ԱՍԻՕՊԱ

0

Համացանցի դարում իրադարձությունները փոխվում են կայծակնային արագությամբ եւ կարեւոր լուրը չեզոքացնելու միջոցն է ոչ թե լռեցնել այն, այլ փոխել առավել շոկային նորությամբ: Թրամփի եւ Պուծինի սխրանքների արանքում համարյա աննկատ մնաց Ուկրաինայի անցումը ԵՄ մեկնելու առանց վիզաների արտոնված կարգավիճակի: Մինչդեռ Կիեւում հազարավոր մարդիկ հավաքվել էին հրապարակներում, վարկյաններ հաշվելով մինչեւ սպասված պահը:

Հայկական ԶԼՄ-ները հետեւելով ռուս ՛՛մեծ աղբոր՛՛ օրինակի կամ անտեսել են այս իրադարձությունը, կամ էլ չարախոսել են դրա մասին: ՛՛Ի՛նչ կա որ… Հոպա-հոպա- դրանք մտան Գեյրոպա՛՛,՝ ահա որն է գերագույն գլխավոր հրահանգն այս հարցով:

Ուկրաինան շատ ավելի լուրջ վերաբերվեց իր ազատագրման հերթական փուլին, թեեւ լրջությունը արտահայտվեց վառ քաղաքական սատիրայուվ՝ նախագահ Պորոշենկոն հայտարարեց, որ սա Ռուսաստանին հրաժեշտ տալու խորհրդանշական պահն է եւ անգամ ռուսերենով արտասանեց մեծն Լերմոնտովի տողերը՝ ՛՛Հրաժեշտ եմ տալիս քեզ, անլվա Ռուսաստան՝ ստրուկների եւ ստրկատերերի երկիր, Քո կապույտ համազգեստով ոստիկաններին եւ նրանց հավատարիմ ժողովրդին՛՛:

Ռուսաստանը մնաց զրնգուն դատարկությամբ արձագանքող քաղաքական մենության մեջ: Նրան լքեցին ուղղափառ հավատքի բոլոր հարեւանները՝ Վրաստանը, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան: Սակայն ամենակարեւոր եւ մահացու հարվածը Ռուսաստանին հասցնում է Ուկրաինայի հեռացումը: Նույն պատմություն եւ գրեթե նույն լեզուն, նույն մշակույթը եւ նույն մտածելակերպը կարծես թե կրող մի ազգ կատարեց իր ընտրությունը՝ ազատության եւ անկախության օգտին: Եւ դա ավելի սարսափելի է Պուծինի համար, քան նավթի գների անկումը, ընկնող հրթիռները, ընկնող կենսամակարդակը, աճող ալկոհոլիզմը եւ հիվանդությունները: Ռուսաստանն այլեւս հետաքրքիր չէ: Ոչ մի նոր եւ գրավիչ բան արդեն վաղուց չի ասվում ու չի գրվում ռուսերեն լեզվով՝ ոչ գրականություն, ոչ թատրոն, ոչ կինո, ոչ երաժշտություն, ոչ գիտություն, ոչ տեխնիկա, ոչ փիլիսոփայություն, ոչինչ: Եթերում նույն հնամաշ ու հնաոճ ֆիլմերն են ու երգ-երգիչները, նորը միայն ատելությունն է ողջ աշխարհի հանդեպ: Ռուսերեն լեզուն աշխարհի ամենաարագ անհայտացող լեզուներից մեկն է: Եթե դեռեւս 30 տարի առաջ շուրջ 260 միլիոն մարդ խոսում էր ռուսերեն, ապա այսօր այդ թիվը պակասել է 50-60 միլիոնով եւ շարունակում է նվազել: Նորանկախ երկրների նոր սերունդը պարզապես անտարբեր է Ռուսաստանի նկատմամբ, դա վաղուց արդեն ակնհայտ էր Վրաստանում եւ Բալտիկ երկրներում, դա արագորեն տարածվում է Ուկրաինայում: Աշխարհը շատ ավելի հետաքրքիր է եւ շքեղ, բաց է եւ ազատ, քան հայերի իմացաց ՛՛Մասկվա-Որկուտա-Չիտան՛՛: Կամ Սիկտիվքարը: Ուկրաինացիներն արդեն ստանում են ոչ միայն Եւրոպա մեկնելու, այլ նաեւ այնտեղ սովորելու արտոնությունը: Եւրոպան մոտենում է, ինչպես գարունը:

Ակամա վերհիշում ես հին սովետական անեկդոտը հայր եւ որդի որդերի մասին, որոնք ապրում են գոմաղբում: Փոքր ճիճուն հարցնում է մեծին՝ ՛՛Ինչու՞ ենք մենք այս գորշահոտության մեջ մնացել, հայրիկ… Տես՝ ինչ գեղեցիկ է աշխարհը, այնտեղ թարմ խոտ է, արեւ է, ծաղիկներ են գետակի ափին…՛՛: – ՛՛Որուետեւ սա է մեր հայրենիքը, որդիս՛՛…

Բայս սա հո մեր Հայրենիքը չէ… Հայաստանը՝ Եւրոպայի մասն է եւ նրա օրրանը:  Հայերը, որոնց երեք քառորդն ապրում են արտասահմանում, ընդ որում կեսը՝ ԱՄՆ-ում ու Եւրոպայում, միայն իրենց հայրենի հողն են դարձրել հիվանդ, փտող, պատժված ու մերժված կայսրության վերջին պատանդը: Մեր հարեւանները գնում են Եվրոպա, իսկ մենք ոչ թե Եվրասիա, դա էլ է շատ մեզ համար: Մենք գնում ենք Ասիօպա: Այդպես է կոչվում այդ տեղը քաղաքակիրթ աշխարհում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply