ԻՆՉՈւ՞ ԱՆԳԱՄ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ ԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

0
 Այս լուսանկարը մեկնաբանություն է պահանջում: Սալիքներով սարքած անհարթ այս նրբանցքը` միակ ավտոճանապարհն է Բաղրամյան պողոտայի և Անտառային փողոցի միջև, նրա հարյուր տներով, հազարից ավել բնակիչներով, որոնցից մի քանի տասնյակը` նորածին մանուկներ են ու նույնքանն էլ` հաշմանդամ:
Ամենափոքրերն ու ամենատարեցները, ինչպես և անգամ ամենաթանկ ու ամենագնաց ավտոմեքենաները չեն կարող տեղաշարժվել աստիճաններով: Նրանց բոլորին անհրաժեշտ է ճանապարհ` ինչպես «Ջիփ» ու «Ռենջ ռովեռներին», այնպես էլ մանկական և հաշմանդամային անվասայլակներին: Այն, որ Երևանը երեխաների ու հաշմանամների համար նախատեսված ու հարմարեցված չէ` հայտնի է: Բայց այս դեպքն ու վայրը յուրահատուկ է, քանի որ լուսանկարի ձախ կողմից երևացող պատը բաժանում է մեզ ՀՀ նախագահի պալատից: Մի քանի տարի առաջ այս պատի տակով ացնող միակ արահետը, որն առանց աստիճանների կապում է մի ողջ թաղամաս քաղաքի հետ, ասֆալտապատեցին և… նեղացրեցին ավելի քան երկու անգամ: Ինչպես կարող եք համոզվել, մանկական անվասայլակի միայն մեկ անիվն է կարող այժմ տեղավորվել այդ «ճանապարհի» վրա: Հաշմանդամների մասին չեմ էլ խոսում` պատի վրա բռնակներ երբեք նախատեսված չեն եղել: Արդյունքում մայրերը կամ ստիպված են վախից ճչացով մանուկներին թռթռացնելով քշել ծուռումուռ սալիքներով, սլացող մեքենաների արանքում, կամ էլ ծանր ատլետիկայի վարժության համարժեք 30-մետրանոց դիք մագլցել երեխային սայլակով գրկած: Հատկապես առողջավետ է անցնում նման մարմնամարզությունը ձմռան ամիսներին, երբ կանայք երեխաներով սայթակում են սառույցի վրա:
Կան և այլ ելքեր, իհարկե` օրինակ, օրեկան երեք-չորս անգամ տաքսի կանչել, մի փողոց երեխայի հետ իջնելու համար: Ասենք, խանութ գնալու, կոմունալ վճարումներ կատարելու, կամ  այգում զբոսնելու, կամ էլ պոլիկլինիկա այցելելու համար: Էլ չեմ ասում` հանրաքվեի ու ընտրությունների մասնակցելու…
Մյուս տարբերակ էլ կա ` տանը նստել ու սպասել մի երկու տարի, մինչև որ երեխան սովարի վարժ քայլել աստիճաններով իջնելու համար:
Սա ՀՀ նախագահական պալատի անմիջական հարևանությամբ է կատարվում: Այս պատն ու այս «մեկ ոտք դնելու ճանապարհը»` ՀՀ իշխանության և ժողովրդի իրական հարաբերութունների իսկական խորհրդանիշ է: Արհամարհանք ու կեղծավորությոն` մի կողմից, համր ատելություն ու լուռ զայրույթ` մյուս կողմից: Մնում է սպասել, որ այսօրվա մանուկները սովորեն ոչ միայն քայլել ու խոսալ, այլ նաև պահանջատեր լինել` անիծյալ պատի հաշվին այդ մի ոտքի ու մի անիվի ճանապարհը լայնացնելու համար… Եւ ոչ միայն այս փողոցում:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply