ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

0

Սկզբից երկու փաստ անցյալ շաբաթվա լրահոսից, ընդ որում երկուսն էլ Ռուսաստանից, երկուսն էլ նույն օրը՝ Բարեկենդանի առիթով: Առաջինը՝ Դաղսստանում ռուսական ուղղափառ եկեղեցում մահմեդակամ ահաբեկիչը գնդակահարեց հինգ կանանց, որոնցից երկուսը հայուհիներ էին: Երկրորդը՝ Կալուգայի շրջանում այրեցին հատուկ դրա համար կառուցված կաթոլիկ տաճարի 30-մետրանոց կաղապարը:

Միանգամից հերքեմ մասնավոր ու տհաճ բացառությւոններն ընդhանրացնելու հնարավոր մեղադրանքները: Քավ լիցի, ես փորձում են անել ճիշտ հակառակը՝ ընդհանուր միտումները մանրամասնել եւ բնորոշել մեր ազգային եւ անհատական տեսակետից:

Սկսեմ երկրորդ դեպքից: Բարեկենդանի տոնին ողջ աշխարհում այրում են հինը, մերժվածը, վառում են չարիքի խորհրդանիշը՝ դա հին հեթանոսական ծես է, որը պահպանվել է տարբեր կերպարանքներով, որոնց հավաքական իմաստն է գարնան շեմին հրաժեշտ տալ ձմռանը եւ ուրախությամբ դիմավորել արդնացող բնության լուսաբացը: Չար վհուկի խրթվիլակն այրելու տեսարանից սկսվում է գարնանային տոնակատարությունը Ֆիլլինիի հանճարեղ ՛՛Ամարկորդում՛՛:  Մեծ հաշվով՝ դա է նաեւ մեր Տըրընդեզի խորհուրդը:

Սակայն ինչու՞ Ռուսաստանում որոշեցին այրել իբրեւ չարիքի խորհրդանիշ հատկապես կաթոլիկ տաճարի նմանակը: Ասենք, այրել մզկիթի մանրապատկերը այնտեղ չհամարձակվեցին՝ եւ փառք բոլոր աստվածներին, սկսաց Ալլահից: Քանզի հասկանալի է, թե ինչ էր հետեւելու նման սրբապղծությանը: Առանց այն էլ նույն օրը Դաղստանում սպանեցին հինգ հավատացյալ քրիստոնյա կին: Բայց ի՞նչ վատություն է արել ռսներին կաթոլիկությունը, որն ի միջի այլոց, քրիստոնեական քույր եկեղեցիներից ավագն է եւ ամենատարածվածն ու ազդեցիկը ժամանակակից աշխարհում: Վերջին անգամ Եւրոպայում սրբավայրեր այրում էին 1930-ական թվականներին նացիստական Գերմանիայում՝ հրեական սինագոգները: Թերեւս նույն Հիտլերը զավթված Ռուսաստանում ուղղափառ եկեղեցիներ չեր այրում, թեեւ, մեղմ ասած, կաթոլիկ չեր: Նապոլեոնը նույնպես ձեռնպահ էր մնում նման բարբարոսություններից եւ 1812 թվականի Մոսկվայի մեծ հրդեհը բացարձակապաս ռսների սեփական նախաձեռնությունն էր: Ուրեմն ինչու՞…

Բանն այն է, որ ռսական զանգվածային գիտակցության մեջ դարեր շարունակ, իսկ վերջին տարիներին նոր թափով, պետական ու պաշտոնական մակարդակով ներդրվում ու դաստիարակվում էր այլատյացության գաղափարախոսությունը, որը մասամբ հետեում է նաեւ հազարամյա բյուզանդական հոգեւոր ավանդույթին: Ու քանի որ ռսական պետականությունը բնազդորեն ու խորապես գիտակցում է իր անքակտելի կապը թյուրքական, թաթար-մոնղոլական, արեւելյան տարրի հետ, ապա այդ այլատյացությունը կրում է ընդգծված հակաարեւմտյան բնույթ: Իսկ կաթոլիկությունն Արեւմուտքի ամենավառ ու ակնհայտ հոգեւոր խորհրդանիշն է: Գումարվելով բյուզանդական գաղափարական ատելությանը Հռոմի նկատմամբ եւ ներկայիս ռսական նախանձին ու զայրույթին ամերիկա-եւրոպական քաղաքական համակարգի հանդեպ, այս ամենը մարմնավորվեց Կալուգայում փայտե կաթոլիկ տաճարի կառուցմանն ու ծիսական հրկիզմանը անցայլ կիրակի, քրիստոնեական երախտագիտության եւ ներողամտության տոնական օրը:

Նման այլատյացությունն ու ատելությունն Արեւմուտքի նկատմամբ տարօրինակ է թվում մի երկրում, որի առաջին իշխանները հատուկ հրավիրված վիկինգներն էին, իսկ հետագայում երեք դար շարունակ բոլոր արքաները՝ զտարյուն գերմանացիներ: Մի երկրում, որտեղ հենց այսօր ըստ հանրային հարցումների լավագույն առաջնորդ են համարում վրացի Ջուղաշվիլիին, ով ոչնչացրեց միլիոնավոր ռուսների, գլխատելով ազգի ազնվականությունը, հոգեւոր ու մտավորական դասերը: Ինչպե՞ս է այս ամենը համատեղվում:

Ռուսական գաղափարախոսությունը սկզբունքորեն կայսերապաշտ է ու հետեւաբար ունի կլանող բնույթ: Անհարմար եւ անիմաստ զբաղմունք է թվարկել օտարերկրյա, օտարածին, այլազգի քաղաքական գործիչներին, զինվորկաններին, գիտնականներին, գրողներին, երաժիշտներին, նկարիչներին, մարզիկներին, ովքեր կազմել են Ռուսաստանի փառքը եւ համարվում են ռուս: Նրանց տոկոսային ու քանակական հարաբերակցությունն այնքան մեծ է էթնիկ ռուսների համեմատ, որ թվերը կարող են անհավանական թվալ: Այս ամենը գրեթե սովորական երեւույթ է ցանկացած խոշոր կայսրության համար՝ Բյուզանդականից մինչեւ Օսմանյան եւ անգամ Բրիտանական: Սակայն այստեղ գործում է մի երկաթե օրենք՝ հենց որ կայսրությունները հրաժարվում են գոյության հանդուրժողական ու բաց տեսլականից եւ անցնում են ազգայնական գաղափարախոսությանը՝ նրանք կործանվում են: Բյուզանդիայի հզորության եւ ծաղկման շրջանը՝ նրա քսանից ավել հայ կայսրերի եւ զորավարների երկու դարերն էին: Ամփոփվելով ու փակվելով դոգմատիկ ինքնահավանության մեջ, խարխլելով Հայաստանը, մերժելով Արեւմուտքի օգնությունը, Բյուզանդիան մնաց միայնակ եւ դարձավ թյուրք քոչվորների հեշտ մարտավար: Օսմանյան կայսրությունը բարձրացավ շնորհիվ հույն, հայ ու հրեա փոքրամասնությունների տնտեսական ու մշակութային ներդրումների, սակայն կործանվեց արնախում այլատյացության եւ թուրքական ազգայնամոլության աճի պատճառով: Անգամ Բրիտանիան չդիմացավ ՛՛սպիտակ մարդու բեռի՛՛ կիպլինգյան գոռոզ գայթակղությանը եւ կորցրեց իր ուժն ու փառքը, նվաստանալով ու նվազելով չինական ու հնդկական հզոր քաղաքակրթությունները ստրկացնելու գռեհիկ փորձերում:

Ռուսաստանն այս նույն կայսերական ցնորքի ամենավառ օրինակն է:  Ձգտելով ամեն գնով հասնել իր վիթխարի տիրույթներում բացարձակ ՛՛ուղղահայաց՛՛ վերահսկողությանը, Մոսկվան, ապա Սանկտ-Պետերբուրգն իսկ հետո կրկին Մոսկվան մշտապես փորձում էին ՛՛ոուսականացնել՛՛ ամեն ինչն ու ոչնչացնել ֆիզիկական ու մտավոր տարածքում ցանկացած այլազգի, այլախոհ, այլընտրանքային երեւույթ: ՛՛Ռուսիֆիկացումը՛՛ դարձավ Ռուսական կայսրությունում, ապա ուշ շրջնի ԽՍՀՄ-ում, իսկ հիմա արդեն ՌԴ-ում հիմնական ՛՛ազգային գաղափարախոսություն՛՛, ինչպես թրքացումը ժամանակին եղավ Օսմանյան կայսրության տխրահռչակ ու ողբերգական տապալման պատճառն ու արդյունքը: Հայաստանի պատմության երկդարյա ՛՛ռուսական՛՛ շրջանը կարող է այս մոլուցքի դասական օրինակ ծառայել:

Զավթելով Արեւելյան Հայաստանը Պարսկաստանից 1828 թվականին եւ հռչակելով Հայկական շրջան, ցարական Ռուսասատնն արդեն 12 տարի անց, 1840 թվին ոչ միայն վերացրեց ՛՛հայկական՛՛ բառը քարտեզից, այլ նաեւ սկսեց անվերջ հալածանքներ ու հետապնդումենր հայոց լեզվի, դպրոցների ու եկեղեցու դեմ,  հասնելով 1912 թ. խայտառակ դատավարություններին, որոնց ընթացքում ձերբակալվել ու բանտարկվել էին ՛՛ազգայնականության՛՛ մեղադրանքով շուրջ 200 հայ մտավորականներ, այդ թվում Հովհաննես Թումանյանը…

Այդ անբացատրելի թվացող երեւույթը ուղված էր ոչ միայն հայերի դեմ, այլ նաեւ  հրեաների, ուկրաինացիների, այլ փոքրամասնությունների, եւ ուներ հստակ քաղաքական ու գաղափարական նպատակ՝ վերացնել Ռուսաստանում ցանկացած այլ ազգային տարր եւ փոխարինել այն մշակութային ռուսականությամբ եւ կրոնական ուղղափառությամբ: Միակ բացառությունն արվում էր թաթարական իսլամի համար, քանի որ այն չեր դիտվում իբրեւ մշակութային ապառնալիք ու այլընտրանք: Հայերը, ինչպես եւ այլ փոքրամասնությունները կարող էին հասնել պետական դիրքերի միայն մեկ պայմանով՝ նրանք պետք է հրաժարվեին ազգային ինքնությունից, լեզվից, կրոնից, մշակույթից: Այլ կերպ ասած՝ նրանք պետք է դառնային ռուս: Այսպիսի նորաթուխ ՛՛ռուսներն՛՛ շատանում էին եւ հանդիսանում կայսրության կորիզն ու վերնախավը, շատ ավելի գերադասելի եւ արտոնյալ, քան որոշ զտարյուն բայց այլախոհ ռուսները, ինչպես, օրինակ, մեզ քաջ հայտնի մոլոկանները, ում հալածել ու աքսորել էին Ռուսաստանից  որպես կրոնական փոքրամասնություն: Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար եւ փաստացի վարչապետ Լորիս-Մելիկովը կամ Սովետական Միության ֆորմալ նախագահ Միկոյանը հենց նման ռսացած հայերի նմուշներ են: Մնալ հայ, խոսել հայերեն, զարգացնել ազգային մշակույթը անգամ իմ մանկության տարիների Խորհրդային Միությունում դառնում էր գավառական, անհեռանկար, անհույս եւ համարյա ամոթալի մի երեւույթ: Այս խայտառակ ՛՛անարյուն Եղեռնը՛՛ ավարտվեց միայն Սովետի կործանումով: Ավարտվեց Հայաստանում, կամ գոնե կտրուկ դանդաղեց եւ այժմ դժվարությամբ բայց անշրջելիորեն վերանում է: Սակայն Ռուսաստանում այդ նույն մղձավանջը շարունակվում է, ընդունելով այժմ ոչ թե դեպի երկրի ներսն ուղված հալածանքի ձեւեր, այլ արդեն ողջ աշխարհի դեմ անթաքույց արտահայտվող այլատյացություն:

Եթե հայացք դարձնենք Ռուսաստանի ատելության հիմնական թիրախներից մեկին, Եւրոպային, մենք կտեսնեք, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո այդ մայրցամաքը մշակեց ազգային համակեցության, համերաշխության, համագործակցության ու հանդուրժողականության եզակի ու երանելի փորձ: Եվրոպական Միությունը երբեմն համեմատում են Սովետական Միությանը: Չկա ավելի մեծ սուտ եւ ապուշություն: Մի կողմ թողնենք տնտեսական, գիտական, կենցաղային, սոցիալական մակարդակների անհամեմատելի տարբերությունները: Վերցնենք մեզ այս հոդվածի շրջանակներում հետաքրքրող միայն ազգային, մշակութային, գաղափարական ոլորտը: Եվրոմիության, Եվրոխորհրդի, Եվրոպական դատարանի բոլոր որոշումները, գործողությունները, օրենքները ընդունվում են շատ դանդաղ եւ դժվար՝ այն պատճառով, որ երկու տասնյակից ավել մասնակից երկրները իրավահավասար են եւ ոչ միայն կարող են արգելակել ցանկացած որոշումը, այլ նաեւ երաշխավորված իրավունք ունեն բոլոր այդ փաստաթղթերը թարգմանել, կարդալ եւ ներկայացնել սեփական ազգային լեզուներով: Ավելին, ազգամիջյան շփման լեզուն մնում է անգլերենը, թեեւ Բրիտանիան այլեւս ԵՄ անդամ էլ չէ: Պարզ է, որ թանկարժեք, դանդաղաշարժ ու հաճախ շատերին վրդովեցնող այս բյուրոկրատական մեքենան պահպանվում է որպես սրբություն միայն մեկ պատճառով՝ ազգերի ու պետությունների հավասարությունը եւ մշակութային առանձնահատկությունները հանդիսասնում են եվրոպական քաղաքակրթության սրբազան հիմքը: Եւրոպան պաշտում ու պաշտպանում է անհատականը, տարբերվողը, ազգայինը, յուրահատուկը:  Դա հենց այն է, ինչից Հայաստանը զրկված էր իր հազարամյա պատմության ընթացքում եւ ինչին պետք է ամեն գնով ձգտի այժմ: Հայոց մշակույթը, հայոց լեզուն, մեր ազգային բնույթը՝ դա այն է, հանուն ինչի հազար տարիներ շարունակ պայքարում ու նահատակվում էին մեր նախնիները: Հենց այսօրվա Եվրոպան է երաշխավորում Հայաստանի համար այդ բաղձալի նպատակը: Միայն Եվրոպայի ընտանիքում հայոց պետությունը կարող է մնալ հայկական եւ միաժամանակ դառնալ ժամանակակից, համաշխարհային ու հզոր: Ի հակառակ դրան, Ռուսաստանը ոչնչացնում է ցանկացած ՛՛շեղումը՛՛ իր միակ թելադրվող ռուսականությունից: Զավեշտալի կերպով սովետական ինտերնացիոնալիզմը վերածվեց Ռուսաստանում հերթական նացիզմի:

Նադեժդա Մելկումովան եւ Իրինա Թերլիյանը, բնականաբար, չեն փորձել լուծել նման ազգային հարցերը: Նրանք ընդամենը ուզում էին գոյատեւել Ռուսական կայսրության կողմից զավթած եւ այսօր Ռուսական Դաշնության մաս հանդիսացող Դաղստանում: Նրանք անգամ փորձում էին ռուս դառնալ, հաճախելով ռուս ուղղափառ եկեղեցի եւ կրելով ռուսական անուններ: Ավաղ, դա էլ չօգնեց: Բարեկենդանի կիրակի օրը եկեղեցու դռների մոտ նրանց սպանեց իսլամական մոլեռանդը: Սպանեց որպես ռուսների:

Ռուսական հեռուստատեսությամբ արդեն պետական մակարդակով սփռվող այլատյացության եւ ռազմատենչ ռսականացման քարոզիչների առաջին շարքում են հանդես գալիս հայկական ազգանունները դեռեւս պահպանած մարդիկ՝ Կուրղինյանն ու Միհրանյանը, Սիմոնյանն ու Շահնազարովը, Միրզայանն ու Գաբրելյանովը: Ռուս դեմոկրատները եւ թուրք ազգայնականները տարբեր պատճառներով ու նպատակներով բայց միաժամանակ մատնանշում են այդ հայերին եւ մեղադրում ողջ հայ ազգը Ռուսաստանը ֆաշիստական երկիր դարձնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես ռուս ազգայնականները մեղադրում էին հրեաներին ռուսական հեղափոխության համար, իսկ որոշ հայերը՝ Հայոց Եղեռնի համար: Իրականում, վերը նշված հայանուն գործիչները հայ են նույն չափով, որքան էլ հայեր էին Աթարբեկյանը, Կասյանը, Կարախանը, Միկոյանը, որքանով հրեա էին Քեմալը, Էնվերը կամ Թալաաթը: Դրանց բոլորի ազգությունը կայսրությունն է: Այսօր Կուրղինյանն ու Միհրանյանն ավելի ռուս են, քան սովորական ռուսները: Սիմոնյանի ու Շահնազարովի համար Հայաստանը գավառ է ու աքսոր, դժոխք է ու թշնամի: Միրզայանի, Գասպարյանի, Շաքարյանցի համար հարազատ է Ռուսաստանը եւ ոչ իբրեւ երկիր, այլ հենց միայն որպես կայսրություն՝ դաժան, հրեշավոր ու վախենալու: Ստրուկներն ատում են ազատությունը եւ սեփական հայրենիքը: Ստրուկները սիրում են միայն իշխանությունը եւ ցանկանում են դառնալ ստրկատեր: Ահա ինչու են Կալուգայում կառուցել եւ այրել Եւրոպա խորհրդանշող կաթոլիկ տաճարը: Ահա ինչու Հայաստանը երբեք չի ստանա ինքիշխնություն, անկախություն եւ ազատություն, մինչեւ որ չկտրի ռուսական շղթաները: Այլ ճանապարհ Հայաստանի, որպես պետության համար, չկա: Հայերի համար այլ ճանապարհ կա եւ շատերը ընտրում են այդ ճանապարը՝ դառնում են կամ փորձում են դառնալ ռուս: Դաղստանում սպանված երկու հայուհիներին դա էլ չօգնեց:

 

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply