ԵՐԲ ԽՈՍՔԵՐԸ ՔԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՝ ՔԱՐԵՐՆ ԵՆ ՍԿՍՈՒՄ ԽՈՍԵԼ

0

ՀՀ իշխանություններն այնքան երկար ու ջանադրաբար էին ոչնչացնում ազատ միտքն ու խոսքը, այնքան ցինիկ ու նենգ կերպով էին կաշառում ու վարկաբեկում մտավորականներին, այնքան անմիտ ու խենթ ձեւով էին փոշիացնում ու պառակտում քաղաքացիական հասարակությունը, որ արդյունքում մնացին միայնակ իրենց խաժամուժով ընդդեմ չարենցյան ՛՛խելագառված ամբոխների՛՛:

Դուք դատարկում էիք Ազատության հրապարակը՝ արդյունքում ստացաք Սարի Թաղ: Դուք լռեցնում էիք քննադատությունը մամուլում՝ արդյունքում լսում եք փողոցային հայհոյանք ու անեծք: Դուք մերժում էիք քաղաքական երկխոսությունը՝ արդյունքում ստացաք քարերի եւ կրակոցների տարապ:
Կես դար առաջ Մարտին Լյութեր Քինգն ասաց՝ ՛՛Ապսամբությունն այն մարդկանց լեզուն է, ում չէին լսում՛՛:

Այսօր հասարակությունն ամենից շատ պահանջում է, որ նրան լսեն, պահանջում է երկխուսություն, խոհեմ միտք, ազատ խոսք: Դուք լռում եք: Ձեր փոխարեն մի խումբ արվեստագետներ, որոնք իրենք իրենց կարգել են մտավորական, դիմում են ապստամբներին խոհեմության կոչերով: Ի՞նչ իրավունքով են հիմա խոսում նրանք, ովքեր իրենց ներկայությամբ կամ լավագույն դեպքում լռությամբ էին օրհնում իշխող խաժամուժի բազմամյա խրախճանքը, ով անգամ հիմա է շփոթում մտավորականությունը տարբեր արժեքի արվեստ ու արհեստի հետ: Մտավորականը նա է, ով իր մտքում ու գործում, իր արվեստում ու գիտական աշխատանքում չի ստում, չի պապանձվում ոչ իշխանության, ոչ քսակի առջեւ, այլ առաջինն է ընդվզում անարդարության ու բռնության դեմ: Ու՞ր էիք դուք տասնամյակներ շարունակ՝ տգետ բռնակալներից կոչումներ ընդունող ու նրանց կենացներ ասող պալատականներ, որ հիմա ապստամբներին եք դիմում խոհեմության կոչերով: ՈՒ՞ր էր ձեր խոհեմությունն ու ազնվությունը: Մտավորականի միակ առաքելությունն է՝ ազատության ու արդարության պաշտպանությունը: Եւ այդ ամենօրյա պայքարով է միայն ձեռք բերվում մտավորականի կոչումն ու հեղինակությունը: Իսկ արհեստավարժ պնակալիզությունը նման արտոնություններ երբեք չի ապահովում:

1930 թվականին Հայաստան այցելած հանճարեղ բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը մեր Հայրենիքին նվիրված բանաստեղծությունների շարքը սկսել էր այսպիսի տողով. ՛՛Ճչացող քարերի պետություն…՛՛
Նա մարգարե էր. այսօր Հայաստանում կրկին քարերն են ճչում: Սարի Թաղում ճչացող մարդիկ ճչացող քարեր են նետում իշխանական ուժերի վրա եւ դա երկարամյա քար լռության ողբերգական արդյունքն է: Մեղքս չթաքցնեմ ՝ ես էլ էի չարախնդությամբ նայում ժողովրդական ցասումից վախեցած ոստիկանների դեմքերին, հետո գիտակցեցի, որ սա իրական ողբերգություն է՝ հայ ժողովուրդն ատելությամբ ու զայրույթով է լցված սեփական պետության դեմ, քանզի գիտակցում է դրա հակաժողովրդական, ստրկատիրական, օտարին ծառայող բնույթը:
Ես այսօր ընկերներիս հետ չեմ նրանց կողմից զավթված ոստիկանական գնդում, քանզի դեռեւս երկու տարի առաջ մենք վիճում էինք ըմբոստության գլխավոր թիրախի եւ միջոցների մասին: Ես շարունակում եմ պնդել, որ մեր իրական ընդհանուր թշնամին այսօր կրեմլյան իմպերիալիզմն է, որի գաղութային դրածոն է միայն հանդիսանում տեղական վարչախումբն իր վախեցած ու վախից կատաղած ուժային կառույցներով: Եւ հենց այս պատմական պահին, իմ համոզմամբ, մեր պայքարը կարող էր եւ պետք է որ տեղափոխվեր թուլացած Ռուսաստանի կողմից լքվող ու ազատվող քաղաքական դաշտ: Սակայն այս օրերին եւ այս իրավիճակում մեր տարաձայնությունները ժամանակավորապես անցնում են երկրորդ պլան: Էական է միայն մի բան՝ հենց հիմա, անհապաղ քաղաքական պայքարը պետք է ընդունի քաղաքական տեսք ու ձեւ, դրա համար Հայաստանում պետք է վերականգնվի հասարակական երկխոսությունը: Ահա ինչն է ապստամբների իրական պահանջը եւ ահա թե որը պետք է լինի ազգային մտավորականության հորդորն ու գործը: Եթե Պավլիկ Մանուկյանն իր որդու եւ ընկերների հետ պատրաստ է զոհաբերել կյանքը, ապա նրա երազանքն է ոչ թե Սերժ Սարգսյանին փոխարինել, ասենք, Հովիկ Աբրահամյանով կան Գալուստ Սահակյանով: Նա իրականում պահանջում է, որ նրան, ուրիշներին, բոլորին սկսեն լսել: Նա պահանջում է ազատություն ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի եւ բոլոր այլ քաղբանտարկյալների համար, այլ ողջ ժողովրդի, յուրաքանչյուր հայ քաղաքացու համար: Իսկ ժաղովրդի իրական ազատությունը, այսինքն ժողովրդավարությունը, ժողովրդի իշխանությունը իրականացվում է միայն մեկ ձեւով՝ ազատ եւ արդար ընտրություններով: Եւ այստեղ է որ մենք բոլորս համաձայն ու համամիտ ենք, բոլորս ապարացի Պավլիկն ենք: Դա է գերագույն խոհեմությունը եւ ազգային մտավորականության իրական առաքելությունը, որն այժմ իրենց վրա են վերցրել որոշ դեպքերում բարձրագույն կրթություն էլ չստացած այս տղաները: Նրանք հիմա խոսում են զենքի լեզվով, ինչպես եւ Սարի Թաղը՝ քարերի լեզվով, միայն այն պատճառով, որ այլ լեզու ՀՀ իշխանությունները չլսեցին եւ չհասկացան: Եթե այս պարզ իրողությունը չեն հասկանում իրենք իրենց մտավորականներ հռչակած որոշ գործիչները, որոնց շարքում կան գոնե մեկ-երկու իսկապես ազգային հպարտություն ներկայացնող անուն, ապա նրանք անգամ չեն հասկացել ՛՛մտավորական՛՛ խոսքի իմաստը:

Իսկ եթե այս անգամ քարերի լեզուն էլ լսելի չդառնա՝ մյուս խոսքը ասելու է արդեն զենքը, որը կհայտնվի ոչ թե տասը մարդու ձեռքում, այլ ամբոխի մոտ: Եւ դա իսկապես խելագառված ամբոխ է լինելու: Սա ոչ թե սպառնալիք է, այլ պատմական դառը իրողություն: Այ հենց նման բաներ հասկանալու ու կանխատեսլու համար է նորմալ իշխանությունը ողջ աշխարհում շրջապատված իրական մտավորականներով, իրական ընտրախավով, այլ ոչ թե այդ կոչումն անհիմն յուրացրած պնակալեզներով ու տականք խաժամուժով: Սա մեզ տրված վերջին հնարավորությունն է խաղաղ եւ ինքնուրույն լուծել մեր խնդիրները: Խոհեմության կոչերը ճիշտ տեղ հասցեագրեք, տիկնայք եւ պարոնայք:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply