ՀԱՅԱՍՏԱՆԸ 2017-ԻՆ ԵՎ ՀԵՏՈ

0

2017 թ. Հայաստանում կարեւորագույն իրադարձություններից պետք է առանձնացնել երկուսը. նոյեմբերի 24-ը՝ ՀՀ-ԵՄ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրոմը, եւ մարտի 16-ը՝ Արթուր Սարգսյանի, ՛՛Հաց Բերողի՛՛ մահը:

Առաջին իրադարձությունը կապված էր Հայաստանի արտաքին քաղաքականության հետ եւ դրա նշանակությունը մեզ համար կախված է լինելու նրանից, թե որքանով եւ երբ է այն դառնալու ներքին հայկական քաղաքականության օրակարգ: Երկրորդ իրադարձությունը կապված էր Հայաստանի ներքին քաղաքականության հետ, բայց դրա նշանակությունը եւ արժեքը կախված են նրանից, թե երբ եւ ինչպես է այն դառնալու Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ:

Պարզաբանելուց առաջ հիշեցնեմ, որ 2018 թ. Հայաստանը նշելու է իր նորագույն պատմության երկու կարեւորագույն տարեթվերը՝ Առաջին հանրապետության 100-ամյակը եւ Արցախյան շարժման 30-ամյակը: Ու թեեւ երկրորդ իրադարձության բազմաթիվ մասնակիցներն ու միլիոնավոր ականատեսները դեռ ողջ են, զարմանալի եւ զավեշտալի կերպով 1988-ը թվում է շատերին նույնքան հեռավոր ու համարյա անիրական, որքան էլ 1918-ի մեր կարճատեւ անկախության հերոսական ու ողբերգական պատմությունը:

Պահանջվեցին 1996 թ. սեպտեմբերի առաջին կեղծված նախագահական ընտրությունները եւ իշխանության առաջին բախումը ընդվզած ազգի հետ, պահանջվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի սպանդը եւ պետական հեղաշրջումը, 2008 թ. մարտի 1-ի կոտորածը, պահանջվեցին անթիվ ու անվերջ կեղծիքներն ու ահաբեկչությունները, բանակի ու ոստիկանության բիրտ ուժի կիրառումը, որպեսզի 30 տարի առաջ սովետական հզոր վիշապին մարտահրավեր նետած եւ միլիոնավոր հոգիներով միավորված հայ ժողովուրդը հասցվեր անվստահության, անհավատության եւ անտարբերության այսօրվա աստիճանի: Սա հայոց երեք իշխանությունների ծանրագույն պետական հանցագործությունն է մեր ազգային պատմության մեջ:

Անդրադառնալով ԵՄ-ՀՀ պայմանագրին, պետք է համառորեն եւ համբերատար բացատրել ազգաբնակչությանը, որ այն նշանակում է մեր գլխին խաղացած խաղի ավարտը եւ ապրելու ու պայքարելու բոլորովին այլ, նոր կանոնները: Ի՞նչ է տալիս հայ ժողովրդին եվրոպական կողմնորոշումը, որը թեեւ զգուշորեն ու թույլ, բայց սկսում է ներթափանցել մեր կյանքի մեջ՝ այդ հաճախ կրկնվող հարցի պատասխանը կարճ է՝ ժողովրդավարություն:

Ավաղ, խոսքն այս հավանաբար ամենավարկաբեկվածն է եւ խեղաթյուրվածը այս տարիների ընթացքւոմ, արժեզրկված եւ իմաստազրկված: Սակայն չկա ավելի ճիշտ եւ ամփոփ բացատրություն, թե որն է մեր կյանքի ու պայքարի հիմնական նպատակը եւ միջոցը: Իշխանությունը Հայաստանում պետք է վերադարձվի ժողովրդին՝ ազատ ու արդար ընտրությունների միջոցով, ազատ ու անաչառ մամուլի օգնությամբ, իշխանության թեվերի բաժանման ու հաշվետվության պայմանով եւ մշտական հասարակական վերահսկողության տակ: Սա է ժողովրդավարության իրական իմաստը, սա է մեր միակ ճանապարհը: Այդ գործընթացի կարեւորագույն խոչընդոտը՝ ռուսական գաղութային լուծը այս օրերին մահացու քաղաքական ու տնտեսական հարվածներ է ստանում միջազգային ասպարեզում եւ անխուսափելիորեն հեռանալու է մեր երկրից, այնպես, ինչպես հեռացել էր 1918-ին եւ 1991-ին: Լուրջ հիմքեր կան համարելու, որ այս երրորդ անգամ այն հեռանալու է անվերադարձ: Դրա հետ միասին հեռանալու է ռսական բիրտ ուժին մշտապես ապավինող եւ սեփական թալանն ու հանցագործությունը զավթիչների սվիններով պաշտպանող տեղական իշխանական դասը: Արեւմուտքը ապահովելու է արդարության եւ ազատության արտաքին անհրաժեշտ պայմանները: Սակայն մնացած աշխատանքը, եւ նախեւառաջ հասարակության մաքրազերծումը դարավոր ստրկությունից պետք է կատարի հայ ժողովուրդն ինքնուրույն:

Եւ այս առումով եվրոպացման տեսլականը ներքին հայկական օրակարգի վերածելու համար մենք պետք է որ անդրադառնանք 2017 թ. երկրորդ կարեւորագույն իրադարձությանը, որը պայմանականորեն առաջարկում եմ անվանել ՛՛Հաց Բերողի Ցուցակ՛՛ ՝ հանրահայտ ՛՛Սերգեյ Մագնիցկու ցուցակի՛՛ հետ ուղիղ համեմատական դնելով:

Եթե Մագնիցկու ցուցակը ԱՄՆ Կոնգրեսի եւ ռուս ընդդիմադիրների համատեղ ջանքերով դառձել է պուծինիզմի վարակը ախտորոշելու եւ վիրահատական միջոցներով վերացնելու սուր ու արդյունավետ գործիք, ապա Հայաստանում նույն անհրաժեշտ գործընթացը սկսելու համար չկա ավելի ճիշտ եւ ընդունելի գաղափար, քան ՛՛Հաց բերողի ցուցակը՛՛: Հավանաբար կհամաձայնվեք, որ Արթուր Սարգսյանի ազնվաբարո քայլը եւ իշխող համակարգի պատասխան հանցավոր գործողությունները, որոնք առաջացրեցին Արթուր Սարգսյանի բողոքի հացադուլն ու մահը, աննախադեպ արձագանք, համերաշխություն եւ միասնություն արդնացրեցին հայ հասարակության շրջանում:  Հայոց ընդդիմության եւ առաջադեմ հասարակության պարտքն է կազմել, շտկել եւ ներկայացնել միջազգային ատյաններին ՛՛Հաց բերողի՛՛ մահվան մեջ մեղադրվող պաշտոնյաների ցուցակը, որպես մեր երկրի ինքնամաքրման եւ ժողովրդավարացման անհրաժեշտ ու կարեւոր առաջին քայլ: ՛՛Հաց բերողի ցուցակը՛՛ ՝ մարտահրավեր է հետխորհրդային չեկիստական ու նեոբոլշեւիկյան հանցավոր համակարգին, որն արմատախիլ պետք է արվի մեր Հայրենիքից: Դա ամենաքիչն է, ինչ պարտավոր է անի հայ հասարակությունը Արթուր Սարգսյանի հիշատակի ու պատվի համար: Ահա ինչու այդ ներքին խնդիրը պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության չափանիշ, իբրեւ քաղաքակիրթ աշխարհի ընտանիքին միանալու Հայաստանի երաշխիքն ու այցետոմսը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply