ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՌՈՒՍՈՒԼՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

1

Ազգն, ինչպես եւ անհատը, ունի իր «անամնեզը»` հիվանդության պատմությունը: Մեր ազգային հիվանդությունների թվում է երկդարյա անվերապահ, անպատասխան եւ սովորաբար անշնորհակալ սերն առ ռուսներն եւ հատկապես ռուսական պետությունը:

Երեւի «սեր» բառն այստեղ տեղին չէ՝ խոսքը գրեթե անբացատրելի կրքի եւ համարյա կրոնական մոլեռանդության մասին է: Հենց այս հանգամանքը վերջին երկու տարում կոչվեց «ռուսուլմանություն» դիպուկ խոսքով: Ռուսուլմանությունը պետք չէ շփոթել քաղաքական ռուսամետության հետ, ինչը բնորոշ է սերբերին, բուլղարներին, հույներին: Այն չի կարելի ոչ մի դեպքում խառնել նաեւ ռուս մշակույթի, գրականության ու արվեստի հանդեպ տածած հարգանքի հետ, որի հավատարիմ կրողն եմ նաեւ ես, խոնարհս, ի թիվ բազմաթիվ այլ մարդկանց: Ռուսուլմանությունը՝ հոգեբանական բարդույթ է, պաշտամունք եւ հավատք, որը չի ենթարկվում տրամաբանական բացատրության եւ չի հանդուրժում պատմական քննադատություն: Ռուսուլմանությունը կրոն է, որի մարգարեները փոփոխվում են Ռուսաստանի քաղաքական կարգավիճակի հետ միասին եւ տատանվում են ռուս ցարից մինչեւ արքայասպան Լենին, մարդասպան Ստալինից մինչեւ հակաստալինիստ Խրուշչով կամ ներկայիս ստալինիստ Պուտինը:

Եթե «իսլամ» բառը արաբերեն նշանակում է «հնազանդություն», ապա հայոց ռուսուլմանությունը նշանակում է հնազանդություն եւ հավատարմություն Ռուսաստանի հանդեպ, անկախ հայ ազգային շահերից եւ մարդկային բանականությունից: Հայոց ռուսուլմանությունը միաժամանակ ուղղափառ է եւ առաքելական: Ուղղափառ է, քանի որ ուղղափառ է Ռուսաստանը, իսկ առաքելական է, քանզի յուրաքանչյուր հայազգի ռուսուլմանը հանդիսանում է նաեւ ռուսուլմանության առաքյալ եւ տարածող: Հայ առաքելական ռուսուլմանության խորհրդանիշն է ռսի օրհնված ոտքը: Որպես կարգախոս օգտագործվում է պարզ գաղափար՝ «Այն, ինչ լավ է Ռուսաստանի համար՝ լավ է նաեւ Հայաստանի համար, իսկ եթե դա լավ չէ Ռուսաստանի համար, ուրեմն ավելի վատ է Հայաստանի համար»:

Այդ գաղափարախոսության վառ օրինակներն ու կրողն էին հայ բոլշեւիկները, որոնցից Լեւոն Կարախանը մտավ պատմության մեջ հիշարժան հայտնությամբ այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի զոհաբերել իրեն ամբողջությամբ, եթե դա անհրաժեշտ է համաշխարհային պրոլետարական հեղափոխությանը: Հայ բոլշեւիկն, իհարկե, ոչ թե գյուտ էր անում, այլ պարզապես կրկնում էր իր կնքահայր Լենինին. «Մենք ժամանակավորապես զոհաբերում ենք հայ աշխատավորության շահերը համաշխարհային հեղափոխության շահերին… Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար կռվել որևէ մեկի դեմ, հատկապես՝ Քեմալի»: (Armenia. Political and Ethnic Boundaries. 1878-1948. Anita L.P.Burdett (ed.). Archive Editions, 1998. P.654-656 (Յու.Բարսեղով գրքում՝ էջ 336-338):

Այսուհանդերձ, ռուսուլմանության հիմնական աղոթքն ու քարոզը մեկ դար շարունակ մնում է «առանց ռսի մեզ թուրքը մյուս օրը կմորթի» հայտնի արտահայտությունը: Որեւէ առարկություն չի ընդունվում, քննարկման ու պատմական վերլուծության առաջարկները մերժվում են: Կրոնը ապացույցների կարիքը չունի: Անիմաստ է հիշեցնել ռուսուլմաններին, որ հենց ռսներն էին 1915-17թթ. հանձնել թրքերին նաեւ հայ կամավորների արյամբ նվաճված Կարինը, Վանը, Մուշն ու Կարսը., Կովկասյան ճակատում «անհասկանալի» ու դավաճանական նահանջների ու տեղաշարժերի ընթացքում, միաժամանակ պատրաստելով «եփրատյան կազակների» ներգաղթն ամայացած հայկական տարածքներ: Կամ մատնանշել ռուս-թրքական 1921 թ. Մոսկովյան պայմանագիրը, որով Արեւմտյան Հայաստանը տրվում էր Թուրքիային: Կամ նույն թվի հուլիսի ստալինյան հրամանը Ադրբեջանին հանձնել Արցախը, Նախիջեւանն ու Զանգեզուրը: Կամ սովետական բանակի եռօրյա հանցավոր անգործությունը Սումգաիթում ու Բաքվում 1988-1990 թթ. Հայկական ջարդերի ժամանակ: Կամ ռուսական բանակի հակահայկական արշավը եւ Գետաշենի ու Շահումյանի գրավումը հօգուտ Ադրբեջանի 1992 թվականի հունիսին: Կամ հակաելցինյան դավադրության ղեկավարներ Խասբուլաթովի ու Ռուցկոյի համաձայնությունը, տրված Թուրքիայի վարչապետ Չիլլերին նույն 1992 թ. սեպտեմբերին՝ Մոսկվայում խորհրդարանական ապստամբության հաջողության դեպքում Հայաստանի վրա թրքական զորքի հարձակմանը չխոչընդոտելու մասին, որը կասեցրեց միայն ԱՄՆ միջամտությունը: Կամ Պուծինի կողմից վերջին տարիներին բազմամիլիարդանոց մահաբեր արդիական զենքի վաճառքը Բաքվին՝ «ռազմավարական դաշնակից» Հայաստանի դեմ: Կամ Գյումրվա ռուսական ռազմակայանի մռայլ ու զավեշտական դերը Հայաստանում, որի խորհրդանիշն է դարձել յոթ անմեղ հայերի սպանությունը 2015-ի հունվարին: Անիմաստ է:

Ռուսաստանը քաղցր է, ինչպես հայ խոպանչու կուսությունը տարած անմոռանալի Նատաշան, եւ դրա հետ ոչ մի բան անել հնարավոր չէ: Վերջերս իմ «Հայոց թագուհիներ» ֆիլմում հատուկ անդրադարձել էի հայկական կինոյում կանանց կերպարներին: Պարզվեց, որ հայկական ֆիլմերի գրեթե բոլոր սիրո արժանացած հերոսուհիները… ռուս են: Ռուս է «Եռանկյունու» դարբինների ճաշակը ապշեցրած տեքստիլի «ճաշարանը աման» լվացող աղջիկը: Ռուս է «Կտոր մը երկնքի» թեթեւաբարո Անժելը: Ռուս է «հարսնացուն Հյուսիսից»: Այն էլ ոչ միայն ռուս, այլ «ոսկի, ոսկի՜…» Եւ այսպես շարունակ:

Այս կապակցությամբ ես միայն մեկ հարց եմ ուզում տալ ռուսուլման հայերին, որոնք անշրջելի են իրենց քաղաքա-սեռական պաշտամունքներում: Գիտակցո՞ւմ եք դուք, արդյոք, որ «մղձավանջային» Թուրքիան, որտեղի շուկաներն ու ծովափերը դուք ոտնատակ եք արել, շատ շուտով կարող է քայքայվել, տրոհվել եւ բաժանվել անհավասար մասերի, որի արեւելյան կտորը հաստատ մնալու է արդեն քառասուն տարի ապստամբած քրդերին: Եւ այդ դեպքում ի՞նչ են անելու ռուս սահմանապահներն արդեն ոչ թե հայ-թրքական, այլ հայ-քրդական սահմանի վրա:

Share.

About Author

Tigran Khzmalyan

1 Comment

Leave A Reply