ԽՈՍԵՆՔ, ՔԱՆԻ ՄԵԶ ԴԵՌ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ. ՄԱՍ Ա

Նյարդաբաններն ասում են, թե մարդիկ օգտագործում են սեփական ուղեղի հնարավորությունների միայն մի քանի տոկոսը: Նույն «արդյունավետությամբ» է օգտագործում մարդկությունը նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները, հատկապես սոցիալական ցանցերի հեղափոխական ներուժը, ինչը քանդեց բոլոր բռնակալներիկողմից աչքի լույսի պես պահպանվող տեղեկացվածության հազարամյակների մենաշնորհը:

«Դիմագիրք/Facebook»-ի իմ համեստ էջը հասանելի է առնվազն տասը հազար ընթերցողի, ինչը գերազանցում է հայկական ցանկացած տպագիր եւ բազմաթիվ համացանցային պարբերականների շրջանառությունը: Որքան էլ փոքր է այդ թիվը, այն բաղկացած է համախոհներից, քանզի նրանք կարողանում են ընտրել, գնահատել կարդացած նյութերն ու հետադարձ կապ հաստատել հեղինակների հետ, ստեղծելով ընդհանուր գաղափարական քննարկումների դաշտ` ցանկացած քաղաքացիական հասարակության հիմնական եւ անհրաժեշտ, թեեւ ոչ բավարար միավորը:

Ուստի փորձեմ օգտվել այս երանելի հնարավորությունից եւ առաջարկել ընթերցողներին մի քաղաքական քննարկում, որի առարկան թվում է արդիական եւ անհետաձգելի: Եկեք խոսենք, քանի դեռ մեզ չեն սկսել գնդակահարել փողոցներում:

Խոսքն արագ փոփոխվող աշխարհում հայ հասարակության ինքնակազմակերպման` մեր ազգի ու պետականության պահպանման եւ զարգացման գլխավոր գործոնի մասին է:

Դժվար է գտնել մեր այսօրվա հասարակական կյանքում ավելի վարկաբեկված ու փնովելի երեւույթ, քան քաղաքական կուսակցություն(ները): Իրենց նկատմամբ հանրային ատելության ու անվստահության աստիճանով թերեւս միայն երկրի իշխանությունները կարող են մրցակցել կուսակցությունների հետ: Պետականության համար նման իրավիճակը ողբալի է, սակայն պետք է արժանին մատուցել ՀՀ բոլոր իշխանություններին. դժվար թե որեւէ այլ ոլորտում նրանք արձանագրած լինեն այդպիսի հաջողություն, ինչպես հասարակական-քաղաքական դաշտի ամայացման, վարկաբեկման, փոշիացման ու ոչնչացման գործում:

Այդ նպատակի համար կիրառվում էին բոլոր միջոցները` սկսած կեղծ, միանվագ օգտագործման «կուսակցությունների» ստեղծումից մինչեւ գոյություն ունեցող կազմակերպությունները սեփական գործակալներով լցնելն ու քաղաքական սպանությունները: Նման եզակի արդյունավետությունը բացատրվում է սույն գործընթացին ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածությամբ, որոնք Հայաստանում եւ հայկական Սփյուռքում ունեին նման կործանարար գործունեության տասնամյակների փորձ:

Հայ քաղաքական կյանքի ու հետեւաբար անկախ պետականության ցուցադրական սպանությունը տեղի ունեցավ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, երբ գնդակահարվեցին երկրի քաղաքական հավասարակշռությունն ապահովող վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը:

Ազգի ինքնապաշտպանության բնազդով ստեղծված հասարակական շարժումը, որը ձգտում էր վերականգնել խարխլված պետականությունը, նույնպիսի դաժան սպանդի ենթարկվեց տասը տարի անց` 2008 թ. մարտի 1-ին: Այդ օրը ոչ միայն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետությունը սպանեց սեփական քաղաքացիներին, այլ նաեւ ոչնչացվեց քաղաքացիական հասարակության քաղաքական ներկայացչություն ապահովող կազմակերպությունների, այսինքն «կուսակցությունների» բուն գաղափարը:

Պետական ահաբեկչության պայմաններում ազգի տարրական իրավունքներն ու ազատություններն ապահովելու անընդունակ կառույցները այլեւս չէին կարող որեւէ հեղինակություն վայելել, շարունակելով սեփական ներկայությամբ միայն օրինականացնել հանցավոր բռնապետությունը: Հետագա տարիները միայն խորացրեցին ու ամրապնդեցին հասարակության անվստահությունը բազմաթիվ ու շարունակ բազմացող «կուսակցությունների» նկատմամբ եւ վերջիններիս աճող օտարացումը ժողովրդից: Զավեշտալի դաշինքներն ու խայտառակ գործարքները երկրի ներքին քաղաքական գործունեությունը դարձրին գործարարության, «բիզնեսի» հատուկ մի տեսակ` իշխանություններին ծախվածության ու կախվածության տարբեր աստիճաններով: Այդ գործընթացի գագաթնակետեր կամ, ավելի ճիշտ` ստորին փոսերն էին ՀԱԿ-ի մերձեցումը ԲՀԿ-ի, ինչպես նաեւ ՀՅԴ պարբերական «կոալիցիաները» ՀՀԿ-ի հետ:

Արդյունքում, 2011 թ. հետո Հայաստանի քաղաքական-կուսակցական կյանքը մտավ անկման ու լճացման շրջան, մինչդեռ հասարակական ակտիվությունը թեւակոխեց քաղաքացիական շարժումների, նախաձեռնությունների, բնապահպանական ճակատների, իրավապաշտպան խմբերի փուլ, ուր այլեւսոչ մի տեղ ու ձայն չեր տրվում որեւէ քաղաքական կուսակցությանը: Դրա վառ ապացույցն է հարյուրից ավելի գրանցված կուսակցությունների խուսափումն ու բացակայությունը 2013 թ. նախագահական ընտրությունների մասնակցելուց` այսինքն նրանց հիմնական գործառույթից փաստացի հրաժարումը: ՀՀ-ում իշխող բռնապետի միակ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես հանդես էր գալիս ոչ այնքան իր կուսակցության, որքան հանրային ընդհանուր թեկնածուի դիրքերից: Նրա ակնհայտ հաղթանակը հօգուտ իշխանությունների կեղծվելուց հետո, նա, սակայն, խուսափեց քաղաքացիական հասարակության առաջնորդի առաքելությունից եւ հետագա պայքարից, վերադառնալով իր կուսակցական համեստ դերակատարությանը:

Մնալով առանց ակնհայտ առաջնորդի` քաղաքացիական հասարակությունը կանգնեց կարեւոր երկընտրանքի առաջ. շարունակե՞լ մանր ու մեկուսացած գործողությունների մարտավարությունը, թե՞ հաջորդ քայլն անել դեպի քաղաքական հասունացում եւ ինքնակազմակերպում նոր արդիական կուսակցության մակարդակով:

Ճակատագրական դեր խաղաց այս առումով 2013 թ. սեպտեմբերի 3-ը, երբ Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանի իշխանություններն հրաժարվեցին Եւրոպական Միության հետ մերձեցման քաղաքականությունից` փոխարենը մտնելով Կրեմլի հերթական ցնորք Եւրասիական տնտեսական դաշինքի մեջ: Փաստորեն, դա վավերացրեց մեր երկրի լիակատար գաղութացումը, իսկ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները աննշան բացառություններով առանց առարկությունների ընդունեցին այս աղետալի քայլը: Ավելին, նախկինում ընդդիմության կորիզը կազմող ՀԱԿ-ն իր առաջնորդի շուրթերով անվանեց նման ստորաքարշությունը «անշրջելի»: Քաղաքացիական հասարակության շրջանում նույնպես արձանագրվեց կտրուկ բեւեռացում: «Ջղաձգվածների» որակում ստացած փոքրամասնությունը պահանջում էր ազգային անկախության ու ինքնիշխանության վերականգնումը, մինչդեռ «կոշտ ընդդիմադիրների» կեցվածք ընդունած որոշ նախաձեռնությունները չբողոքեցին երկրի փաստացի գաղութացման դեմ, իսկ մեծամասնությունն ընդհանրապես խուսափեց քաղաքական դիրքորոշում դրսեւորելուց:

Այս գաղափարական ճգնաժամն էլ ավելի խորացավ հաշված շաբաթներ անց, երբ Ուկրաինայում բռնկվեց «Եւրոմայդան» կոչված հակակրեմլյան ապստամբությունը: Արեւմտյան արժեքների, ազատականության, ժողովրդավարության` մի կողմից, եւ մյուս կողմից`ասիական բռնապետության, ստալինիզմի ու ռուսամոլության միջեւ թվացյալ ակնհայտ ընտրությունը բացարձակ պառակտում մտցրեց նաեւ հայկական հասարակության մեջ: Իշխանական ստրկամտությանը երկրորդեց հանրության մի ստվար զանգվածի կայսերապաշտությունը, որին անմաս չմնացին նաեւ մի շարք «ընդդիմադիրներ»:

Ազգային խայտառակություն պետք է որակել ՀՀ ամոթալի քվեարկությունը ՄԱԿ-ում Ղրիմի բռնակցման հարցով, երբ մեր երկիրը հայտնվեց Զիմբաբվեի ու Հյուսիսային Կորեայի պես երկրների ճամբարում` արդարացնելով պուծինյան զավթումները, իսկ ԼՂՀ իշխանություններն հասան այդ առիթով «տոնակատարություններ» կազմակերպելու անհեթեթությանը: Զվարճալի է, որ մեր որոշ հայրենակիցներն այժմ դժգոհում են մեր երկրի հանդեպ Ուկրաինայի սառը վերաբերմունքից:

Բացի Շանթ Հարությունյանի «Ցեղակրոնից» , Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ից եւ «Ազատ դեմոկրատներից»` ընդդիմադիր դաշտը բավական անտարբեր մնաց Ուկրաինայի զավթման նկատմամբ: Սա բեկումնային պահ էր հայ ազատագրական պայքարի պատմության մեջ, երբ ընդդիմությունը ոչ միայն չգիտակցեց հեղափոխական համերաշխության անհրաժեշտությունը եւ դրանով իսկ մեկուսացավ միջազգային ազատական շարժումից, այլ նաեւ ցուցադրեց աշխարհին քաղաքացիական հասարակության տհասությունը: Այս կեցվածքը բերեց մեզանում խաղաղ ու սահմանադրական պայքարի միջոցով համակարգափոխության հույսերի վիժեցմանը:

Քաղաքացիական շարժումները Հայաստանում չկարողացան լիարժեք քաղաքական ուժի վերածվել: Յոթնամյա խմորումներն ու զարգացումները տապալվեցին 2015 թ. ամռանը, հոսանքի թանկացման դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, երբ գերակայեց «իրավիճակը չքաղաքականացնել» եւ «Բաղրամյան պողոտան Մայդան չդարձնել» պարտվողական եւ անկասկած հատուկ ծառայությունների կողմից ներդրված կարգախոսները: Հայրիկյանի համախոհների կողմից Եւրոմիության դրոշներով մուտքը Բաղրամյան պողոտա հանդիպեց անհայտ «ակտիվիստների» կատաղի դիմադրությանը` մնացածի անտարբերության պայնմաններում:

Սակայն ամենակարեւոր եւ ամոթալի թերացումն էր ոչ թե հասարակության պարտությունն ինքնին, այլ ընդդիմության անկարողությունը ժողովրդին բացատրելու իրական հիմնախնդիրը եւ բացահայտելու իրական մեղավորներին: Ողջ աշխարհի ուշադրությունը մի պահ բեւեռած «Էլեկտրական Երեւանն» այդպես էլ չհամարձակվեց ոմն Բիբինից բարձր նայել ու տեսնել Հայաստանը կողոպտող կրեմլյան գաղութատերերին:

Եւ այնուամենայնիվ, բացասական արդյունքը նույնպես ունեցավ իր դրական ազդեցությունը քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Նույն տարվա երկրորդ կեսին սկսվեցին խորագույն եւ իսկապես անշրջելի միջազգային իրադարձություններ, որոնք մեծապես ազդեցին եւ դեռ ազդելու են Հայաստանի ներքին զարգացումների վրա: Այդ մասին խոսելու ենք հաջորդ հոդվածում, միաժամանակ ակնկալելով սկսված այս քննարկման մասնակիցների կարծիքներն ու գնահատականները:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply