ՅՈՒՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

0

Բացառիկ ընդդիմություն ունենք` օրինապաշտ, ասպետական, ՛՛ջենթլմեն՛՛: Հարգում է իր և հանրության դեմ ուղղված իրավական ու դատական համակարգերը, գործում բացառապես դրանց շրջանակներում` իր յուրաքանչյուր քայլի մասին վաղօրոք տեղյակ պահելով ռեժիմին:

Մինչդեռ պատերազմներով, ճակատամարտերով, ապստամբություններով, խռովություններով, հեղաշրջումներով, հեղափոխություններով, կրոնական-աղանդավորական շարժումներով, դրանց հաղթանակներով և անխուսափելի պարտություններով հարուստ համաշխարհային պատմությունը սովորեցնում է` լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Հաղթելու համար պիտի վճռական լինես ու գործես անսպասելի` հակառակորդիդ խուճապի մատնելով: Չարժի թերթել պատմության փոշոտ էջերը: Սահմանափակվենք վերջին հարյուրամյակի մի քանի անց ու դարձով:

Անսպասելի էր ավստրիական թագաժառանգ Ֆերդինանդի սպանությանը, անսպասելի էր դրան հաջորդած Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն ու մեզ պատուհասած աղետը: Ցեղասպանությունն անսպասելի էր հայերիս համար, թեև թրքական վերնախավը, այսպես ասած` «նեղ կռուգով» լավ էլ նախապատրաստվել էր` առաջին արարը և ուժերի փորձարկումն անելով 1909-ին Ադանայում և Կիլիկյան Հայաստանի մյուս բնակավայրերում: Արյունոտ շքերթը շարունակվեց հետո էլ` անսպասելի էին Ստալինն ու Հիտլերը իրենց հակառակորդների հախից գալիս և միլիոնավոր մարդկանց նետում լագերները կամ գնդակահարում: Անսպասելի էլ նրանք սկսեցին Երկրորդ համաշխարհային պատերազմը` 2-3 շաբաթվա տարբերությամբ հարձակվելով ու մասնատելով Լեհաստանը: Հետո էլի եղան անսպասելի քաղաքական «զարգացումներ»` 1953-ի Բեռլինի ապստամբության բռնկումն ու ճնշումը, 1956-ի հունգարական ու 1968-ի «Պրագայի գարնան» ճզմումը սովետական տանկերի թրթուրների տակ: Նաև Աֆղանստանին` սովետական «օգռանիչեննի կոնտինգենտի» կողմից ցույց տրվող ինտերնացիոնալ օգնությունն էր անսպասելի, անգամ սովետական բազմազգ հանրության համար, որը նախապատրաստվում էր օլիմպիական 1980-ի Նոր, ապա մի քանի օր անց էլ Հին նոր տարվան: Պատերազմները թողնենք մի կողմ ու խոսենք վաղուց մեզ հոգեհարազատ դարձած հեղափոխական-հեղաշրջումային թեմաներից: Միայն ավելացնեմ, որ 1920-21թթ «Նեմեսիս» ծրագրի վրիժառուներն ու 1975-85թթ Սփյուռքում գործող Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը, Հայոց Ցեղասպանության արդարության մարտիկները, Հայ Հեղափոխական Բանակը և մյուս կազմակերպությունները նախապես իրենց թիրախներին ոչինչ չէին հայտնում:

Անսպասելի էր Սպարտակի ապստամբությունը, անսպասելի էր նիդեռլանդական քաղաքների ապստամբությունը, անսպասելի էր Բաստիլի գրավումը, մյուս հեղափոխություններն ու հեղաշրջումները: Ու այս դասը լավ յուրացրին բոլշևիկները: 1917-ին հոկտեմբերին Զինովևն ու Կամենևը մամուլով իրենց անհամաձայնությունը հայտնեցին հեղաշրջում անելու Լենինի ծրագրերին, ինչը դասական մատնություն էր: Եվ Լենինն հարվածային տեմպերով արագացրեց ու վաղաժամկետ իրականացրեց հոկտեմբերյան հեղաշրջումը, ժամանակ ու պատժիչ գործողությունների հնարավորություն չտալով կառավարությանը: XX-րդ դարում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում տեղի ունեցած ֆաշիստական հեղաշրջումների և հեղափոխությունների մասին չեմ ուզում խոսել, թեև դրանց հաջողությունն ապահովեց հենց անսպասելիության գործոնը: Անսպասելի էին 1950-60-70-ականներին արաբական պրոսոցիալիստական ապագա դիկտատորների հեղաշրջումները: Բատիստայի դիկտատուրայի դեմ պարտիզանական պատերազմ սկսած Ֆիդելն իր ընկերների հետ անսպասելի ափ իջավ Կուբայում և գնաց դեպի իր հաղթանակը: Հետո Էռնեստո Չե Գևարան անսպասելի լքեց Կուբան ու հեղափոխական պատերազմ սկսեց Բոլիվիայում: 1968-ին էլ անսպասելի էր Եվրոպան ու աշխարհը ցնցած ուսանողական-երիտասարդական ընդվզումը. ու նրա հետ հաշվի նստեցին կառավարությունները: Նաև իրանցի ուսանողների հակաամերիկյան բողոքի գործողություններն էին անսպասելի, որոնց արդյունքը իսլամական հեղափոխությունն էր: Ասեմ որ իրենք քաղաքական գործունեությունը ուսանողական լսարաններից սկսեցին Մարքսն ու Լենինը, Ֆիդելն ու Գևարան: Ուսանող էր Նահանգների ապագա նախագահ Բիլ Քլինթոնը, երբ մասնակցում էր Վիետնամական պատերազմի դեմ բողոքի գործողություններին… 1989-ին Պեկինի Տյանանմեն հրապարակի ըմբոստներն էլ ուսանողներ էին:

Իսկ մե՞զ մոտ: 2013-ի փետրվար-մարտին ոչ մի «քաղաքական» ուժ չկանգնեց դասադուլ սկսած ուսանողների կողքին: Ավելին, բոլորն էլ ժամ առաջ սահմանազատվեցին նրանցից: Սա ի միջի այլոց: Անսպասելի էր անգամ գորբաչովյան «перeстройка»-ի նախաձեռնումը. եթե պալիտբյուրոյի ծերակույտն իմանար, թե ինչ կար նորընտիր գենսեկի մտքում, հաստատ նրա փոխարեն առաջ կմղեր որևէ կիսակենդան դիակի: … Եվ մի գիշերում կառուցված Բեռլինի պատն էլ անսպասելի փլվեց… Անսպասելի էին 1991-ի ГКЧП-ի օգոստոսյան պուտչն ու նրա դեմ ժողովրդի ընդվզումը: Անգամ արդեն քանդված ԽՍՀՄ-ի փլուզման վերջին արարը` Բելովեժյան համաձայնագիրն էր անակնկալ Միխայիլ Գորբաչովի համար: Արգենտինացիներն էլ 2001-02թթ չէին մտածում բողոքի գործողությունների գրաֆիկ-ճանապարհային քարտեզը նախապես հրապարակելու մասին: Նույն կերպ վարվեցին նաև ալբանացիները, երբ պայթեց երկրի բրգաձև ֆինանսական համակարգը. նրանք ընդվզեցին առանց շտապ կոչվող, բայց մի շաբաթ հետո կազմակերպվելիք հանրահավաքի: Վարդը ձեռքին վրացական խորհրդարան մտնելու մասին Միխայիլ Սահակաշվիլին ամիսներ առաջ չէր հայտարարում ու նախազգուշացնում Շևարդնաձեին հյուր գնալու մասին: Եվ թունիսցի գործազուրկ ինժեներ Մոհամեդ Բուազին ինքնահրկիզումից առաջ չէր խորհրդակցել ոչ երկիրի պրեզիդենտի, ոչ էլ ոստիկանապետի հետ, անգամ երկրի գլխավոր մոլլան չգիտեր, մամուլով ու ինտերնետով էլ չէր ասել այդ մասին: Եթե իմանային և՛ նրան կկանխեին, և՛ արաբական գարունների շքերթները: Իսկ Վել Աբասն ու իր մի քանի ընկերները շատ լավ օգտագործեցին ժամանակի պարգև ինտերնետը Կահիրեի «Թախրիր» հրապարակում հավաքվելու կոչն էլ էր անսպասելի իրեն անպարտելի համարող Մուբարաքի ու նրա ռեժիմի համար: Չեմ կարծում, թե նրանք օրեր շարունակ Facebook-ում քննարկած լինեին իրենց անելիքը: Ղըրղըզների 2005 և 2010թթ հեղափոխություններն էլ անսպասելի էին: Մյանմա-Բիրմայի բուդդայական հոգևորականների 2007-ի ապստամբությունն էլ էր անսպասելի: Ուկրաինական Մայդանն էլ…

Դե իսկ մենք ունիկալ ենք` մեզ համար չեն դարերի ու հազարամյակների դասերը: Մենք մեր ուրույն ուղին ունենք: Տարեսկզբի Գյումրու ցասումն ու նույնիսկ հունիսի 22-23-ի Բաղրամյան պողոտայի անսպասելիությունը չշարունակվեց: Խունտայից ավելի` ընդդիմությունն էր երևի թե սարսափած այդ ուժից: Ու ամեն ինչ սահուն գնաց դեպի մարում: Եվ ունեցանք Բաղրամյան փակուղի: Ավելի վաղ` 1996-ի սեպտեմբերի 25-26-ն էր ու հետո` 2008-ի մարտի մեկը, երբ ռեժիմն իր նենգության արյունոտ պսակն էր կերտում` միայն վերջին պահին, այն էլ կիսաբերան զգուշացնելով հակաքայլերի մասին, երբ հրամանը տրված էր: Իսկ 2013-ի սեպտեմբերի 3-ը մի՞թե նույնքան նենգ ու անսպասելի չէր: Բոլոր հարցերն մենք ուզում ենք լուծել առանց քաղաքականացնելու և նախապես հակառակյորդ կողմին տեղյակ պահելով. «գիտես` ես քո դեմ այսինչ օրը և այսինչ ժամի ու այսինչ վայրում քայլ եմ անելու` բողոքի ցույց, խաղողի բեռնաթափում ճամփաներին, ճանապարհների փակում, անհնազանդություն: Տես, զգուշացնում եմ, չասես` Դավիթ գող-գող գնաց»: Ու հետո էլ զարմանում-զայրանում ենք, թե ինչու կրիտիկական զանգված չի գոյանում, չի սրբում տանում ատելի իշխանություններին: Կար չէ այդ զանգված: Եղել է 1996-ի սեպտեմբերին, և 2003-ից հետո եղած բոլոր ընտրություններից հետո, 2004-ի ապրիլի 11-ին` «վստահության հանրաքվե»-ծաղրանքի ժամանակ: Եվ ընդդիմություն կոչվածը, նախահարձակ լինելու փոխարեն միշտ սպասել է ռեժիմի քայլերին, սպասել է սուրբ երկյուղածությամբ, որ հանկարծ իշխանությունը չանցնի իրեն, ու պատասխանատվության բեռն իր ուսերին չընկնի…

Նախապես հայտարարված պասիվ հեղափոխությունը Հայաստանում շարունակում է իր ՛՛հաղթական երթը՛՛:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply