ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ

0

Երեւի թե ոչ մի այլ հասարակական կառույց Հայաստանում չի ենթարկվել այնպիսի հետեւողական եւ անխնա վարկաբեկման, ինչպես քաղաքական կուսակցությունները: Թերես միայն արդարադատության ու իրավապահ ոլորտը կարող է «մրցել» ժողովրդի շրջանում նման անվստահության եւ արհամարանքի աստիճանով: (Շրջանցում եմ այստեղ իշխանությունների հարցը, որոնց հանդեպ ատելությունը պարզապես մրցակցությունից դուրս է Հայաստանում):

Եւ դա լրջագույն խնդիր է մեր երկրում անկախ պետականություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին, քանզի, ձեւափոխելով ժողովրդավարության մասին Չերչիլի հայտնի խոսքերը, կարելի է պնդել, որ քաղաքական կուսակցությունները հանրային ինքնակազմակերպման անչափ վատ ձեւաչափ են, եթե չհաշվենք բոլոր մնացած ձեւերը, որոնք շատ ավելի վատն են:

Կուսակցությունները հին են, ինչպես մարդկությունը, եթե ոչ ավելի հին: Ւրենց շահերը խմբով պաշտպանելու հատկությունը կենդանական աշխարհում բնորոշ է ցանկացած ոհմակին, երամին կամ հոտին ու պարսին: Այս առումով քաղաքական կուսակցությունները տարբերվում են գազանների ոհմակից միայն բանավոր ու գրավոր խոսքի չարաշահումով:
Հին Եգիպտոսում Արեւի աստծուն դավանող փառավոնների դեմ դավադրող բազմաստավածության քրմերը սեփական ազդեցությունը մեծացնելու համար օգտագործում էին կուսակցություններ, ինպես նաեւ հռոմեական պատրիկները պլեբսի կամ կայսրերի դեմ իրենց պայքարում: Այս առումով ոչ մի նոր բան Արեւի տակ չի ստեղծվել դարերի ընթացքում:

Սակայն անգամ այս օրինաչափությունների մեջ հայկական կուսակցությունները առանձնանում են իրենց յուրահատկություններով: Դրանցից ամենաէականն է այն, որ այսպես կոչված «պատմական» կուսակցություններն ստեղծվել էին այլ ազգի եւ պետության գաղափարական դաշտում: Երեք ավանդական հայկական քաղաքական կուսակցություններն էլ՝ հնչակյանը, դաշնակցականն ու ռամկավարը եղել են ռուս սոցիալ-դեմոկրատական շարժման բաղկացուցիչ մասեր ու վտակներ, ինչն ընդգծված է, օրինակ, «Հնչակ» անվան մեջ, որը պարզապես թարգմանություն է Ալեքսանդր Գերցենի «Колокол» հանդեսի:

Դրա մեջ ի սկզբանե չկա ոչ մի ամոթալի բան՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա եւ Ավստրալիա բազմաթիվ ժամանակակից կուսակցություններն ունեն ընդհանուր եւրոպական արմատներ: Սակայն Հայաստանը մնում է գրեթե միակ երկիրն աշխարհում, որտեղ բազմաթիվ եւ գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները տասնամյակներ շարունակ մնացել են այլ ազգի եւ պետության համար ծառայություններ մատուցողների դերում, անգամ երբ այդ պետության մեջ փոխվում են քաղաքական, տնտեսական եւ գաղափարական կարգերը: Պետությունն այդ, իհարկե, Ռուսաստանն է:
Դեռեւս 1994 թ. ԱՄՆ-ում հրապարակված բացահայտումների իր «SPYMASTER. My Thirty-two Years in Intelligence and Espionage Against the West» գրքում ԿԳԲ նախկին գեներալ Օլեգ Կալուգինն ուղիղ նշել էր, որ արդեն 70-80 թթ. սովետական հատուկ ծառայությունները ամբողջովին վերահսկում էին հայկական սփյուռքի քաղաքական կազմակերպություններն ընդհուպ մինչեւ դրանց ղեկավար մարմինները (էջ 221,236): Թե ինչ է սա նշանակել հայոց պետականության համար պարզ դարձավ հատկապես 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ մեր երկրի քաղաքական գլխատման օրը, որի մասին նույն ԿԳԲ-ի մեկ այլ նախկին աշխատակից, հետագայում Լոնդոնում սպանված Ալեքսանդր Լիտվինենկոն վկայել էր, որ հայկական խորհրդարանում ահաբեկչությունը կազմակերպված էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից:

Անիմաստ ու ավելորդ է նորից հիշեցնել, որ սովետական Հայաստանն ամբողջությամբ գտնվում էր ԿԳԲ-ի կրունկի տակ, ինչն ընկալվում էր բնակչության կողմից իբրեւ բնական իրավիճակ, բացառությամբ այն պահերի, երբ կարճատեւ սարսափ էր առաջանում ԿԳԲ-ին մատուցվող հերթական զոհերի անուններից՝ Եղիշե Չարենց ու Զապել Եսայան, Բակունց ու Սեւակ, Մինաս ու Փարաջանով: Հետո բոլորը կրկին հանդարտվում էին: ԿԳԲ-ի արյունոտ շոշափուկները տարածվել էին ամենուր՝ համալսարան եւ թատրոն, գրականություն եւ մամուլ, Էջմիածին եւ Մատենադարան:

Երրորդ հանրապետությունն իր մեջ ներառավ բոլոր այդ արատներն ու վախերը, բոլոր դահիճներին, մատնիչներին ու նրանց զոհերին: Դրան ավելացան Սփյուռքից «գործուղված» գործակալական ցանցերը:
Հանուն արդարության պետք է հիշել ու նշել, որ ՀՀ բոլոր երեք նախագահները ջանք ու եռանդ չեն խնայել քաղաքական եւ հատկապես կուսակցական դաշտը վարկաբեկելու, փոշիացնելու, ոչնչացնելու համար: Տեր-Պետրոսյանի օրոք դա արտահայտվում էր այսպես կոչված «կոոպերատիվ կուսկցությունների» ստեղծման մեջ՝ կեղծ դաշնակցական, ռամկավար, կոմունիստ նմանակներից մինչեւ երջանկահիշատակ «Շամիրամը»: Քոչարյանը կրկին ողողեց մեր երկիրը ռուսական հատուկ ծառայություններով: Սարգսյանը հենց սկզբից որոշեց բոլորին կաշառել եւ ընտելացնել:

Սա է մեր իրողությունը՝ այլ ազգ, այլ մտածելակերպ, այլ հող ու ջուր մենք չունենք: Պատերազմի եւ ազգային-ազատագրական շարժման տարիները մի պահ վառ կայծակով լուսավորեցին մեր երկիրն ու ստիպեցին խավարասերներին ու առնետներին ժամանակավորապես թաքնվել ծակերում: Սակայն ազգի իրական հերոսները սպանվեցին պատերազմում, ինչպես Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթե Մելքոնյանը, իսկ մնացածներին կամ բանտարկեցին, Շանթ Հարությունյանի պես, կամ շարունակում են ահաբեկել մահափորձերով, ինչպես Պարույր Հայրիկյանին:

2008 թվականի մարտի 1-ից հետո միանգամայն պարզ դարձավ, որ Հայաստանում չկա որեւէ քաղաքական կուսակցություն, այսինքն հասարակությունը ներկայացնող, պաշտպանող, առաջնորդող քաղաքական ուժ: ՀԱԿ-ի հետ կապված պատրանքներն ավարտվեցին Գագիկ Ծառուկյանի հետ խայտառակ դաշինքով, Րաֆֆի Հովհաննիսյանի պոռթկումը վերջացավ ոստիկանապետի հետ համատեղ աղոթքով, իսկ տասնյակ այլ մանր ու միջին բիզնես-կառույցները, որոնք իրենց անվանում են քաղաքական կուսակցություններ, հերթ են կանգնել իշխանական կերակրատաշտից փայ ստանալու ակնկալիքով:

2009-2015 թթ. հանդիսացան կուսակցություններից զզված ու հոգնած հասարակության դեգերումների շրջան, երբ ասպարեզ իջան մի շարք քաղաքացիական շարժումներ, նախաձեռնություններ եւ խմբեր՝ բնապահպանական, իրավապաշտպան, բանակում զոհվածների, ոստիկանության բռնություններից տուժածների, կանանց հավասարության, քաղաքի պատմական շենքերը պաշտպանող, գնաճի դեմ բողոքող հասարակական կազմակերպություններ: Դա քաղաքացիական հասունության, դիմադրության եւ պայքարի բեղմնավոր շրջան էր, որը կարող էր եւ պետք է հանգուցալուծում ստանար քաղաքական նոր մակարդակի, նոր որակի, նոր մշակույթի ստեղծման տեսքով: Դրա գագաթնակետն էին 2015 թ. հունիսյան ցույցերն ընդդեմ հոսանքի թանկացման, այսպես կոչված «Էլեկտրական Երեւանը»: Այստեղ միանգամայն պարզ դարձավ, որ քաղաքացիական այս հնգամյակը չկատարեց իր պատմական առաքելությունը եւ հասարակությունը մնաց «չքաղաքականացնելու», «չմայդանացնելու» վախվորած ու ամոթալի փակուղում: Սոցիալական բողոքը չվերաճեց քաղաքական զարթոնքի, ճղճիմ «յոթդրամանոց պայքարը» չվերածվեց ազգային-ազատագրական շարժմանը: Դրա պատճառներն են եղել հավասարապես մեր հանրության մեծ մասի քաղաքական տհասությունն ու ստրկամտությունը, ինչպես նաեւ ռուսական գաղութատիրական գաղտնի ծառայությունների տեղական գործակալների աշխատանքն ու ներկայությունը բողոքարարների շարքերում: Դա հատկապես ակնհայտ էր Մայդան այդպես էլ չդարձած Բաղրամյան պողոտայում հայոց եւ եւրոպական դրոշների համատեղ բարձրացման փորձի երեկոյան, երբ Պարույր Հայրիկյանի այդ նախաձեռնությունը հանդիպեց գործակալական խաժամուժի կատաղի դիմադրության: Դա բեկումնային պահ էր Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ գաղութատիրության դեմ բողոքի դուրս եկած զանգվածները չհասկացան եւ չպաշտպանեցին Հայաստանը եւրոպական ճանապարհով ռուսական կայսերական զավթումից ազատագրելու գաղափարը:

Սակայն անցած ամիսները էապես փոխել են իրավիճակը՝ եթե ոչ Հայաստանի ներսում, ապա գոնե դրա շուրջը:
Ռուսաստանի ԿԳԲ-ական իշխանությունը մերժված եւ դատապարտված է ողջ աշխարհի կողմից, իսկ նրա պարագլուխն արդեն պաշտոնապես մեղադրվում է կոռուպցիայի, պետական ահաբեկչությունների ու սպանությունների կազմակերպման մեջ:
Մեր հարավային հարեւան Իրանը կտրուկ բարելավեց հարաբերությունները Արեւմուտքի հետ եւ այժմ ազատվել է երկարամյա պատժամիջոցներից, մտնելով աննախադեպ տնտեսական եւ քաղաքական զարգացման շրջան:
Մեր արեւելյան հարեւան ու հակառակորդ Ադրբեջանը ապրում է խորագույն տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ, որը ոչ միայն թուլացնում է նրա ռազմական ներուժն այլ հարցականի տակ է դնում այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
Մեր արեւմտյան հարեւան եւ պատմական թշնամի Թուրքիան նույնպես դիմակայում է լրջագույն քաղաքական, տնտեսական եւ ազգամիջյան մարտահրավերների, որոնցից ամենամեծը քաղաքացիական պատերազմի սպառնալիք հանդիսացող քրդական անջատողական շարժումն է:
Մեր հյուսիսային հարեւան Վրաստանը կանգնած է բարդ քաղաքական ընտրության շեմին, որի հանգուցալուծումը, ինչպես եւ Հայաստանի դեպքում, մեծապես կախված է Ռուսաստանում անխուսափելի թվացող իշխանափոխության հետ:

Այս ամենն իսկապես նոր ներքաղաքական իրավիճակ է ստեղծում Հայաստանում: Իմ կարծիքով այսօր, առաջին անգամ քսան տարվա մեջ մեր երկրում կրկին կարող է նոր քաղաքական եւ անգամ կուսակցական կյանք սկսվել: Դա կապված է նույն հանգամանքի՝ Ռուսաստանի թուլացման եւ տարաշաշրջանից նրա սպասվող հեռացման հետ:

Երկու անգամ՝ 1918 եւ 1991 թվականներին հենց այս հանգամանքը բերեց մեզ անկախություն, որին մենք պատրաստ չեղանք հենց ներքին քաղաքական ու նաեւ կուսակցական տհասության պատճառով: Այսօր առկա «կուսակցությունները» վաղուց արդեն կորցրել են քաղաքական կուսությունը եւ այլեւս ոչ ոքի չեն հրապուրելու: Նրանք չեն դիմանա նոր իրավիճակում առաջին իսկ պետական վերագրանցմանը:
Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է ազգային իրական շահերին համապատասխանող քաղաքական ուժեր ձեւավորել քաղաքացիական հասարակության եւ հատկապես երիտասարդության շրջանից: Հայաստանին օդի պես պետք է արեւմտամետ նոր եւ մաքուր կառույց, որը պարզ եւ միանշանակ հայտարարի մեր Հայրենիքը եւրոպական պետությունների ընտանիքին միավորելու քաղաքական նպատակը՝ իսկապես ապահով, բարգավաճ եւ օրինաց երկիր ստեղծելու միակ իրական ուղին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply