին, ինչպես սիրում են անել որոշ ռսահայերը: Նույն եւ ավելի մեծ բարձունքների հասնում էին հայերը Ամերիկայում ու Ֆրանսիայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում, Իրանում եւ Թուրքիայում: Ազգի գոյության միակ հուսալի գրավականն է՝ ազգային պետությունը: Իսկ ազգային պետություն հայերը վերջին դարերի ընթացքում ստեղծեցին միայն երկու անգամ՝ 1918 եւ 1991 թթ. Այդ երկու անգամն էլ անկախ Հայաստանի վերածնունդը արդյունք էր Ռուսաստանի քաղաքական թուլացման ւ քայքայման: Ոչ մի հիմք չկա մտածելու, որ երրորդ անգամ չի կրկնվելու նույնը: Միայն պուծինյան Ռուսաստանի քաղաքական անկման հետ զուգահեռ Հայաստանը կարողանալու է վերականգնել իր ինքնիշխանությունն ու ազատությունը: Ընդ որում, իսկապես հանդիսանալով քաղաքական փորձադաշտ Ռուսաստանի համար, Հայաստանը ճանապարհ է հարթելու նաեւ ռուսների համար՝ թոթափելու ռազմաֆեոդալաական կապանքները եւ վերադառնալու դեռեւս Պետրոս արքայից նախանշած արեւմտյան կողմնորոշման հունը:
Ներկայիս հայկական կառավարությունը հանդիսանում է այդ զգուշավոր ու վախվորած անցումային փուլի դասական օրինակը: Դրա իրարամերժ ու հակասական քայլերը վկայում են Ռուսասատնից ձերբազատվելու թաքուն ցանկության ու ակնհայտ սարսափի մասին: Մեկ քայլ դեպի ԵՄ եւ ՆԱՏՈ զուգորդվում է երկու քայլով դեպի Գազպրոմ ու ՀԱՊԿ, մեկ հուսադրող նշանակում վարկաբեկվում է երեք խայտառակ պաշտոնադրություններով, մեկ պայմանագիր Իրանի հետ բեկանվում է չորս հերթական զիջումներով Մոսկվային: Եւ այնուամենայնիվ շարժումը սկսվել է՝ շատերի համար աննկատ, բոլորի համար ցավագին, ոմանց համար մահաբեր շարժումը Ռուսաստանից հեռու: Իսկ մեր պայմաններում, մեր դեպքում անդունդից մեկ քայլ հետ էլ է նշանակում առաջընթաց: Անդունդն անհնար է երկու թռիչքով անցնել: Սերժ Սարգսյանը հենց դա է փորձում անել եւ այդ պատճառով նա չի կարողանա մնալ ղեկավար դիրքում 2017-18 թթ. սպասվող փոփոխություններից հետո: Փոփոխություն անողն ինքը պետք է փոփոխվի: Այլապես նրան փոխում ու փոխանակում է վրա հասած փոփոխությունը:
Ռուսական հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանը վերականգնեց իր անկախությունը: Գալիք տարի նշվելու է ռուսական հեղափոխության հարյուրամյակը: Հաշվեք ինքներդ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply