ՄԱՅԴԱՆ ՉԵ՞Ք ՈՒԶՈՒՄ՝ ՍՏԱՑԵՔ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ…

0

Սերժի բլեֆը չհաջողվեց: Պուծինը նրա հետ շախմատ խաղալ չուզեց ու ոչ մի զիջումների չգնաց: Փոխարենը խաղատախտակը վերցրեց ու գլխին տվեց: Որպես հերթական նվաստացում նա Երեւան գործուղեց չգիտես ինչու ՌԴ տրանսպորտի նախարարին, երեւի իբրեւ հաճախորդին հեռու ուղարկելու մասնագետի, վերջինս էլ պարզ ռուսերենով բացատրեց, որ գնի բարձրացման որոշումը Կրեմլի գաղութատիրական իշխանությունը չի բեկանելու, իսկ հայ ժողովրդի բողոքը՝ դա արդեն Սերժի գլխացավանքն է: Համենայնդեպս, ռուս պաշտոնյաներն ու համացանցային սադրիչները  հայ ժողովրդին Ցեղասպանության հարյուրամյակի տարում կրկին ջարդելու բազմաթիվ եւ սպառիչ դեղատոմսեր են տվել վերջին օրերին՝ տանկերի  եւ ռուսական հատուկ ստորաբաժումների կիրառումից մինչեւ ԱՄՆ դեսպանին արտաքսելն ու Ինտերնետն անջատելը:

Սերժի ուրբաթախոսությունը հոսանքի  թանկացման անխուսափելիության մասին նրա ողջ քաղաքական կարյերայի ամենախայտառակ եւ անհեթեթ ճառն էր, թերեւս 2008 թվականի մարտից հետո: Նա տապալվեց եւ բոլորից լավ է հասկանում դա: Պուծինը նրան քցեց Յանուկովիչից էլ ավելի դաժան կերպով՝ ուկրաինական բդեշխին Կրեմլը գոնե միլիարդավոր կաշառքներ էր տալիս մինչեւ վերջին պահը: Երեւանի համար Պուծինը որոշեց իզուր չծախսվել, համարելով, որ պատերազմի սպառնալիքը բավական է հայերին սանձելու համար: Համենայնդեպս Սերժի ճառում տողերի արանքից թափանցում էր այդ սպառնալիքի վատ քողարկված վախը: Իսկ Արեւմուտքը իր օգնությունը պայմանավորում է հստակ ժողովրդավարական եւ օրենսդրական բարեփոխումներով, որոնք անընդունելի են Կրեմլի եւ դրա երեւանյան դրածոների համար:

Ամենացինիկն այստեղ այն է, որ նախապատրաստելով մերժումը, Կրեմլը մի ՛՛ոսկոռ՛՛ է շպրտել հայերին հանձինս մարդասպան Պերմյակովի, որին ՛՛ մեծահոգաբար՛՛ խոստացել են հանձնել հայ արդարադատությանը, վեց ամից ռազմակայանում պահելուց հետո: Այսինքն տնտեսական թալանն ու հանցագործությունը քողարկվում է մարդասպանի քրեական հանցագործությամբ, իբրեւ ՛՛զիջում՛՛ : Դե ինչ, ՛՛Սա Մայդան չէ՛՛ պաստառներ պահողները ստացան իրենց պատասխանը՝ չեք ուզում Մայդան, ահա ձեզ Պերմյակով: Եթե Ալիեւը երեք միլիարդ դոլարի վարկային կաշառք էր տրամադրել հունգարացի վարչապետ Օրբանին դահիճ Ռամիլ Սաֆարովին ազատելու համար, ապա Պուծինը հենց հայկական փողերի դիմաց է մեզ հանձնում իր դահիճ Պերմյակովին, որպես լավություն:

Ու քանի դեռ ՛՛սա Մայդան չէ, այլ մարշալ Բաղրամյանն է՛՛, ինչպես երեկ պնդում էին որոշ ուղորդված գործիչները, մենք կարող ենք շարունակել ֆուտբոլ խաղալ ոստիկանների հետ, մինչեւ որ ՛՛սթափված՛՛ Վովա Գասպարյանը մեզ նորից ջարդելու ու ցրելու հրաման ստանա՝ այս անգամ ոչ թե ջրով, այլ կրակով:

Սա է յոթդրամանոց պահանջատիրության գինը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply