ԿԱՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՐՅՈՒՍԵԼԻ

0

1988 թվականի փետրվարի 28-ին, Երեւանում ծավալվող հսկայական եւ ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող ցույցերի առաջին շաբաթվա ավարտին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում սկսվեցին տեղացի հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները: Զարմանալի ու անհասկանալի պատճառներով ոչ ոստիկանական, ոչ զինվորական, ոչ էլ կգբ-ական միջամտություն տեղի չունեցավ, ավելին՝ հակահայկական բռնությունները տարածվեցին ողջ Ադրբեջանով եւ շարունակվեցին մինչեւ 1990 թ. հունվարի Բաքվի ջարդերը, որոնց արդյունքում կեսմիլիոնանոց հայ համայնքը վերջնականապես վերացավ այդ երկրից: Բոլոր հարձակումների ընթացքում սովետական բանակն ու ԿԳԲ օրերով ու շաբաթներով չէին միջամտում: Դժբախտ զուգադիպություն:
Նույն այդ 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Անգամ պաշտոնական տվյալներով զոհվեց Հայաստանի յուրաքանչյուր հարյուրերրորդ քաղաքացին, փլատակների էր վերածվել երկրի բնակելի ֆոնդի մեկ քառորդը, տնտեսությանը հասցվել էր ահռելի վնաս, իսկ հոգեբանական ու բարոյական վերքերը առ այսօր չեն սպիացել: Այդ ողբերգությունը կատարվեց ազգային-ազատագրական պայքարի ամենաթեժ պահին եւ թեւաթափ էր արել մեր ժողովրդին, գոնե ժամանակավոր: Պատահակա՞ն էր արդյոք այդ զուգադիպությունը: Բնականաբար:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում գնդակահարվեցին երկրի վարչապետը, խորհրդարանի խոսնակը, եւս վեց քաղաքական գործիչներ: Գործադիր եւ օրենսդիր իշխանության թեւերը գլխատվեցին, պետության դժվար ինքնուրույն քաղաքական զարգացումն ընդհատվեց, բոլոր լծակներն անցան Մոսկվայի դրածո Քոչարյանի ձեռքը, որը շուտով հանձնեց Ռուսաստանին երկրի տնտեսությունը, հանքերը, էներգետիկան, կապը, երկաթուղին: Հայկական ՛՛քաղաքական երկրաշարժից՛՛ եւ փաստացի պետական հեղաշրջումից երկու ամիս անց մի տարօրինակ իշխանափոխություն տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում՝ Ելցինը հանձնեց Կրեմլը Պուծինին: Զուգադիպությու՞ն էր սա, արդյոք… Իհարկե:
2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը շտապ հրավիրվել էր Մոսկվա, որտեղ Պուծինը նրան վերջնագիր էր ներկայացրել, պահանջելով չմասնակցել նոյեմբերին Վիլնյուսում նշանակված Եվրոասոցիացման պայմանագրի ստորագրմանը եւ բեկանել արդեն պատրաստ համաձայնագրերը, փոխարենը մտնելով ՛՛մաքսային միություն՛՛: Թե ինչու Սարգսյանը չկարողացավ մերժել Պուծինի այս ՛՛առաջարկը՛՛ պարզ դարձավ երկու-երեք ամիս անց, երբ Մոսկվայի նույնանման պահանջի դեմ ապստամբած Ուկրաինան ենթարկվեց հարձակմանը եւ զավթմանը Ղրիմում ու Դոնեցկում: Անշուշտ, բոլոր նմանությունները միանգամայն պատահական են իսկ համեմատությունները անհիմն :
2016 թ. սկզբին պաշտոնական Երեւանը վերսկսեց Արեւմուտքի հետ հարաբերությունները վերականգնելու զգուշավոր փորձերը: Մարտի վերջին Սարգսյանը այցելեց Նյու-Յորք՝ միջուկային անվտանգության կոնֆերանսին մասնակցելու առիթով, հանդիպելով Օբամային եւ ԵՄ առանցքային ղեկավարներին: Պուծինը ցուցադրաբար առհամարհեց կոնֆերանսը, չցանկանալով հերթական անգամ ենթարկվել միջազգային ճնշմանը: Փոխարենը, նա գործեց թիկունքում: Ապրիլի 1-2 գիշերը լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվեցին Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով: Սարգսյանի բացակայությունն այդ պահին միանգամայն պատահական էր: Որոշ վերլուծաբանների կարծիքով ապրիլյան քառօրյա պատերազմը այլ նպատակներից բացի կատարել էր յուրատեսակ ուղերձի դեր, զգուշացնելով Հայաստանին զերծ մնալ որեւե ինքնուրույն քայլերից եւ Ռուսասատնը շրջանցելու փորձերից: Իհարկե, նման կարծիքները բացարձակապես անհիմն են եւ սադրիչ, ուղված լինելով դարավոր ու անկեղծ ռուս-հայկական բարեկամության դեմ:
2017 թ. փետրվարի 27-28-ին Բրյուսելում տեղի ունեցան Սերժ Սարգսյանի հանդիպումները ԵՄ եւ ՆԱՏՕ ղեկավարության հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.տ. մայիսին ստորագրել ԵՄ-ՀՀ երկրորդ համաձայնագիրը, թեեւ բավական զգուշավոր եւ սահմանափակ: Փետրվարի 28-ի առավոտյան Կապան քաղաքի մատույցներում գրանցվեց միջին ուժգնության երկրաշարժ: Անշուշտ, դա եւս մի պատահական զուգադիպություն է: Կապանի շուրջ գրեթե բոլոր հանքերը պատկանում են ռուսական ընկերություններին, քանզի Ռուսաստանում ոչ պղինձ, ոչ մոլիբդեն, ոչ էլ ոսկի չի մնացել եւ մեր եղբայրական երկրի ողջ հույսը միայն Հայաստանն է: Հետեւաբար ոչ մի նման բան ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում չի կարող պատահել երբեք: Դրանում կասկածողները հիվանդ երեւակայություն ունեն եւ սեպ են խրում մեր դարավոր եղբայրության մեջ: Երկրաշարժն էլ, իսկապես, թույլ էր: Նախազգուշական:

Հանուն խոսքի ազատության մեր կայքին աջակցելու համար/To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply