ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՍԽԱԼԸ

0

ՀՀ չորրորդ նախագահի նշանակմամբ ավարտվում է երկրում նախագահական իշխանության համակարգի ժամանակաշրջանը, ուստի տեղին է ամփոփել երեք նախագահների գործունեության ու ժառանգության նախնական արդյունքները:

Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ճակատագրի սկիզբը երանելի էր եւ խոստումնալից. քիչ գործիչներին են բաժին հասնում պետությունը հիմնադրելու, անկախությունը հռչակելու եւ ծանրագույն պատերազմում հաղթելու դափնիները, որոնք, լինելով համազգային սխրանքի ու ջանքի արդյունք, այնուամենայնիվ, կապվում են առաջին նախագահի անվան հետ: Ավաղ, նրան պատկանում են նաեւ գրեթե բոլոր համակարգային արատների եւ հետագա մեր դժբախտությունների ՛՛կնքահայրը՛՛ լինելու կասկածելի համբավը: Ընտրակեղծիքներ եւ ուժի կիրառում՝ սկզբից քաղաքական հակառակորդների, ապա եւ անզեն ժողովրդի դեմ, գոռոզ անհանդուրժողություն այլախոհության հանդեպ եւ տնտեսական անկում համատարած թալանի շնորհիվ, կլանային համակարգի առաջացում՝ այդ ամենը հանդիսանում է ԼՏՊ-ի կառավարման ՛՛ֆիրմային՛՛ առանձնահատկությունները: Սակայն հաճախ մոռացվում է նրա արտաքին քաղաքականության մեծագույն ու աններելի սխալը՝ Արցախյան հաղթանակից հետո կնքած համաձայնագիրը Հայաստանի տարածքում ռսական զինվորական ստորաբաժանումների, ԿԳԲ/ՖՍԲ սահմանապահ զորքերի եւ 102-րդ ռազմաբազայի տեղակայման մասին: Քառորդ դար անց միանգամայն ակնհայտ է այդ ճակատագրական որոշման ողջ զավեշտն ու  ողբերգական արդյունքը: Ֆրանսիացի դիվանագետ Տալեյրանի խոսքերով ասած, ՛՛դա ավելի վատ էր, քան հանցանք, դա Սխալ էր՛՛: ԼՏՊ-ը դրանով փաստորեն օրինականացրել ու նախապատրաստել էր անկախ Հայաստանի նոր զավթումն ու գաղութացումը Ռսաստանի կողմից: Բացատրություններ, թե նման միջոցն արդարացված էր ու անհրաժեշտ ՀՀ ազգային անվտանգության բարձրագույն շահերի տեսակետից համոզիչ չէին արդեն 1995 թվին, երբ կնքվեց այդ դավադրությունը: Ումի՞ց էր կոչված ու հրավիրված մեզ պաշտպանելու ռսական զորքը՝ մի՞թե ադրբեջանցիներից: Բայց նախորդ տարի հենց Ռուսաստանն էր ստիպել Երեւանին ընդհատել Հայող բանակի հաղթարշավը դեպի Քուր գետը, իսկ ադրբեջանական զինված ուժերը ջախջախված էին գրեթե ամբողջովին: Թե՞ ԼՏՊ-ը հավատում էր, որ 102-րդ ռսական բազան կարող է սանձազերծել Թուրքիայի հնարավոր հարձակումը ՀՀ վրա: Բայց նա բոլորից լավ գիտեր, որ ընդամենը երկու տարի դրանից առաջ, 1993 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին հերթական կոմունիստական հեղաշրջման փորձի ընթացկում մոլորված Մոսկվան ոչ միայն չպաշտպանեց Հայաստանը, այլ հակառակը՝ հանձինս ապստամբ ՊետԴումայի խոսնակ Խասբուլատովի ուղիղ համաձայնույուն տվեց Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի խնդրանքին չմիջամտել այդ օրերին նախատեսված թուրքական բանակի հարձակմանը Արմավիր-Էջմիածին-Երեւան եւ Նախիջեւան-Սյունիք-Արցախ երկու ուղղություններով: Միայն ԱՄՆ ուղիղ եւ կոշտ միջամտությունն եւ պատասխան ուժ կիրառելու սպառնալիքը կանգնացրեց թրքերի սկսվող ներխուժումը: Ինչու՞ այդ դեպքում ոչ թե ԱՄՆ, այլ նույն դավաճան Ռսաստանի հետ էր կնքել ռազմական պայմանագիրը ՀՀ առաջին նախագահը…

Ընդամենը երեք տարի անց Կրեմլը ոչ միայն չպաշտպանեց Տեր-Պետրոսյանին, այլ հակառակը՝ խրախուսեց նրա գահավիժումը պալատական խռովության միջոցով, իսկ 1999 թ. հոկտեմբերի 27-ին իր հատուկ ծառայությունների օգնությամբ իրականացրեց Հայաստանում պետական հեղաշրջում, ոչնչացնելով  հայոց ինքնիշխանությունը եւ երկրի ղեկին բերելով մինչեւ ուղն ու ծուծը Ռուսաստանին հավատարիմ մարդկանց:

Բոլորովին պատահական չէ, որ Քոչարյանի նախագահությունը համընկավ Պուծինի գահակալության սկզբի հետ: Երեւի երբեք Կրեմլի եւ պաշտոնական Երեւանի հարաբերությունները չեն եղել այդքան սերտ ու ներդաշնակ, ինչպես եղել են Պուծինի եւ Քոչարյանի շրջանում: Ստեփանակերտի մետաքսե կոմբինատի նախկին կոմունիստ քարտուղարը անկեղծ հավատում էր, որ Հայաստանում Ռուսաստանը երբեք ՛՛շատ չի լինի՛՛, շիլայի մեջ կարագի պես: Ու եթե Տեր-Պետրոսյանը ներս թողեց ռուսական բանակը, ապա Քոչարյանը դռները բացեց ռուս պետական մենաշնորհների համար, փոխանցելով Պուծինին Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան, երկաթուղին, ֆինանսա-բանկային համակարգը, ընդերքը, անվտանգության ծառայությունները: Որպես միջնորդավճար Քոչարյանը ստացավ սեփական երկիրը թալանելու անսահմանափակ հնարավորություն եւ որոշ տվյալներով նրա մարտավարը կազմել էր ՀՀ տարեկան բյուջեի չափը: Հոկտեմբերի 27-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած ՀՀ երկրորդ նահագահը նույնքան դաժան կերպով նաեւ հեռացավ 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո, ապաստանելով, բնականաբար, Ռուսաստանում:

Սերժ Սարգսյանը ժառանգեց երկիր, որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ օտարացումը հասել է վտանգավոր չափերի: Ապարատային աշխատանքի մեծ փորձ ունեցող եւ հերթով բոլոր ուժային կառույցներն, ապա եւ կառավարությունը գլխավորած Սարգսյանը իշխանության հիմքն ու աղբյուրը տեսնում ու փնտրում էր ամենուր՝ ապարատային խաղերում, կուսակցական գործարքներում, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խուսանավող փոխզիջումներում, միայն թե ոչ քաղաքացիական հասարակության, հայ ժողովրդի մեջ: Սեփական դիրքերի ուժեղացմանը նա հասնում էր, ինչպես եւ նրա նախորդները, սերմանելով շուրջբոլորը պառակտում եւ հակադրելով միմյանց հասարակության տարբեր զանգվածները: Սակայն ամենամեծ փորձությունը հասավ բոլորովին անսպասելի կողմից՝ Հայաստանի այսպես կոչված ՛՛կոմպլիմենտար՛՛ ու երկիմաստ արտաքին քաղաքականությունը մտավ փակուղի, երբ նոր դարի երկրորդ տասնամյակում Ռուսաստանը որոշեց վերստեղծել իր նախկին կայսերական ձեւաչափը, կրկին հակադրվելով Արեւմուտքին եւ պահանջելով բացարձակ հնազանդությունլ իր ազդեցության գոտում գտնվող բոլոր երկրներից: Հենց այդ պահին ակնհայտ դարձավ հայոց պետականության փաստացի չգոյությունը եւ քաղաքական սնանկությունը: Իշխանության եւ հասարակության միջեւ օտարացումը զրկում էր երկիրը անհրաժեշտ միասնության եւ ներքին կայունության ներուժից, որն անհրաժեշտ էր կենսական քաղաքական որոշումներ ընդունելու համար: Օլիգարխական ու կոռումպացված իշխանության անձնական կախվածությունը Ռուսաստանից եւ վարկաբեկվածության աստիճանը խոցելի էին դարձնում մեր ողջ երկիրը Մոսկվայի կայսերական նկռտումներից: Գնալով իրավիճակը սրվում էր իսկ Կրեմլի ճնշումը ավելանում: Հայաստանի քաղաքական նվաստացման ամենաստորին կետն էր 2013 թ. սեպտեմբերի 3-ը, երբ Պուծինի անթաքուն վերջնագրի պատճառով Սերժ Սարգսյանը ստիպված եղավ մի գիշերվա մեջ հրաժարվել Հայաստանի եվրոինտեգրացման բազմամյա գործընթացից եւ փոխարենը մտցնել մեր երկիրը տնտեսական եւ ռազմական փակուղային ռսակենտրոն կառույցների մեջ: Ահա երբ ակնհայտ դարձավ նրա ներքին քաղաքականության սնանկացումը՝ կեղծ ու անբովանդակ կուսակցություններով լցված, իրական գաղափարներից եւ հանրային երկոսությունից զրկված ներքաղաքական դաշտը անկարող եղավ օտար գաղութացմանը որեւե մտավոր, ազգային, քաղաքացիական դիմադրություն հակադրելու համար: Ազատ մտքի, հասարակական կարծիքի, անկախ մամուլի, իրական ընդդիմության բացակայությունը չար կատակ խաղաց դրանք տաիներ շարունակ ոչնչացնող իշխանության հետ: Այժմ այն մեն-մենակ էր մնացել արտաքին  ճնշման դեմ, իր ողջ տկարությամբ ու խոցելիությամբ, զրկված մնալով երկրի ներսում գոնե հասարակական աջակցությունից եւ ազգային համարաշխությունից, որոնք երեք տասնամյակ առաջ տապալման էին հասցրել հզոր ԽՍՀՄ:

Սերժ Սարգսյանը դարձավ սեփական սխալների պատանդը, մեկուսացմամբ եւ միայնակությամբ պատժվելով կեղծիքների, դավերի եւ ուժի միջոցով իր իշխանությունը ապահովելու պատճառով: Երկրի համար ճակատագրական պահին նա անգամ չկարողացավ ազգին միավորվելու եւ արտաքին սպառնալիքին միասին դիմակայելու կոչ անել, քանի որ հենց այդ արտաքին ուժից էր տարիներ շարունակ ստանում իր իշխանության երաշխիքը: Սակայն նոր պայմաններում Կրեմլն արդեն չեր վստահում Սերժ Սարգսյանի երկիմաստ դիրքորոշմանը եւ առիթ էր փնտրում փոխարինել նրան առավել վերահսկելի եւ հավատարիմ մեկով: Այս ամենի արդյունքը եղավ ոչ միայն մեկը մյուսին հետեւող ցնցումներն ու խռովությունները երկրի ներսում, այլ նաեւ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, որի նպատակներից մեկն էր հաստատել մեր երկրում եւ ողջ տարածաշրջանում լիակատար ռսական ռազմական վերահսկողությունը: Զավեշտալի կերպով, Սարգսյանը չեր համարձակվում բարձրաձայնել Պուծինի հետ իր հակասությունների մասին եւ երկրի ներսում մեծամասնությունը նրան շարունակում էր համարել Մոսկվայի խամաճիկ եւ առավել ատելի կերպար: Փոխադադարձ անվստահությունը սեփական ժողովդի հետ ստիպեց Սարգսյանին խուսանավել արտաքին քաղաքականության ոլորտում: Նա զգուշորեն վերականգնեց եվրոինտեգրացման գործընթացը եւ սկսեց ուղիղ համագորշակցությունը ՆԱՏՕ-ի հետ, թեեւ արագ սրվող իրավիճակում այդ քայլերը թվում են անբավարար, դանդաղ եւ ուշացող:

Սերժ Սարգսյանը այժմ փորձում է շտապ շտկել երկու նախորդ նախագահների եւ իր սեփական գլխավոր սխալը՝  երկրի անկախության եւ ազատության զոհաբերումը հանուն անձնական իշխանության: Երեք նախագահներին էլ այդ հանցավոր սխալը բերում էր բռնապետություն կառուցելու հրամայականին եւ փաստացի Հայաստանի գաղութացմանը: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է խույս տալ այս թակարդից, սակայն նա ձգտում է անել դա նույն բռնակալական միջոցներով, ուստի նրա փորձը դատապարտված է ի սկզբանե: Ժողովրդավարությունը չի կառուցվում բռնությամբ: Ահագնացող պատերազմական սպառնալիքի շեմին հայությանը ինչպես երբեք անհրաժեշտ է ներքին համերաշխություն եւ ազգային համաձայնություն: Հենց այս օրերին, քաղաքական բանտարկյալներին ազատազրկման ենթարկելով, ՀՀ իշխանությունը քայլեր է անում ճիշտ հակառակ ուղղությամբ:

Քաղաքական վերլուծաբանի քառորդ դարվա իմ փորձը հուշում է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին ՛՛նվեր՛՛ են պատրաստում Հայոց անկախության 100-ամյակին՝ նոր պատերազմի փորձ: Մենք հաշված օրեր ունենք կողմնորոշվելու եւ վճռելու՝ իջնող ՛՛երկաթե վարագույրի՛՛ ո՞ր կողմից է հայտնվելու մեր Հայրենիքը, ի՞նչ զենքով եւ ո՞ր ճամբարում ենք մենք կռվելու: Սակայն առավել կարեւոր է միասնություն եւ արդարություն ապահովել երկրի ներսում: Չկա այսօր դրան հասնելու ավելի հրատապ եւ անհրաժեշտ միջոց քան քաղբանտարկյալների ազատագրում համաներման առիթով:

Չկա անկախություն առանց ազատության: Չկա ազատություն առանց ազատագրման: Չկա ազատագրում առանց ազատամարտիկների: Մայիսի 28-ին մնում է երկու ամիս:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply