ՆԱՏՈ-Ն ՓՐԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ

0

Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենախայտառակ կազմով խորհրդարանն ընդունեց իր ամենափայլուն որոշումը՝ օրակարգից հանել եւ հետաձգել ՀՀ ՀՕՊ-ը ռուսականին միացնելու պայմանագրի վավերացումը: Այսինքն, ՀՀ ԱԺ ոչ մի որոշում էլ չընդունեց այդ հարցող եւ հենց դա է նրա լավագույն որոշումը: Երանի բոլոր հարցերում էլ նույնը լիներ…
Ինչեւե՝ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կախվեց օդում եւ մեր ընդերքը, երկաթուղին, էլեկտրականությունը, գազամուղը, կապը, ազգային անվտանգությունը զավթած չեկիստները դեռեւս չկարողացան մեզնից խլել մեր վերջին հանգրվանը՝ երկինքը: 20-30 ՛՛ջղաձգվողների՛՛ հորդորները եւ կոչերը հանկարծ լսվեցին եւ գոնե ժամանակավոր ի կատար են ածվել: Հայաստանի ռուսականացման ՛՛անշրջելիության՛՛ մասին բարբաջող գործիչները լեզուները կծել ու լռում են: Չլինենք միամիտ՝ իհարկե, մեր փոքրաթիվ ցույցերն ու անտեսվող բողոքները չէ որ ստիպել են հանկարծ հանել ՀՕՊ-ը ռուսներին հանձնելու հարցը հայկական իշխանության օրակարգից: Ոչ էլ ռուսական ՛՛մեծահոգությունն՛՛ է կամ ՛՛զբաղվածությունը՛՛ խանգարել հայոց անվտանգության վերջին օղակների զիջմանը, ինչպես արդեն հաղորդեցին որոշ ռուս թերթերը: Վլաձիմիր Պուծինն ու Սերժ Սարգսյանը նման բաներ ու բառեր վաղուց չեն լսում, չեն հասկանում եւ չեն օգտագործում: Կարծում եմ, վերջինիս հետ երեկ խոսացել են բոլորովին այլ բառերով, այլ լեզվով, եւ հավանաբար՝ նաեւ թարգմանիչների միջոցով: Եւ ինչ որ բան ինձ հուշում է, որ դա անգլերենից հայերենի թարգմանիչներ են եղել:
Մենք, ՛՛ջղաձգված մարգինալներս՛՛ օրեր շարունակ բացատրում էինք, որ հանձնելով իր ՀՕՊ-ը Ռուսաստանին մեր երկիրը դառնում է պատանդ եւ թիրախ Պուծինի դեմ մնացած աշխարհի ընթացող առճակատման մեջ: Առաջին իսկ սադրանքի դեպքում ՆԱՏՈ-ի հարվածների տակ են հայտնվելու Գյումրիի կողքը գտնվող ռուսական ռազմաբազան եւ Երեւանում գտնվող ռուսական ռազմական օդանավակայանը: Բոլոր հետեւանքներով հանդերձ:
Դեռեւս երեկ իշխանական ու իշխանամետ պնակալեզները դեմքի խելացի արտահայտությամբ ճգնում էին ապացուցել մեր փաստարկների անհեթեթությունը եւ ռուսական երաշխիքների անսասանությունը: Այսօր քար լռություն է տիրում ամայացած իշխանական լրատվության դաշտում: Լավ, չարախնդությունը թողնենք նրանց: Ի՞նչ է պատահել իրականում: ՀՀ իշխանությունը ընտրված չէ, ուստի եւ չի ծանրաբեռնում իրեն հաշվետվություններով, անգամ ազգի համար ճակատագրական հարցերում: Մեզ մնում է վերլուծել, կռահել եւ կանխատեսել:
Ես հանդգնում եմ ենթադրել, որ ՛՛քեռին եկավ մեր բակը՛՛: Քեռի Սեմը: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում միայն մեկ ուժ կարող է հակադրվել ռուսական ճնշմանը՝ եւ դա Միացյալ Նահանգներն են, հատկապես իրենց ռազմական բաղադրիչը հանդիսացող ՆԱՏՈ-ի միջոցով: Մոմ չեմ պահել, ականջ չեմ դրել, բայց ատամս կտամ, որ Հայաստանին այս անգամ էլ է փրկել Արեւմուտքը: Եթե մենք ճիշտ ենք այս ենթադրության մեջ, ուրեմն ճիշտ ենք նաեւ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ Հայաստանի համար միակ ճիշտ ճանապարհի մասին մեր հայեցակարգում: Արձանագրենք առայժմ, որ ապրիլյան պատերազմից հետո երկրորդ անգամ Հայաստանին հաջողվում է ընդդիմանալ պուծինյան ճնշումներին՝ սկզբից մերժելով ռուսական ՛՛խաղաղապահներին՛՛ մեր հողի վրա թողնելու, իսկ հիմա նաեւ մեր օդը նրանց հանձնելու պահանջները: Սա ամենակարեւորն է այս պահին: Անհասկացող եւ անշնորհակալ լայն զանգվածները կրկին անմեղսունակ ու անհաղորդ են մնում ընթացող հսկայական գործընթացներին, սակայն ազգի գիտակից մասը պարտավոր է հասկանալ եւ բացատրել ժողովրդին իրականությունը:
Արեւը գնում է արեւելքից արեւմուտք: Մենք հին արեւապաշտ ազգ ենք, առ այսօր մեծից փոքր բոլորը երդվում են ՛՛մորս՛՛ կամ ՛՛հորս արեւ՛՛: Մնում է հետեւել արեւին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply