ԵՐԵՒԱՆՅԱՆ «ՊՈՒՏԻՆԳԸ» ԵՒ ԲՐՒՏԱՆԱԿԱՆ ՊՈՒԴՒՆԳԸ

0

Սկզբից երկու խոսք վերնագրի մասին: Պուդինգը, ինչպես հայտնի է, անգլիական ավանդական քաղցրավենիք է: Ւսկ այ «պուտինգը» հարաբերական նոր բառ է, թեեւ որպես երեւույթ բավական հին՝ դա ընդամենը իշխանության կողմից կազմակերպված, վարձու մասնակիցներից բաղկացած եւ հատուկ ծառայություններով վերահսկվող հանրահավաք է: «Պուտինգ» բառը կազմված է ռուս նախագահի ազգանվան եւ անգլերեն meeting բառի ձուլումից: Ռուսաստանում այս բառը տարածում ստացավ Կրեմլի քարոզչական պատերազմի շնորհիվ եւ շարունակում է տարածվել ու ձեւափոխվել, ինչպես օրինակ Գրոզնիում պարբերաբար անցնող զինված «կադիրինգները»: Հայաստանում դա կարող է ընդունել «սերժինգ» ձեւը, որի թարմ օրինակն էր Ս.Սարգսի օրվա զավեշտալի երթը: Սակայն վերջերս Երեւանում բրիտանական դեսպանատան մոտ կազմակերպվածը միանշանակ հենց «պուտինգ» էր: Մի քանի երիտասարդներ բողոքում էին ՀՀ-ի հանդեպ մի քննադատական բանաձեւի դեմ, որն ԵԽԽՎ-ում ներկայացնում են մի շարք պատգամավորներ, այդ թվում նաեւ բրիտանացի: Ընդ որում, հայոց բողոքի առանցքը կազմում էին սեւ ու կարմիր խավիարի տուփերը, որոնք պետք է խորհրդանշեին իբրեւ թե Բաքվի կաշառքներով ապրող բրիտանացիների ծախվածությունը: Այս անգամ մի կերպ դիմացան առանց թշնամական Ալբիոնի դրոշի հրկիզման:

Հայկական համացանցում այս միջոցառումն արժանացավ որոշ հեգնանքի ու ծաղրի՝ սկսած նրանից, որ բրիտանացիներին հանձնված իբրեւ «իրեղեն սպացույց» խավիարը բացարձակապես ռուսական էր, վերջացրած լուսանկարներում անզգուշորեն երեւացող ու տեղանքում «պատահաբար» հայտնված սադրանքներով հայտնի գործակալներով: Սակայն քչերն են ուշադրություն դարձրել մեկ այլ կարեւոր հանգամանքին, որը բացահայտում է սույն «սրբազան ցասման» իրական պատճառը: Հարցն այն է, թե ինչու երեւանյան «պուծինգը» տեղի ունեցավ հենց Մեծ Բրիտանիայի ներկայացչության մոտ, այլ ոչ, ասենք, մեկ այլ երկրի կամ հենց ԵԽԽՎ գրասենյակի դիմաց: Նույն օրերին միջազգային մամուլը տարածեց շատ ավելի իրական եւ խայտառակ տեղեկություն ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավար տիկին Իրինա Բոկովայի եւ Ադրբեջանի «առաջին տիկնոջ» ջերմ հարաբերությդւնների շնորհիվ նրա կողմից կասկածելի միջոցներով գերթանկ բնակարաններ Նյու Յորքում գնելու մասին: ՅՈՒՆԵՍԿՈ-ն տասը տարի շարունակ աչք է փակում Նախիջեւանում բարբարոսաբար ոչնչացրած հայկական խաչքարների ճչացող դեպքի վրա եւ այս պայմաններում շնորհել է Ադրբեջանին այդ միջազգային ատյանում փոխնախագահությունը: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը Ադրբեջանին պարտավորվեց եւս մեկ միլիարդ դոլարի զենք վաճառել, ի հավելում նախապես հինգ միլիարդի վաճառվածին: Իսկ Երեւանում նույն օրը նույն բարբարոսական ոճով քանդվեց քաղաքի կենտրոնում մնացած վերջին պատմական շենքերից մեկը՝ ուշ գիշերը, գողի ու ավազակի սիրած ժամին: Սակայն այս եւ նման իսկապես ազգային եւ համաշխարհային լրջագույն հարցերը «պուտինգի» հաճախորդներին չեն հետաքրքրում, նրանց հրահանգ էր տրված բողոքել հենց բրիտանացիների դեմ: Բանն այն է, որ հեռավոր կղզում այդ օրը հրապարակվեց նրանց կնքահայր Պուծինի մասին հանրային հետաքննության մի աննախադեպ խայտառակ զեկույց, որտեղ նրան մեղադրել են սպանությունների եւ ահաբեկչության կազմակերպման, հսկայական չափերի կաշառակերության եւ այլ հանցագործություննռրի մեջ: Ահա ինչու խավիարով զինված հայ վայ-հայրենասերները ուղղվեցին դեպի բրիտանական դեսպանատուն: Նրանց տերերը փորձեցին այս տափակ ձեւով շեղել հայ հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից դեպի հորինված զառանցանքը, որը մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից:
Ի միջի այլոց, խավիարի մասին: Եթե ադրբեջանցիները կարողանում են կաշառել եւրոպական եւ ռուս պաշտոնյաներին կասպիական խավիարով կամ նավթի եկամուտներով, ապա այդ պաշարները բնական են եւ որոշ ժամանակ անց կարող են վերականգնվել կամ փոխհատուցվել: Իսկ ինչո՞վ են կաշառում իրենց կրեմլյան տերերին հայ պաշտոնյաները: Հարյուր տարի շարունակ սեփական իշխանության համար հայ առաջին եւ վերջին բոլշեւիկները վճարել ու վճարում են իրենց ստրկատերերին հայոց հողով, հայ զինվորների կյանքով, հայ մտավորականների ու գիտնականների շնորքով, աքսորվածների ու գնդակահարվածների մահով, արտագաղթածների ճակատագրով, հիմա էլ ՝ հոսանքով, երկաթուղով, անվերջ ու անհամար հարկերով ու պարտքերով: Իսկ այդ ամենը չի վերականգնվում եւ չի փոխհատուցվում: Ինչու՞, ուրեմն, նման հարցով ու հայցով բողոքի ցույց երբեւե չի կազմակերպվում ռուսական դեսպանատան դիմաց: Եւ քանի՞ էլի հայ պետք է արտագաղթի, աքսորվի կամ սպանվի, ինչպես Ավետիսյանների ընտանիքը, որպեսզի հայերն ազատվեն իրենց ստրկամտությունից…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply