ԿՐԵՄԼԻ ԵՐՐՈՐԴ ԶԵՆՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ

0

Կայսրություններն իրենց գաղութները զավթում են զենքի ուժով, սակայն պահպանելու համար գերադասում են օգտագործել այլ միջոցներ՝ ավելի էժան ու հուսալի: Դրանց շարքում անգերազանցելի է զավթցած տարածքի բնակչության մտավոր ստրկացումն եւ ՛՛ուղեղների լվացումը՛՛՝ ստահոդ քարոզի օգնությամբ: Հայաստանի դեպքում Ռուսաստանը հերթով օգտագործել եւ օգտագործում է երեք հիմնական կեղծիքներ, ապահովելու համար գաղութի անշրջելի հնազանդությունն ու անշեղ հարկահավաքը:
Հայերի համար հյուսած ռուսական հեքիաթներից առաջինն ու ամենահինը՝ ՛՛ԵԹԵ ՌՈՒՍԸ ԳՆԱ՝ ԹՈՒՐՔԸ ՄԵԶ ԿՈՒՏԻ՛՛ ՝ դեռեւս մնում է հակահայկական քարոզչության հիմնական ու փորձված զենք: Ինչու՞ է դա ՛՛հեքիաթ՛՛ եւ ինչու՞ է ՛՛հակահայկական՛՛, կհարցնեն շատերը՝ ՛՛մի՞թե այդպես չէ՛՛… Այդ հարցին պատասխանելու համար պետք է երբեք չմոռանալ, որ՝ 1. Օսմանյան Թուրքիայիոմ հայոց Եղեռնը իրականացվում էր, ինչպես ասում էին ու դեռ ասում են նույն թրքերը, հենց հայերի ռսամետության պատրվագով ու պատճառով, 2. որ ցեղասպանության չափի հասած հայերի զանգվածային կոտորածները 1915 թ. տեղի ունեցան առավելապես հենց այն վայրերում, որտեղ գտնվում էին հանկարծ նահանջող եւ ապստամբած հայերին անզեն ու անպաշտպան թողած ռսական զորքերը, որոնց շարքերում էին կռվում հայ կամավոր ջոկատները; 3. որ ռուսական կառավարությունը 1914 թ. ՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մոբիլիզացված շուրջ 100 հազար հայ զինվորներին հատուկ ուղարկել էր Կովկասյան ճակատից հեռու՝ գերմանական ու ավստրիական ճակատներ; 4. եւ ամենակարեւորը՝ որ հենց Ռուսաստանը, արդեն Սովետական, բառացիորեն փրկեց թրքերին կործանումից եւ զենքով, զորքով ու փողով օգնեց Աթաթյուրքին հաղթել հայերին ու հույներին 1920-21 թթ., վերականգնելով Թուրքիան, որին Լենինը նվիրեց ամբողջ Արեւմտյան Հայաստանը, ի հեճուկս Ազգերի Լիգայի եւ ԱՄՆ նախագահի իրավական որոշմանը:
Այսուհանդերձ ՛՛թրքից հայերին փրկելու՛՛ ռուսական հեքիաթն այնքան ամուր նստվածք է թողել հայության մի ստվար զանգվածի ուղեղներում, որ այդ զանգվածը առ այսօր հրաժարվում է տեսնել ակնհայտը, աչք է փակում ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ նաեւ Արցախն ու Նախիջեւանը ադրբեջանաթրքերին մատուցելու Մոսկվայի շարունակվող քաղաքականության ու Բաքվին մահաբեր հարձակվողական զենք մատակարարելու եւ այլ թշնամական գործունեության վրա: Թվում է, որ աշխարհի երեսին չկա մեկ այլ ժողովուրդ, որն այդքան հավատարիմ ու հնազանդ լինի իր դահիճներին եւ անկեղծ համակրանքով ու հիացմունքով վերաբերվի նրան դարեր շարունակ նվաստացնող, ոտնահարող ու ուծացնող պետությանը: Վրաստանի եւ ՈՒկրաինայի, Բալտիկայի երկրների եւ Արեւելյան Եւրոպայի անկախական ու ապագաղութային պայքարի օրինակները աննկատ ու անհաղորդ են անցնում մեր ազգի մեծ անմեղսունակ մասի համար, որը շարունակում է արտագաղթել Ռուսաստան եւ սեփական երեխաներին դատապարտում ուծացմանը:
Ռուսական հատուկ ծառայությունների եւ նրանց տեղական գործակալների երկրորդ հեքիաթը հայերին գաղութացնելու համար առաջացել էր դեռ Սովետական շրջանում, սակայն իր վերջնական տեսքն ու փայլը ստացել է միայն վերջին տասնամյակում: Դա ՛՛ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԱՆԱՌԱԿ ՈՒ ՓՉԱՑԱԾ՛՛, սատանայական ու անմարդկային բնույթիի մասին չեկիստական առասպելն է: Հայության հանդեպ սեփական դավաճանությունն ու ստորությունը Արեւմուտքի վրա բարթելու անհրաժեշտությունն առաջացավ Ռուսաստանում դեռ Եղեռնի տարիներին, երբ հայոց ջոկատների հերոսական մասնակցությամբ ազատագրված Վանն ու Բիթլիսը, Կարսն ու Արդաղանը, Տրաբզոնն ու Մուշը հանկարծ թողնելու եւ հետ-առաջ զորքերը տանել-բերելու 1915-1916 թթ. նենգ ու հայաթափ ծրագիրը Սանկտ-Պետերբուրգում արդարացնում էին, մատնանշելով միայն ՛՛բրիտանական նավերի հայոց լեռներ բարձրանալու անկարողությունը՛՛: Հետո Հայաստանը շուրջ 170 հազար քառ.կմ տարածքով ճանաչելու ԱՄՆ նախագահ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի որոշումից մեկ շաբաթ անց 11-րդ Կարմիր բանակի կայծակնային գրոհը Երեւանի վրա եւ անկախ Հայաստանի զավթումը մոռացության մատնելու համար հորինվեց ՛՛թուրքերից ու արեւմտյան իմպերիալիստներից՛՛ հայությունը փրկելու հեքիաթը, թեեւ ռուս բոլշեւիկները հենց թրքերին էին փրկում ՛՛արեւմտյան իմպերիալիստներ՛՛ հրչակված հայերից: Սարդարապատն ու Ապարանը վկա: Հետո բոլշեւիկյան Մոսկվան ստիպեց փակել Գյումրիում հարյուր հազար հայ մանուկ փրկած ամերիկյան որբանոցը, Նանսենի առաքելությունը, կաթոլիկ քույրերի ապաստարանները՝ եւ մոռացության մատնեց այս ամենը, ապերախտ ու ուրացող դարձնելով հայերին: Սակայն, ինչպես ասացի, այս գործընթացի գագաթնակետն եղավ 2000-ական թվականների նոր ռուսական քարոզարշավը, որը Եվրոպան անվանում էր միայն ՛՛անառակ ու փչացած Գեյրոպա՛՛, ամերիկացիներին համարում էր ՛՛ապուշ ու անխելք՛՛, Արեւմուտքն ընդհանրապես սատանայական ու նենգ՝ ի հակառակ ՛՛սրբազան, հոգեւոր ու անմեղ Ռուսաստանի՛՛: Այն Ռուսաստանի, որտեղ սիֆիլիսից ու ալկոհոլիզմից, պոռնկությունից ու թմրամոլությունից, ՁԻԱՀ-ից ու կենցաղային սպանություններից բնակչությունը նվազում է տարեկան մեկ միլիոնով: Այն Ռուսաստանից, որտեղ հայերին մարզադաշտերում վանկարկելով հայհոյում են ՛՛խաչիկներ՛՛ եւ սպանում են գնածքներում, որտեղ հայ ամբաստանյալին նվաստացնում են դատարանում, կնոջ շորեր հաքցնելով, իսկ հայ բանվորին ոստիկանական բաժանմունքում բռնաբարում են երկաթե արմատուրայով… Ինչեւե, հայերի ստվար զանգվածն անդրդելի է ՛՛նատաշաների՛՛ եւ ռուսական օղու խոպանային հաճույքների իր գերադասություններում: Եւ այդ ստրկամտությունը միայն ամրացվում է քաղաքական ՛՛վերնախավի՛՛ ստորաքարշությամբ, որը ազգային քաղաքականության ամբողջ բավանդակությունը դարձրել է Մոսկվային իր հավատարմությունն ու ստրկասիրությունն ապացուցելու մրցակցություն:
Իսկ եթե այս երկու ավանդական դարձած ՛՛զենքերը՛՛ չեն բավարարում խստապահանջ գաղութատերերին, ապա գործի է դրվում երրորդ, համեմատաբար նոր զինատեսակը՝ հայության եւ հատկապես հայ երիտասարդության շրջանում հրեատյացություն առաջացնելու ծրագիրը:
Ընդհանրապես Հայաստանում տխրահռչակ ՛՛անտիսեմիտիզմը՛՛ բացակայում էր որպես երեւույթ դարեր շարունակ: Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում հայերի ու հրեաների հարաբերությունները բացարձակապես դրական էին ու հարգալից, ու թեեւ դաշնակիցներ մենք չենք եղել հարաբերական հեռակայության պատճառով, ապա երբեք նաեւ չենք թշնամացել միմյանց նկատմամբ, հատկապես նկատի առնելով երկու ազգերի նմանօրինակ փորձանքներով ու հալածանքներով լի ճակատագրերը:
Պատմության մեջ Հայաստանի հնագույն հիշատակումը Աստվածաշնչում վերաբերվում է Արարատյան թագավորության ուղված հրեական մարգարեների հորդորին՝ ասպատակելու ընդհանուր թշնամի Բաբելոնի վրա: Հին կտակարանի մեկ այլ էջում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես Ասորեստանի Սենեքերիմ բռնակալին սպանած Շարեցար ու Ադրամելեխ՝ մեր էպոսի Սանասար ու Բաղդասար եղբայրների փախուստի վայր ու ապաստան: Ի վերջո, Աստվածաշնչի առաջին իսկ Ծննդոց գրքոմ հենց Արարատն է նշված իբրեւ Նոյի տապանի եւ ողջ մարդկության փրկվելու հանգրվանը: Անտիկ շրջանի հրեա պատմաբան Հովսեփ Փլավիոսը հիացմունքի եւ երախտագիտության տողեր է թողել հայոց արքա Տիգրամ Մեծի մասին, ով Պաղեստինը գրավելով, գթությամբ ու հարգանքով վերաբերվեց հրեա թագուհուն եւ ժողովրդին:
Այսօր չեկիստական նկուղներում ծնվող կեղծիքները ՛՛ամաղեքների՛՛ դեմ հրեաների գործած դաժանության մասին, որտեղ սույն ՛՛ամաղեքներն՛՛ իբրեը թե հին հայերն են՝ պատմական անհեթեթություն է գոնե այն պատճառով, որ հրեաները, ինչպես վկայում են Աստվածաշնչի բոլոր օրինակները, ճանաչում եւ անվանում էին Հայաստանն Արարատյան թագավորություն, այլ ոչ թե ինչ որ հորինված ՛՛Ամաղեք՛՛: ՈՒ եթե ՛՛պատմական՛՛ կեղծիքները չեն կարողանում հիմնավորել սադրիչների փաստարկները, գործի է դրվում ՛՛դենմե՛՛ հրեաների ՛՛անհերքելի՛՛ թվացող օրինակը: Խոսքը գնում է վերջերս լայն շրջանառության մեջ դրված երիտթուրքերի ու նաեւ Աթաթյուրքի հնարավոր հրեական ծագումը, իբրեւ հրեաների հայատյացության ապացույց եւ մեր երկու ազգերի թշնամության հիմնապատճառ: Սկսենք նրանից, որ ազգությունը, հատկապես հենց հրեաների մոտ, դա ոչ այնքան էթնիկական, որքան կրոնական եւ քաղաքական ընտրություն է: Հայերին դա պետք է որ հասկանալի լինի: Այն հանգամանքը, որ Բյուզանդիայի կայսրերի մեկ քառորդը ազգությամբ հայ էին, ոչ միայն չեր բարելավում Հայաստանի վիճակն, այլ հակառակը՝ հենց հայ կայսրերն էին առավել անգութ ու վճռորոշ Հայաստանի հայաթափման եւ հազարավոր հայերին Բյուզանդիայի արեւմտյան շրջաններն ուղարկելու հարցում: Ռուսական կայսրության բանակում տասնյակ հայ գեներալների առկայությունը ոչ մի թիզ հայկական հող չբերեց հայերին եւ անգամ Լորիս-Մելիկովի փաստացի ռուս վարչապետի պաշտոնը ոչ մի բանով չօգնեց Ռուսաստանի կազմում հայկական շրջանի ազգային կյանքին: Սովետական տարիներին չարժե էլ անդրադառնալ, հիշատակելով գոնե միայն Միկոյանի տխրահռչակ օրինակը: Բացարձակապես նույն տրամաբանություն էր գործում նաեւ Օսմանյան կայսրությունում, որտեղ հայ կնոջ զավակ, սուլթան Աբդուլ Համիդն առավել դաժանությամբ էր լցված իր արյունակիցների հանդեպ, քանզի հայ լինելն անպատվություն էր համարվում թրքերի շրջանում: Կրոնափոխ հրեաները Թուրքիայում կատարում էին նույն քաղաքական ընտրությունը, ինչպես եւ կրոնափոխ հայերը, եւ եթե Թալեաթն ու Աթաթյուրքն իսկապես հրեական արյուն ունեին երակներում, ապա դա նրանց չեր խանգառում լինել թրքական պետության եւ քաղաքականության թուրք առաջնորդներ: Պնդել հակառակը՝ նշանակում է կամա թե ակամա օգնել թուրք դահիճների փաստաբաններին շեղելու պատասխանատվությունը Թուրքիայի գործած պետական հանցագործությունից դեպի հրեա ժողովուրդը, որը ոչ միայն հալածվում էր բոլոր այլադավանների պես, այլ նաեւ չուներ այդ տարիներին ազգային պետություն, որին միայն եւ կարելի է հասցեագրել պետական հանցանքի մեղադրանքը: Սակայն այստեղ հետաքրքիր է եւ կարեւոր մեկ այլ հանգամանք՝ հրեական ՛՛գործոնը՛՛ հայերին հրամեցնում են այսօր ոչ թե Թուրքիայում, այլ բոլորովին այլ վայրից՝ Ռուսասատնից: Հենց ռսական հատուկ ծառայություններից եւ նրանց տեղական գործակալական ցանցերից են սփռվում եւ արձագանք գտնում որոշ տգետ շրջանակներում հայերի ու հրեաների դարավոր ու անշրջելի թշնամանքի մասին կեղծիքները:
Ու՞մ եւ ինչու՞ է դա այսքան անհրաժեշտ հենց այս պահին: Ռուս չեկիստներն ու նրանց հայ ծառաներն ունեն այստեղ երկու առանցքային նպատակ: Առաջինն ակնհայտ է՝ դա նույն փորձն է շեղելու հայոց Եղեռնի համար պատասխանատվությունն ու մեղադրանքները դեպի հրեա ժողովուրդ՝ այս անգամ ոչ միայն Թուրքիայից, այլ հենց Ռուսաստանից, որը ե՛վ ցարական, ե՛վ բոլշեւիկյան շրջանում անթաքուց եւ անմիջական հայատյաց եւ թրքամետ քաղաքականություն էր վարում, ինչպես առաջ, այպես էլ այժմ: Սակայն այսօր առավել արդիական եւ կարեւոր է դառնում մեկ այլ թիրախ: Հայաստանի շարունակվող գաղութացումը պուծինյան Ռուսաստանի կողմից հնարավոր է միայն այլընտրանքի բացակայության դեպքում: Հայկական իշխանական եւ ընդդիմադիր կոչվող դաշտը ապացուցել է վերջին երկու տասնամյակներում սեփական ապիկարությունն ու ստրկամտությունը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեկուսացված ու անհստակ քաղաքական օրակարգով ապստամբությունը նույնպես լայն արձագանք չի գտնում հայության մեջ: Միակ իրական այլընտրանքը, միակ լուրջ մարտահրավերն ու սպառնալիքը ռսական գաղութացմանը հանդիսանում է Հայաստանի հասարակության լայն շրջաններում ազատական ու արեւմտամետ տրամադրությունների տարածումը: Հատկապես մեծ վտանգ է ներկայացնում չեկիստների տեսակետից ԱՄՆ-ի մեծ ու բարեկեցին հայ համայնքը, որը անչափ ավելի ակտիվ է, ազգային է ու քաղաքականացված, քան Ռուսասատնի վախվորած եւ ուծացվող հայությունը: Այս առումով ԿԳԲ-ն իր գործակալներով իրականացնում է երկու նպատակ հետապնդող ծրագիր ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ. առաջինն է՝ սերմանել ՛՛սովետախտը՛՛ եւ ՛՛պուծինիզմը՛՛ վերջերս ԱՄՆ արտագաղթած հայերի շրջանում: Դա ԿԳԲ/ՖՍԲ-ին հաջողվում է իրականացնել բավական արդյունավետ՝ ռուսական արբանյակային հեռուսատտեսության ու համացանցի նպատակաուղված ու հմուտ քարոզչության միջոցով: Երկրորդ թիրախն այդքան ակնհայտ չէ ու հետեւաբար ավելի վտանգավոր է: Չեկիստները ձգտում են սերմանել հայության շրջանում անվստահություն ընդհանրապես Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ քաղաքականության, արժեքների, քաղաքակրթության հանդեպ, օգտագործելով հին ու փորձված միջոց՝ ՛՛այնտեղ ամեն ինչ հրեաների ձեռքում է՛՛: Ահա այստեղ է որ միանում են երկու նպատակները՝ հայերի մեջ հակահրեականությունն ու միաժամանակ հակամերիկայություն հաստատելը: Ահա ինչու հանկարծ ԿԳԲ/ՖՍԲ-ն հիշեց նորից երեք հազար տարի առաջ հին հրեաների դաժանությունը ինչ-որ ՛՛Ամաղեկացիների՛՛ նկատմամբ, ակնարկելով, որ դրանք հենց հայեր էին: Ահա ինչու նորից ու նորից շրջանառության մեջ են դրվում Թալեաթի ու Աթաթյուրքի հրեական արմատների լուրերը: Իրական թիրախն այստեղ ոչ թե հրեաներն են, այլ ԱՄՆ-ը, որը նույնականացվում է գավառական մտածուղության մեջ հրեաների հետ եւ այսպիսով պուծինյան հակահրեական քարոզչությամբ թունավորված հայերը պետք է որ, ըստ այդ ծրագրի, հրաժարվեն Արեւմուտքի ու ազատականության հետ կապված բոլոր հույսերից եւ հաշտվեն մայր Ռուսիայի մահաբեր գրկախառնության հետ:
Հայաստանն ու Իսրայելը, ցավոք, բավական սառը հարաբերություններ ունեն, շնորհիվ մի շարք քաղաքական ու աշխարհագրական պատճառների: Սակայն այդ պատճառներն ու պայմանները հավերժ չեն եւ կարող են փոխվել: Մեր ազգերը չունեն փոխադարձ թշնամանքի ոչ մի պատմական պատճառ, ավելին՝ մեր երկու ազգերի եզակի ողբերգական ճակատագրերը անխուսափելիորեն ուշ թե շուտ դարձնելու են մեզ համախոհ ու դաշնակից մարդասիարական եւ քաղաքական առումով: Հայաստանին բացարձակապես պետք չէ իր մեծաթիվ թշնամիների շարքին ավելացնել Իսրայել պետությունը: Այդ թշնամանքը ձեռնատու է միայն մեր իրական թշնամիմերին: Բոլորովին պատահական չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները տարիներով փորձում են իրենց օգտին եւ մեր շահերի դեմ օգտագործել ԱՄՆ-ի հզոր հրեական համայնքը: Վերջերս նրանց ջանքերին միացավ նաեւ Ռուսաստանը, որն այդ միջոցով է փորձում օտարել Հայաստանն ԱՄՆ-ից եւ այսպիսով ամրապնդել այստեղ իր գաղութային իշխանությունը: Դա նրանց միշտ չէ որ հաջողվում է՝ ԱՄՆ-ի ազգությամբ հրեա քաղաքական գործիչների թվում կան Հայաստանի հավատարիմ ընկերներն ու աջակիցները, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են ամերիկահայ կազմակերպությունները, թեեւ ոչ ՀՀ պետական համակարգը: Իսրայելում տարեց-տարի ավելանում են իրական մտավորականների ու ազնիվ քաղաքագետների պահանջները ճանաչելու Եղեռնը եւ վերանայելու հարաբերությունները հայության հետ: Այդ համագործակցությունը եւ դրա հեռանկարները մեծագույն արժեք է ու հարստություն, որն ամեն գնով պետք է պաշտպանել չեկիստներից ու նրանց հայ գործակալներից: Մենք չպետք է թույլ տանք Կրեմլին ու ԿԳԲ-ին կիրառելու հայության դեմ այդ երրորդ զենքը: Հատկապես Ամերիկայում, որտեղ մենք չեկիստներց շատ ենք եւ ազդեցիկ: Այնտեղ է այժմ հասունանում նաեւ Հայաստանի ազատագրման եւ անկախացման հույսը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply