ԱՍՏԾՈ ՀԱՄԱՑԱՆՑՆ ԱՆՎՐԵՊ Է

0

ԱՄՆ-ում վերջերս չեն դադարում սեւամորթների բախումները ոստիկանության հետ: Դեռեւս անցյալ տարվա օգոստոսին Միսսուրի նահանգում քաղաքացի Մայքլ Բրաունի սպանությունից սկսած, բախումները Ֆերգյուսոնից հասան հյուսիս-արեւելյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաք, ուր ոստիկանական մեքենայում մեկ այլ սեւամորթ քաղաքացու՝ Ֆրեդի Գրեյի մահից հետո առաջացած բողոքները բերեցին պարետային ժամ մտցնելու անհրաժեշտությանը: Անցած շաբաթ ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակվեց Լինչ ազգանունով սեւամորթ կինը, այնպես որ կասկած չկա՝ Լինչի դատաստանը լինելու է արդար ու դաժան: Որոշ դեպքերում ոստիկաններին դատում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, որոշ դեպքերում դատարանի երդվյալ ատենակալներն ընդունում են կրակող ոստիկանի գործողությունների օրինաչափությունը: Մեզ համար դա չէ էականը: Ամենից կարեւորն է այն հանգամանքը, թե ինչպես է կատարվում հասարակության իրազեկումը, ինչպես է տարածվում տեղեկությունն, ու ինչպես է ստեղծվում հասարակական կարծիքը այսօրվա աշխարհում: Պատասխանը կարճ է՝ Համացանց: Internet:

Համացանցը արագորեն վերածվում է նոր համաշխարհային կրոնի՝ եւ ոչ միայն իր հետեւորդ-օգտատերերի միլիարդների հասնող քանակի, այլ նախեւառաջ նրա գրեթե գերբնական երկու յուրահատկությունների պատճառով: Ինչպես եւ բոլոր աստվածները, Համացանցը ա) ամեն ինչ տեսնում է եւ բ) կարող է բոլորին պատժել: Հայաստանում Համացանցի այդ զարմանահրաշ ունակությունները բացահայտվեցին առաջին անգամ 2010 թվականի սեպտեմբերին, երբ խիղճ եւ բջջային հեռախոս ունեցող մեկը ներբեռնեց բանակում տեղի ունեցող բռնությունների մի խայտառակ տեսագրություն: Թաքուն նկարահանված չորսրոպեանոց այդ հոլովակում կիսամերկ ու հաստափոր մի սպա ծեծում ու նվաստացնում էր հայոց բանակի երկու երիտասարդ զինվորների: Տեսանյութը պայթած ռումբի նման թափ տվեց մեր հասարակությանը: Ժամերի ընթացքում հազարների հասավ դիտումների, մեկնաբանությունների, բողոքների քանակը:

Պաշտպանության նախարարությունը սկզբից գրավեց խուլ պաշտպանության դիրքը, սակայն հանրության մեկամսյա անդադար գրոհներից հետո տեղի տվեց, խոստովանեց նյութի իրական բնույթը ու նաեւ հայտնեց սադիստի անունը՝ դա մայոր Սասուն Գալստյանն էր: Նշանակվեց ծառայողական քննություն, հանցավոր տականքին հեռացրեցին պաշտոնից, ու թեեւ բռնություններն ու անօրինակությունները բանակում եւ ողջ հասարակությունում դրա պատճառով չվերացան, կատարվեց կարեւոր եւ անշրջելի մի բան՝ անհետացավ անպատժելիության համատարած մթնոլորտը, վերադարձավ հանցագործություն կատարելուց հետո բռնվելու վախը:

Պատժի վախը՝ ցանկացած կրոնի անքակտելի ու կարեւորագույն մասն է, դրա բուն էությունը: Ու եթե Համացանցը նոր կրոն է ու նոր Աստված, ապա դրա մարգարեն, անշուշտ՝ փոքրիկ տեսախցիկով օժտված բջջային հեռախոսն է: Հենց զանգվածային տարածում ստացած նկարահանող հեռախոսները ստանձնեցին Աստծո ամենատես աչքի դերը: Նույն 2010 թվականին, համակարգի հանդեպ հանրության առաջին համացանցային հաղթանակից օրեր անց, հայտնվեց երկրորդ սկանդալային տեսահոլովակըˋ Պուշկինի անվան երեւանյան դպրոցում աշակերտներից մեկը նույնպես թաքուն տեսագրեց ուսուցչի անթույլատրելի պահվածքը երեխաների նկատմամբ: Պատմությունը կրկնվեց՝ դպրոցի ղեկավարությունն ու կրթության նախարարությունը սկզբից հերքում էին ամեն ինչ, սակայն այս դեպքում պաշտպանական դիրքերը տապալվեցին մի քանի օրում: Ուսուցիչը հեռացվեց աշխատանքից, իսկ պաշտոնյաների շրջանում տարածվեց ու խորացավ նկարահանված լինելու, բռնվելու, պատժվելու ահն ու սարսափը:

Հայաստանում իսպառ ոչնչացված հասարակական կարծիքն ու քաղաքացիական ոտնահարված արժանապատվությունը հարություն էին առնում անսպասելի եղանակով՝ համացանցի օգնությամբ: Ազատ մամուլի ու հեռուստատեսության բացակայության պայմաններում հենց Համացանցը եւ հատկապես Ֆեյսբուքը դարձան Հայաստանում քաղաքացիական հասարակության վերածննդի, ինքնակազմակերպան ու ինքնապաշտապանության հզոր ու արդիական գործիք:

Երրորդ եւ առավել արդյունավետ դրվագը, երբ քաղաքացին իշխող հանցավոր համակարգից կարողացավ պաշտպանվել բջջային հեռախոսի օգնությամբ այն հայտնի տեսագրությունն էր, երբ երեւանյան վարորդին՝ դրամ շորթելու ակնհայտ նպատակով կանգնեցրած ոստիկանները խուճապահար փախուստի դիմեցին, տեսնելով նրա ձեռքում տեսագրող սարքը: Այդ դեպքում պատիժը հասավ ժամեր անց, քանի որ Համացանցի տեսագրության մեջ պարզ երեւում էին նրանց դեմքերը, ոստիկանական մեքենայի համարը եւ լսվում էին նրանց խայտառակ մեկնաբանությունները:

Հետաքրքիր է, որ այժմ գրեթե բոլոր նման տեսանյութերը հեռացված են Համացանցից: Սակայն ջինը դուրս եկավ շշից, եւ այսօր ԱՄՆ-ից Հայաստան ու մինչեւ անգամ չինական Հոնկոնգ ձեռքի հեռախոսն ու Համացանցը ամենակարող Աստծո պես սանձում ու զսպում են ամենասարսափելի իշխանական հրեշներին՝ պատժի սպառնալիքով ու վախով:

Երկու հարյուր տարի առաջ ԱՄՆ-ի հեռավոր վայրի Արեւմուտքում ծնվեց այսպիսի ասացվածք. «Աստվածն արարեց մարդկանց, իսկ Կոլտը դարձրեց նրանց հավասար»: Կոլտի ատրճանակն իսկապես լավ զենք է, սակայն Համացանցը անչափ ավելի մեծ հնարավորություն տվեց մարդկանց, այն էˋ պաշտպանվել նաեւ պետության համակարգված ստի ազդեցությունից: Համացանցն ու բջջային հեռախոսը XXI դարում հանդիսանում են ժողովրդավարության հզոր զենք, որն ամեն օր, ամեն վարկյան սպառնում է բռնատիրությանը:

Աստծո Համացանցն անվրեպ է:

(լուսանկարում՝ պատկեր 2010 թ. բանակում բռնության դեպքի տեսագրությունից, որն այժմ հանված է Համացանցից)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply