ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՆԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

0

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակն անշեղորեն վերածվում է ազգային նվաստացման, պառակտվածության, կեղծավորության ու նահանջի տարելիցի: Մեծ հաշվով, Եղեռնի թուրք գաղափարախոսները կարող են մեկ դար անց արձանագրել իրենց նպատակների զգալի մասի իրականացումը: Հայաստանն այդպես էլ չդարձավ քաղաքական գործոն, մնալով այլ պետությունների խամաճիկը; ազգի վերնախավը գրեթե կորցրեծ ազգային նկարագիրը, ծառայելով օտար շահերին; երկրի իշխանությունը վերածվել է քրեականների ու կաշառակերների աշխարհի պատմության մեջ աննախադեպ մի ոհմակի; տնտեսությունը, գիտությունն ու կրթությունը ոչնչացված են եւ իջեցված շրիշակի մակարդակի: Քառորդ դար առաջ ազգային ազատագրական պայքարի ելած եւ պատերազմ հաղթած ժողովուրդը արտագաղթում է երկրից եղեռնական ելիցի չափերով, հավասարվելով արդեն հայրենիքից ու կյանքից զրկված երկու միլիոն նահատակների թվին: Լուծված չէ Արցախի վերամիավորման խնդիրը, խորանում է անջրպետը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, եկեղեցին ու կուսակցությունները հանդիսանում են ազգային պառակտման արդյունավետ գործիքներ: Անգամ համազգային ողբերգության հիշատակի եւ ոգեկոչման համար ընտրված մանուշակագույն անմոռուկի պատկերը խորհրդանշեց միայն կառավարիչների տգիտությունը, անճաշակությունն ու անհամաչափությունը ազգային նկարագրին, մշակույթին ու պատմությանը: Թուրքաբարո, թուրքաոճ, թուրքադեմ իշխանավորները կատարյալ հաղթանակ են տոնում թալանված, հիասթափված, տրոհված ազգի նկատմամբ: Պյուղոսյան հաղթանակ: Այս ամենը այդքան ակնհայտ ու խայտառակ կարող էր եւ չերեւալ այլ պայմաններում, սակայն սա առավել աններելի, անընդունելի եւ անտանելի է հենց Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին:

ՀՀ իշխանությունների անհամաչափությունը, նրանց բացարձակ անմեղսունակությունը ազգի առջեւ ծառացած հսկայական մարտահրավերների համեմատ պարզ երեւում է միջազգային ասպարեզում` նրանց եւ հետեւաբար մեր բոլորիս անօգնական ու ծիծաղելի դերակատարության մեջ: Ցեղասպանության հարյուրամյակը մենք պարտավոր էինք օգտագործել ոչ միայն պահանջատիրության, տարածքային եւ նյութական փոխհատուցման եւ ազգային արժանապատվության խնդիրները բարձրաձայնելու համար, այլ ողջ աշխարհում ճնշված փոքրամասնությունների պաշտպանը, ներկայացուցիչն ու նեցուկը դառնալու համար:  Սա է մեր ազգային առաքելությունն ու պարտքը մեր նահատակված նախնիների եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի առջեւ, որից անտեղյակ են ու որին անհաղորդ են մեր տհաս ու պատուհաս կառավարիչները: Հայաստանը հարյուր տարի առաջ հանդիսացել էր ողջ մարդկության գթասրտության, համերաշխության ու ցավակցության շարժառիթ, մեր հոշոտած երկրի պատվին անվանում էին քաղաքներ ու նահանգներ, նավեր ու դպրոցներ: Առաջին անգամ մարդկային պատմության մեջ համաշխարհային մարդասիրական օգնության ալիք էր բարձրացել հենց Հայոց Ցեղասպանության առիթով: Եթե սովետական թունավոր քարոզչության ու կեղծիքի պատճառով այդ փաստերը անհայտ են մնացել անգամ մեր ժողովրդի մեծամասնության համար, ապա ինչպե’ս կարող ենք մենք հիշեցնել այս ամենն աշխարհին? Եթե հարյուրավոր հազարներ փրկված որբերի ժառանգները մոռացել են իրենց փրկիչներին` ինչպիսի’ն է մեր անշնորհակալ երկրի նկարագիրը եւ ինչ չնչին պետք է լինեն  արդարության մեր հույսերը…

Եւ այսպես, թերանալով դահիճների հետեւորդների հետ խոսել համամարդկային արժեքների վեհ դիրքերից, մեր ողորմելի իշխանավորները փորձեցին մանր քաղաքական գործարքների գնալ մեր համաշխարհային ողբերգությունը ժխտողների հետ, բնականաբար պարտվելով նենգության այս անհավասար մրցակցության մեջ: Եւ նրանք չեն էլ կարող հաղթել, քանի որ լավագույն հաղթանակն ու նորանոր պարտությունները բացառումը բոլորովին էլ դիվանագիտական չէ: Մեր թշնամիների հանդեպ իրական վրեժն ու կատարյալ հաղթանակը կարող է լինել միայն մեր ազգի ու պետության բարգավաճումը, ազգային վերելքը, օրենքի եւ արդարության իշխանությունը Հայաստանում: Սակայն ընտրվեց հակառակ ճանապարհը` սեփական ժողովրդի ստրկացումը, կողոպուտը, նսեմացումը` այսինքն այն ամենը, ինչին ձգտում էին եղեռնագործները եւ ինչին հարյուր տարի անց հասան նրանց տեղական հետեւորդները: Եղեռնի հարյուրամյակը հանդիսանում է ազգային խայտառակության, պարտության եւ ինքնացեղասպանության ողբերգական օրինակ, որը կատարեցին Հայաստանի ոճռագործ իշխանավորները մեր ազգի հանդեպ: Ահա ինչու է այդքան խղճուկ ու անհամոզիչ նրանց դիրքն ու ձայնն այսօր, ահա ինչու այդքան անվնաս ու անլուրջ է նրանց պաշտոնական “պահանջատիրությունը”: Չնչին անմոռուկի գույնը խառնելով հայ նահատակների սուրբ արյան կարմիր գույնին, տրորելով մեր հիշողության լեռնային կակաչները, նրանք մնացել են իրենց վախվորած ու կեղծավոր “նահանջատիրությամբ” հանդերձ` մեծապատիվ մուրացկանների մանուշակագույն նահանջատիրությամբ…

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply