ՀԱՅԸ, ՀԱՅԵԼԻՆ ՈՒ ԿԱՊԻԿԸ

1

Միլիոն տարի պահանջվեց, որպեսզի կապիկը վերածվի մարդանման մի կենդանու: Հաշված տարիներ ու ամիսներ պահանջվեցին մարդկանց ու ազգերը կապիկների վերածելու համար:

«Հայ» անվանումը որոշ լեզվաբանները կապում են «հայացք, աչք, ակն» հնդեւրոպական արմատների հետ, որոնք համարյա անփոփոխ պահպանվել են անգլերենում՝ «այ», ֆրանսերենում՝ «էօյ», իսպաներեն «օյօ» բառերով: Նույն արմատից են հայերեն «հայացք, հայելի» բառերը: Ըստ այդ տեսության «հայ» նշանակում էր «մեծաչյա»:  Հայերը` աշխարհի հայելին էին:

Հայերի երկիր Հայքը կամ նույն ինքը՝ Արարատյան թագավորությունը ստեղծվել էր շուրջ հինգ հազար տարի առաջ՝ Բաբելոնի, Ասորեստանի, ապա սկյութների դեմ պայքարում: Հռոմեական ու Պարթեւական կայսրությունները թրով ու կրակով դարբնեցին հայ ազգի դիմացկուն, համառ ու հպարտ ոգին: Մեզ ձեւավորում էին ոչ միայն հաղթանակներն այլ նաեւ մեր պարտությունները: Ինչ-որ իմաստով մենք արտացոլում էինք մեր թշնամիներին եւ մենք էլ էինք արտացոլվում նրանց մեջ: Իզուր չէր կայսերական Հռոմը պարբերաբար տպում իր ոսկեդրամների վրա՝ «Armenia Capta», այսինքն «զավթած Հայք»: Նույն պարբերությամբ հայերն ապստամբում եւ ազատագրվում էին լծից: Մեր ոսոխներն արժանի էին հարգանքի՝ առավել պատվաբեր էին մեր հաղթանակները:

Սա մեր պատմությունն է: Բայց ի՞նչ առնչություն ունենք մենք այսօր այդ անցյալին: Ներկայիս ՀՀ եւ նրա բնակչությունը բոլորովին այլ հանգամանքների, ուժերի ու թուլությունների արդյունք են: Մենք մասամբ թրքական, մասամբ էլ սովետական ստրկատիրությունների փշրանքներն ու ավերակներ ենք, որոնք պահպանեցին երկուսի ամենավատ ու խայտառակ դիմագծերը: Դա միայն մեր հատկությունը չէ: Ասենք, ի՞նչ առնչություն ունեն ժամանակակից Եգիպտոսի արաբները փարավոնների ու բուրգերի եգիպտացիներին: Բացարձակապես ոչ մի կապ, բացի տարածքից: Ի՞նչն է միավորում Սոկրատեսի եւ Մակեդոնացու ժամանակի հույներին այսօրվա Հունաստանի հետ: Գրեթե ոչ մի բան, բացի անունից: Ի՞նչն է Հայկ Նահապետի կամ Տիգրան Մեծի հպատակ հայերին նմանեցնում ՀՀ քաղաքացիներին, էլ չեմ ասում իշխանավորներին: Ոչինչ:

Մենք այլեւս աշխարհի հայելին չենք, ավելի ճիշտ` մենք մեր նախկին ու ներկայիս տերերի կապիկներն ենք: Այլ կերպ, քան կապիկություն դժվար է բնութագրել ՀՀ համակարգը եւ նրա ծաղրանկարային նմանությունը այսօրվա Ռուսաստանին:

Մոսկվայում իշխում է չեկիստներից ու գողերից համաձուլված գռեհիկ մի բռնակալություն. Երեւանում էլ է ղեկավարում ԿԳԲ- կոմկուս-կոմսոմոլ մի ավազակախումբ, զարդարված գողական մականուններով քրեական հեղինակություններով: Մոսկվան վերջնականապես նմանվեց ոստիկանական համակենտրոնացման ճամբարի՝ Երեւանն էլ ամբողջացրեց ոստիկանապետության իր համբավը: Մոսկվան դարձրեց Ռուսաստանի ամբողջ ունեցվածքը մի խումբ անկուշտ սրիկաների մենաշնորհ՝ Երեւանը կրկնօրինակեց նույն «տնտեսական մոդելը»: Մոսկվան տրամադրում է քաղաքներ ու հանրապետություններ իրեն հավատարիմ ավազակների ամբողջական անտերությանը. Երեւանը հաճույքով բաժանում է քաղաքներն ու մարզերը իր նոքյարներին: Մոսկվան բռնաբարել ու խրտվիլակ է դարձրել բոլոր քաղաքական կուսակցությունները, Երեւանում նման քաղաքականություն որդեգրվել էր գրեթե ՀՀ-ն հիմնադրվելու ամենավաղ շրջանից: Մոսկվայում ծեծում ու սպանում են այլախոհներին. Երեւանը անմիջապես հետեւեց այդ օրինակի: Մոսկվան տասից-քսան տարով բանտարկում է մտավորականներին դիմադրության համար, ազատ արձակելով իրական ծանր հանցագործներին. Երեւանը մեծ պատրաստակամությամբ պատճենահանում է նույն ոճը՝ մարդասպաններն ու գողերը նոր պաշտոններ են ստանում, իսկ բողոքի ձայն բարձրացնողները տասնամյակներով փակվում են բանտերում:

Կապիկությունը սկսվում ու վերջանում է գաղափարախոսության եւ «զանգվածային մշակույթի» ոլորտում: ՀՀ հեռուստաալիքները անգամ մանրուքներում են կապկում ռուսական հեռուստակոյուղին: Այստեղ կան տեղական «Մալախովներ», տեղական «Կիսելյովներ», այստեղ առանց խորշելու հենց ռուսերեն խաղում են «Չտո, գդե, կոգդա», իսկ կրեմլապաշտ ԿՎՆ-ի ծաղրածուները պետական պաշտոններ են ստանում:

Սա Հայք չէ, սա անգամ Հայաստան էլ չէ այլեւս: Ինչպես ասում է հայոց վերջին իրական ու մեծ ծաղրածու Սերգեյ Դանիելյանը, սա «հը-հը» է: 1917-1990 թթ. արտադրության նախկին սովետական տարածք, որն այդպես էլ մնում է նախկին եւ սովետական` հրաժարվելով որեւէ այլ բան լինելուց: Այստեղ պաղպաղակի վրա դեռ գրում են СССР, այստեղ տաքսիներում եւ ոստիկանների առանձնասենյակներում ռուսական դրոշակներ են կախված, այստեղ ռեստորաններում ու հարսանիքներում ռուսական շանսոն են պատվիրում: Այստեղ կաշառակեր դպրոցի տնօրենին ուսուցիչները ծափաողջույններով են հետ ընդունում, այստեղ մեր երկիրը Ռուսաստանին վաճառած նախագահները դեռ հեռու գնացող քաղաքական ծրագրեր են մշակում:

Այս կապիկությունը շուտով ընդհատվելու է, երբ հեռացնեն գլխավոր որձին, սակայն ոհմակը մնալու է եւ ուրեմն կապիկությունը որոշ ընդհատումից հետո կշարունակվի նոր թափով: Հեռացնել Պուծինին դեռ չի նշանակում հեռացնել պուծինիզմը: Պուծինին ստեղծել են պուծինիստները, ստալինիստները, որոնք ատում են Ազատությունն ու Արժանապատվությունը` իրենց բազմամիլիոնավոր ստրկամիտ ու անարժան ոհմակով:

Նույնն էլ այստեղ է՝ հեռացնել Սերժին անհրաժեշտ է ոչ թե Բաղրամյան 26-ից, այլ մեզնից, յուրաքանչյուրիցս, որտեղ ամեն մեկիս ներսում նստած է նման մի փոքր ու ագահ «նախագահ», ով ուզում է դառնալ մեծ եւ խժռել, վայելել, վրեժ լուծել, նվաստացնելով ու ստրկացնելով ուրիշներին: Վերացնել պուծինին ու սերժին պետք է նախ եւ առաջ մեր մեջ, այլապես նրանք կրկին ու կրկին վերարտադրվելու են անգամ առանց որեւէ «սահմանադրական բարեփոխումների» եւ ընտրական կեղծիքների: Մենք տեսանք, ինչ հեշտ ու արագ են մարդիկ վերածվում կապիկների: Հակառակ գործընթացը դժվար ու երկար է՝ միլիոն տարի է պահանջվելու: Մեր պատմության հինգ հազար տարին չի հերիքի, որ կապիկից կրկին մարդ դառնանք:

Share.

About Author

Tigran Khzmalyan

1 Comment

  1. George Georgian on

    Tigran khzmalyan Դուք շատ կիրթ ու հրոշալի շաղկապով նկարագրել եք՝ Ձեզ՛։ Մեղկս եք գալիս՝իրոք՛։

Leave A Reply