ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԵՑ ՀՐԵՇ՝ ԻՇԽԱՆԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ                      

0
 Ի՜նչ ահավոր է ՀՀ իշխանությունը՝ ստրկամիտ, ստորաքարշ, կաշառակեր։ Դժվար թե աշխարհի երեսին գտնվի մեկ այլ երկիր, որի բնակչությունն այդքան անկեղծ, կրքոտ և միանգամայն հիմնավորված արհամարհեր ու ատեր իր իշխանությանը, ինչպես ՀՀ-ում։
Ի հակառակ դրան՝ ի՜նչ լավն է մեր ընդդիմությունը… Խիզախ, շիտակ, արդարամիտ։ Բայց Արևի վրա էլ են լինում սև բծեր, ուստի ՀՀ ընդդիմությունն էլ ունի իր Աքիլեսյան գառշապարը։ Մեր դեպքում այն կոչվում է ռսավախություն։ Գարեգին Նժդեհից հետո Հայաստանում հաշված մարդիկ են ազատ եղել այդ վարակից։ Նրանք էլ կամ սպանվեցին, կամ բանտարկվեցին, կամ աքսորվեցին։ Մնացածները քարկոծվում են եւ մեղադրվում…դավաճանության մեջ:
Հայաստանում գրեթե ոչ ոք այժմ չի փչացնում օրհնված սապոգով հարթեցված ու անապատի վերածված քաղաքական բնապատկերը։ Այ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյան՝ երդվյալ ժողովրդավար ու ազատական, ի՞նչ էր խանգարում նրան գոնե հոկտեմբերի 27-ից ու մարտի 1-ից հետո ապագաղութացման դրոշ բարձրացնել և գլխավորել ազգի ազատագրման շարժումը։ Բայց արի ու տես, նա գերադասեց դաշնակցել քոչարյանական, այսինքն պուծինյան չարաբաստիկ դրածո Ծառուկյանի հետ, իսկ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո վերջականապես խայտառակվեց՝ ՀՀ-ԵԱՏՄ կեղտոտ գործարքն «անշրջելի» անվանելով։
Կամ վերցնենք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ սփյուռքահայ, ԱՄՆ քաղաքացի, ՀՀ դրոշը ՄԱԿ-ում բարձրացնող, ընտրություններում հաղթած նախագահական թեկնածու։ Ի՞նչ արեց նա իր հաղթանակի հետ՝ գնաց սկզբից ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում աղոթելու, հետո էլ Մոսկվա ՝ Պուծինից պատասխան բերելու…
Ո՞վ մնաց։ Մեկ այլ սփյուռքահայ, Քոչարյանի փաստաբան և Ծառուկյանի ցուցափեղկ Օսկանյա՞նը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեմ և Ռուսաստանի հետ հարաբերությունները «թյունինգ» անելու կողմ քվեարկած Նիկոլ Փաշինյա՞նը։ Դե, Պարույրի դեմ նախազգուշական մահափորձ են կատարել, իսկ Շանթին բանտարկել են։ Սրանով հայկական ընդդիմության պեյզաժը սպառվում է ու դառնում նատյուրմորտ։ Եթե գիտեք տարբերությունը։ Առանձին երեւույթ է դաշնակցությունը, որը բոլշեւիկ-չեկիստների հետ իր հարյուրամյա թշնամանքն ու հազարավոր նահատակներին անամոթաբար փոխանակեց մեկ-երկու պաշտոնով ու երեք-չորս ՛՛բիզնեսներով՛՛:
Հետաքրքիր է, որ հայկական բնածին ազատատենչությունը պահպանվել է Ռուսաստանի ընդդիմության ղեկացարներից մեկի՝ Գարի Կասպարովի, ինչպես նաև Վրաստանը և Ուկրաինան հեղափոխող Միխեիլ Սահակաշվիլիի մեջ։ Բայց նրանք շատ ավելի օտար ու խորթ են թվում մեր ազգակիցներին, քան պուծինյան հավատարիմ ստրուկներ Կուրղինյանն ու Միհրանյանը, Սիմոնյանն ու Գաբրելյանովը, Բաղդասարովն ու Շահնաղարովը։ Էլ չեմ ասում տեղացի զտարյուն «հայուգեն» մականունավորների մասին։
Սա ենք։ Ռսական օրհնած սապոգի կոշկատակին մեխած ու նալած, մենք ճամփի քար ու փոսից ենք բողոքում։ Այս առումով ՀՀ ընդդիմությունն առավել նողկալի ու զզվելի է քան անգամ իշխանությունը, որուհետև վերջինս վաճառվել է ռսներին գոնե իրական յուղ ու բրինձի դիմաց, իսկ առաջինները պատրաստ են վաճառվել ու հետն էլ մեզ դավաճանել միայն խոստացված պատառի հույսով։ Միասին նրանք ստեղծեցին զուտ հայկական հրեշավոր մի երևույթ, որը կարելի է անվանել «իշխանադիմություն»։ Թող «մտավոռական», «ռուսուլման», «դեգեներալ»,  և իմ կողմից հորինված այլ բառերի հետ միասին այս խոսքը հարստացնի գոնե մեր ճկուն ու բարբարոս լեզուն, քանի որ մեր այլ հարստություններն արդեն թալանված են։
 Հայաստանն այսօր նման է ծանր վարակով հիվանդ մի մարդու, ում փորձում են բուժել մեկ փորացավից, մեկ սրտացավից, մեկ բարձր ճնշումից, միայն թե չնշվի իրական հիվանդությունը, իսկական պատճառը: Պատճառն այս՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի շարունակվող օկուպացիան է եւ մինչեւ որ դա չվերանա, որեւե բան այստեղ դեպի լավը չի փոխվելու, որքան էլ մենք փոխենք նստարանները եւ դրանց վրա նստողներին: Ով պնդում է հակառակը՝ կամ միամիտ է, կամ չարամիտ: Այլ կերպ ասած՝ իշխանադեմ:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply