ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՛՛ԷՐԴՈՂԱՆԱՑՈՒՄԸ՛՛

0

Թուրքիայի ներքին զարգացումները լարված հետաքրքրություն են առաջացնում Հայաստանում, թեեւ դրանք առնչվում են հիմնականում մեր երկրի արտաքին քաղաքականությանը, մինչդեռ Ռուսաստանի զարգացումները, որոնք ավելի քիչ են հուզում հայ հանրությանը, ուղիղ ազդում են հենց մեր ներքին իրավիճակին: Դրանում արտահայտվում է մեր ազգի ամենատարածված ու վտանգավոր սնահավատությունը՝ ռսների մշտական բարեկամ եւ թրքերի մշտական թշնամի լինելու մասին: Թերեւս, իրականության մեջ նրանք երկուսն էլ մեր բնական թշնամիներն են եւ միմյանց համար բնական դաշնակից, բոլոր հակասություններով հանդերձ: Բոլորովին պատահական չէ, որ մեր պատմական ախոյան Բյուզանդիայի այս երկու վիթխարի մնացորդ ժառանգորթներն այդպիսի նման քաղաքական զարգացում են ապրում այս պահին: Երկու երկրներում էլ իշխանության գլուխ անցան ընդգծված բռնապետները, երկու պետություններն էլ ընտրել են անցյալի կարոտախտով տոգորված կայսերապաշտ գաղափարական ու քաղաքական ձեւաչափը, երկուսն էլ հակադրվում են իրենց բոլոր հարեւաններին ու ողջ աշխարհին, երկուսն էլ մտել են ներքին պառակտման եւ քայքայման վտանգներով հղի պատմական շրջան: Ի՞նչ է նշանակում Թուրքիայում վերջերս անցած հանրաքվեն Հայաստանի համար:

Նախագահ Էրդողանն իրականացրեց իր վաղեմի երազանքն ու նպատակը, ստանձնելով գրեթե անվերահսկելի իշխանություն: Նա ոչ միայն ստացավ եւս երկու անգամ, փաստորեն մինչեւ 2029 թ. երկիրը միանձնյա գլխավորելու ֆորմալ հնարավորությունը, այլ նաեւ վերացրեց երկրում վարչապետի պաշտոնը, խորհրդարանի վերահսկող դերը եւ դատարանների անկախությունը նախագահից: Այսինքն, Էրդողանը ոչնչացրեց ժողովրդավարական պետության գլխավոր քաղաքական նախապայմանները՝ իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական թեւերի բաժանումը: Հենց դրանց առկայությունն էր ապահովում վերջին երեք տասնամյակներում Թուրքիայի հարաբերական քաղաքական եւ անվիճելի տնտեսական զարգացումն ու վերելքը, ընտրությունների հարաբերական ազատությունը եւ դատարանների համեմատաբար անկախ դիրքը, ինչն էլ դարձրեց հետամնաց բռնապետությունը տարածարջանի առաջնորդ: Ապրիլյան հանրաքվեից հետո Թուրքիան վերածվեց Ադրբեջանի եւ ինչու չէ, նաեւ այսօրվա Հայաստանի նման մենապետությանը, ինչը ստիպեց աշխարհին հիշել Օսմանյան կայսրության օրերը: Թերեւս, Էրդողանը չի էլ թաքցնում իր ՛՛երիտօսմանյան՛՛ նկրտումներն ու նպատակները, ինչն իրեն առավել մոտ ու նման է դարձնում մեկ այլ կայսերապաշտ հարեւանի՝ պուծինյան Ռուսաստանին: Էական տարբերությունը Ռուսաստանի հետ այն է, որ Էրդողանին չհաջողվեց հասցնել իր երկրի հասարակության ճնշող մեծամասնությունը հնազանդության ու վերահսկողության ռսական աստիճանի: Ի տարբերություն պուծինյան չարաբաստիկ 86 տոկոսի, Էրդողանն իր բոլոր մեքենայություններով ու կեղծիքներով հանդերձ արձանագրեց չափազանց ցածր ու վտանգավոր 51/49 տոկոսանոց առավելություն, այսինքն անգամ պաշտոնական ուռճեցված թվերով երկրի համարյա կեսը դեմ արտահայտվեց նման ՛՛էրդողանացմանը՛՛: Մեկ այլ եւ առավել մտահոգիչ տարբերությունն այն է, որ եթե Պուծինը նախապես կարողացել էր կաշառել ու գոնե ժամանակավոր ընտելացնել Ռուսաստանի ամենավտանգավոր ներքին թշնամուն՝ չեչենական անկախականներին, ապա Էրդողանն արեց հակառակը, անշրջելիորեն թշնամանալով Թուրքիայի ամենամեծ ու անհաշտ ազգային փոքրամասնության՝ քրդերի հետ:

Արդյունքում, ձգտելով ամրացնել ու համախբմել Թուրքիան առաջացող քաղաքական ու տնտեսական մարտահրավերների շեմին, Էրդողանը կորցրեց հենց այն առավելություններն ու առանձնահատկությունները, որոնք շուրջ հարյուր տարի առաջ ստիպեցին Արեւմուտքին հաշտվել Աթաթյուրքի ապտսամբության հետ եւ ընդունել վերջինիս հայտը արդիականցված Թուրքիայով տեղ զբաղեցնելու աշխարհի նոր քարտեզում, ի հեճուկս գերտերությունների նախագծերին Առաջին աշխարհամարտից հետո:

Հիշենք, որ Աթաթյուրքն առաջարկել էր ընդգծված արեւմտամետ, անկախ, կանխատեսելի ու բարեփոխվող Թուրքիա, որը սեփական ուժերով վերահսկում էր ռազմավարական տարածք եւ ապահովում էր Եւրոպայի ու Մերձավոր Արեւելքի միջեւ ազատ ու անարգել շրջանառություն: Չմոռանանք, որ Սեւրի պայմանագրով այդ դերը սկզբից տրված էր Հայաստանին, որը չդիմացավ դրսի ճնշմանը եւ թույլ տվեց կազմաքանդել թրքերին հաղթած իր բանակը հանուն բոլշեւիկյան կեղծ ցնորքի: Մինչ հայ չեկիստներն ու բոլշեւիկները ներսից քայքայում էին հայոց անկախությունը ՛՛պրոլետարական ինտերնացիոնալիզմի՛՛ ստերով, Աթաթյուրքը ավերակներից վերստեղծեց պարտված Թուրքիան ազգային անկախության գաղափարի շուրջը: Արդյունքը հայտնի է՝ հայերը կորցրեցին Հայրենիքի երեք քառորդը, որը ռսները նվիրեցին թրքերին: ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան ապշած հետեւոմ էին, թե ինչպես է Հայաստանը հրաժարվում ազատությունից, քանդելով սեփական հզոր բանակը եւ արդեն ճանաչված պետականությունը: Սակայն բարեգործությունը քաղաքական կատեգորիա չէ եւ ամիսներ անց Արեւմուտքը ընդունեց արդեն Աթաթյուրքի առաջարկը, որից հրաժարվել դժվար էր:

Այդ առաջարկից այժմ հրաժարվում է Էրդողանը: Թուրքիան փրկվել էր Օսմանյան կայսրության փլուզումից հետո իբրեւ արեւմտյան հակակշիռ  Ռուսասատնի աշխարհակալ նկրտումների դեմ: Այդպիսին էր դարերով նաեւ Օսմանյան կայսրության դերն ու առավելությունը՝ բավական է հիշել Ռուսասատնի համար կործանարար Ղրիմի պատերազմը 1855-56 թթ., երբ թրքերին ռսներից պաշտպանելու համար Սեւաստոպոլ հասան անգլիական ու ֆրանսիական նավերը: Սակայն կայսերական ցնորքները, պերճանքն ու արտաքին փայլը մթեգնում են ինքնահավան դուրսպրծուկների բանականությունը: Էրդողանը որոշեց, որ այլեւս կարիք չունի լինելու արեւմտյան ճամբարի արտոնված զինակից եւ որոշեց սկսել սեփական խաղը: Նրանից տասը տարի առաջ նույնը որոշեց նաեւ Պուծինը: Էրդողանը կարող է Ռուսասատնի օրինակով տեսնել Թուրքիայի ապագան՝ մեկուսացված, ներքին ու արտաքին ճնշումներից ու մարտահրավերներից տապալվող ու թուլացող հսկա կավե ոտքերի վրա: Մեծ հաշվով, չեն փոխվել նաեւ երիտկայսրությունների հիմնական ներքին թշնամիները՝ Ռուսաստանի փլուզումը անխուսափելիորեն սկսվելու է Հյուսիասյին Կովկասից չեչենների ու դաղստանցիների ջանքերով, իսկ Թուրքիան տրոհվելու է քրդերի հարվածների տակ: Ուշադրություն դարձրեք Թուրքիայի պաշտպանության առանցքը հանդիսացող Ինջիրլիք ավիաբազայից ՆԱՏՈ-ի զորքերի դուրսբերման պատրաստությունների վրա:

Այսպիսով, կարելի է վստահության բավական մեծ աստիճանով կանխատեսել Հայաստանի երկու հսկա հարեւանների մոտալուտ տապալումը: Դա անխուսափելիորեն վերադարձնում է աշխարհաքաղաքական իրավիճակը Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման անհրաժեշտությանը: Գործընթացն այդ արդեն սկսվել է Մերձավոր Արեւելքում, որտեղ հարյուր տարի առաջ ստեղծված Իրաքն ու Սիրիան գտնվում են սահմանների փոփոխության ընթացքում: Հնարավոր է նաեւ Սաուդյան Արաբիայի եւ որոշ մանր արաբական արքայությունների փլուզումը: Համեմատաբար ամուր են մեր ռազմավարական դաշնակցի՝ Իրանի դիրքերը: Ամենակարեւորն է անխուսափելի թվացող քրդական պետականության ստեղծումը, որը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ մարքսիստական ցնորքը եւ ռսական սուտ խոստումները թողած, քրդերը թեքվեցին դեպի Արեւմուտք, ստանալով արդյունքում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում տարածքային եւ քաղաքական ինքնավարություն՝ ապագա պետության նախապայմանները: Հիշենք, որ Հայաստանը ժամանակին կատարեց ճիշտ հակառակ տեղաշարժը եւ արդյունքում կորցրեց պետականությունը, վերածվելով ռսական գավառի:

Այսօր ժամանակի եւ ազգային փրկության հրամայականն է անցյալի սխալները չկրկնելով, օր առաջ ձեւավորել երկրում արեւմտամետ քաղաքական շարժում եւ քաղաքական ու տնտեսական նախագծերով լրջորեն պատրաստվել բացվող հնարավորությունների իրականացմանը: Առայժմ նման միտում մեր քաղաքական դաշտում եւ հանրության շրջանում չի էլ քննարկվում: Երրորդ անգամ հարյուր տարվա ընթացքում Հայաստանի համար ստեղծվում է անկախ, ազատ, զարգացած, եւրոպական արժեքներով ստեղծված պետություն կառուցելու պատմական շանսը: Առաջին երկուսը մենք կորցրեցինք: Հարյուր տարի առաջ մեր փոխարեն դրանից օգտվեց թրքերը: Այսօր իրենց հայտն են ներկայացնում քրդերը, վրացիները, իրանցիները: Հայաստանում երկու շաբաթ առաջ միակ եւրոպամետ կուսակցությունը ընտրություններում ստացավ 1 տոկոսից էլ քիչ քվե: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply