ԻՆՉՈ՞Ւ ԱԱԾ/КГБ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

0

 

Զարուհի Փոստանջյանի խիստ բնորոշումները ՀՀ ԱԱԾ հասցեին եւ այդ կառույցի հիստերիկ հակադարձը կրկին հանրության ուշադրությունը բեւեռել են ԽՍՀՄ այդ վերջին եւ ամենից կենսունակ մնացորդի գործունեությանը: Անիմաստ է կրկին անդրադառնալ ВЧК/НКВД/ГПУ/МГБ/КГБ/ФСБ բազմաթիվ դիմակներով հանդես եկող այս հիմնարկի, ինչպես եւ ԱԱԾ անվան տակ թաքնված դրա հայկական բաժանմունքի բազմամյա ու բազմաթիվ ոճրագործություններին՝ միլիոնավոր անմեղ զոհերի աճյունները երբեք հանգիստ չեն ունենա, ինչպես եւ այս տարածքում ապրող սերունդները, քանի դեռ դահիճները դատապարտված եւ անիծված չեն հավիտյանս հավիտենից:

Հոդվածիս խնդիրն այլ է: Եկեք հարցնենք ու պարզենք վերջ ի վերջո՝ արդյո՞ք Հայաստանին պետք է այսօր ողջ ու նոր ոճիրներին միշտ պատրաստ սովետական այդ հրեշը: Հարցն այս այքան էլ միամիտ ու անհեթեթ չէ: Եթե ԽՍՀՄ նման բազմազգ, բազմակրոն ու հսկա երկրում կայսերական անցյալից պահպանված գաղտնի ոստիկանությունը կատարում էր պետական ահաբեկչության, դասակարգային զտման եւ գաղափարական ճնշման գործառույթը, ապա ինչո՞վ է այն զբաղված այսօրվա միատարր, միակրոն, տարածքով ու բնակչությամբ փոքր ՀՀ-ում: Զարուհի Փոստանջյանին ուղղված նամակում ԱԱԾ ինքնագովազդը բացարձակապես համոզիչ չէ:

Հասարակական կարգ ու կանոնը պահպանելու համար գոյություն ունեն ոստիկանությունը, դատախազությունն ու քննչական համակարգը: Արտաքին թշնամուց, ինչպես նաեւ դրա հատուկ դիվերսիոն գործունեությունից ազգն ու երկիրը պաշտպանելու համար կա Պաշտպանություն նախարարությունը, իր կազմում գործող ռազմական հետախուզության եւ հակահետախուզության ծառայություններով հանդերձ:  Իսկ ԱԱԾ մեր` հարկատուների, հաշվին պահելու օգուտը ո՞րն է:

Լավ, լռեմք մի պահ Չարենցի, Բակունցի, Զաբել Եսայանի սպանությունների մասին: Կասեն՝ ի՞նչ արած, 37 թիվն էր: Յոթ հազար հայ մտավորականների ոչնչացման մասին կասեն՝ այդպիսին էր երկիրը, ստալինյան ժամանակներ էին: Չխոսենք Սեւակի, Մինասի, Փառաջանովի  դեմ ձեր դավադրությունների մասին: Չհիշենք Հայրիկյանի, Զատիկյանի, Ավետյանի, Աթայանի, Պապայանի բանտարկությունները՝ էլի կասեք, թե սովետական շրջան էր: Խոսենք վերջին քառորդ դարի մասին:

 

Կանխե՞ց, արդյոք ԱԱԾ Ադրբեջանից երեք դիվերսանտների ներթափանցումն Արցախ, այնտեղ նրանց լրտեսական գործունեությունն ու սպանությունները: Ո՛չ, դա արեցին շարքային քաղաքացիները: Ամոթ չլինի հարցնել՝ իսկ Ռամիլ Սաֆարովին վերացնելու ձեր թատերական երդումները նո՞ւյնպես մոռանանք:

 

Վերահսկո՞ւմ է, արդյոք ՀՀ ԱԱԾ Գյումրիում տեղակայված օտարերկրյա զինված հինգհազարանոց զորքը՝ ազգային անվտանգության տեսակետից: Հարցրե՛ք Պերմյակովին, քանի որ Ավետիսյանների ընտանիքից հարցնելու էլ մարդ չմնաց…

Կանխե՞ց, արդյոք ԱԱԾ Սյունիքի մարզում ստեղծված եւ առ այսօր պահպանվող ահաբեկչության, սպանությունների ու բռնաբարությունների անպատժելիության մթնոլորտը, որն ստեղծել է այնտեղ մարզպետը: Իսկ Էջմիածինն ու շրջակա գյուղերը երկու գեներալների ստրկատիրական կալվածքի վերածման մասին արդյո՞ք տեղյակ չէ ԱԱԾ:

Իսկ մարտի 1-ի ջարդի գիշերը՝ ո՞ւմ կողմն էր ԱԱԾ՝ ազգի՞, թե՞ մեզ վրա կրակող դիմակավոր «անհայտ անձանց»: Թե՞ դրանք հենց ԱԱԾ աշխատակիցներն էին, կամ գուցե Մոսկվայից ժամանած «ավագ ընկերնե՞րը»:

Իսկ հոկտեմբերի 27-ին ԱԱԾ որտե՞ղ էր, որ չկանխեց պետության գործադիր եւ օրենսդրական իշխանությունների ղեկավարների սպանությունը խորհրդարանում: Իսկ գոնե սեփական կառույցի նախկին ղեկավարի՝ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը, կամ երկրի երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանի՞:

Իսկ Արցախյան պատերազմի տարիներին ձեզնից որեւե մեկը, ԳՈՆԵ ՄԵԿԸ գնա՞ց ճակատ որպես կամավոր: Թե՞ դուք միայն Մոսկվային էիք հայտնում Մոնթե Մելքոնյանի տեղաշարժերի մասին, ինչպես վերջերս գլուխ էր գովում ձեզնից մեկը: Տեսնես, նրա վերջին տեղաշարժի մասին նույնպե՞ս հայտնել եք…

Իսկ Լեոնիդ Ազգալդյանի եւ Ալեքսանդր Թամանյանի գիտական խմբերը, որոնք նկուղներում բալիստիկ հրթիռներ ու լազերային զենք էին պատրաստում հայոց ապագա բանակի համար եւ արդեն ատոմային ռումբ ստեղծելու մասին էին մտածում՝ ո՞վ մատնեց նրանց եւ կասեցրեց այդ ողջ աշխատանքը:

Իսկ որտե՞ղ էր ՀՀ ԱԱԾ, երբ թալանվում եւ օտարին էին հանձնվում հայկական ողջ արդյունաբերությունը, էներգետիկան, երկաթուղին, կապը, գազամուղը, հանքերը: Թե՞ դա չի վերաբերվում ազգային անվտանգությանը: Թե՞ այդ թալանի եւ օտարացման գործընթացի ապահովումն էլ հանդիսանում էր ԱԱԾ հիմնական գործառույթն ու առաքելությունը վերջին քառորդ դարում…

ՀՀ ԱԱԾ ոչ միայն նախկին սովետական КГБ-ի ժառանգորդն ու հետնորդն է: Այն այսօր իրականացնում է Հայաստանում օտար պետության եւ դրա հատուկ ծառայությունների գործառույթը, խոչընդոտելով մեր երկրի անկախ եւ ազատ զարգացումը, մարդկանց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրականացումը, ազգային տնտեսության, գիտության եւ մշակույթի գոյությունը: Եթե սովետական շրջանում դա «արդարացվում» էր կոմունիստական գաղափարախոսության պահպանման անհրաժեշտությամբ, ապա այժմ, երբ Ռուսաստանն անցել է ամենավայրենի կապիտալիստական ու գաղութային քաղաքականությանն ու գաղափարախոսությանը, երբ Մոսկվան կրկին սերտ հարաբերություններ է հաստատում մեր պատմական թշնամի Թուրքիայի հետ եւ զինում է մեր մշտական հակառակորդ Ադրբեջանին՝ ՀՀ ԱԱԾ դարձել է մեր Հայրենիքի գաղութացման, ստրկացման եւ ոչնչացման գործիք:

ՀՀ ԱԱԾ/КГБ գործունեությունն ու գոյությունը ոչ միայն պետք չէ Հայաստանին, այլ հակացուցված եւ կործանարար է հայոց պետականության, անկախության եւ ազգային անվտանգության համար: Եթե այս շենքի տեղում երբեւիցե արձան կառուցվի, դա կլինի Տրոյական ձիու արձանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply