ԵՐԵՎԱՆ, ՔԻՐՔՈՒՔ, ԲԱՐՍԵԼՈՆԱ

0

Բազմաթիվ ու բազմաբնույթ միազգային իրադարձությունների անվերջանալի շքերթի առաջին շարքից հեռացան ու հետնամասում հայտնվեցին քրդական եւ կատալոնական անկախության հանրաքվեները: Մինչդեռ հայերիս համար այս երկու ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումն եւ դրա ճանապարհին խոյացող խոչընդոտները չափազանց կարեւոր են բոլորիս հասկանալի պատճառով: Ես պատկանում եմ այն փոքրաթիվ դիտորդների խմբին, ով տարիներ առաջ ու շարունակ պնդում էր քրդական պետականության անխուսափելիության մասին, նկատի առնելով դրա ճակատաագրական կարեւորությունը Հայոց հարցի լուծման տեսակետից: Այսօր քրդերի պայքարին դիմադրող ճակատում միավորված Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի եւ Իրանի ջանքերի շնորհիվ ՛՛քրդական երազանքը՛՛ թվում է հերթական անգամ տապալված իսկ իմ նմանների կանխագուշակումները՝ անհիմն: Դրան ավելանում է Եւրոպայի արեւմուտքում կատալոնացիների անկախության ձգտմանը Իսպանիայի կոշտ արձագանքը եւ Եւրոպայի չեզոքությունը: Արդյո՞ք կենտրոնամետ միտումը դառնում է քաղաքական նոր տեսլական եւ պետությունների տարածքային ամբողջկանության սկզբունքը կրկին գերակայում է ազգերի ինքնորոշման իրավունքի համեմատ: Եթե դա այդպես է՝ վերջին քառորդ դարի մեր պայքարը փակուղի է մտնում եւ մեր հակառակորդները կարող են հաղթանակ տոնել: Սակայն ես չէի շտապելու նման եզրակացություններ անել:

Մենք իսկապես ականատես ենք համաշխարհային քաղաքականության բարդ եւ ոչ միանշանակ ելեւեջների ու դեգերումների: Մեծ հաշվով տեղի է ունենում 20-րդ եւ անգամ 19-րդ դարերի տնտեսա-քաղաքական  արխայիկ համակարգի պայքարը 21-րդ դարի արդիականացմանը միտված նոր տեխնոլոգիական եւ հումանիտար շարժման դեմ: ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակը ընդգծել է այդ պայքարի գլոբալ բնույթը, սակայն ինքնամեկուսացման, ազգայնականության, այլատյացության, ավանդապաշտության միտումներն եղել դրանից առաջ եւ գերիշխում են առ այսօր Ռուսաստանից մինչեւ Թուրքիա, Ֆիլիպպիններից մինչեւ Վենեսուէլա, Լեհաստանից մինչեւ Հունաստան եւ Հունգարիա: Թվարկված բոլոր երկրներում այժմ իշխում են ՛՛հակագլոբալիստական՛՛, իսկ իրականում ազգայնամոլ, հակաժողովրդավարական եւ արխայիկ բռնապետներ: Միայն ԱՄՆ-ում այդ միտումը հանդիպում է քաղաքացիական հասարակության եւ պետական համակարգի համատեղ դիմադրությանը եւ հավանաբար շուտով ընդհատվելու է: Եւ դա լինելու է որոշիչ ու բեկումնային պահ միջազգային հարաբերություններում ոչ միայն ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական հզորության պատճառով: Հայտարարելով, որ ցանկանում է ՛՛Ամերիկան կրկին հզոր դարձնել՛՛, նախագահ Թրամփն իրականում անչափ թուլացրել է իր երկիրը: Բանն այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական հզորությունը մեկ դար շարունակ հիմնված էր ոչ միայն եւ ոչ այնքան դրա տնտեսական կամ ռազմական ուժի, այլ աշխարհի բարոյական առաջնորդ լինելու կարողության վրա: Գերտերություն եւ աշխարհի առաջնորդ Ամերիկային դարձրեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը, ով երկու կարեւորագույն որոշում ընդունեց ուղիղ հարյուր տարի առաջ: Առաջինն էր՝ փոխել ԱՄՆ Սահմանադրությունն այնպես, որ ամերիկյան բանակն առաջին անգամ երկրի պատմության մեջ կարողանա պատերազմ վարել ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Արդյունքում Ամերիկան միջամտեց Առաջին աշխարհամարտ եւ ավարտեց այն, պարտության մատնելով Գերմանիային եւ Թուրքիային: Վիլսոնի երկրորդ քայլը այդքան էլ ընկալելի չդարձավ, թեեւ բոլորին հայտնի է: Խոսքը Հայաստանի պետականության վերականգնան մանդատ ստանալու եւ իրականացնելու Վիլսոնի առաքելության մասին է: Մի կողմ թողնենք դրա տապալման պատճառը՝ Սովետական Ռուսաստանի միջամտությունը եւ Հայաստանի հանրապետության համատեղ ռուս-թրքական զավթումը: Նկատենք, որ Վիլսոնը ստանձնեց ԱՄՆ-ի համար մեկ այլ հեռավոր երկրի փրկության եւ վերստեղծման նախեւառաջ բարոյական առաքելություն, ընդ որում բացարձակապես չունենալով ոչ մի նյութական շահ Ամերիկայի համար: Դա հենց այն իդեալիստական, բողոքական քրիստոնեության հրամայականն էր, որն այն տարիներին եւ առ այսօր բերում էր եւ բերում է ամերիկացի կամավորներին օգնելու Հայաստանին, ինչպես եւ աշխարհի այլ երկներին՝ սկսած եկեղեցական որբանոցներից, որոնք տասնյակ հազարավոր հայ երեխաների են փրկել Եղեռնի տարիներին, մինչեւ մերօրյա Խաղաղության կորպուս: Մեծ հաշվով, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիրքն ու տեսլականը 20-րդ դարում բանաձեււած էր հենց Վուդրո Վիլսոնի կողմից, հետագայում հաջողությամբ համադրելով օգնությունը եւ շահը, ինչպես ԽՍՀՄ-ին ռազմավարական օգնությունը Երկրորդ աշխարհամարտի ՛՛լենդ-լիզի՛՛ տեսքով, կամ հետպատերազմական Եւրոպայի վերականգնմանն ուղված ՛՛Մարշալի ծրագիրը՛՛: Հենց այս վիթխարի ավանդույթից եւ ժառանգությունից է այսօր փորձում հրաժարվել Թրամփը ՛՛Ամերիկան նապեւառաջ՛՛ կամ ՛՛Ես ոչ թե Փարիզի, այլ Թեննեսսիի նախագահն եմ՛՛ միամիտ կարգախոսներով: Ամերիկան կարող է հրաժարվել իր համաշխարհային առաջնորդությունից միայն քաղաքական ինքնասպանության գնով, որը նրա վերնախավը թույլ չի տա, գոնե առայժմ:

Այս շեղումն ինձ անհրաժեշտ թվաց ոչ միայն ընդգծելու համար մեր փոքր երկրի մեծ դերը կատարվող իրադարձություններում, այլ հիշեցնելու, որ ազգերի ինքնորոշման գաղափարի հեղինակն ու հիմնադիրը միջազգային քաղաքականության մեջ հենց նույն Վուդրո Վիլսոնն էր, որի հետեւորդներն են եղել 20-րդ դարի բոլոր ԱՄՆ նախագահները՝ Ռուզվելթն ու Թրումենը, Էյզեհհաուերն ու Քեննեդին, Ջոնսոնն ու Նիքսոնը, Քարտերն ու Ռեյգանը, երկու Բուշերը եւ Օբաման: Ահա ինչ է փորձում չեղարկել Թրամփը եւ ահա ինչու դա նրան չի հաջողվի:

Քրդերի եւ կատալոնացիների անհաջողությունը ժամանակավոր է եւ դրա բազմաթիվ պատճառներից է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ Մեծ Բրիտանիայի բաժանումը ԵՄ-ից: Պատահական չէ, որ քրդերի անկախությունն անմիջապես ճանաչեց ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելը, որը վաղուց է օգնում քրդերին: Նույնքան ամկնհայտ է, որ Բարսելոնայի ջանքերին շատ կօգներ Իսպանիայի պատմական հակառակորդ Լոնդոնը, եթե պահպաներ իր նախկին դիրքերը Եւրոպայում: Սակայն, կրկնում եմ, քրդերի եւ կատալոնացիների նահանջն ինձ թվում է ժամանակավոր: Այո, այսօր քրդերի տնտեսական կենտրոն Քիրքուքը գտնվում է Բաղդադի վերահսկողության տակ, իսկ Կատալոնիայի կառավարությունը ձերբակալված է Մադրիդի կողմից, նախագահ Պուչդեմոնտն էլ հանձնվել է Բրյուսելի ոստիկանությանը: Սակայն քրդերը ոչ մի տեղ չեն հեռանա իրենց տարածքից եւ ոչ մեկին չեն հանձնի պատերազմի տարիներին ԱՄՆ-ից պաշտոնապես ստացած զենքը: Կատալոնացիներն էլ չեն արտագաղթի Հայրենիքից, ինչպես անում են հայերը, այնպես որ Բարսելոնան կմնա կատալոնական դիմադրության միջնաբերդ: Թրամփի ժամանակը շուտով կանցնի: Կանցնի եւ Պուծինի, եւ Էրդողանի ժամանակը: Թուրքիայում ապրող քրդերը հանդիսանում են այդ մարտատենչ ազգի ամենամարտունակ եւ ազատասեր մասը: Ապստամբությունն այնտեղ անխուսափելի է: Ինչպես եւ Կատալոնիայում, թեեւ բոլորովին այլ եղանակով եւ միջոցներով: Եւրոպայի եւ աշխարհի քաղաքական զարգացումն անշրջելոիորեն տանում է դեպի ազգերի շարունակվող ինքնորոշում եւ կայսրությունների շարունակվող քայքայում: Ուշադիր հետեւեք Չեչնյիային եւ Թաթարստանին՝ դուք կտեսնեք Ռուսաստանի մոտալուտ ապագան: Քրդերի անխուսափելի անկախացումը ուշ թե շուտ բերելու է ՀՀ սահնմանին քրդական պետության ստեղծմանը եւ ինձ թվում է, որ դա լինելու է ոչ թե հայ-թրքական, այլ արդեն հայ-քրդական սահման: Վուդրո Վիլսոնի նախագիծը իրականացվելու է, եթե միայն մենք, հայերս, երկրորդ անգամ չհանձնենք մեր բանակը, մեր պետությունը, մեր անկախությունն ու ազատությունը թշնամուն: Հատկապես ՛՛բարեկամ դաշնակցի՛՛ դիմակը կրող թշնամուն:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply