ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՝ ԿՅԱՆՔ ԿԱՄ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ…

0

 

 

Ամերիկյան տիեզերանավը վերջերս ընդհուպ մոտեցավ Արեւային համակարգի ամենահեռավոր Պլուտոն մոլորակին եւ լուսանկարեց այն մոտավորապես Երեւանից Լոս Անջելես տարածությունից, իսկ գրեթե միաժամանակ Կեպլերի անվան համաստեղության մեջ ամերիկյան աստղագետները հայտնաբերեցին բնակլիմայական պայմաններով Երկրին շատ նման մեկ այլ մոլորակ:

Նույն օրերին ռուսական նավատորմի ցուցադրական զինվարժությունների ու շքերթների ժամանակ Սեւաստոպոլում նավից արձակված հրթիռը պայթեց օդում եւ հրաշքով իր հետ նավն էլ չպայթեցրեց: Բալտիյսկում մեկ այլ հրթիռ ընդհանրապես օդ չկարողացավ բարձրանալ, այն էլ Պուծինի ներկայությամբ եւ նրա բարձր հովանու տակ:

Նույնպես անցյալ շաբաթվա ընթացքում բացարձակապես արեւային էներգիայով աշխատող եւրոպական ինքնաթիռը կտրեց-անցավ Խաղաղ օվկիանոսը, սահմանելով համաշխարհային ռեկորդ եւ արձանագրելով նավթային դարաշրջանի մոտալուտ ավարտը:

Նավթն իր հերթին շարունակում էր էժանանալ, արձագանքելով Իրանի վերադարձը միջազգային շուկա: Իրանն ազատվում է արեւմտյան պատժամիջոցներից եւ միլիարդավոր եկամուտներ է ակնկալում, իր նավթն ու գազը Սեւ ծովով եւ Ուկրաինայով հասցնելով Եւրոպա ու միաժամանակ ամրապնդելով իր ազդեցությունը տարածաշրջանում, որտեղ քրդական ազատագրական շարժումն ստեղծում է նոր քաղաքական սահմաններ, սկսելով ներթափանցել Թուրքիայի տարածք:

Թուրքիան, իսլամական ահաբեկիչների դեմ պայքարի կեղծ պատրվակով, փորձում է ճնշել քրդերի բռնկված ապստամբությունը, մոտենալով իր պետականության հերթական քայքայման փուլին եւ կառչելով, ինչպես եւ անցյալում, ռուսական աջակցությունից:

Մոսկվան, հեռանալով Արեւմուտքից ու չկարողանալով մերձենալ Չինաստանին, փորձում է խաղացնել ռուս-թրքական էներգետիկ եւ քաղաքական համագործակցությունը, պատրաստ է անգամ իսլամական ահաբեկիչների հետ գաղտնի բանակցել, հակադրվելով ԱՄՆ-ին, Եւրոմիությանը, Իրանին, Ուկրաինային, քրդերին եւ մնացած ողջ աշխարհին, բացի, երեւի, Հոնդուրասից ու Հյուսիսային Կորեայից:

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ: Ո՛չ մի կապ: Մեզ հետ այլեւս ոչ մի բան ոչ մի կապ չունի, քանի որ մեզ կապող թոկի, պարանի կամ շղթայի պոչը գտնվում է Կրեմլի ձեռքում: Նա է քաշում ու ձգում այն մեր պարանոցի վրա՝ մերթ գազի, մերթ լույսի, մերթ պատերազմի գնով: Շղթայված շնիկի պես, թոկից կապված ու ամեն ինչից անկապ-անտեղյակ Հայաստանը կամազուրկ եւ առանց աշխարհի անցուդարձը հասկանալու, դիտում է պատմության ընթացքն իրեն տրամադրված բնի ծակից: Երբ պետք լինի տիրոջը՝ նա քսի է տալիս իր հավատարիմ շանը՝ մերթ ՄԱԿ-ում, մերթ ԵԱՀԿ-ում հաչալու իր տիրոջը քարկոծող ողջ աշխարհի վրա եւ հետո, պոչը խաղացնելով, տիրոջ սապոգի ու մտրակի տակ մտնելով:

Սա համազգային հիվանդություն է: Ընկերս Ուկրաինայից է գրում, որ այնտեղի հայ համայնքի մեծ մասը շարունակում է մնալ ռուսամոլ ու պուծինասեր, անգամ հանուն Ուկրաինայի ազատության կռվող ու մահացող հայ երիտասարդների ընտանիքները…Էլ ի՞նչ ասել խոպանչու հոգեբանությամբ առաջնորդվող հայաստանցիների մասին: Ի՞նչ ասել Իրանի էժան գազն ու նավթը հանուն ռսի փեշի մերժող, Իրանից Եւրոպա ռազմավարական ճանապարհի օղակ լինելու Թեհրանի առաջարկն անտեսող ՀՀ ռուսուլման ԿԳԲ-շնիկների մասին…

Ժամանակ կար՝ մենք կախված էինք միայն մեր կենդանի հերոսներից եւ արքաներից: Հետո մենք մեր հույսն ու հավատը կապեցինք հեռուներում խաչված մարգարեի հարության հետ: Հիմա էլ մեր բախտն ու գոյությունը չոր տերեւի պես կախվեց օտարազգի բռնապետի քաղաքական մահից: Այլ ելք այս ամոթալի կամավոր ստրկությունից դեռեւս չի երեւում:

Հին հույն երգիծաբան Արիստոփանեսից մեզ է հասել մի ուսանելի առակ: Սպարտացիները հերթական պատերազմի էին գնացել եւ հինգ տարի շարունակ բացակայել երկրից: Նրանց կանայք հոգնեցին սպասելուց եւ, հույսը կտրած, որոշեցին իրենց ամուսիններ կարգել տնային ստրուկներին: Ամեն մեկն ընտրեց մի ստրուկ իր ճաշակով, եւ կյանքը շարունակվեց նոր ընթացքով: Սակայն պատերազմն ավարտվեց եւ սպարտանցիների զորքը վերադարձավ տուն: Հեռվից տեսնելով վերադարձող զորքի դրոշները, դավաճան կանայք խուճապի մատնվեցին եւ փոխանակ դուրս գան ամուսիններին ընդառաջ, քաղաքի պատերի տակ ուղարկեցին իրենց նոր ՛՛ամուսիններին՛՛ ՝ զենք ու զրահ հագած նախկին ստրուկների բանակը: Սպարտացիներն ապշեցին այսպիսի ընդունելությունից եւ թրերը ձեռքին պատրաստվում էին կռվով մտնել հարազատ քաղաք, երբ հանկարծ նրանցից մեկը ճչաց՝ «Կանգնե՜ք, եղբայրներ»: Նա ճանաչեց հակառակորդների շարքերում իր ստրուկին: Մյուսները նույնպես նկատեցին մեկին, մյուսին՝ եւ հանկարծ հասկացան, թե ով է կանգնած իրենց դեմ: Եւ այնժամ նրանք պատյանների մեջ դրեցին թրերն ու հանեցին մտրակները, քանզի ստրուկին թրով պատժելն անպատվություն է, ստրուկին մտրակով են ծեծում:

Իմ սերնդի մեծ ուսուցիչներից Լեւոն Ներսիսյանն էր պատմել այդ առակն իր դասին: Ափսոս, այսօր մեր ազգի մեջ համարյա չեն մնացել նման ուսուցիչներ, մի բուռ մնացածներին էլ չեն լսում եւ դասերը այդպես էլ մնում են չյուրացրած:

Ազատ մարդուն մտրակելն անպատվություն է զոհի նկատմամբ: Ստրուկին թրով սպանելն անպատվություն է թրի համար: Երգում ենք՝ ՛՛Ամենայն տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ պիտ մեռնի…՛՛ Այո, բայց լավ է գոնե մեռնել պատվով ու մարդավարի, եթե մարդավարի ապրել այդպես էլ չհաջողվեց: Թե չէ՝ մահանալով էլ չենք ազատվի…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply