ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

0
Վերջին օրերի ամենակարեւոր հայտարարությունը պետք է համարել Պուծինի ակնարկը՝ ՛՛Ինչի՞ն է մեզ պետք աշխարհը, եթե դրանում չի լինի Ռուսաստանը՛՛: Սա ասվել էր միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքի ենթատեքստում: Սակայն այստեղ կա մեկ այլ աստառ՝ ասելով ՛՛Ռուսաստան՛՛ Պուծինն ակնհայտորեն ի նկատի ունի սեփական անձը: Դա բոլորովին էլ չափազանցում չէ, եթե հիշենք նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Դումայի խոսնակ Վոլոձինի ցնցող բանաձեւը. ՛՛Քանի կա Պուծինի՝ կա նաեւ Ռուսաստանը: Չլինի Պուծինը՝ Ռուսաստան էլ չի լինի՛՛: Այդ կարգախոսի սարսափելի իմաստով մինչեւ վերջերս մտահոգվում էին միայն փոքրաթիվ ռուս մտավորականները: Պուծինի վերջին մեկնաբանությունից հետո այն դարձավ համաշխարհային խնդիր:
Պուծինի ապոկալիպտիկ խոստովանությունը զարմանալի ոգեւորություն է առաջցրել ոչ միայն ռուս ֆաշիստների ստվար զանգվածներում, այլ նաեւ… ԼՂՀ-ի պաշտոնական շրջանակներում, ինչպես հայտնի դարձավ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունից: Բայց թողնենք դա մի կողմ: Ստրկամտությունը՝ դարավոր ստրկության անխուսափելի հետեւանք է:
Փորձենք այսօր պատկերացնել թե ինչպիսին կլիներ եթե ոչ աշխարհը, այլ գոնե մեր Հայաստանը առանց Ռուսաստանի: Քավ լիցի, ես ոչ մի դեպքում նկատի չունեմ այդ վիթխարի երկրի չգոյությունը: Ուզում եմ միայն երեւակայել իմ Հայրենիքի վիճակն այն դեպում, եթե վերջին 100 տարի շարունակ Ռուսաստանը չմիջամտեր մեր գործերին ու կյանքին: Դրա ամենաիրական թվացող տարբերակը կլիներ Ռուսաստանում ոչ թե 1917 թ. նոյեմբերին բոլշեւիկների հեղաշրջման հաղթանակը, այլ նույն 1917 թ. փետրվարին սկսված ժողովրդավարական հեղափոխության չկայացած հաջողությունը:
Այդ դեպքում դժվար թե աշխարհում լիներ ավելի երջաանիկ եւ հաջողակ պետություն, քան 1918 թ. հռչակված Հայաստանի Հանրապետությունը: Նախ, միանգամից անիմաստ էր դառնալու այսօր էլ հայության շրջանում ամենատարածված հարցը՝ ՛՛Բա թուրքերը մեզ հաջորդ իսկ օրը չէի՞ն ուտի՛՛: Ոչ: Թուրքերը 1918 թվականի գարնանը պարտված ու կործանման եզրին հասած ազգ էին, այդ թվում նաեւ հայերից ստացած ծանր հարվածների պատճառով: Առաջին Համաշխարհային պատերազմում հաղթող պետությունների թվում խաղաղությունը եւ թշնամու կապիտուլյացիան ստորագրելու պատվավոր իրավունքը ստացել էր նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Ըստ Ազգերի Լիգայի եւ ԱՄՆ Նախագահ Վիլսոնի որոշման Հայաստանը միայն իր արեւմտյան պատմական շրջաններից ստանում էր 100 հազար քառակուսի կիլոմետր տարածք, հինգ սեւծովյան նավահանգիստներով: Դա դեռ չհաշված Արեւելյան Հայաստանում անխուսափելի դարձող նվաճումները Արցախում եւ Նախիջեւանում: Միայն ու միայն Սովետական Ռուսաստանի չարանենգ միջամտությունը, անկախ Հայաստանի զավթումը եւ ուղիղ ռազմական, ֆինանսական ու քաղաքական օգնությունը քեմալական ապստամբությանը տապալեցին համաշխարհային հանրության կողմից միաձայն ընդունված պատմական եւ բորոյական արդարության վերականգնումը Հայաստանի հանդեպ: Առանց Լենինի աջակցության Մուսթաֆա Քեմալի շարժումը երբեք չեր հաղթելու, մինչդեռ Թուրքիայի օրինական սուլթանական կառավարությունը հնազանդորեն ընդունել էր Հայաստանի վերականգնումը նախկին Օսմանյան կայսրության արեւելյան շրջաններում: Թուրքերը չեն մոռացել ռուսների լավությունը, Քեմալի բրոնզե արձանի շուրջը Սթամբուլի կենտրոնում քանդակելով նաեւ ռուս բոլշեւիկների պատկերները: Զավեշտալի կերպով դա մոռացել է հայերի ճնշող մեծամասնությունը: Դժվար թե գտնվի աշխարհի պատմության մեջ մեկ այլ օրինակ, երբ մի ողջ ազգ, ողջ երկիր իր Սփյուռքով հանդերձ հարյուր տարի շարունակ պաշտի եւ պաշտպանի սեփական դահիճներին: Ինչպե՞ս այլ կերպ անվանել Ռուսաստանի, Լենինի, Ստալինի, բոլշեւիզմի, չեկիստների հանդեպ առ այսօր հայության մի ստվար զանգվածում պահպանված ակնածանքն ու մոլեռանդ համակրանքը: Սա անգամ ոչ թե հոգեբանական, այլ հոգեբուժական, սոցիալ-գաղափարական ծանր հիվանդություն է: Ավելին՝ հմտորեն խաղալով հայերի վերքերի եւ վախերի հետ, ռուս քարոզիչները կարողացան մոռացության մատնել ռսների ուղիղ մասնակցությունը Հայոց Եղեռնի ողբերգույանը եւ բացարձակապես ազատել Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունը զավթելու, ոչնչացնելու եւ դրա տարածքի մեծ մասը Թուրքիային ու Ադրբեջանին նվիրելու ահավոր, հանցավոր, աններելի մեղքից ու պատասխանատվությունից:
Առանց Ռուսաստանի չեր լինի ժամանակակից Թուրքիան: Ավելի ճիշտ, դա կլիներ Ալբանիայի պես հետամնաց, համեստ տարածքով երկրորդական երկիր, մեծ Հունաստանի, Հայաստանի եւ Քրդստանի հարեւանությամբ: Առանց Ռուսաստանի չեր լինի նաեւ ժամանակակից Ադրբեջանը, որի տարածքում թրքական ինքնավարության հետ մեկ տեղ գոյանալու էին քրդական, թալիշական, լեզգիական քաղաքական միավորներ: Իր հերթին, դեմոկրատական, ազատ ու զարգացած Ռուսաստանը, առանց կայսերական նկռտումների վաղուց արդեն դառնալու էր Կանադայի կամ Շվեդիայի կենսամակարդակի եւրոպական պետություն, համաշխարհային մշակույթի, տնտեսության եւ շուկայի կարեւոր գործոն, այլ ոչ թե հումքային կցորդ:
Առանց բոլշեւիկյան ցնորքի, Եւրոպան երբեք թույլ չեր տալու գերմանական ու իտալական ֆաշիզմի հաղթանակը եւ կուլ չեր գնա  դրան: Հետեւաբար, չեր լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմը, համենայնդեպս դրա սարսափելի եւ անհավանական կորուստներով ու զոհերով: Հայաստանը չեր կորցնելու դրանում Ցեղասպանությունից դեռեւս չապաքինված իր ազգաբնակչության  եւս քառորդ միլիոնը:
20-րդ դարի կեսին, ընդունելով Սփյուռքից ժամանող հայրենադարձներին, Հայաստանն արդեն ունենալու էր չորս միլիոն բնակիչ, ովքեր 21-րդ դարում, բնակվելով Թրաբզոնից ու Վանից մինչեւ Շուշի եւ Արարատ, կազմելոի էին 10 միլիոն քանակություն: Ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստանը վաղուց արդեն լինելու էր հարավ-արեւելյան Եվրոպայի զարդը, մշակութային, տնտեսական, ֆինանսական կենտրոն:
Փոխարենը մենք մնացինք ռսական գուբերնիա, ԿԳԲ-ի փորձադաշտ, ՎՏԲ-ի փողի լվացարան, Կրեմլի ֆորպոստ: Մենք կորցերցինք նույնքան բնակչություն, որքան էլ Եղեռնի տարիներին եւ այսօր հանդիսանում ենք աղքատ, հետամնաց, հուսահատ եւ խնդրահարույց մի տարածք:
Հաջորդ անգամ, երբ ձեզ հարցնեն, թե ինչ էր լինելու Հայաստանն առանց Ռուսաստանի, հիշեք խոսքերս:
Առավելեւս, որ շուտով այդպես էլ կլինի եւ մենք վաղուց արդեն պետք է պատրաստվենք դրան՝ ապրել առանց Ռուսաստանի: Ազատ եւ անկախ: Մարդավարի: Հայավարի:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply