ԿԱՄ ՄԵՆՔ` ԿԱՄ ՄԵԶ…

0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ. ՄԱՍ Բ

Կյանքում ոչինչ անհետեւանք չի մնում, առավելեւս` մահը: Հայոց Եղեռնի հարյուրամյակը չէր կարող հենց այդ ողբերգության տարելիցին չազդել իրադարձությունների բոլոր մասնակից երկրների վրա: Ճակատագրապաշտները հեշտությամբ կգտնեն այդ օրինաչափության ապացույցն Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում եւ մի շարք Եւրոպական երկրներում 2015 թվականին ստեղծված իրավիճակում:

Ի միջի այլոց, այս մռայլ խորհրդանշական կապը նկատել են ողջ աշխարհում, բացի Հայաստանից: Ամերիկյան ու բրիտանական, գերմանական ու թրքական թերթերում հանդիպում են «1915-ի անեծքի» մասին ակնարկներ` միայն կույրը չի տեսնի եւ խուլը չի լսի Հայոց Եղեռնի արձագանքը զանգվածային գլխատումների ու բռնաբարությունների, Դեյր-ալ-Զորի ու Հալեպի ոչնչացման , միլիոնավոր փախստականների մասին աշխարհն հեղեղած լուրերում: Մեծ Եղեռնն ուղիղ մեկ դար անց անդրադարձավ հենց այն տեղերում եւ այն սարսափելի տեսքով, որտեղ եւ ինչպես այն մոռացության էին փորձում մատնել: Ինչու՞ է այդպես պատահել, եւ ի՞նչ խորհուրդ ունի այս դարավոր զուգադիպությունը:

Հարյուր տարի անց Թուրքիայի եւ Ռուսաստանի կրկնվող բախումն ու աննախադեպ քաղաքական թուլացումը հսկայական մարտահրավերներ ու միաժամանակ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, որոնցից օգտվելու փոխարեն մեր ապիկար ու ստրկամիտ իշխող դասը շարունակում է կառչած մնալ իրեն հատուկ գավառամիտ ու գաղութացված ստորաքարշությանը:

Նախորդ հոդվածում («Խոսենք, քանի դեռ մեզ չեն սպանում փողոցներում», www.5165news.com, 27.02.2015) փորձ էի արել նկարագրելու երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը կուսակցական դաշտի եւ քաղաքացիական հասարակության հարաբերությունների ու հակասությունների տեսակետից: Դա հենց այն հանգամանքն է, ինչը խոչընդոտում է մեր երկրում ազգային համերաշխության ու պետականության լիարժեք դրսեւորմանը: Մենք հանգում ենք եզրակացության, որ ՀՀ երրորդ հանրապետության առաջին տասնամյակն ավարտվեց կուսակցական դաշտի, այսինքն քաղաքականության մեջ հասարակության ներգրավման եւ ներկայացուցչության տապալմամբ, իսկ երկրորդ տասնամյակը բնորոշվում է այդ բացը լրացնելու քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների անկարողությամբ: Երկու դեպքերում էլ պատճառը, բացի անկախ պետականության հանդեպ մեր ազգային մտածելակերպի թերըմբռնումից, նաեւ հզոր, թշնամական ու արդյունավետ օտար ազդեցությունն է:

Սովետա-ռուսական գաղութային քաղաքականությունը մերթ բիրտ ուժով եւ արյամբ (ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ին եւ 2008 թ. մարտի 1-ին), մերթ գործակալական ցանցի, կաշառքի ու շանտաժի միջոցով հետեւողականորեն վիժեցնում էր հայոց անկախությունը` դիտելով այն իբրեւ կենսական սպառնալիք սեփական կայսերական շահերին: Մեր դեպքը եզակի չէ, նույն գործելաոճն է իրականացվում նախկին խորհրդային ազդեցության ողջ տարածքում, ընդհուպ մինչեւ ուղիղ զավթում (ինչպես Վրաստանում եւ Ուկրաինայում), շանտաժը (ինչպես Բալթյան երկրներում և Մոլդովայում) կամ լարվածության անուղղակի պահպանում (ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ):

Այս ողջ ընթացքում քաղաքացիական շարժումներն եւ, առավելեւս` քաղաքական կուսակցությունները, գտնվում են Մոսկվայի տեղական բաժիններ հանդիսացող հատուկ ծառայությունների այնպիսի ճնշման եւ ներազդեցության տակ, որ ցանկացած հասարակական գործունեություն թվում է անիմաստ, իսկ պայքարը` դատապարտված: Մինչեւ վերջերս եւ անգամ հիմա այս տեսակետը լիովին համապատասխանում է իրականությանը: Քաղբանտարկյալների չնոսրացող շարքերը, կեղծ «փրկիչների» անվերջ շարանը, «գրպանային կուսակցությունների» աճող թիվն հաստատում են այս մռայլ ախտորոշումը:

Սակայն վերջին ամիսներին, հատկապես 2015 թվականի երկրորդ կեսից,  սկսել է նշմարվել մի նոր իրողություն, դեռեւս միայն միտում, որը կտրուկ փոխում է կեղծիքի, բռնության ու վախի վրա հիմնված եւ տասնամյակներով անսասան մնացած այս համակարգը: Պատճառը հենց Կրեմլի եւ դրա հիմնական գործիքի` ԿԳԲ-ՖՍԲ-ի աննախադեպ քաղաքական եւ տնտեսական թուլացումն է: Դեռեւս երբեք ռուսական պատմության մեջ այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը չէր  հայտնվել ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից այսպիսի խայտառակ մեկուսացման եւ արհամարհանքի մթնոլորտում, այդպիսի անելանելի եւ ամոթալի փակուղում: Այստեղ կարիք չկա ապացուցելու այս ակնհայտ փաստը, ուստի կենտրոնանանք մեզ համար առաջացող հետեւանքների եւ բացվող հեռանկարների վրա: Ավելի ճիշտ, դիտենք դեռեւս միայն ներքաղաքական հասարակական զարգացումների միտումներն այս նոր լույսի ներքո:

Հայկական քաղաքական դաշտը վերջին երկու հարյուրամյակների ընթացքում սերտորեն կապված է եղել ռուսական քաղաքականությանը: Խոսքը ոչ միայն Ռուսական կայսրության եւ հետո ԽՍՀՄ կազմի մեջ մտնող Արեւելյան Հայաստանի մնացորդների մասին է: Հնչակներից ու դաշնակցականներից սկսած մինչեւ ՀՀՇ ու ՀՀԿ, հայկական կուսակցությունները առաջանում էին սկզբից ռուս հեղափոխական շարժման, իսկ հետո նաեւ ռուսական հատուկ ծառայությունների շրջանակներում: Ահա ինչու Ռուսաստանի ներկայիս պատմական նահանջը, որն անխուսափելի է թվում այդ երկրի գաղափարական բացարձակ սնանկացման պատճառով, կարող է բերել լրջագույն փոփոխություններ նաեւ ավանդաբար ռուսամետ հայկական քաղաքականության մեջ: Սոցիալիզմի, սոցիալական արդարության, քրիստոնեական համերաշխության, քաղաքակրթական մտերմության եւ նման առասպելների անհետացման հետ մեկ տեղ, ռուսական պետական մտածելակերպը հետնահանջ է ապրել ազգայնամոլության եւ ասիականացման այնպիսի խորքերը, որ դրանցից խորշում է խիղճ ու բանականություն ունեցող ցանկացած մարդ:

Դարեր շարունակ հայոց քաղաքական միտքը տեսել է ռուս մտավորականության մեջ նախեւառաջ միջնորդ եւրոպական գաղափարների եւ առաջադիմության ճանապարհին: Եւ դա միանգամայն հասկանալի էր` ռուսական հեղափոխական շարժումն ու սոցիալիստական գաղափարախոսությունը հանդիսանում էին հենց ֆրանսիական հեղափոխության ու եւրոպական սոցիալիզմի ժառանգները:

Ռուսաստանի ժամանակակից «եւրասիականությունը», մոնղոլ-թաթարական լծի իբրեւ«ռուս պետականության հիմքի» արդարացում, ատելությունն արեւմտյան քաղաքակրթության ու արժեքների հանդեպ հակասում են ոչ միայն հայկական դեմոկրատական ու ազատական գաղափարներին ու երազանքներին, այլ նախեւառաջ հենց ռուսական պատմական ավանդույթին` Պետրոս արքայի դաժան բարեփոխումներից մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսները: Ահա ինչումն է կայանում ԿԳԲ-ի  եւ հատկապես Պուծինի գործունեության ողբերգական դերը ռուս պետականության համար: Ահա ինչու են պատմականորեն դատապարտված պուծինիզմը եւ նրա ջատագովները, մասնավորապես Հայաստանում: Ահա ինչու է վերջերս ստեղծվել նոր միջազգային եւ ներքաղաքական իրավիճակ, երբ հայոց ավանդական ռուսամետությունը սկսել է հակասել ոչ միայն ազգային շահերին, այլ համաշխարհային քաղաքակրթությանը եւ պետք է կտրուկ մերժվի ու փոխարինվի հանուն ազգային անվտանգության եւ պետականության: Նոր մոտեցումների ձեւավորման եւ ձեւակերպման ուշացումը կործանարար է լինելու հայոց պետականության համար:

Հաջորդ հոդվածում փորձենք քննարկել այդ նպատակին հասնելու անհետաձգելի եւ անհրաժեշտ քայլերը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply