”ԳԼՈԲԱԼ ՀԱՅԵՐԻ՛՛ ԿՈՉԸ՝ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆ Է

0

Ողջ հայությանն ուղղված անվանի հայ արվեստագետների, գիտնականների ու գործարարների նամակը չափազանց կարեւոր է այն անտեսելու կան թերագնահատելու համար: Եւ առաջին իսկ հայացքից այս նամակը պարունակում է իր մեջ մեր ազգի եւ պետականության մասին հին եւ առ այսօր անփոփոխ մնացած աղտորոշում՝ Հայաստանն իր քսանհինգամյա նորագույն պատմության ընթացքում այդպես էլ չկարողացավ դառնալ պետություն: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ երկու տասնյակ ստորագրողների մեջ չկա Հայաստանի Հանրապետության ոչ մի գործող կամ նախկին պաշտոնյա կամ քաղաքական գործիչ: Ավելին՝ նամակում ակնածանքով հիշատակվող ամերիկահայ գործարար ու բարերար Քրքորյանն իր վերջերս հրապարակված կտակում հատուկ նախապայման է դրել, որ իր ժառանգության Հայաստանին հասնող բաժինը ոչ մի դեպքում չհայտնվի ՀՀ պաշտոնյաների վերահսկողության տակ, այլ բաժանվի անկախ հասարակական ատյանի կողմից:
Այս միանգամայն արդարացված ու մեզ, ՀՀ շարքային քաղաքացիներիս հասկանալի անվստահությունը հայոց պետության ու նրա իշխանության հանդեպ վկայում է ոչ միայն Քրքորյանի, Ազնավուրի, ինչպես առաջ Գուլբենկյանի խոհեմության ու զգուշավորության մասին: Դա հաստատում է Հայաստանի իբրեւ չկայացած երկրի կարգավիճակը, ավելին ՝ դա հանդիսանում է երրորդ հանրապետության մահախոսականը: Բայց առավել ողբերգական է այն, որ առանց պետության քաղաքական կայացման ոչ մի բարեգործական նախաձեռնություն եւ ոչ մի ներդրում չի կարող օգնել ազգին ու երկրին՝ դա պարզապես ժամանակի, ջանքերի եւ փողի անիմաստ ծախսեր են:
Դիմենք ծեծված, բայց անխուսափելի համեմատությանը: 20-րդ դարի առաջին կեսում աշխարհում գործում էին բազմաթիվ հրեական կազմակերպություններ ու հիմնադրամներ, որոնց գործունեությունը ծավալվում էր հանգանակությունների հավաքից մինչեւ որոշ պետությունների հետ քաղաքական պայմանագրերի ստորագրում: Դարի երկրորդ կեսում այդ երբեմնի հզոր եւ այսօր էլ ազդեցիկ կազմակերպությունների գործունեությունը կտրուկ փոփոխության ենթարկվեց՝ նրանք այժմ հիմնականում զբաղվում են իրենց ազգակիցների հայրենադարձությամբ, ինչպես նաեւ օտար պետություններում իրենց քաղաքական, տնտեսական ու մշակութային ազդեցության տարածմամբ: Երկու այդ ոլորտներն էլ ունեն մեկ հասցե՝ Իսրայել պետություն: 1948 թվականից ի վեր՝ պետականության ստեղծման պահից հրեական ողջ համաշխարհային ներուժը ուղղված է բացարձակապես Իսրայել պետության օգտին:
Եթե համեմատենք հռչակավոր հայորդիների այս թարմ նամակը, մենք կտեսնենք մի շատ կարեւոր յուրահատկություն եւ տարբերություն՝ Հայաստանի հանրապետությունն այստեղ դիտվում է իբրեւ օժանդակության եւ ջանքերի գործածման ՛՛օբյեկտ՛՛, հայ ազգի, եկեղեցու, բարեգործական կազմակերպությունների շարքում: Մինչդեռ պետությունը հանդիսանում է ազգի, դրա զանազան կազմակերպությունների, բանակի, եկեղեցիների, կուսակցությունների գլխավոր նպատակը, սուբյեկտը, գոյության իմաստը եւ գրավականը: Պետությունը ՝ ազգի քաղաքական ինքնակազմակերպման բարձրագույն եւ միակ կայուն ձեւաչափն է: ՈՒստի արվեստագետների, տնտեսագետների, գործարարների այս փայլուն խումբը իրականում պետք է ոչ թե ՛՛գլոբալ ազգի՛՛ ամպագոռգոռ եւ իրականում շատ վտանգավոր ու վնասակար կարգախոս առաջարկեր, այլ պատասխաներ մեկ հարցի՝ ինչպիսի՞ քաղաքական եւ քաղաքակրթական ընտրություն պետք է անի Հայաստանը, նրանց եւ մեր բոլորիս երազած ՛՛արդիական, ապահով, խաղաղ եւ առաջադեմ պետություն՛՛ դառնալու համար: Այսօր Հայաստանը ոչ միայն գաղութացված եւ ինքնիշխանությունից զրկված տարածքի է վերածվել՝ այն պատանդի կարգավիճակում է գտնվում հետամնած, աղքատացող ու նախահարձակ Ռուսաստանի մոտ: Այսինքն Հայաստանի ներկան բոլոր առումներով հակասում է ՛՛գլոբալ ազգի՛՛ այս ջատագովների խմբի պատկերացումներին ու հորդորներին: ՈՒստի այսօր միակ իրական եւ իրատես ելքն է ՝ անհապաղ, անվերապահ, անշրջելի ազատագրում ռուսական գաղութային վերահսկողությունից եւ վերադարձ դեպի քաղաքակիրթ արեւմտյան աշխարհ: Ահա ինչ հորդոր, կոչ, պահանջ պետք է հնչի այսօր ազգի հեղինակավոր ներկայացուցիչներից: Այլապես դա նման է հերթական ողբի: Այլապես մենք շարունակելու ենք հպարտանալ մեր ՛՛գլոբալ ազգ՛՛ լինելու կասկածելի առաքինությամբ, անվերադարձ կորցնելով մեր զավթած եւ կողոպտված Հայրենիքը: Հակիրճությունը գերադասող անգլերենում հենց այս դեպքի համար կա մի հին ասացվածք՝ Think globally – act locally: Այսինք՝ մտածիր աշխարհի չափով, բայց գործիր տեղում:
Չկա անվտանգություն առանց ազատության, չկա առաջադիմություն ու բարեկեցություն առանց անկախության: Եթե ստորագրողներից մի մասը չի ցանկանում նեղացնել իրենց բնակության երկրի ղեկավարին՝ թող չխաբվեն գեղեցիկ կարգախոսներով ու չխաբեն դրանցով մեր երկրի բնակչությանը: Այսօր կարող է լինել միայն մեկ կարգախոս՝ ապագաղութացում Ռուսաստանից եւ Հայաստանի անկախության վերականգնում: Մնացածը՝ խոսքեր է:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply