ՀԱՅՈՑ ԱՍՊԵՏԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

0

Հայաստանը կորցրեց իր ամենամեծ քաղաքացուն: Հաց Բերողի սիրտը չդիմացավ: Մարտի 16-ն առանց այն էլ սեւ օր էր հայոց օրացույցում, մեր Հայրենիքի բաժանման օր է թրքերի եւ ռսների մեջ, եւ Արթուր Սարգսյանն անգամ իր մահով չավելացրեց ազգիս սգո օրերը, նա հեռացավ նույն համեստությամբ ու լռությամբ, ինչպես եւ ապրում էր: Փոքրամարմին, ծանր հիվանդ, բառացիորեն ծռված այս մարդն իր կյանքի վերջին տարում արժանացավ մեր ողջ ազգի բացարձակ սիրո ու հարգանքի այն աստիճանի, որ հայոց լեզվի ու պատմության մեջ այսուհետ հավերժ կմնա Հաց Բերողի նրա անունն ու կերպարը: Կարծում եմ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ աշխարհի ոչ մի այլ ազգ չունի այսօր մեկին, ով այդպիսի անվերապահ ու անսահման հեղինակություն ունենար իր երկրում: Այսօրվանից մենք էլ չունենք: Անգամ Մոնթեն ու Լեոնիդը ՝ մեկ ազգի զինվորներ էին: Անգամ Սախարովը քավում էր ռումբի գյուտարարի իր մեղքը: Անգամ Հռոմի պապն ու Դալայ Լաման են սահմանափակված նրանց հավատացյալներով: Հաց Բերողը աշխարհում եզակի համամարդկային կերպար է:
Ի՞նչ էր արել Արթուր Սարգսյանը: Ո՞վ էր նա, ի վերջո: Ինչպե՞ս եւ ինչ բացատրենք զարմացած աշխարհին: Արթուրը մարմնավորեց մարդկության գերագույն արժանիքն ու առաքինությունը՝ մարդասիրությունն ու անձնուրացությունը: Միաժամանակ նա լավագույն հայն է, ով փրկեց հայ ազգի պատիվն ու բարձրացրեց այն անհասանելի մակարդակի, սրբագրելով մեր, մնացածների ստրկամտությունն ու շահախնդրությունը:
Նա հաց ու ջուր բերեց պաշարվածներին, չունենալով ոչ քաղաքական, ոչ անձնական, ոչ ազգակցական կապեր նրանց հետ: Նա իր կյանքը վտանգելով բերեց հաց սովածներին եւ ջուր՝ ծառավներին: Եւ այս պարզ մարդկային արարքով նա նվաստացրեց, զրոյացրեց, բարոյապես ոչնչացրեց քաղաքական կեղծարարներին, փուչ առաջնորդներին, պիղծ հոգեւորականներին: Նա ազատության դաս տվեց ողջ ազգին: Որովհետեւ ազատությունը՝ վախի ու ստի բացակայությունն է: Նա ամենազատ հայն էր Հայաստանում, ահա ինչու էին նրան բանտարկել, այն էլ երկու անգամ, ահա ինչու էր նա այդքան վտանգավոր:
Նրա մահը՝ դատավճիռ է նրա դահիճներին: Պատահածի ողջ լրջությունը դեռ ոչ ոք չի հասկացել: Թվում է, որ ոչինչ չի փոխվելու՝ գողերը շարունակելու են գողանալ, պոռնիկները շարունակելու են վաճառվել, դատարկախոսները շարունակելու են ստել: Սակայն կատարվեց մի կարեւորագույն բան՝ Հայաստանում այսօր նահատակվեց եւ այսպիսով ծնվեց հավերժության համար մի իրական հերոս, իսկական ասպետ, Հայ մարդը, ինչպիսին որ նա պետք է լինի: Այդ հացը՝ նրա մարմինն է, այդ ջուրը՝ նրա արյունը: Նա հաց բերեց մեզ բոլորիս: Իր մահով նա ինքը հաց դարձավ՝ մեր հոգեւոր հացը: Մեր ապագա ազատության դառը եւ քաղցր հացը: Ներիր մեզ, Եղբայր…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply