ՓՆՏՐԵԼ ԿԱՆԱՆՑ

0

Նոր տարին սկսվեց հին խնդիրներով: Կրկին պատերազմներ ու ահաբեկչություններ, պայթյուններ ու ջարդեր: Կասեք՝ մարդիկ միշտ էլ դա են եղել ու համարյա չեն փոխվել: Մարդի՞կ: Թե՞ տղամարդիկ: Ու՞մ դեմքերն են երեւում հեռուսատեսային ու համակարգչային էկրաններին, ահաբեկելով աշխարհը եւ հարցականի տակ դնելով ողջ մարդկության գոյությունը այս մոլորակում: Պուծին ու Թրամփ, Կիմ Չեն Ին ու Խամենեի, վաղը այլ անուններ կփոխարինեն սրանց, անփոփոխ կմնա միայն մեկ հանգամանք՝ նրանք բոլորը տղամարդիկ են: Թեեւ կարելի՞ է արդյոք տղամարդ անվանել երկու բազմամիլիոնանոց ազգերի առաջնորդներին, որոնք ամենայն լրջությամբ, ողջ աշխարհի առջեւ համեմատում են սեփական զենքերի ու միջուկային կոճակների չափերը, կարծես դպրոցական զուգարանում երկու լակոտ գլուխ են գովում, թե ում միզելու հարմարանքն է ավելի երկար… Կարելի՞ է արդյոք տղամարդ անվանել անվերջ ստող, սեփական խոսքերից հրաժարվող, թաքուն սպանող եւ դեմքին ժպտացող մեկ այլ ՛՛առաջնորդի՛՛: Դրանք տղամարդիկ չեն՝ լավագույն դեպքում տղաներ են, անչափահաս, անդաստիարակ ու չարաճճի:

Երբ հերթական զանգվածային ահաբեկչության, սպանդի, անմարդկային հանցագործության լուր է գալիս Աֆղանստանից կամ Ամերիկայից, Աֆրիկայից կամ Ռուսաստանից՝ մենք առաջին հերթին հարցնում ենք չարագործի ազգության, կրոնի, հասակի մասին: Երբեք չենք հարցնում միայն մեկ բան՝ նրա սեռը: Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ միայն տղամարդը կարող է սպանել տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անմեղների, դրդված լինելով փառամոլությամբ, կրոնական կամ գաղափարական որեւե ապուշությամբ: Իհարկե, կինն էլ կարող է սպանել՝ խանդից, զայրույթից կամ պաշտպանվելով, սակայն դա սովորաբար մարդու, տղամարդու դեմ ուղղված հանցանք է, բայց ոչ թե մարդկության եւ մարդկայնության:

Տղամարդկանց աշխարհը՝ մոլորության, մոլեռանդության, մարդատյացության աշխարհ է: Այդ աշխարհն ինքնաոչնչացման եզրին է հասել եւ ամեն տարի եւս մեկ քայլով մոտենում է անդունդին:

Հիշենք սկսված տարվա ամենատպավորիչ պատկերները: Երեւի կհամաձայնվեք, որ դա նախեւառաջ Իրանի ընդվզումն է: Իսկ ի՞նչն է դարձել իրանական ապստամբության խորհրդանիշը: Անկասկած՝ ազատություն հորդորող կանայք, գլխաշորը հանած եւ տղամարդկանց արժանապատվությունը արդնացնող իրանուհիները: Հեղափոխության դեմքը կանացի է: Կանացի է ազատությունը եւ արդարությունը: Անգամ արձաններն այդ գաղափարների արվեստագետ տղամարդիկ պատկերում են կանանց կերպարներով: Մարդկությունն իրականում վաղուց գիտի, թեեւ թաքցնում է իբրեւ ամենամեծ գաղտնիք, որ աշխարհի, մարդկության, մարդկային քաղաքակրթության գլխավոր արժեքն ու բարձրագույն նվաճումը կանայք են: Իզուր չէ, որ բոլոր բռնապետություններն ու բոլոր կրոնները նախեւառաջ ձգտում են ստրկացնել, հնազանդեցնել, լռեցնել կնոջը: Սա աշխարհի ու պատմության ամենամեծ եւ ամենահին դավադրությունն է՝ տղամարդկանց դավադրությունը կանանց դեմ: Մարդկության կեսից ավելին կազմող կանայք հազարամյակներով զրկված են եղել ազատությունից, արժանապատվությունից, կրթությունից, ընտրությունից, տարրական մարդկային իրավունքներից: Ես մի ամբողջ երկժամանոց ֆիլմ եմ արել, ուսումնասիրելով այդ խնդիրը մայրիշխանության ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերը, ուստի չեմ ուզում կրկնվել: Անդրադառնամ միայն մեկ հարցին: Ավելի ճիշտ՝ մի գաղափարի, որը հանդիսանում է իմ խորը համոզմունքը:

Ինչպես ողջ աշխարհն, այդպես էլ Հայաստանն այսօր կարող են փրկել միայն կանայք: Ես գիտեմ, որ ինձ հակադարձելու են, մատնանշելով մեր քաղաքական դաշտում գործող մի քանի կանանց, որպես ասածիս ժխտումը: Այո, ես էլ գիտեմ կուսակցական ու պետական այս այրերին՝ ոչ, ես չսխալվեցի, քանզի այդ կանայք իրականում գործում են ճիշտ ինչպես այրեր, այլ ոչ թե ինչպես մայրեր: Իսկ Հայաստանին, ինչպես որբ մնացած ընտանիքին, այսօր ՄԱՅՐ է պետք: Ոչ թե ՛՛աչքեր հանող, ականջ պոկող՛՛, ստող, հայհոյող, բռնության քարոզով տղամարդկանց հաճոյացող ու քծնող, հաճախ ոչ մի կանացի կերպար էլ չունեցող վհուկներ, այլ ԿԻՆ: Պետությանը եւ բոլոր քաղաքացիներին հավասար, ինչպես երեխաներին նայող, սիրող, խղճացող, խնամող կին: Մեղմ ու արդար: Խիստ ու բարի: Ազնիվ ու անկեղծ: Աշխարհում եղել են ու կան նման փայլուն օրինակներ՝ Հնդկաստանում եւ Իսրայելում, Բրիտանիայում եւ Իռլանդիայում, Գերմանիայում եւ Էստոնիայում, Ավստրալիայում եւ Ավստրիայում, Իսլանդիայում եւ Լիտվայում, Արգենտինայում եւ Խորվաթիայում, Ռուանդայում եւ Մյանմայում:

Դա այդքան հեշտ է: Եւ այդքան դժվար: Մենք պետք է ճանաչենք, գտնենք, հրավիրենք ասպարեզ այդ կանանց, ովքեր չեն փորձելու նվաստանալ ու իջնել, տղամարդկանց հասնելու եւ նրանց դուր գալու նպատակով, այլ կմնան իրենց արժանապատվության ու արժեքների բարձունքի վրա, միայն այդ մակարդակով ու չափանիշով դատելով ու շտկելով մեր կյանքը եւ բարձրացնելով հասարակությւոնը այդ մակարդակի: Բոլոր ոլորտներում՝ քաղաքական ու տնտեսական, կենցաղային ու կրթական, առողջապահական ու մշակութային:

Ոչ թե ՛՛ուժեղ ձեռք՛՛ է պետք աշխարհին ու Հայաստանին այսօր, ոչ թե հերթական բռնապետ ու դահիճ, ոչ թե ազգի հայր ու նահապետ, այլ ՄԱՅՐ է պետք մեզ բոլորիս: Մայր Հայաստանը: Որը մեկընդմիշտ փոխարինել է Մոնումենտի պատվանդամին բեխավոր հրեշի արձանը: Եւ որը պետք է մարմնավորի այդ փոփոխությունը նաեւ իրականության մեջ: Դա է մեր փրկությունը:

Այսօր այսքանը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply