ՀՐԵՇՏԱԿԻՆ ՍՊԱՆՈՂ ՀՐԵՇԸ

0

Խաչված Քրիստոսն ասել էր. ՛՛Ներիր նրանց, Հայր, քանզի նրանք չգիտեն, թե ինչ են անում…՛՛ Սրանք գիտեին ու գիտեն, թե ինչ են անում: Դրա ապացույցն է այս օրերին սրբապիղծ ու կեղծավոր ցավակցություններն ու ափսոսանքները, որ հնչեցնում են գործող ու նախկին իշխանավորները Հաց Բերողի սպանության առիթով: Դահիճների արցունքներին հավատ չկա: Ակնհայտորեն անմեղ ու հիվանդ մարդու խոշտանգումն ու կրկնակի ազատազրկումը, նրան հացադուլի դրդելն ու մահվան հասցնելը ՝ սա ձեր ձեռագործությունն է, ձեր ձեռագիրը, ձեր ստորագրված որոշումներն են, ձեր ենթակաների ու քարտուղարուհիների, ձեր գրպանային ՛՛ընդդիմության՛՛ ու ընտելացված ՛՛մտավորականության՛՛, ձեր թիկնապահների ու սիրուհիների, ձեր սարքած գործն է, ձեր հանցագործությունը: Եւ դուք դա շատ լավ հասկանում եք:
Բայց դահիճների ցուցակը թերի է, որքան անուն ու պաշտոն այնտեղ ավելացվի, եթե չհիշենք մի կարեւորագույն վրիպում, որ թույլ տվեցին դահիճները եւ որը նկատեց ու հրապարակեց պատանի Շահեն Հարությունյանը, ով դեռ Հաց Բերողի կյանքի ու բանտարկության օրոք սկսեց բողոքի նստացույցը: Շահենը նամակով ու հայցով դիմել էր ՀՀ դատախազությանը, պարզաբանում պահանջելով Արթուր Սարգսյանի նոր կալանքի վերաբերյալ: Եվ նա պատասխան ստացավ, սակայն ոչ թե դատախազությունից, այլ… ԱԱԾ-ից, այն էլ ստորագրված ԱԱԾ-ի թմրանյութերով զբաղվող բաժնի ինչ որ քննիչի անունից: Շահենն ընթերցել էր այդ անհեթեթությունը առաջին իսկ հանրահավաքին, Օպերայի հրապարակում եւ հատուկ շեշտեց ՀՀ դատախազությանն ուղված իր նամակի պատասխանը ԱԱԾ-ից ստանալու հանգամանքը: Սա բոլորովին էլ պատահականություն չէ: Մարդասպանները միշտ հետքեր են թողնում ու թերեւս սա էր Արթուրի դանդաղ սպանության կարեւորագույն իրեղեն ապացույցներից մեկը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր գաղութացված երկրում զավթիչներին ամենահավատարիմ, նրանց կողմից ստեղծված ու այսօր էլ նրանց անվերապահ նվիրված կառույցը հենց ԿԳԲ/ԱԱԾ-ն է: Եւ ես չեմ կասկածում, որ Հաց Բերողին մահվան հասցնելու դավադիր որոշումը կայացվել էր նույնպես այդ հրեշավոր հիմնարկի մոսկովյան կենտրոնում: Ինչու՞: Նույն պատճառով, ինչու 2016 թ. հուլիսին երկրորդ կեսին ռսական հեռուստատեսությունն ու մամուլը, մոսկովյան ՛՛փորձագետներն՛՛ ու ՛՛հայասեր՛՛ քարոզիչները պահանջում էին տեղում գնդակահարել ապստամբներին: Ինչպես այն օրերին, այդպես էլ այս անգամ նրանց նպատկն էր քաոսի եւ սարսափի, ցավի ու ցասման, խուճապի ոը խառնաշփոթի ստեղծումը, որում անչափ հեշտ է լինելու իրագործել Հայաստանում Կրեմլին ցանկալի սցենար, հատկապես ՛՛ընտրություններից՛՛ առաջ, որոնք առանց այն էլ տանում են մեր երկիրը անտերության ու անպատասխանատվության ճահիճը: Պուծինին վախեցրել է Վրաստանից եւ Ուկրաինայից հետո արդեն հնազանդ Բելառուսում սկսված հանրային դժգոհությունը: Նա վաղուց, դեռ 2013 թ. սեպտեմբերին էր հրամայել Սերժին փոխարինել ՀՀ կառավարման համակարգը խորհրդարանականով, որի հետ նա չի ունենա որեւե գլխացավ: Եւ հենց այդ դավադրության մաս է կազմում հայության սիրված ու անբիծ, անմեղ Հաց Բերողի ցուցադրական սպանությունը:
Սոդոմ ու Գոմորը հրկիզվեցին երկնային կրակով այն բանից հետո, երբ վերջին հույսը փոխանցելու համար ուղարկված հրեշտակներին այնտեղ խոշտանգեցին ու անպատվեցին: Արթուր Սարգսյանի սպանությունը այդ շարքից է: Կրեմլյան չեկիստները պատրաստվում են հրկիզել մեր Հայրենիքը եւ թրքա-ռսական խայտառակ ու դավաճանական գործարքի օրը, մարտի 16-ին սպանված հրեշտակը՝ Հաց Բերողն իր մահով մեզ փոխանցեց իր վերջին ուղերձը, վերջին պատգամը, վերջին օգնությունը: Նա մահից հետո էլ է մեզ հաց բերում, հոգու սովից տառապող մեր ազգին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply