ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԽԻԹԱՐԱՆՔ

0

Հենրիկ Մխիթարյանի առաջին իսկ տարին ՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ կազմում պսակվեց Եվրոպական Լիգայի գավաթով, որին նա ոչ միայն մասնակցեց, այլ խփեց աննկարագրելի գեղեցկության հաղթական գնդակ: Մեկ օր դրանից առաջ աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկը, ՛՛Նյու Յորկ Թայմզը՛՛ մարգարեաբար ծավալուն հոդված էր նվիրել Մխիթարյանին , ընդգծելով  հայ ֆուտբոլային գերաստղի ազգային նկարագիրը եւ հայրենասիրությունը՝ բավական անսովոր թեմա ամերիկյան մամուլի համար…  (https://www.nytimes.com/2017/05/24/sports/soccer/henrikh-mkhitaryan-armenia.html):

Հայաստանում Մխիթարյանը վերջին տարիներին դարձել է իդեալական հայի խորհրդանիշ՝ նրան երազում են նմանվել հազարավոր պատանիներ, նրա պատկերը շահագործվում է քաղաքական գովազդում իշխանության կողմից, եւ իսկապես՝ այս համեստ ու բազմաշնորհ մարզիկը խորհրդանշում է հայի ճակատագիրը 21-րդ դարում. Հայրենիքից հեռացած, աշխարհով մեկ թափառող եւ օտարության մեջ միայն սեփական ինքնությունը, միջազգային փառքն ու հաջողությունը գտած մարդու պատմություն: Սա հին ու թերեւս չհնացող հայկական հեքիաթ է՝ միաժամանակ ուրախ եւ տխուր:

Մխիթարյանն իրական մխիթարանք է բերում իր հետ՝ եւ ոչ միայն հայերին: Գերմանիայում իսկական պաշտամունք էր ստեղծվել նրա անվան շուրջ, նա փայլուն խաղաշրջաններ անցկացրեց Դորթմունդում, որի մարզադաշտը վանկարկում եւ երգում էր նրա անունը: Այժմ նույնը կրկնվում է նաեւ Մանչեսթերում: Հատկանշական է, որ սթոքհոլմյան հաղթանակը ՛՛Այաքսի՛՛ նկատմամբ գրանցվեց Հյուսիսային Անգլիայի այս արդյունաբերական կենտրոնի համար առավել ծանր ու ողբերգական պահին՝ տասնյակ երիտասարդների կյանքն ու առողջությունը խլած ահաբեկչական պայթյունից ընդամենը մեկ օր անց: Այդպես որ Մխիթարյանի մխիթարանքը Մանչեսթերում այսօր ավելին է, քան բառախաղ: Առասպելական ՛՛Օլդ Թրեֆորդ՛՛ մարզադաշտը հազարավոր ձայներով երգում է Հենրիկի պատվին. ՛՛Woah, he’s an alien, he’s a little alien, he’s Armenian in ManU”`վերափոխելով ”I am Englishman in New York” Սթինգի հայտնի երգը: Ֆերգյուսոնի օրոք ամենաբրիտանական թիմ հանդիսացող ”Մանչեսթեր Յունայթեդում”, որտեղ Ռունիի մոտալուտ հեռանալուց hետո այլեւս անգլիացի չի էլ մնալու, հենց հայ ֆուտբոլիստն է դարձել խստապահանջ ու շատ բան տեսած հանդիսատեսների նախընտրելին: Ոչ թե փայլուն ու գոռոզ Իբրահիմովիչը, ոչ էլ անկայուն ու փառասեր Պոգբան, այլ քչախոս ու աշխատասեր Մխիթարյանը: Հետաքրքիր է, որ Հենրիկին մշտապես բաժին է ընկել խաղալ հենց նման բանվորական, արդյունաբերական կենտրոններում՝ Դոնեցկ, Դորթմունդ, Մանչեսթեր, որտեղ ծանր ու շատ աշխատող մարդիկ գալիս են ֆուտբոլ նայելու եւ երկրպագելու սեփական կյանքն ավելի երջանիկ դարձնելու ու երազներն ի կատար ածելու հույսով: Այս առումով Հենրիկի անձնական կեցվածքն ու խաղաոճը լավագունս համապատասխանում է հենց այս՝ ամենապահանջկոտ ու խիստ, ամենանվիրված ու հավատարիմ երկրպագուների սպասելիքներին:

Մխիթարյանի հաջողությունը վերլուծելուց չի կարելի անտեսել նրա մարզիչներին: Եթե մոռանանք հայկական ֆուտբոլը փչացրած ու բռնաբարած ՛՛Նեմեց Ռուբոյի՛՛ խայտառակ վարքը, Հենրիկի բախտը բերեց իմաստուն եւ նրան գնահատող մասնագետների առումով: Կլոպպը պարզապես սիրում էր ՛՛Միկիին՛՛: Ժոզե Մորինյոն, իր բարդ խառնվածքով հանդերձ, հանդիսանում է ոչ միայն փայլուն մարզիչ, այլ նախեւառաջ հանճարեղ հոգեբան: Ընդունելով Մխիթարյանին գերմանական լիգայից մի երկրրում, որտեղ ֆուտբոլն ավելի կոշտ է, քան Իտալիայում, ավելի արագ է,  քան Ֆրանսիայում, որտեղ թիմերի մակարդակներն ավելի հավասար է ու հետեւաբար մրցակցությունն առավել անզիջուն է քան Իսպանիայում, Մորինյոն մեծ հմտությամբ ու խնամքով էր վարվել Հենրիկի հետ, դանդաղորեն եւ զգուշորեն մտցնելով նրան անգլիական ֆուտբոլի խառնարանը: Մեր տնաբուծ քննադատները, հայհոյելով մեծամիտ պորտուգալացուն, չեն հասկանում այս մեծ խաղի հոգեբանական լարվածությունը եւ շեքսպիրյան կրքերը:

Ինչեւե: 17-18-րդ դդ. հայոց ոգին եւ մշակույթը Արեւմուտքում փրկելու եւ պահպանելու առաքելությունն իր վրա վերցրեց հանճարեղ Մխիթար Սեբաստացին՝ Վենետիկում, Փարիզում եւ Վիեննայում հիմնելով մխիթարյան միաբանությունները, իբրեւ ազգային կյանքի, արժանապատվության, հայոց քաղաքակրթության կղզյակներ ու փարոսներ:

21-րդ դարում այդ առաքելությունը տարօրինակ կերպով ընկավ ոչ թե փիլիսոփաների, երաժիշտների, քաղաքական գործիչների, այլ մի քանի երիտասարդ հայերի ուսերին, որոնցից ամենահայտնի եւ սիրվածն է ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Նա խաղում է ոչ միայն անգլիական թիմի կիսապաշտպանի, այլ հենց հայի դերը Շեքսպիրի եւ ֆուտբոլի հայրենիքում նույն տաղանդով ու նվիրվածությամբ, որով շեքսպիրյան պիեսները խաղում էին հայկական թատրոնում մեծ Փափազյանն ու Ներսիսյանը կես դար առաջ: Դրա վկայությունն է մեր ազգում սովորական դարձած շեքսպիրյան հերոսների անունների բազմությունը, որոնցից ամենատարածվածը Հենրիկի հոր՝ ՛՛Արարատի՛՛ աստղ Համլետ Մխիթարյանի անունն է: Պատահականությունները՝ մեզ անհայտ օրինաչափությունների արտացոլումն են: Հենրիկ Մխիթարյանն այսօր կապում է հայությունն աշխարհին այնպես, ինչպես դա անում էին ու անում են Արամ Խաչատրյանը եւ Տիգրան Պետրոսյանը, Ռուբեն Մամուլյանը եւ Շարլ Ազնավուրը, Շերն ու Կիմ Կարդաշյանը: Մնում է մխիթարվել եւ ուժ հավաքել, մինչեւ որ Մխիթարյանի բարձրացրած դրոշը ընդունեն եւ նույնքան ամուր պահեն աշխարհի առջեւ մեր նոր սերնդի արվեստագետներն ու մարզիկները, գիտնականներն ու քաղաքական գործիչները:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply