ԿԱՅԾԱԿՆ ՈՒ ՈՐՈՏԸ, ԹՈՆԴԻՐՆ ՈՒ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ

0
Այսօր, ավելի ճիշտ այս գիշեր ավարտվեց գարունը: Անձրեւոտ, փոթորկված, թավշյա հայկական գարունը: Այս առիթով ուզում եմ մի անսովոր նվեր մատուցել Ձեզ, սիրելի հայրենակիցներ: Գորինի ու Զախարովի ֆիլմում բարոն Մյունհաուզենը համաքաղաքացիներին փորձեց գարնան մեկ ավելորդ օր նվիրել՝ մայիսի 32-ը, սակայն դա լավ չընդունվեց: Բախտս փորձեմ մեկ այլ ընծայով: Նվիրեմ ձեզ մի խոսք, ավելի ճիշտ դրա մի նոր իմաստը, որը կապում է մեր հին, ճկուն ու բարբարոս լեզուն եւրոպական լեզուների հետ ճիշտ այնպես, ինչպես Եւրոպայի հետ է կապված մեր երկրի պատնմությունն ու ճակատագիրը: Այսօր շարունակ որոտ էր լսվում երկնքից եւ ես հիշեցի դրա անգլերեն ու գերմաներեն թարգմանությունը՝ Thunder, Donner, հետո հերթական անգամ զարմացա ու զմայլվեցի հայոց լեզվի հզոր ու հնագույն արմատների վրա: Բանն այն է, որ մենք ունենք այս նույն անգլերեն Thunder կամ գերմաներեն Donner բառը, միայն թե մի փոքր անսովոր տեսքով՝ թոնիր: Զարմացա՞ք: Բանն այն է, որ ժամանակակից երրոպական լեզուներում պահպանվել է այդ բառի միայն հնչյունային կողմը, հենց ՛՛որոտ՛՛ իմաստով, մինչդեռ հայերենում այն մնաց որոտին միշտ նախորդող կայծակի ու կրակի իմաստով: Չէ՞ որ թոնիրը, կամ ավելի ճիշտ թոնդիրը նշանակում է կրակարան: Եվ չէ՞ որ հենց այս անունով է առ այսօր կոչվում պատմական Հայաստանի տարածքում գտնվող միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակ լեռը: Այո, Թոնդրակը եւ թոնդիրը նույն արմատն ունեն, եւ դա ակնհայտ է անգամ ոչ մասնագետին՝ իմաստը կրակ պարունակող խարնարանն է: Իսկ որտեղ կրակ, այնտեղ էլ ծուխ, այնտեղ էլ որոտ: Ու քանի որ կրակը աստվածացվում էր մարդկության կողմից, կա եւ կրակի աստվածը, որը եւրոպական ազգերում կոչվում էր Թոր, կամ Thor… Ավելին, ժամանակակից անգլերենում պահպանվել է այս Թոր աստծուն նվիրված շաբաթվա օր՝ հինգշաբթի, որն այդպես էլ կոչվում է. Թորի օր, Thursday. Որպեսզի ոչ ոքի չթվա, որ սա պատահական զուգադիպություն է, բերեմ այդ բառի համեմատականներն այլ հին լեզուներից՝ հին գերմաներենում thunraz, հին հոլանդերենում donre, հնագույն սանսկրիտում tanayitnuh, հին պարսկերենում tundar, անգամ լատիներեն՝ tonare… Եւ այս ամենը նույն մեր թոնիրն է, նույն ինքը թոնդիրը, նույն ինքը Թոնդրակը: Մենք պահպանեցինք այդ բառի կրակը, մեր եւրոպական քույրերն ու եղբայրները՝ որոտը: Բնական է՝ կայծակն ու կրակը միշտ նախորդում են որոտի ձայնը: Թերեւս, հայերենում պահպանվել է նաեւ նույն այս արմատի ՛՛հնչյունային՛՛ իմաստը, մի փոքր ձեւափոխված բայց միանգամայն ճանաչելի տեսքով՝ ՛՛թնդալ՛՛, այսինքն
ուժգին խուլ ձայն հանել, դղրդալ, արձագանք տալ, ուժգնորեն հնչել, գոռալ, գոչել, սասանվել, ցնցվել, բաբախել… Մտածե՞լ եք երբեւիցե թոնրի եւ թնդալու, առավելեւս որոտի, որպես նույն արմատի բառերի ու երեույթների մասին: Պաշտենք մեր գլխավոր գանձը, մեր մեծագույն ժառանգությունը, մեր ուժի ու անպարտելիության հիմնական գաղտնիքը՝ մեր լեզուն:
Սա էր իմ փոքր պատմությունն ու նվերը ձեզ, մեր այս կրակոտ, կայծակներով ու որոտներով լի գարնանը, որը մենք դեռ երկար կհիշենք:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply