ՀԱՅԵՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

0
Մեր հարազատ աբսուրդի թատրոնում տառասխալները երբեմն ավելի ճշգրիտ են բնութագրում իրականությունը քան թե գրական հայերենը: Օրինակ, ՛՛իշխանություն՛՛ բառում առաջին տառը դարձնելով ՛՛է՛՛ ես վաղուց արդեն տնտեսում եմ լիքը տեղ իմ գրառումներում, ինչպես նաեւ ընթերցողների ժամանակը, չվատնելով այն անիմաստ բացատրությունների եւ անօգուտ անեծքների վրա: Գրում ես ՛՛էշխանություն՛՛ ՝ եւ ամեն ինչ պարզ է: Ավելին, եթե պետք է բնութագրել ոչ թե կառավարման համակարգն այլ պետական կառուցվածքը, բավական է միայն մի գծիկ ավելացնել նույն խոսքի մեջ եւ ստացվում է սպառիչ պատկեր՝ ՛՛էշ-խանություն՛՛: Մի՞թե այս տառասխալն ավանդական ձեւից այսօր ավելի ճիշտ չէ:
Սակայն այս գրառումը վերաբերվում է ընդդիմությանը: Ընկերս արդարացիորեն գրեց վերջերս, որ Հայաստանի ռսական օկուպացման պայմաններում որեւե մեկը, ով օկուպացիայի վերացումը չի համարում առաջնահերթ խնդիր եւ այլ օրակարգ է առաջարկում, չի կարող համարվել ընդդիմություն: Ես արտատպեցի այդ մեջբորումը, մտածելով որ ընկերս սխալմամբ ՛՛ընդդիմություն՛՛ բառը մի ՛՛դ՛՛ տառով է գրել: Հետո հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է: Սրանք ընդդիմություն չեն: Ավելի ճիշտ կլիներ այս դեպքում էլ գծիկ օգտագործել, ընդգծելու նրանց իրական պատկերը՝ ՛՛ընդ-իմություն՛՛: Միայն ՛՛իմը՛՛, ՛՛ինձ՛՛, ՛՛իմոնք՛՛, սա է դրանց գերխնդիրը: Մեր երկրում, որտեղ միայն ծուռն է ուղիղ, քաղաքական քերականությունը պետք է ծառայի ճշմարտությանը: Մեր լեզուն, ճկուն ու բարբարոս, զզվում է ստից, խուսափում է կեղծիքից, տառասխալներով է պաշտպանվում փուչ պաթոսից: Ծռերի՞ն եք պաշտպանում: Վարուժանը պաշարված ՊՊԾ գնդում հանձնվելուց առաջ ասաց ամենակարեւորը՝ սա ազգային-ազատագրական պայքար է ռսական զավթիչների դեմ: Դա ասված էր ծանրագույն, ծայրահեղ, արյունոտ փորձ ու փորձանք ստանալուց հետո: Ժիրայրը բոլորովին վերջերս ասաց նույնը՝ պայքարը պետք է լինի օկուպացիոն համակարգի, ռսական զավթման դեմ: Նա ուղիղ նշեց նրա սպանությունը պատվիրած ուժը: Եւ ի՞նչ: Էլի կարծես ոչինչ չի պատահել, ոչ ոք ոչինչ չի լսել, չի տեսել, չի հասկացել: Կրկին ազգի ներուժը խուրդողները մանր-մունր կոմբինացիաներ են հյուսում, շուտասելուկի պես արտասանում են ՛՛ապագաղութացում՛՛ կարգախոսը եւ շտապում են անցնել սեփական օրակարգին: Իշխանափոխություն, սերժափոխություն, Բ26… Տղերք, դուք գոնե թերթեր կարդու՞մ եք մեկ-մեկ, բացի ծիլիվիզրի ծրագրից: Կամ գոնե նույն ծիլիվիզրի ռսական ալիքներով չե՞ք տեսնում, որ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՆ է ոտքի կանգնում Պուծինի դեմ: Գոնե մեկ անգամ պատմության մեջ Հայաստանը կարո՞ղ է լինել աշխարհի հետ: Թե՞ էլի միայն մենք ենք մեր սարերը: Միակ հիշատակումը Եւրոպայի մասին հրապարակի հարթակից եղավ հեգնանք ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու հասցեին: Իսկ այն, որ ԵՄ այդ նույն օրը իր դեսպանին Մոսկվայից հետ է կանչել՝ դա չե՞ք լսել: Ռսական ծիլիվիզրը չի՞ հայտնել: Չէ, դուք ընդդիմություն չեք դառնա: Եւ պետք էլ չէ: Մինչեւ որ Հայաստանը մնում է օկուպացված երկիր իսկ Օպերայում այլ հարցերով են հանրահավաքներ կազմակերպվում, մեզ ընդդիմություն պետք չէ: Մեզ Դիմադրություն է պետք: Ինչպես օկուպացված Ֆրանսիայում 40-ական թվականներին:
Դե Գոլը մարշալ Պետենի դեմ չեր կռվում: Նա կռվում էր Հիտլերի դեմ: Միսակ Մանուշյանին ոչ թե վիշիստները, այլ ֆաշիստներն էին գնդակահարել: Այդ պատճառով են դե Գոլն ու Մանուշյանը Ֆրանսիայի հերոսներ՝ Դիմադրության շարժման հերոսներ, այլ ոչ թե ընդդիմության դեմագոգներ: Ընդ-իմության:
Ու մի բան էլ: Տարօրինակ զուգադիպությամբ, հենց Սերժի ֆորմալ իշխանափոխության օրերին, երբ ՀՀ-ում առաջանում է իշխանական վակուում, կտրուկ մեծանում է ռուս-ադրբեջանական նոր հարձակման սպառնալիքը: Այդ մասին վկայում են ռսական նախապատրաստական քարոզարշավը, ադրբեջանական ԱԹՍ-երի հաճախակի դարձած թռիչքները եւ լայնածավալ զորավարժությունները, Ալիեւի նկռտումներն արդեն ոչ թե Արցախի, այլ Երեւանի վերաբերյալ… Այս ամենը չտեսնելը կամ միամտություն է, կամ էլ առնվազն չարամտություն: Նման իրավիճակում 40-ականների մեկ այլ իրական հերոս, Բրիտանիայի վարչապետ Չըրչիլը ասաց. ՛՛Եթե Հիտլերը հանկարծ հարձակվի դժոխքի վրա, ես պատրաստ եմ սատանայի հետ դաշինք կնքել Հիտլերի դեմ՛՛: Սա ասվել էր Ստալինի հետ Հիտլերի դեմ դաշինք կապելու առիթով: Մի քանի օր առաջ Բրիտանիայի ներկայիս արտգործնախարար Ջոնսոնն ուղիղ համամատել էր Պուծինին Հիտլերի հետ: Չեմ շարունակում զուգահեռը, հիշելով, թե ում են ասում դուզ խոսքը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply