ՄԱԿՐՈՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՆՔ

0

Գիտակցում եմ ՛՛դավադրությունների տեսությանը՛՛ երկրպագելու մեղադրանքի հնարավորությունը, բայց եւ այնպես, անհրաժեշտ եմ համարում կիսվել այս փոքր ուրախությամբ, ինչպես կիսվում էի մեծ մտահոգություններով: Էմանուել Մակրոնի հաղթանակն, իմ համոզմամբ, էապես նվազեցրել կամ գոնե հետաձգել է Հայաստանի վրա նոր ռուս-ադրբեջանական հարձակման վտանգը եւ մենք պետք է դա գիտակցենք:

Ինչպես եւ Թրամփի գործունեության քննարկումների ժամանակ, այդպես էլ ֆրանսիական ընտրությունների մեկնաբանություններում պարբերաբար հնչում են ՛՛Տո մեզ ի՞նչ՛՛, ՛՛ Տո քեզ ի՞նչ՛՛, ՛՛Տո մի սեփական դարդով տապակվեք՛՛ եւ նման գավառամիտ ու քաղքենի արտահայտությունները: Կամ միամտաբար, կամ էլ չարամտորեն նման ՛՛մեկնաբանները՛՛ անտեսում կամ ծաղրում են Հայաստանի համար միջազգային անցուդարձի կենսական նշանակությունը: Սովորաբար, նման ինքնանվաստացումը զարմանալիորեն տոգորված է վայ-հայրենասիրությամբ ու քարանձավային ազգայնամոլությամբ: Հաճախ նաեւ անսահման պուծինապաշտությամբ: Մինչդեռ չհասկանալով համաշխարհային զարգացումների տրամաբանությունը, մեր հասարակությունը դատապարտում է ինքն իրեն ոչ միայն հավերժ գավառականացմանը, այլ նաեւ Արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի խոսքերով ՝ մշտապես ՛՛էշ-նահատակ՛՛ լինելուն:

Երկու տարի առաջ այս նույն կայքում ես գրել էի ՛՛Սիրիան փրկում է Արցախը՛՛ մի հոդված, որտեղ պնդում էի, որ ներքաշվելով սիրիական պատերազմի մեջ, Պուծինը հեռանում է Արցախում պատերազմ հրահրելու եւ այնտեղ ՛՛խաղաղարար առաքելությամբ՛՛ սեփական զորք ուղարկելու կործանարար ծրագրից: Հետագա զարգացումները հաստատեցին այս տեսակետը: Անգամ ապրիլյան քառօրյա բախումը Արցախում Մոսկվայի համար ուներ սիրիական աստառ՝ ազերիների հաջողության դեպքում ռսները հաշվարկում էին դեսանտ իջեցնել կռվի ամենաթեժ երկու կետերում՝ Իրանի սահմանագլխին գտնվող Հադրութ-Հորադիզ հատվածում եւ Բաքու-Ջեյհան խողովակաշարի հարեւանությամբ Մարտակերտ-Թալիշ գծին: Երկու կետերում էլ ռազմական ներկայությունը ապահովելու էր Կրեմլի ռազմավարական նպատակը՝ ազդել նավթի ու գազի առկա եւ ծրագրվող խողովակաշարերի եւ հետեւաբար համաշխարհային գների վրա: Զուգահեռ լուծվելու էր Պուծինի անձնական գերխնդիրը՝ ներկայիս մեկուսացումից խաղաղարարի պատվավոր կարգավիճակով վերադառնալ միջազգային բանակցությունների ատյաններ:

Հայոց բանակի հերոսական դիմադրությունը եւ պաշտոնական Երեւանի անսպասելի համառությունը խառնեցին այս նախագիծը: Արդյունքում, Պուծինը ստիպված եղավ վերադարձնել Սիրիա արդեն հետ քաշված ռուս զորքը, չարաբաստիկ ՛՛Կուզնեցով՛՛ կիսավիակիրն այնտեղ քշել, խայտառակվելով աշխարհով մեկ եւ հետո կրկին նահանջել: Չեկիստները նման բաներ չեն ներում, եւ վերջին երկու տարիները Հայաստանի համար քաղաքականապես առավել բարդ ու վտանգավոր շրջան է, հղի ռսական հատուկ ծառայությունների սադրանքներով ու սպառնալիքներով: Հենց այս ենթատեքստում է պետք դիտել Հայաստանի խայտառակ ՛՛խորհրդարանացումը՛՛, որն ինչպես եւ 1920 թ. Լենինի ու Ստալինի կողմից իրականացված ՛՛խորհրդականացումն՛՛ ակնհայտորեն հանդիսանում է մեր երկրիրը բացարձակապես վերահսկելի, անդեմ ու անձայն դարձնելու Պուծինի ծրագիր: Միայն մեկը մյուսին հետեւող արտաքին քաղաքական պարտություններն են առ այսօր զսպում Կրեմլի զայրույթն ու ցանկությունը վրեժ լուծելու դեռեւս խնդրահարույց ու գլխացավանք պատճառող Հայաստանից: ԱՄՆ-ում նոյեմբերին տարած շշմեցուցիչ հաղթանակից եւ անմիջապես դրան հետեւած էլ ավելի աղմկահարույց պարտությունից հետո, պետության հետ սեռտաճած ոսական հատուկ ծառայությունները կենտրոնացել էին Եւրոպան տրոհելու, թուլացնելու, բաժանելու եւ տիրելու նպատակի վրա: Եթե նախկին սոցիալիստական երկրներում՝ Հունգարիայում, Բուլղարիայում, Չեռնոգորիայում, Մակեդոնիայում նման փորձերը անցնում էին գրեթե աննկատ, ապա Հոլանդիայում եւ հատկապես Ֆրանսիայում Կրեմլի միջամտությունը զայրույթ եւ հակազդեցություն է առաջացրել Արեւմուտքում: Պուծինի նախընտրած եւ նրա կողմից ֆինանսավորվող թեկնածուները մեկը մյուսին հերթ չտալով պարտվում են ընտրություններում, ամրացնելով Արեւմուտքի հակապուծինյան ճակատը: Մարին Լե Պենի պարտությունն այս առումով ճակատագրական է, քանզի Կրեմլի հաջորդ փորձը՝ Գերմանիայում հոկտեմբերյան ընտրություններում ակնհայտորեն անհույս է, տիկին Մերկելը վստահորեն առաջնորդում է Եվրոպայի առաջատար տնտեսությունն ու կառավարությունը: Իսկ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դաշինքը, որը պահպանվում է Մակրոնի հաղթանակից հետո, ապահովում է Եւրոպային այնպիսի ամուր առանցք եւ կայունություն, որը չի կարող խարխլել անգամ Բրիտանիայի անջատումը եւ ԱՄՆ-ի նախագահի արկածախնդրությունը: Ավելին՝  գերմանա-ֆրանսիական դաշինքը դառնոմ է Արեւմուտքի առաջատար ուժ եւ որոշ ժամանակով փոխարինելու է ԱՄՆ-ի կորցրած դիրքը:

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Նախեւառաջ, Եւրոպան վերադառնալու է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքները պաշտպանող եւ պահանջող ուժի դիրքերին: Կեղծավոր ու դաժան ՛՛ռեալպոլիտիկի՛՛ փոխարեն կրկին իրականացվելու է արեւմտյան եւ համամարդկային արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում: Դրա առաջին օրինակն է՝ Երեւանում վերջերս Բաքվի ճնշման տակ եւ Մոսկվայի ցանկությամբ փակվող ԵԱՀԿ գրասենյակի պատմության մեջ նոր զարգացումները: ԵՄ հասկացրեց, որ չի զիջելու առանց պայքարի: Այս պայքարի բեմն է հենց Հայաստանը, իսկ կողմերի նպատակները բացարձակապես հակառակ են: Եթե Մոսկվան եւ Բաքուն ձգտում են հեռացնել Հայաստանից եւ ուրեմն ողջ տարածաշրջանից եվրոպական կառույցները, ազդեցությունն ու անգամ ներկայությունը, ապա Հայաստանի, ներառյալ Արցախի շահերն այստեղ ակնհայտորեն համընկնում են արեւմտյան, եւրոպական շահերին: ԵՄ/ԵԱՀԿ հեռացումը նշանակում է ռուս-ադրբեջանական հարձակման ուղիղ հրավեր, նոր եւ հնարավոր է վերջին պատերազմ Հայաստանի դեմ:

Մենք որպես ազգ եւ պետություն այդպես էլ չհասկացանք մեր երկրի կարեւորությունն աշխարհի եւ հատկապես Արեւմուտքի համար: Ռսները շատ բան են արել վերջին դարվա ընթացքում մեր մեջ թերարժեքությունն արմատավորելու համար, սակայն ի՞նչ է արել հայ մտավորականությունն այդ արատը արմատախիլ անելու համար: Մեկ դար առաջ ԱՄՆ դարձան գերտերություն այն պահին, երբ նախագահ Վուդրո Վիլսոնն ընդունեց աշխարհի բարոյական առաջնորդի առաքելությունը՝ եւ այդ առաքելությունը սկսվեց հենց Հայաստանից, որի վերստեղծման մանդատը ԱՄՆ-ը ստանձնել էին Ազգերի Լիգայից: Ամերիկան եւ Եւրոպան հիշում են դա, Հայաստանը դա մոռացել է:

Առաջին փուլում իր դժվար հաղթանակի հաջորդ իսկ օրը Ֆրանսիայի ապագա նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին այցը դեռեւս առաջատար թեկնածուի դերում կատարեց Փարիզում հայոց սրբության՝ Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մեր տնաբուծ քաղաքական դուրսպրծուկներն ու ռսամոլ ստրուկները արհամարհեցին այդ քայլը: Մինչդեռ Ֆրանսիայի համար Հայաստանի հանդեպ վերաբերմունքը եղել ու մնում է դիմադրության, մարդասիրության եւ եւրոպական քաղաքակրթության չափանիշ:

Ֆրանսիան քվեարկեց կիրակի օրը ոչ միայն Մակրոնի օգտին, այլ նաեւ Հայաստանում խաղաղություն պահպանելու, եւրոպական ընտրությունը հնարավոր դարձնելու օգտին, Պուծինի դեմ, պատերազմի եւ ստրկատիրության դեմ: Մնում է, որ Հայաստանն ինքը կատարի նույն ընտրությունը: Դրա համար Հայաստանը պետք է գոնե հասկանա այս ամենը:

(լուսանկարում՝ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դնում Հայոց Եղեռնի նահատակների հիշատակին Փարիզում 2017 թ. ապրիլի 24-ին)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply