ՀԱՅԻ ԽԵԼՔԸ ՌՍԻ ՍԱՊՈԳԻ ՈՒ «ԵՎՐՈՍԵՔՍԻ» ԱՐԱՆՔՈՒՄ

0

norhayastanԹե ինչ բան է հայի խելքը` հաստատում է մեր լեզուն, ճկուն ու բարբարոս: Ինչ բան է ռսի սապոգը` մենք ազգովի ուսումնասիրել ենք շուրջ երկու դար` սկսած Պասկեւիչի օրհնած ոտքից մինչեւ Պերմյակովի արյունոտ հետքերը: Իսկ ինչ բան է «եվրոսեքսը»` դա մեզ պետք է բացատրի Աշոտ Մանուչարյանը, ով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի հետ իր մերձեցումը պայմանավորեց այդ չարաբաստիկ «եվրոսեքսով չզբաղվելով»: Եթե Մանուչարյանը որոշել է հենց սեռական բնույթի բնորոշումներով նկարագրել Հայաստանի քաղաքական անցուդարձը, ապա մեր երկրի ու ժողովրդի իրավիճակի միակ ճշգրիտ բնութագիրն է բռնաբարությունը, որն իրականացվում է ամենացինիկ եւ գռեհիկ կերպով ռուսական վերաձեւած կայսրության կողմից եւ նրա տեղական գործակալների ջանքերով: Հայաստանի ազգային անվտանգությունը, պետական անկախությունը, ընդերքը, արդյունաբերության առանցքային գործարանները, կապը, էներգետիկան, գազամուղը զավթված են Գազպրոմի, Ռոսնեֆտի,ՎՏԲ-ի եւ ռուսական ԿԳԲ-ի այլ ստորաբաժանումներով: Մեր պետական սահմանի վրա ռուսական հատուկ ծառայությունն է իրականցնում մուտքի-ելքի վերահսկողությունը, մեր ազգային ազատագրական պայքարին Արցախում խոչընդոտող եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ու թրքական ոտնձգություններին անհաղորդ ու անտարբեր ռուսական զորամիավորումն է ապահովում ռուսական գաղութային իշխանությունն իր 102-րդ ռազմաբազայի միջոցով:
Եվ այս իրավիճակում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին կոմերիտական առաջնորդ ու ներկայումս քրիստոնեության կրքոտ քարոզիչ Աշոտ Մանուչարյանն է սարսափում ինչ-որ անհայտ ու զավեշտալի «եվրոսեքսից»… Ամոթ չլինի հարցնել` այդ «եվրոսեքսի»՞, թե՞ ռուս-թրքական խմբակային բռնաբարության միջոցով էին Լենինն ու Աթաթյուրքը ոչնչացրել մեր Առաջին Հանրապետությունը եւ զավթել Արեւմտյան Հայաստանը: Որն, ի դեպ, հենց ԱՄՆ ու Եվրոպան էին ճանաչել իբրեւ անկախ պետություն 170,000 քառ. կմ տարածքով… Թե՞ Արցախն ու Նախիջեւանը «եվրոսեքսի» միջոցով է Մոսկվան հանձնվել Բաքվին 1921-ին: Ինչպես նաեւ Գետաշենն ու Շահումյանը 1992-ին` արդեն Ձեր իշխանության օրոք, մեծապատիվ Աշոտ Մանուչարյան: Իսկ հայ ազգի սերուցքը` Չարենցից, Զաբելից, Բակունցից մինչեւ Սեւակ ու Մինաս ո՞վ է ոչնչացրել` Ձեր բոլշեւիկ ուսուցիցչնե՞րը, թե՞ նույնպես «եվրոսեքսը»: Սեքսը` սեռ է եւ սեր, իսկ Ձեր քարոզածը` սպանություն է եւ բռնաբարություն, Աշոտ:
Սակայն ես չեմ պատրաստվում գաղափարական վեճի բռնվել Աշոտ Մանուչարյանի հետ: Ինձ այս ամեն ինչում հուզում է այլ բան` իմ լավ բարեկամ, հրաշալի հայուհի Ռուզան Եղնուկյանի հանդեպ ոստիկանական բռնության հանգամանքները: Ահա որտեղ է խաչվում Աշոտ Մանուչարյանի քարոզն ու առաջարկը Ժիրայր Սեֆիլյանին մեր գռեհիկ իրականության հետ: Բանն այն է, որ կանանց ու պատանիների դեմ ոստիկանական կատաղի հարձակումները Հայաստանում արդյունք են հենց ռուսական գաղութատիրության ուղիղ հրահանգների եւ ազդեցության: Քանի դեռ Եվրոպան եւ ԱՄՆ փորձում են դրամաշնորհով ու հոգեփրկիչ քարոզներով մեղմել այս վայրենիների բարքն ու վարքը, Ռուսաստանը բիրտ ուժով ու շանտաժով հասնում է իր ուզածին, ծիծաղելով Արեւմուտքի մեղմության ու միամտության վրա եւ անվանելով այն «եվրոսեքս»:
Ես ուզում եմ պարզ մի հարց տալ Ժիրայր Սեֆիլյանին` ո՞վ է պաշտպանել նրան եւ ստիպել ՀՀ ծախված դատական համակարգին փոխհատուցել նրա անօրինական բանտարկությունը 2006-2008 թթ.` Ռուսաստա՞նը: Ոչ` Եվրոպական դատարանը: Ո՞վ է ստիպել ազատ արձակել 2014 թ. կրկին ձերբակալված Ժիրայրին եւ «նախախորհրդարանի» մի քանի այլ անդամների: Ռուս դեսպա՞նը: Ոչ` Արեւմտյան իրավապաշտպան կազմակերպությունների ճնշումը, այն էլ Սերժ Սարգսյանի արեւմտյան շրջագայության նախօրեին: Ո՞վ է այսօր Գեվորգ Սաֆարյանի եւ այլ քաղբանտարկյալմերի հարցը բարձրացնում ՀՀ իշխանությունների առաջ` կրկին ԵՄ ներկայացուցիչը: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ դուք «Նոր Հայաստանի» ամբիոնից շարունակում եք հենց Արեւմուտքին ուղղել ձեր դժգոհությունը, ինչպես վերջերս արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ մի խոսք չասելով այն իրական պատժիչ ու զավթիչ ուժի հասցեին, որի ներկայացուցիչը, հանձինս «Գրիբոեդովի ակումբի» անդամ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի ձեւավորում է ձեր քաղաքական օրակարգը:
Ես դեր 2014 թվականին իմ անհամաձայնությունն եմ հայտնել ձեր քաղաքական ընտրությանը, կայսերական գաղութացման հանդեպ ձեր խուսափողական վերաբերմունքին, ուկրաինական պայքարի վերաբերյալ ձեր երկիմաստ դիրքորոշմանը: Հեռանալով «նախախորհրդարանից» հենց այս գաղափարական տարաձայնությունների պատճառով, ես դառնությամբ էի հետեւում հետագա զարգացումներին` սկսած «Եղեռնի հարյուրամյակի օրը իշխանափոխության» անպատասխանատու կարգախոսից, մինչեւ բերձորյան ջարդի ողբերգական սխալներով լի մարտավարությունը: Սակայն ամենասարսափելին այն է, որ սխալներից ոչ մի հետեւանք չի արվել եւ այս օրերին նույն «բերձորյան ոճով» ոստիկանական վայրենությանը զոհաբերվում են անպաշտպան կանայք եւ պատանիներ, նրանց թվում իմ սիրելի ու հարգելի Ռուզան Եղնուկյանը, հինգ զավակի մայր, բարի ու խիզախ ընկերս:
Նրան ոտի տակ են գցել ճիշտ այն ոճով, որն ընդունված է այսօր Ռուսաստանում, որտեղ այլախոհներին ծեծում ու սպանում են փողոցներում, հեգնելով նրանց հեռուստատեսությամբ եւ «նամուս» ու «ադաթ» սովորեցնելով: Պարզ է, որ մարդու իրավունքները, քաղաքացիական անհնազանդությունը, ազատությունն ու արժանապատվությունը նրանց համար «եվրոսեքս» է: Եւ այս կնոջ անմեղ արյունը ստիպում է բոլորիս անկեղծ ու ազնիվ պատասխանել մի հարցի` ի՞նչ ենք մենք ուզում անել մեր երկրում, ի՞նչն ենք ուզում փոխել, ինչի՞ն հասնել: Արդյո՞ք Աշոտ Մանուչարյանի ռսամոլ գաղափարախոսության հետ մերձեցումն է հայ ընդդիմության եւ մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի վերջին հանգրվանը:
Եթե այդպես է, ասեք դա եւ այլեւս մոլորության մեջ մի գցեք այդ կանանց ու պատանիներին, որոնց վախեցնում են «եվրասեքսով», որպեսզի արդարացնեն բռնության ու բռնաբարության անցած տասնամյակները, որպեսզի ապահովեն դրա շարունակությունը ապագայում:
Մեր իրական ընտրությունը ոչ թե «եվրոսեքսի» ու ստրկության միջեւ է: Դա կեղծ օրակարգ է եւ այն մեզ փորձում են հրամեցնել ստրկության ու գաղութացման քարոզիչները: Մեր իրական ընտրությունն է` ազատությունը, սերը, անկախությունը: Դա անհնար է Կրեմլի ու ԿԳԲ-ի բանտախցում: Դա հնարավոր է միայն համամարդկային արժեքներն ընդունող Եվրոպական ազգերի ընտանիքում: Այլընտրանքը` այսօրվա դատարկվող, զավթված, գաղութացված, մեկուսացված Հայաստանն է: Կատարեք ձեր ընտրությունը, տիկնայք եւ պարոնայք: Եւ մի կեղծեք: Սա է հայի վերջին խելքը, այլ հնարավորություն չի լինի:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply