ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ

0

Բոլոր երկրներում ազգային տոները նշվում են հաղթանակների օրերին: Դա կարեւոր է ժողովրդի ինքնագնահատականը բարձր պահելու, մատաղ սերնդները դաստիարակելու համար: Սակայն ազգի ճիշտ ինքնագնահատականի համար ոչ պակաս կարեւոր է նաեւ պարտությունների օրացույցը: Միգուցը՝ ավելի կարեւոր է: Հատկապես Հայաստանում:
Երրորդ հանրապետության քսանհինգամյա պատմությունն ունեցել է առնվազն չորս այսպիսի ճակատագրական օր, երբ հայոց պետականությունը ենթարկվեց մահացու հարվածների: Ուշագրավ է, որ դա պատահում էր ոչ թե ռազմական պարտությունների օրերին, երբ ազգը բնազդորեն միավորվում եւ բռունցքում էր, այլ քաղաքական փորձանքների պահերին, երբ հասարակությունը պառակտվում եւ օտարացվում էր պետությունից: Կարծում եմ, առաջին նման շոշափելի օրինակը՝ 1996 թվականի սեպտեմբերի 22-23-ի իրադարձություններն էին. ՀՀ նախագահական երկրորդ ընտրությունների ընթացքում առաջին լայնածավալ կեղծիքների, դրան հետեւած բողոքների եւ դրանց բռնի ճնշման ստեղծված նախադեպը: Տարիների հեռվից կարելի է տեսնել այդ դրվագում հայոց պետականության առաջին լուրջ քաղաքական ճգնաժամը եւ ժողովրդավարության առաջին կրած պարտությունը, որից մեր երկիրն այդպես էլ այլեւս չվերականգնվեց: Հենց այդ օրերից է բխում երկու տարի անց՝ 1998 թ. փետրվարին բռնկված պալատական հեղաշրջումը, երբ ընտրությունների բռնաբարությունից հղփացած ու սեփական անպատժելիությունը ճաշակած ՛՛ուժային՛՛ համակարգը հանդգնեց բռնի ուժով փոխել իրեն պարտական իշխանությունը: Սակայն դա չեր դեռեւս մեր երկրի տարած երկրորդ կաթվածը. այն հետեւեց եւս մեկ տարի անց՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Հենց այդ օրը իր մահկանացուն կնքեց հայոց նորագույն պետականությունը, որից հետո Հայաստանի հանրապետությունը շատերի համար աննկատ սկսեց վերածվել կայսերական համակարգը վերականգնող Ռուսաստանի գաղութի:
Մարդկային պատմության ընթացքում քիչ նման նախադեպ ունեցող ահաբեկչությունը հայոց խորհրդարանի դահլիճում ոչ միայն խլեց երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաեւ մի շարք պատգամավորների կյանքը, այլ բեկանեց Հայաստանի դժվար, բարդ, բայց ինքնուրույն քաղաքական զարգացման ուղին, քանդելով ստեղծված հավասարակշռությունը հոգուտ մեկ անձի՝ նախագահ Քոչարյանի:
Այդ օրերին, սարսափից ու տագնապից կուրացած, մենք դեռ չհասկացանք, որ այդ պետական ահաբեկչությունն ու հեղաշրջումը ուղիղ կապ ունի երկու ամիս անց Ռուսաստանում կատարված մեկ այլ շոկային իրադարձությանը՝ նախագահ Ելցինի հրաժարականից հոգուտ վարչապետ Պուտինի: Այդ օրերին քչերն էին գիտակցել, որ Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունեցավ միեւնույն հատուկ գործողության երկմասանոց դավադրություն, որի շնորհիվ իշխանության եկավ ոչ թե որեւե քաղաքական ուժ, այլ միջազգային խոշորագույն ահաբեկչական կազմակերպություն, աշխարհին հայտնի որպես ԿԳԲ: Այդ պահից սկսվեց Խորհրդային Միության վերականգնումը եւ դրա առաջին պայթյունն ու զարկը հնչեց հենց Հայաստանում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Միգուցե պատահականություն չեր, որ ԽՍՀՄ վերականգնումը սկսվեց Երեւանում, որը դրանից տասը տարի առաջ՝ 1988-89 թթ. մահացու հարված հասցրեց սովետական իշխանությանը Արցախյան շարժման միջոցով: Միգուցե դա էր չեկիստների վրեժխնդրությունը:
Ինչեւե: Հոկտեմբերի 27-ին Հայաստանում կատարվեց հասարակության եւ իշխանության, ժողովրդի եւ պետության միջեւ հարաբերությունների վերջնական խզում, պառակտում, ապահարզան 1991-1995 թթ. կարճ տեված սիրավեպից հետո: Այդ բաժանումը կնքվեց նույն օրը կատարված եկեղեցական ծիսակատարությամբ՝ անվստահության ու ատելության մթնոլորտում տեղի ունեցած Գարեգի Բ կաթողիկոսի օծման արարողությամբ: Հայաստանի անկախ պետականությունը կնքեց իր մահկանացուն:
Երրորդ հարվածը հասցված էր արդեն անշունչ մարմնին՝ 2008 թ. մարտի 1-ը ժողովրդի ինքնապաշտպանության փորձ էր իշխանությունից, ոչնչացված ու ծաղրվող պետականությունը եւ Սահմանադրությունը, օրենքն ու ընտրությունը պահպանելու անհույս փորձ: Մարտի 1-ին հայ ժողովրդի վրա կրակող բանակն ու ոստիկանությունը, հատուկ ծառայություններն ու խաժամուժն այլեւս չէին էլ ներկայացնում հայոց պետությունը: Նրանք պաշտպանում էին օտար պետության՝ Ռուսաստանի իշխանությունն ու վերահսկողությունը Հայաստանի վրա: Պատահական չէ, որ հենց 2000-2008 թթ. ժամանակաշրջանում, Քոչարյանի տեղապահության օրոք Ռուսաստանին էին փոխանցված Հայաստանի տնտեսության, ֆինանսա-բանկային համալիրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, անվտանգության, տեղեկատվության, արտաքին քաղաքականության բոլոր լծակները: Հայաստանն այլեւս պետություն չէ, այլ ընդամենը ռուսական գաղութ՝ որոշ ազգագրական դեկորատիվ զարդանախշերով:
Չորրորդ եւ վերջին հարվածն եկավ 2013 թ. սեպտեմբերի 3-ն: Թերեւս դա հայոց պետականության դագաղի մեջ խբված վերջին մեխն էր: Պուծինն անհրաժեշտ համարեց ողջ աշխարհին ի ցույց դնել Հայաստանի բացարձակ եւ լիովին կախվածությունը, պատկանելիությունը, գաղութացումը Ռուսասատնի կողմից:
Այսպիսով, մենք կարող ենք ու պարտավոր ենք օրացույցային ճշգրտությամբ ու բծախնդրությամբ արձանագրել մեր պարտությունների ցուցակը, մեր պետականության ոչնչացման պատմությունը: 1996-ի վերքը, 1999-ի գնդակահարությունը, 2008-ի սպանությունները, 2013 թ. թաղումը:
Սակայն Երրորդ հանրապետության ոչնչացումը դեռ չի նշանակում Հայաստանի ոչնչացում: Արդարություն կա եւ երբեմն այն մեկ դար սպասել չի տալիս: Այս օրերին մեր երկու պատմական ախոյանները՝ Թուրքիան ու Ռուսաստանը, ձեռք ձեռքի տված սլանում են դեպի անդունդ: Մեր փրկությունը, մեր պետության հարությունը, մեր ազգի ազատագրումը կրկին գալու է Ռուսաստանի փլուզման հետ միասին: Միայն թե մենք արժանի ու պատրաստ լինենք մեր գալիք ազատությանն ու անկախությանը: Գոնե այս անգամ:
Հիշենք դա հոկտեմբերի 27-ին: Ողբերգությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան մարդիկ չեն գիտակցում դրա իմաստն ու խորհուրդը: Միայն հասկանալով այդ խորհուրդը, դաս քաղելով դրանից մենք իմաստավորում ենք ողբերգության զոհերի նահատակությունը: Հակառակ դեպքում մենք դատապարտված ենք կրկնելու նրանց սխալներն ու նրանց ուղին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply