ԵՐՐՈՐԴԻ ՉՈՐՐՈՐԴԸ, ՈՉ ԹԵ ՉՈՐՐՈՐԴԻ ԱՌԱՋԻՆԸ

0

Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահը նշանակված է: Այս նախադասությամբ կարելի է սահմանափակվել, այն հնչում է որպես հեգնանք եւ մահախոսական մեր երկրի վերջին երեսուն տարիների քաղաքական զարգացումներին: Սակայն, նկատի առնելով, որ հայ ժողովուրդը  1996 թվականից ի վեր ոչ մի անգամ չի կարողացել ազատ ու արդար կերպով  իրեն նախագահ ընտրել, պետք է գոնե արժանին մատուցել երրորդ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա այլեւս չի էլ փորձում կրկին բեմադրել ՛՛ընտրություններ՛՛ կոչվող ստորացուցիչ ֆարսը: Նա ուղղակի նշանակեց Երրորդի չորրորդին: Սերժ Սարգսյանը շարունակում է խաղալ իր խաղը, որը նա ըստ երեւույթի համարում է շախմատային պարտիա: Իրականում սա ավելի շատ նման է բոլորովին այլ մարզաձեւի՝ ֆուտբոլի այն պահին, երբ ամբողջ թիմը հայտնվում է խաղից դուրս վիճակում: Հենց նման վիճակում է գտնվում ողջ հայ ժողովուրդը, այն էլ արդեն քառորդ դար շարունակ:

Այս առումով ՀՀ չորրորդ նախագահի նշանակումը հերթական զավեշտ ու խայտառակություն է, քանի որ անցավ մեկ մարդու փակ եւ գաղտնի քվեարկությամբ: ՛՛Հանրապետություն՛՛ բառը մեր երկրի պաշտոնական անվան մեջ իսկապես ավելորդ է՝ սա բացարձակապես հանրային պետություն չէ: Սա միապետություն է: Բայց իրական ողբերգությունը դա էլ չէ, այլ այն, որ նույնքան ավելորդ եւ խաբուսիկ է դառնում նաեւ երկրորդ բառը՝ ՛՛Հայաստան՛՛: Օտար զավթիչ զորքի առկայությունը մեր երկրի տարածքում, պետական սահմանների եւ երկնքի պաշտպանության հանձնումը նույն օտար բանակին, ազգային տնտեսության, էներգետիկայի, հանքերի, կապի, երկաթուղու փոխանցումը էլի նույն զավթիչ ու գաղութատեր պետությանը՝ ահա ինչպիսին է Հայաստանի երրորդ հանրապետության իրականությունը եւ ժառանգությունը ազգային անկախության 100-ամյակի շեմին:

Սերժ Սարգսյանը, ինչպես ցանկացած իշխանավոր, այն էլ նրա կենսագրությամբ, դեմ է հեղափոխությանը: Սակայն մեր դեպքում հեղափոխության, ՛՛ռեվոլյուցիայի՛՛ հականիշը ՛՛էվոլյուցիան՛՛ չէ: Մեր դեպքում դա ՛՛դեվոլյուցիան՛՛ է, այլ կերպ ասած՝ դեգրադացումը: Հայաստանն այլեւս չունի պատմական ժամանակ եւ ներուժ, հատկապես ազգաբնակչության ներկայիս քանակով ու որակով, էվոլյուցիոն դանդաղ փոփոխություններ անելու համար: Մեզ պետք է իսկապես թռիչքային զարգացում եւ պատմական ճեղքում 21-րդ դարում մրցունակ, արդիական, ժողովրդավարական պետություն դառնալու համար: Ունա՞կ է դրան արդյոք երրորդ հանրապետության իշխանությունը, նորանշանակ չորրորդ նախագահով հանդերձ:

Արմեն Սարգսյանն ունի մեկ հսկայական առավելություն, իմ մասնավոր եւ խիստ սուբյեկտիվ կարծիքով: Նա ՛՛Պուծինի մարդը՛՛ չէ: Ինչպիսին էլ եղել է նրա նախկին ճանապարհը, գոնե վերջին երկու տասնամյակների ընթացքում նա հանդիսացել է եւրոպական գործիչ: Ստեղծված փխրուն եւ անկայուն հավասարակշռության պայմաններում սա էական եւ որոշիչ դեր կարող է խաղալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ տատանվող Հայաստանի համար: Նշանակելով նրան, Սերժ Սարգսյանը կատարում է եւս մի փոքր ու զգուշավոր, բայց ակնհայտ քայլ դեպի Եվրոպա, հեռանալով Մոսկվայից: Իմ համոզմամբ, հենց դրանով էլ սահմանափակվում է  սույն նշանակման դրական կողմը: Արմեն Սարգսյանը թվում է ինձ լավագույն հնարավորներից վատագույն ընտրություն, թեեւ դա էլ ավելի լավ է քան վատագույն հնարավորություններից լավագույնը լինելը: Նա չի բերելու որակական փոփոխություն, դառնալով Երրորդ հանրապեության չորրորդ նախագահը: Նա անցումային դերակատար է: Հայաստանին իրականում պետք է Չորրորդ հանրապետության առաջին նախագահը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply