ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ

0

Մեր տվյալներով մի խումբ Սփյուռքում բնակվող հայրենակիցներ պատրաստվում են մոտ օրերս շրջանառության մեջ դնել ՛՛Հայաստանի Սեւ Ցուցակ՛՛ անվանումով համացանցային մի կայք, որը կենտրոնացնելու եւ հրապարակելու է տեղեկություններ ՀՀ ներկայիս եւ նախկին այն պաշտոնյաների մասին, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել ՀՀ քաղաքացիների եւ պետության դեմ:

Առաջին փուլում օգտագործվելու են մամուլի հրապարակումները, քաղաքացիների վկայությունները, տեսաձայնագրությունները եւ փաստաթղթեր հանցագործ պաշտոնյաների, պատգամավորների, ինչպես նաեւ ոստիկանության, հատուկ ծառայությունների, մաքսային եւ հարկային, կադաստրային եւ այլ համակարգում աշխատող հանցավոր անձանց եւ նրանց ընտանիքների անդամների մասին՝ անուն-ազգանուններով, լուսանկարներով, տեսագրություններով, տան հասցեներով, աշխատանքի եւ ուսման վայրերով, սեփականության մասին տվյալներով:

Երկրորդ փուլում իրականացվելու է փաստահավաք ՀՀ քաղաքացիներից եւ Սփյուռքի մեր ազգակիցներից՝ դրամաշորթությունից, խարդախությունից, խոշտանգումնեից, կոռուպցիայից եւ այլ հանցանքներից տուժածների եւ ականատեսների, իրավապաշտպան կազմակերպությունների վկայություններով:

Երրորդ փուլում կազմակերպվելու է համագործակցություն միջազգային ատյանների եւ իրավապահ մարմինների հետ, հատկապես այն երկրներում, որտեղ պահվում են նշված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների բանկային ավանդներն ու հաշիվները: Միաժամանակ այդ երկրների հայկական համայնքների միջոցով ճնշում է կազմակերպվելու կառավարությունների եւ մասնավոր բանկերի ու ընկերությունների վրա անօրինական եւ հանցավոր եղանակով Հայաստանում դիզած եւ երկրից դուրս հանված գումարների. բանկային ավանդների սառեցման, անշարժ գույքի առգրավման, մուտքի վիզաներ եւ քաղաքացիություն չտրամադրելու կամ դրանցից զրկելու պահանջներով:

Չորրորդ փուլը գալու է Հայաստանում ազատ ընտրությունների անցկացման եւ ժողովրդավարության հաստատվելուց հետո, երբ հավաքված նյութերը փոխանցվելու են միաժամանակ միջազգային դատական ատյաններին եւ մեր երկրի օրինական իշխանություններին՝ համապատասխան քրեական գործեր հարուցելու, արտերկրում գտնվելու դեպքում նրանց վերադարձնելու եւ արդարությունը վերականգնելու նպատակով:

Նման ցուցակներ վաղուց արդեն կազմվում են եւ դրանց հիման վրա պատժամիջոցներ են կիրառվում մի շարք երկրների եւ առանձին անձանց կամ խմբերի նկատմամբ համաշխարհային ամենաբարձր մակարդակով: Հենց հիմա նման պատժամիջոցներ են գործում Ռուսաստանի տասնյակ պաշտոնյաների եւ տնտեսական կազմակերպությունների դեմ այսպես կոչված ՛՛Մագնիցկու ցուցակի՛՛, ՛՛Դիմա Յակովլեւի ցուցակի՛՛ հիման վրա, ՅՈՒԿՈՍ ընկերության դատավճռով եւ այլն: Նախադեպ արդեն կա նաեւ ՀՀ իրավական դաշտում ՝ ԱՄՆ դատարանը բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել ՀՀ նախկին բնապահպանության նախարար, ներկայումս ԱԺ բյոջետա-ֆինանսական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանի դեմ դրամաշորթության մեղադրանքով:

՛՛Հայաստանի Սեւ Ցուցակ՛՛ համացանցային կայքի հայտարարված նպատակն է համալրել այդ տեղեկատվական ռեսուրսները հանուն արդարության եւ ժողովրդավարության հաղթանակի:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply