ԻՆՉ ՉԱՍԵՑ ՍԵՐԺԸ ՄԱԿ-ՈՒՄ

0

Սերժ Սարգսյանի հերթական ելույթը ՄԱԿ-ում հետաքրքիր էր ոչ թե նրանով, թե ինչ էր նա ասել, այլ հենց նրանով, թե ինչ նա չասաց: Թերեւս ասածներից ամենակարեւորն էր նրա պաշտոնական հրաժարումը տխրահռչակ հայ-թրքական արձանագրություններից: Վերջապես, ինը տարի անց մեր պետությունը հաստատեց, որ մերժում է այդ սարսափելի եւ հանցավոր, սխալ եւ անթույլատրելի քայլը: Որովհետեւ հակառակ դեպքում դա կլիներ Հայաստանի պաշտոնական համաձայնությունը 1915 թ. Մեծ Եղեռնի եւ 1920-21 թթ. Հայաստանի ռուս-թրքական զավթման արդյունքում բռնի ուժով մեզ հրամեցված բոլոր ապօրինի ու հանցավոր պայմանագրերի, սկսած 1921 թ. մարտի 16-ի Լենին-Քեմալ դավադրական Մոսկովյան ռուս-թրքական պայմանագրից, որը տրոհեց ու բաժանեց Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ այսպես կոչված Ցյուրիխյան արձանագրություններն այլեւս անիմաստ են եւ անվավեր: Ազգի հավաքական ուժն ու դիմադրությունն այս անգամ գերակայեցին, համընկնելով պատմության տրամաբանության եւ արդարության հետ:

Սակայն լոկ դրա համար չարժեր օգտագործել ՄԱԿ-ի բարձր ամբիոնը եւ տարին մեկ անգամ տրվող հնարավորությունը աշխարհին դիմելու: Իսկ ի՞նչ չասեց Սերժ Սարգսյանն այն բազմաթիվ իրապես կարեւոր ու մեր երկրի համար ճակատագրական խնդիրներից, որոնք արժանի էին միջազգային քննարկմանը:

Սերժ Սարգսյանը իր 15-րոպեանոց ելույթից համարյա 10 րոպե նվիրեց Արցախի հիմնախնդրին, սակայն նա չասեց ամենակարեւորը: Եւ այդ կարեւորը ոչ թե հակամարտության հիմքում ընկած մարդու եւ ազգի իրավունքներն են: Միջազգային իրավունքի տեսակետից անպտուղ էր հերթական անգամ հակադրել տարածքային ամբողջականության սկզբունքն ինքնորոշման սկզբունքին՝ դրանք իրարամերժ են եւ այդ ճանապարհով մենք շարունակելու ենք դոփել  տեղում: Կարեւորագույն հանգամանքն այն է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի անջատումը Հայաստանից եւ միացումը Ադրբեջանին նույնպես հանդիսացել են Հայոց Ցեղասպանության, հայության հայրենազրկման եւ Հայաստանի Հանրապետության ռուս-թրքական օկուպացիայի արդյունքը: Իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զավթումը սովետառուսական բանակի ու քեմալական զորքերի կողմից 1920 թվականի մայիսին ու հուլիսին արդյունք էր ռուս-թրքական դավադրության Հայաստանի հանրապետության դեմ, ինչն իր փաստագրական մարմնավորումը ստացավ 1921 թ. մարտի 16 Մոսկովյան պայմանագրի, իսկ նույն 1921 թ. հուլիսին՝ Ղարաբաղը Ադրբեջանին փոխանցելու Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշման մեջ: Սա հայերիս, ինչպես եւ պատմաբանների համար վաղուց հայտնի փաստեր են: Սակայն դեռեւս երբեք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի բարձրաձայնել միջազգային ատյաններում Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ Նախիջեւանի հիմնահարցի իրական քաղաքական պատճառի՝ հայ ժողովրդին բռնի ուժով պարտադրված եւ առանց հայ քաղաքական ներկայացչության կնքված ապօրինի ռուս-թրքական պայմանագրի մասին, որն առ այսօր հանդիսանում է մեր տարածաշրջանի բոլոր քաղաքական հակամարտությունների հիմնաքարը:

Ինչու՞ դա չեր անում Հայաստանի եւ ոչ մի ղեկավարն առ այսօր: 1921-1991 թթ. ժամանակաշրջանի մասին նման հարցն անհեթեթ է՝ բոլշեւիկների եւ թրքերի կողմից օկուպացված առաջին անկախ երկիր հանդիսացող Հայաստանը տասնամյակներ շարունակ մնում էր Սովետական Ռուսաստանի անխոս ու անօգնական գաղութ: Ինչու՞ դա չարեց ՀՀ առաջին ազատ ընտրված կառավարությունը 1991 թ. հետո: Կարելի է ենթադրել, որ նախկին ու ներկա պաշտոնյաների բացատրություններն ու արդարացումները հիշատակելու են  Արցախյան պատերազմը եւ Ռուսաստանի հետ այն բարդ իրավիճակում հարաբերությունների սրման աննպատակահարմարությունը: Սակայն պատերազմը ավարտվեց 1994 թ. փայլուն հաղթանակով, իսկ Կրեմլյում իշխում էր ընդգծված հակասովետական նախագահ Ելցինը: Ավելին՝ արդեն առկա էր Մերձբալթյան երեք պետությունների նախադեպը, որոնք դեռ 1991 թ. ամռանը կորզեցին դեռեւս խորհրդային կառավարությունից պաշտոնականա խոստովանում 1939 թ. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի արդյունքում  Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի զավթման ապօրինության մասին:

Ինչո՞վ է տարբերվում  Հայաստանի բաժանումը կանխորոշած 1921 թ. Լենին-Քեմալ պայմանագիրը Մերձբալթյան երկրների զավթումը վավերացրած Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրից: Միայն այն բանով, որ առաջինը նախադեպ եւ օրինակ հանդիսացավ երկրորդի համար: Մեկ էլ մի տարբերություն կա՝ մերձբալթյան երեք պետությունների վտարանդի կառավարությունները տասնամյակներ շարունակ բարձրաձայնում էին աշխարհով մեկ իրենց երկրների բռնազավթման մասին եւ հասան նրան, որ ԱՄՆ եւ Եվրոմիությունը չեն ընդունել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի ՛՛սովետականացումը՛՛ մինչեւ վերջ պաշտոնապես համարելով դա զավթում եւ բռնակցում: Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության իշխող կուսակցությունն օտարության մեջ ոչ միայն փակեց Հայրենիքի զավթման հարցը, այլ նաեւ 50-ական թվականներից սկսեց գաղտնի համագործակցել զավթիչների հատուկ ծառայությունների հետ, իսկ այսօր, մաս կազմելով ՀՀ իշխանության, բացեիբաց կողմ է արտահայտվում նույն այդ զավթման շղթաների ու լծակների պահպանման օգտին՝ ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ռուսականացման այլ միջոցների:

Առավել հավանական է թվում այն վարկածը, որ Երրորդ Հայկական հանրապետության առաջին կառավարության առանցքային գործիչները խորհրդային իշխանության վերջին շրջանում ենթարկվել էին նույն հատուկ ծառայությունների մշակմանը, ստանալով իշխանություն ստանձնելու երաշխիքներ որոշ պայմաններով, որոնցից հիմնականն էր 1921 թ. ռւոս-թրքական համաձայնագրի անձեռմխելիությունը… Այլապես դժվար է  բացատրել հատկապես 1994-1998 թթ. ՀՀ առաջին վարչախմբի տարօրինակ ՛՛անտարբերությունը՛՛ մեր Հայրենիքի ստրկացման, զավթման եւ գաղութացման այդ հիմնական փաստաթղթի նկատմամբ, հատկապես Արցախի ազատագրման համար դրա իրավաբանական կարեւորությունը նկատի առնելով:

1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության միջոցով կատարված պետական հեղաշրջումը համարյա թե փակեց այդ հարցը: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ, եթե ոչ ուղիղ օգնությամբ իշխանության եկած խումբը բացարձակապես շահագրգռված չէ այդ հիմնախնդրի ոչ միայն լուծել այլ անգամ հիշատակել: Չէ՞ որ 1921 թ. ռուս-թրքական պայմանագիրը հանդիսանում է նրանց իշխանության հիմքի՝ Կրեմլի գաղութային վերահսկողության հիմնաքարը մեր տարածաշրջանում: Հենց դրանով են բացատրվում նաեւ վերջին շրջանի ռուս-թրքական  հարաբերությունները, որոնք մնում են ռազմավարական եւ դաշնակցային՝ բոլոր բարդություններով եւ հակասություններով հանդերձ: Հայկական կողմի ներկայիս դիրքորոշումը շարունակում է սպասարկել սույն ռուս-թրքական դաշինքը, մեր արմատական ազգային շահերի հաշվին:

Սերժ Սարգսյանը ուներ պետական ու նաեւ անձնական այդ կախվածությունն ու ստորացումը ճեղքելու մի փայլուն հնարավորություն: Դա 2015 թվականի ապրիլի 24-ն էր՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակը, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու համակրանքն ուղված էր Հայաստանին եւ մեծ պետական գործիչլինելու դեպքում ՀՀ նախագահը կարող էր եւ պարտավոր էր պատմական որոշում կայացնել՝ դուրս բերել Հայաստանը Եղեռնի եւ հայրենազրկության արդյունքում առաջացած ռուս-թրքական զավթման փակուղուց, հրապարակայնորեն հրաժարվել 1921 թ. մարտի 16-ի Մոսկովյան խայտառակ ու հանցավոր, ապօրինի եւ գաղութային ՛՛պայմանագրից՛՛, ճիշտ այնպես, ինչպես վարվեցին 1991 թվականին մերձբալթյան երկրների ղեկավարները, մերժելով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Աշխարհը միաձայն ընդունեց Էստոնիայի, Լիտվայի ու Լատվիայի ազատ կամարտահայտությունը 1991 թվին: Աշխարհը կընդուներ Հայաստանի ազատատենչ պորթկումը 2015 թ. ապրիլի 24-ին: Սակայն Սերժ Սարգսյանը դա չարեց:

Սերժ Սարգսյանը չարեց եւ չասեց դա նաեւ 2017 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ում, ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի նախօրեին: Փոխարենը, նա իր 15-րոպեանոց ելույթի երկու երրորդը նվիրեց Արցախին, կրկին հակադրելով մարդու իրավունքների ու ազգի ինքնորաշման սկզբունքը տարծքային ամբողւականությանը: Նա հասցրեց գովաբանել մեր ստրկության հերթական լծակ ԵՏՄ-ը, զուսպ ակնարկեց ԵՄ հետ ՀՀ ստորագրվող պայմանագիրը: Նա խոսաց որպես նախարար: Կամ արցախյան նահանգի նահանգապետ: Նա կրկին չխոսաց իբրեւ անկախ Հայաստանի նախագահ: Նա չհամարձակվեց մերժել ռուս-թրքական պայմանագիրը, այլ միայն խոստացավ հրաժարվել, այն էլ երկրորդ անգամ, այդ զավեշտալի դավադրության շարունակությունն ու վավերացումը հանդիսացող հայ-թրքական արձանագրություններից:

Սերժ Սարգսյանը զգուշավոր է: Նա կարծում է, որ պատմության մեջ նրա տեղը կապահովի Արցախի պահպանումը Հայաստանի կազմում կամ էլ դրա անկախ կարգավիճակը ներկայիս հմընդհանուր քաոսի պայմաններում: Սակայն աշխարհը մեր շուրջը փոխվում է ավելի արագ եւ ավելի շատ, քան նրան ծանոթ 90-ականներին: Ռուսաստանը աննախադեպ կերով հյուծված ու թուլացած է միջազգային պատժամիջոցներով եւ շուտով երրորդ անգամ անցած հարյուր տարվա ընթացքում նահանջելու է մեր տարածաշրջանից: Քրդերը հռչակում են ազգային պետություն, որը շուտով կարող է ընդհուպ մոտենալ մեր սահմաններին եւ այդ դեպքում հայ-թրքական արձանագորթյունների փոխարեն արդիական են դառնալու հայ-քրդական արձանագրություններ, հատկապես Արեւմտյան Հայաստանի որոշ տարածքների վերաբերյալ: Այս ամենը կատարվում է Սեւրի պայմանագրի տրամաբանության շրջանակներում՝ մի պայմանագրի, որը ոտնահարվել էր հենց նույն տխրահռչակ Մոսկովյան ռուս-թրքական պայմանագրով:

Քաղաքական դաշտը հնձած եւ սեփական իշխանությունը երկարացնելու խնդրով մտահոգված Սերժ Սարգսյանը կանգնելու է հենց այս ծավալի ու մեծության մարտահրավերների առջեւ, որոնց դիմակայելը պահանջում է համապատասխան քաղաքական եւ անձնական մեծություն: ՄԱԿ-ում նրա հերթական ճառը հերթական անգամ չեր համապատասխանում իրավիճակի արտահերթ կարեւորությանը:

Լուսանկարում. 2011 թ. մաւտի 16-ին Կրեմլում ՌԴ նախագահ Մեդվեդեւը փոխանցում է Թուրքիայի նախագահ Էրդողանին 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թրքական Մոսկովյան պայմանագրի պատմական լուսանկարը:

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply