Հայաստանը, Թուրքիան եւ Իսրայելը նոր փուլում

0
Վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի արագ վատթարացող հարաբերությունները հասան ցածրագույն կետի անցյալ շաբաթ, երբ նախագահ Էրդողանը անվանեց հրեական պետությունը ահաբեկչական և հանցավոր, իսկ վարչապետ Նաթանյահուն պատասխանեց, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել եղեռն իրագործող երկրից։ Ու թեև հրեական առաջնորդը մատնանշել էր քրդական բնակչության դեմ թրքերի ոճրագործությունները, շրջանցելով հայոց ցեղասպանության շատ ավելի ակնհայտ օրինակը, ակնարկը հասկանալի էր բոլորին և պարունակում է իր մեջ հենց 1915-1922 թթ. իրադարձություններին անդրադառնալու եւ դրանք Հայոց Եղեռն պաշտոնապես ճանաչելու Իսրայելի անթաքույց սպառնալիքը։
Պատահական չէ, որ հաջորդ իսկ օրը հայոց Եղեռնի ընդունման հարցը իսրայելական քնեսեթում բարձրաձայնեց պատգամավոր Յայիր Լապիդը, ընդդիմադիր  կուսակցապետերից մեկը։
Հասկանալով, որ հայոց Եղեռնի խնդիրը վաղուց է արդեն շահագործվում այլ պետությունների հարաբերություններում, փորձենք այնումենայնիվ հասկանալ մեր պետական շահը՝ այն ճիշտ ներկայացնելու և պաշտպանելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է գոնե հպանցիկ անդրադառնալ թուրք-հրեական հարաբերությունների պատմությանը, որոնք մեզանում քիչ են հայտնի և հանդիսանում են բազմաթիվ խեղաթյուրումների առարկա։
Նշենք մի քանի առանցքային փաստեր։ Առաջինն այն է, որ Բյուզանդիայի զավթումից հետո թուրքերն ի թիվս այլ տարածքների տիրեցին նաև ներկայիս Իսրայելի ու Պաղեստինի վրա, ներառյալ Երուսաղեմը։ Երկրորդ հանգամանքը վերաբերվում է դրանից քառասուն տարի անց, 1492 թվին Իսպանիայից հրեաների եւ մահմեդականների զանգվածային արտաքսմանը, որի ընթացքում արաբական զավթման հետ դեռեւս 8-րդ դարում այնտեղ հայտնված հրեաների մի ստվար զանգվածն ապաստան գտան Օսմանյան կայսրությունում, ստանալով թրքերից «հավատարիմ փոքրամասնության» անկայուն, բայց տանելի կարգավիճակ, հույների և հայերի նման։
Երրորդ հանգամանքն է այն , որ հրեական ազգայնական շարժումը, սիոնիղմը, 19-րդ դարի վերջում ոգեշնչվում էր Իսրայել պետության վերստեղծման և Երուսաղեմ վերադառնալու գաղափարով, մինչդեռ հրեական ավետյաց երկիրն այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության տարածքում, ինչն էլ բացատրում է հրեաների ձգտումը սերտ հարաբերություններ հաստատելու թուրքերի հետ: Այս վերջին հանգամանքը լուրջ քննարկումներ է առաջացնում հայության շրջանում, որի հիմնական շեշտադրումներն են սիոնիզմի հիմնադիրներից մեկի, Թեոդոր Հերցելի հակահայ գործունեությունը, ինչպես նաեւ որոշ բարձրաստիճան երիտթուրքերի հրեական ծագումը: Մենք քիչ անց կանդրադառնանք այդ խնդրին, իսկ առայժմ հիշեցնենք, որ Առաջին Աշխարհամարտից հետո փարիզյան կոնֆերանսի և Սևրի պայմանագրի որոշմամբ Ազգերի Լիգան հանձնեց Հայաստանի եւ Իսրայելի վերստեղծման մանդատը համապատասխանաբար ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային։ Հայաստանի մասով Վիլսոնի վճիռը ստորագրվեց 1920 թ. նոյեմբերի 22-ին, սակայն ի պատասխան դրան նույն օրը Լենինը հրամայեց իր բանակին զավթել անկախ Հայաստանը թուրք զորքի հետ համատեղ։ Արդյունքը հայտնի է։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, փորձառու բրիտանացիները չշտապեցին և ձգեցին իրենց ՛՛հրեական մանդատի՛՛ իրականացումը մինչև 1948 թ., երբ արդեն երկրորդ Աշխարհամարտից հետո հռչակվեց Իսրայել պետությունը։
1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին օտարերկրյա ինքնաթիռը, որն իջավ Երեւանի օդանավակայանում՝ Իսրայելի ռազմական բեռնատարն էր, թեեւ ԽՍՀՄ եւ Իսրայելի միջեւ անգամ դիվանագիտական հարաբերություններ չեն եղել այդ պահին:
Հայաստանի եւ Իսրայելի անկախության շրջանի երկկողմանի հարաբերությունները մինչեւ վերջերս մնում էին նվազագույն մակարդակի վրա, ենթարկվելով մեր երկու երկրների տարածաշրջանային հակադիր կողմնորոշումներին՝ Երեւանը բարեդրացիական հարաբերություններ հաստատեց Իսրայելի ախոյան Իրանի հետ, մինչդեռ Թել-Ավիվն ավանդկան դաշնակից էր համարում մեր պատմական թշնամի Թուրքիային: Էլ ավելի բարդացրեց մեր միջպետական կապերը Բաքվին տրամադրվող իսրայելական ռազմամթերքը, հատկապես անօդաչու սարքերը, որոնք կիրառվեցին Հայաստանի դեմ 2016 թ. ապրիլյան պատերազմում: Թերեւս, այդ պահը բեկումնային հանդիսացավ հայ-իսրայելական հարաբերություններում: Իսրայելում գիտակցեցին, որ ձեւական չեզոքությունը եւ չոր նպատակահարմարության հետապնդումը քաղաքականության մեջ կարճատես եւ անհեռանկար մոտեցում է: Իսրայելական թերթերում, հանրային ամբիոններում իսկ հետո նաեւ խորհրդարանում լսվեցին պահանջներ չհակադրել քաղաքական մանր շահերը մարդկային բարոյականությանը, որի հետեւանքները կործանարար են հենց հրեական պետության եւ ազգի համար: Իդեալիստական թվացող այդ հորդորները կմնային անպտուղ բարեմաղթանք, եթե հանկարծ չհամընկնեին իրական քաղաքական օրակարգի հետ: Մի կողմից, Էրդողանի բռնակալական նկրտումները եւ բազմամյա առճակատումն Արեւմուտքի հետ լրջորեն խարխլեց հրեական ավանդական թրքամետությունը: Մյուս կողմից, Իրանի համառ եւ հավասարակշռված դիրքորոշումը սթափեցրեց առավել վճռական տրամադրված հրեա գործիչներին եւ համոզեց նրանցից շատերին, որ Թեհրանի հետ ավելի լավ է հաշտվել, քան թշնամանալ: Այս երկու նշմարվող միտումների խաչմերուկում էլ հայտնվեց Հայաստանը, ինչն անմիջապես գնահատեցին Իսրայելում, որտեղ վերջին ամիսներին սկսվեց մեր տարածաշրանի վերաբերյալ հին մոտեցումների վերարժեւորումը եւ նոր քաղաքական լուծումների որոնումը: Կարելի է ենթադրել, որ հայ-իսրայելական հարաբերությունները մոտ ապագայում մտնելու են նոր փուլ եւ հասնելու են կանոնավոր ու իրատեսական հավասարակշռությանը:
Իսրայելը ճանաչելու է Հայոց Եղեռնը: Երկու երկրներում էլ բացվելու են լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություններ: Իրանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացում հրեաները դիմելու են հայերի աջակցությանը: Թուրքիայի հանդեպ հայոց պահանջատիրությունը լայնորեն օգտվելու է հրեաների փորձից ու նրանց ստեղծած նախադեպերից: Քրդական պետության կայացման հարցում հայերն ու հրեաները արդյունավետ ու փոխշահավետ համագործակցելու են: Միջազգային ասպարզում Հայաստանն ու Իսրայելը վարելու են միմյանց հանդեպ հարգալից չեզոքության քաղաքականություն:
Ասածս բոլորովին էլ միամիտ անհեթեթություն չէ, այլ հիմնված է մեր երկու ազգերի հազարամյա պատմական բարիդրացիության վրա: Աստվածաշնչի վկայություններից սկսած մինչեւ Տիգրան Մեծի արշավանքները, Երեմիայի ողբից մինչեւ Հովսեփ Փլավիոսի պատմագրությունը՝ հրեաները հայերին մշտապես հիշատակել են հարգանքով ու համակրանքով՝ հազվադեպ մի օրինակ այդ ազգի պատմության մեջ: Մովսես Խորենացին իր ՛՛Հայոց պատմությունը՛՛ նվիրել էր Սմբատ Բագրատունուն, հատուկ նշելով նրա հրեական ծագումը, իբրեւ նրա խոհեմության ու ազնվության հիմնավորում: Օրբելյանների իշխանական գերեզմանատանը Վայոց Ձորում հարգանքով ու պատվով պահպանված են նրանց հրեա ծառաների ու խորհրդականների շիրիմները: Հայոց ցեղասպանության աղետը դրդեց հրեա Ռաֆայել Լեմկինին միջազգային իրավունքի մեջ ներմուծել ՛՛գենոցիդ՛՛ հասկացությունը, իսկ հրեա արձակագիր Ֆրանց Վերֆելի ՛՛Մուսա Լեռան 40 օրը՛՛ վեպը հանդիսացել էր 1942 թ. Վարշավյան գետտոյի ապստամբության ոգեշնչումն ու դրոշը: Հրեա հանճար Օսիպ Մանդելշտամն առաջինն էր բարձրաձայնել հայկական Շուշիի ջարդը Չարենցին ցնցած իր տողերով: Շարլ Ազնավուրի ծնողները պատերազմի տարիներին փրկում էին հրեաներին, ինչը մեզ հայտնի դարձավ վերջերս, միայն երբ Իսրայելը պատվո ու երախտագիտության շքանշան հանձնեց հայ աշխարհահռչակ երգչին:
Այո, Թեոդոր Հերցելն իսկապես առաջարկում էր 19-րդ դարի վերջում սուլթան Աբդուլ Համիդին հրեաների աջակցությունը Եւրոպայում մեղմելու հայկական ջարդերից առաջացած զայրույթն ու վրդովմունքը՝ Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու դիմաց, սակայն ոչ միայն սուլթանը հրաժարվեց այդ գործարքից, այլ նաեւ սիոնիստական շարժման այլ առաջնորդները՝ Մաքս Նորդաուն եւ Բերնար Լազարեն խիստ դատապարտել էին Հերցելի մտահղացումը, այնչափ, որ Լազարեն ի նշան բողոքի լքեց շարժումը: Ինչ վերաբերվում է երիտթուրքերի կամ Մուսթաֆա Քեմալի հրեական ծագման մասին պնդումներին, ապա պետք է նկատի առնել, որ սիոնիզմը, ինչպես եւ բուն հուդաիզմը ոչ թե էթնիկ, ազգային, այլ բացառապես կրոնական ու գաղափարական բնույթ են կրում, մինչդեռ գենետիկական կապերը միայն հիշեցնում են, որ նույն արնախում սուլթան Աբդուլ Համիդի մայրը հայուհի էր, իսկ մարդասպան յենիչերների զորքը կազմված էր մանկության տարիներին ընտանիքներից խլված ազգությամբ հայ եւ հույն տղաներից…
Հայաստանի եւ Իսրայելի, հայերի ու հրեաների միջեւ սեպ խրելու, թշնամություն ստեղծելու մեջ շահագրգռված են միայն երկու ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան: Դա նրանց հին ու փորձված միջոցն է շեղելու հայերին Եղեռնի իրական դահիճներից եւ ողջ մեղքը դնելու մեկ այլ, նույնքան տառապյալ ու հետապնդվող ժողովրդի վրա: Չեկիստ բոլշեւիկներն ու թուրք ազգայնամոլները փորձված ու հավատարիմ դաշնակիցներ են: Ռուսաստանում դարեր շարունակ պետականորեն ընդունված էր հակահրեականությունը, ճիշտ ինչպես հայատյացությունը դարձավ Օսմանյան ու ժամանակակից Թուրքիայի պետական քաղաքականությունը: Համատեղ ոչնչացնելով հայոց պետականությունը, Ռուսաստանը եւ Թուրքիան միավորեցին ուժերը նաեւ գաղափարապես մոլորոցնելու համար մնացած հայությանը: Այդ նպատակով են մեր հողի մեջ ցանում հակահրեականության թունավոր սերմերը: Հայերին պետք չեն նոր թշնամիներ: Հինգ հազար տարի շարունակ հայերն ու հրեաները կողք կողքի էին անցնում մարդկային պատմության արահետներով եւ ոչ մի անգամ ոչ պատերազմ, ոչ ազգային թշնամանք չհակադրեց մեզ իրար: Նման փորձը չի հաջողվի ոչ այսօր, ոչ էլ երբեւե ապագայում: Մեր երկու հնագույն հողագործ, մարտունակ ու առեւտրական ազգերը բազմաթիվ կայսրությունների գերեզմանափորն են եղել: Եւ կմնան:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply