ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

0
Կանանց տոնը նշվում է տարի մեկ անգամ այն պատճառով, որ տարվա բոլոր մնացած օրերը տղամարդկանց տոնն է: Ուզում եք կանանց տո՞ն նշենք: Առաջարկում եմ հետեւյալ տարբերակը՝ հռչակենք այդ օրը ոչ աշխատանքային ՄԻԱՅՆ կանանց համար: Այսինքն տղամարդկանց համար թողնենք դա սովորական աշխատանքային օր ՝ եւ տեսնենք, թե դրանից ինչ է ստացվելու: Պատկերացրեք՝ առավոտյան սովորականի պես բացվում են խանութները, դրպոցները, ԲՈՒՀ-երը, հիվանդանոց-պոլիկլինիկաները, սրճարաններն ու ճաշարանները, փոքր ու մեծ արհեստանոցները: Բայց առանց կանանց: Տրանսպորտն անսովոր դատարկ է: Մեքենաներով սլացող տղամարդիկ զարմանքով նայում են միմյանց, դեռ չհասկանալով, թե ի՞նչ է պատահել: Հաշված րոպեներ անց սկսվում են առաջին անախորժություններն ու անհեթեթությունները: Պարզվում է, որ դպրոցներն ամբողջությամբ եւ բուհերի մեծամասամբ պարապության են մատնված՝ դասատուներ-դասախոսները չկան: Չեն եկել: Հիվանդանոցներում եւ շատպ օգնության կայաններում խուճապ է՝ չկան բժիշկների մեծ մասը եւ ընդհանրապես ոչ մի բուժքույր: Խանութները ստիպված են փակվել, քանի որ ոչ դրամարկղում, ոչ վաճառասեղանների մոտ աշխատող չկա: Հիմնարկներում դժգոհ ՛՛շեֆերը՛՛ ինքնուրույն են եփում իրենց առավոտվա սուրճը, թափելով հատակին եւ չգտնելով բաժակները, սակայն շուտով գիտակցում են, որ առանց քարտուղարուհու դեռ հնարավոր է, իսկ հաշվապահի, փոխտնօրենի, գործավարի բացակայությամբ աշխատանքը փակուղի է մտել: Փողոցներով աննպատակ ու մոլորված տեղաշարժվում են հարկային ու մաքսային տեսուչները, շփոթված սուլում են ոստիկանները: Բոլորը, բնականաբար, արական սեռի: Ընդմիջմանը սոված ու ջղայն տղամարդիկ հայտնաբերում են սրճարանների ու խորտկարանների փակ դռներն ու դատարկ ցուցապեղկերը: Քաղաքային կենսապահովման միակ գործող օղակ է մնում երթուղային եւ սովորական տաքսիների եռուզեռը, սակայն գրեթե դատարկ վիճակում: Օրվա կեսին հասկանալի է դառնում, որ կյանքն այլեւս անիմաստ եւ անհնար է: Կանայք լիաթոք ծիծաղում են, հետեւելով այս ամենին պատուհաններից եւ կիսելով իրար մեջ տպավորությունները հեռախոսներով:
Կասեք՝ նույնքան անհեթեթ ու աներեւակայելի է հակառա՞կ պատկերը: Ոչ: Այցելեք Շիրակի ու Լոռվա, Սեւանի կամ Տավուշի շատ ու շատ բնակավայրերը: Դուք կտեսնեք միայնակ կանանց աշխարհը, որոնք տասնամյակներով ապրում, աշխատում, երեխաներ են մեշացնում, երկիր են պահում առանց տղամարդկանց: Ամուսինները օտար հող են մշակում, օտարների համար տներ են կառուցում, օտար կանանց են սիրահետում:
Հայաստանը դարձել է կանանց երկիր, մնալով տղամարդկանց աշխարհի օրենքներով ապրող, տղմարդկանց լծի տակ տառապող, տղամարդկանց քմահաճույքներին, բարդույթներին, դաժանությանը ու տհասությանը ծառայող կանանց տարածք:
Կանանց տոնը մի նշեք: Իշխանությունը փոխանցեք կանանց: Եթե ուզում եք փրկել մեր երկրից ու ազգից մնացած այս բուռը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply