ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ`

0
Ազատազրկված ազատամարտիկ Վ.Ավետիսյանի փաստաբանը «մոռացել» է նրա մեղադրանքը բողոքարկող փաստաթղթերն ուղարկել Եվրոդատարան… Դե պատահում է, մարդ է, էլի՝ ասում են այդ ողորմելիին երաշխավորած ընկերները:
Երկու տարի առաջ Վայքի ծննդատանը երիտասարդ կին էր մահացել չծնված մանուկի հետ, որովհետեւ բժշկուհին «մոռացել» էր նրան՝ զբաղված էր տանը բուրդ լվալով-չփխելով: Դե, կին է, էլի, կպատահի, չէ՞ …                         Քառորդ դար առաջ Վոլոդյա Ավետիսյանը չմոռացավ կամավոր գնալ Արցախն ազատագրելու, թեև նրան ոչ ոք չեր հիշեցնում ու պարտադրում անել դա: Այսօր հինգ զավակի հայր ազատամարտիկը բանտարկված է իր արյան գնով ազատագրված Հայրենիքում եւ նրան իր կյանքով պարտական սերնդից մի փաստաբան վեց ամսվա ընթացքում ժամանակ չի գտնում ոչ միայն իր աշխատանքը կատարելու, այլ անգամ սեփական ապիկարության մասին տեղեկացնելու համար: Մինչդեռ Եւրոդատարանը պարբերաբար վերանայում է ՀՀ անարդարադատության շինծու դատավճիռները եւ ստիպում  վերջինիս հազարավոր եւրո հատուցում վճարել անհիմն դատապարտված հայ քաղաքացիներին, ինչպես եղավ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում:
Վայքի հիվանդանոցում արյունաքամ եղած կինը նույնպես սպասում էր, որ բժիշկը պարզապես կատարելու է իր մարդկային եւ մասնացիտական պարտքը, սակայն նրան թողեցին անօգնական վիճակում մեռնելու: Այդ կինը առանց հրահանգի ու հրամանի էր զավակ բերում իր երկրին ու բանակին, բայց նրան «մոռացան»:
Հայաստանում սպանելու եւ բանտարկելու նոր ձեւ է առաջացել ՝ «մոռանալով»: Հիշում են միայն սպանելուց հետո` կամ մի քանի օր առաջ, ինչպես «հիշեցին»ցմահ բանտարկված ազատամարտիկ Սողոմոնին, ում մահամերձ են բանտից տուն ուղարկել ՝ մահանալու…
Հիշու՞մ եք՝ մեկ դար առաջ ճիշտ այդպես հայությունը «մոռացավ» մեկ այլ Սողոմոնի՝ Կոմիտասի մասին, փակելով նրան Փարիզի արվարձանի հոգեբուժարանում:    Չլիներ մի քանի երիտասարդների լավ հիշողությունը՝ Նորքի հոգեբուժարանում «կմոռանային» նաեւ վերջերս բանտարկված Վարդգես Գասպարիին:
Հայաստանի երրորդ հանրապետությունը, զիջելով իր պետական անկախությունը Ռուսաստանին, փոխարենը ստեղծեց մեկ այլ, պատմության մեջ աննախադեպ հասարակարգ՝   պետության անկախությունը քաղաքացիներից:

Սփյուռքի նախարարը ՀՀ կառավարության անունից սիրիահայերի հայրենադարձությունը կազմակերպելու համար դիմում է օգնության հորդորով… նույն Սփյուռքին: ՀՀ-ում վաղուց են սովորել, որ հիվանդին բուժելու նպատակով հարազատները պետք է ոչ միայն վճարեն, այլ նաեւ ապահովեն հիվանդանոցը դեղերով, վիրակապերով, արյամբ, սակայն վիրահատությունն ինքնուրույն կատարելու առաջարկով մեզ դեռեւս չէին դիմել… Ըստ երեւույթի, եկել է այս բացթողումն էլ ուղղելու ժամանակը: Միայն մի հարց է մնում անպատասխան` ինչի՞ համար է պետք այդ դեպքում պետությունը, իր կառավարությամբ, նախարարություններով, պետական ծառայողներով… «Խորտակվողների փրկությունը` խեղդվողի պարտականությունն է»` ինչպես նկատել էին Սովետի վաղ շրջանում Իլֆն ու Պետրովը: Մենք այդպես էլ ապրում ենք: Ոստիկանություն դիմելուց` վաղուց արդեն գիտենք, որ դիմումը կամ չեն ընդունելու, «չբացահայտված» գործից խուսափելու համար, կամ մեզ էլ մեղադրելու են, եթե միայն որեւե շահ չտեսնեն գործով «զբաղվելու» մեջ…

Վաղուց է պետք հանցագործությունների բացահայտման պատասխանատվությունը դնել տուժածների ուսերին: Ճիշտ է, դրա համար պետք է օրինականացնել զենքի ազատ վաճառքը` դրա շնորհիվ անձի դեմ հանցագործությունների քանակը կտրուկ իջնելու է, ինչպես դա տեղի ունեցավ Շվեյցարիայում կամ Իսրայելում: Այսպես, կամաց-կամաց, ժողովուրդը կանցնի լիարժեք ինքնասպասարկմանը: Ինքներս ենք վիրահատելու մեր կույր աղիքը, ինքերս ենք մարելու հրդեհները, ինքներս ենք դատելու հանցագործներին:
Չէ՞ որ հենց ինքնակազմակերպման շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմը, կամավոր ջակատների շնորհիվ, այլ ոչ թե դեռ չստեղծված բանակի ուժով ջարդելով թշնամու մեջքը Արցախում:
Միայն թե այդ դեպքում թողեք մեզ հանգիստ, ռադ եղեք այստեղից ձեր աստղաբաշխական հարկերով ու ձրիակեր տեսուչներով, ոստիկաններով ու կարմիր գծերով,  արագաչափերով ու տուգանքներով, որոնք դուք միեւնույն է լափում եք ու գրպանում:
Այդպես որ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը եւ Վայքի հիվանդանոցի բժշկուհին, Սփյուռքի կամ արդարադատության նախարարուհիները արդեն իսկ ապրում են ոչ թե ինքնիշխան, այլ ինքնասպասարկվման սկզբունքով գործող պետության պայմաններում:
Երբ վաճառականները զավթում են իշպանությունը, պետությունը վերածվում է «սուպերմարկետի»: Մեր դեպքում` ինքնասպասարկվող:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply