Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈՒ՞ Է ԿՌԿՌՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

0

Վերջին օրերին ռսական աղբյուրներից հաճախ են հնչում հայ-ադրբեջանական նոր առճակատման կանխատեսումները: Ուշագրավ է այս առումով Պավել Ֆելգենգաուերի թարմ հարցազրույցը ՛՛1-ին լրատվականին՛՛, որտեղ նա ուղիղ ասում է. ՛՛Ղարաբաղը շուտով կպայթի. պատերազմը գրեթե անխուսափելի է՛՛: Եթե ավելացնենք դրան ռսական ռազմական ՛՛Զվեզդա՛՛ հեռուստատեսության, ՛՛Մոսկովսկիյ կոմսոմոլեց՛՛ եւ այլ տարբեր տրամաչափի ռուս մեկնաբանների սադրիչ հաղորդումները՝ անտեսել նման համակարգված տեղեկատվական ալիքն անթույլատրելի է: Մեր մամուլի լավագույն վերլուծաբաններն արդեն իսկ անդրադարձավ դրան՝ Նաիրա Հայրումյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Հայկազն Ղահրիյանի հոդվածներով, որտեղ արդարացիորեն նշվում է նման զարգացման աղետալի հետեւանքները նախեւառաջ Ռուսաստանի համար, նկատի առնելով այդ տերության հարավ-արեւմտյան սահմանի եւ Հյուսիային Կովկասի խարխուլ ու պայթյունավտանգ վիճակը: Սակայն ինձ հետաքրքում է այս երեույթի ոչ այդքան հետեւանքայն, որքան պատճառային հանգամանքը:

Արցախյան պատերազմի տարիներին մենք բավական շուտ ընբռնեցինք զավեշտալի բայց ակնհայտ կապն օտարերկրյա խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցերի եւ թշնամու հարձակումների միջեւ: Այդպես էր 1992 թ. Էլչիբեյի ամառային գրոհից առաջ, այդպես էր 1993-94 թթ. Ալիեւի արկածախնդրությունից առաջ: Իմիջիայլոց, հենց այդ տարիներին պատերազմական լրագրողության ասպարեզում հայտնվեց Պավել Ֆելգենգաուերը, այն ժամանակ ՛՛Նեզավիսիմայա գազետա՛՛ օրաթերթի ռազմական մեկնաբան, ով այժմ ունի այս ոլորտում բավական մեծ համբավ: Ընգծում եմ դա նրանց համար, ովքեր 2016 թ. մարտի կեսին հեգնում էին իմ զգուշացումները մեկ այլ ռուս ռազմական լրագրող, կարծեմ Խրամչիխինի սադրիչ հոդվածի վտանգի մասին: Վերջինս փետրվարին հրապարակել էր ռսական ռազմագիտական հանդեսում ՀՀ եւ ԼՂՀ ԶՈՒ թվաքանակի, զենքի եւ անգամ գտնվելու վայրերի սպառիչ տեղեկություններ, որոնք ես գնահատում էի իբրեւ պատերազմ հրահրելու եւ հասարակական կարծիք նախապատրաստելու սադրանք: Այդ օրերին ՛՛Երկիր Մեդիան՛՛ հրավիերց ինձ հատուկ հաղորդմանը, որտեղ երկու իշխանամետ ՛՛փորձագետներ՛՛ ծաղրում էին իմ ՛՛անառողջ ռուսոֆոբիան՛՛ եւ ՛՛խուճապահար  դիլետանտիզմը՛՛: Երկու շաբաթ անց սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը:

Այսօր, հանձինս Ֆելգենգաուերի, ՛՛Զվեզդայի՛՛, ՛՛ՄԿ՛՛-ի, Մոսկվան հանել է ծանր հրետանին: Ճիշտ է, նրանք հղում են կատարում «Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) զեկույցին, որը տարեց տարի արձանագրում է տարածաշրջանում զինատեսակների արդիականացման ու հզորացման պատճառով պատերազմի ավելացող սպառնալիքը, սակայն ռուս զինվորական մասնագետների կողմից նման կանխատեսումները հնչում են հատկապես զավեշտալի, քանի որ հենց Ռուսաստանն է հանդիսանում այդ զենքերի եւ սպառնալիքների հիմնական աղբյուրը:

Ուստի փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ հենց այս պահին Մոսկվան կրկին սկսեց խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի մասին:

Ստիպված եմ կրկին հիշատակել երկու տարի առաջ գրված հոդվածս, քանի որ ճիշտ կանխատեսումը քաղաքական վերլուծության ամենակարեւոր չափանիշն է: 2015 թ. աշնանը, երբ Պուծինը անսպասելիորեն իր զորքերն ուղարկեց Ասադին օգնելու համար, ես հրապարակել էի այս նույն կայքում ՛՛Սիրիան փրկում է Արցախը՛՛ վերնագրով մի տեքստ, որտեղ, ենթադրություն արեցի, որ Մոսկվան այդ քայլով ձգտում է միանգամից երկու հիմնախնդիր լուծել. ազդել նավթի ու գազի գների վրա եւ վերադառնալ միջազգային բանակցությունների սեղանին, որտեղից Պուծինին արդեն հեռացրել էին Ուկրաինայի վրա հարձակումից հետո: Այդ նպատակներին հասնելու միջոցները սակավաթիվ էին եւ դրանցից առավել արդյունավետը Կրեմլում համարեցին ուժի նոր ցուցադրումը: Ամենադյուրին այլընտրանք կլիներ հայ-ադրբեջանական ռազմաճակատում լարվածության կտրուկ աճը եւ այնտեղ ռսական ՛՛խաղաղապահ՛՛ զորքի հանդիսավոր տեղակայումը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն 2015 թ. ամռան վերջին Պուծինը գայթակղվեց առավել տպավորիչ, ինչպես թվում էր նրան, քայլով: Նա օդուժ եւ նավատորմ ուղարկեց Սիրիա՝ միջազգային ճգնաժամի էպիկենտրոն: Հենց այդ պահին Արցախի գլխին կախված վտանգը գոնե ժամանակավորապես նվազեց: Սակայն ռուս բռնապետը գերագնահատեց իր ուժերը: Նախ, Արեւմուտքը բացարձակապես բացասական արձագանքեց այդ նախաձեռնությանը եւ հրաժարվեց համագործակցել ռսական բանակի հետ: Մեկուսացումը, ի հեճուկս նրա հաշվարկների, էլ ավելի սաստկացավ: Չար անակնկալ Մոսկվային մատուցեց պահից օգտվելու վարպետ Թուրքիան, 2015-ի նոյեմբերի 24-ին ոչնչացնելով ռսական ռմբակոծիչը թրքա-սիրիական սահմանին: Տարվա վերջին պարզ դարձավ, որ Պուծինի արկածախնդրությունը տապալվել է եւ Կրեմլը հայտարարեց ՛՛խաղաղարար առաքելության՛՛ ավարտի կամ գոնե կրճատման մասին: Սակայն դրված աշխարհաքաղաքական խնդիրները լուծված չէին եւ ռսները, բնականաբար, կրկին անդրադարձան երկրորդ՝ արցախյան տարբերակին: Հենց այդ պատճառով 2016 թ. առաջին ամիսներին ես հոդվածներով, իսկ մարտի կեսին ՛՛Երկիր Մեդիայի՛՛ եթերով բարձրաձայնում էի Արցախում նոր արյունահեղության վտանգի մասին: Պուծինը, ով սիրում է բազմանշանակ իմաստ տալ իր գործողություններին, ընտրեց խորհրդանշական պահը՝ մարտի վերջին Նյու-Յորքում անցնում էր միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողով, որտեղ նա, միջուկային երկրի ղեկավարը, ցուցադրաբար չգնաց, իսկ Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՄՆ-ի հրավերը: Ապրիլի 1-2 գիշերը ադրբեջանական զորքերը կիրառեցին ռսներից գնված ծանր զինատեսակները ռազմաճակատի ողջ երկայնքով: Այդ օրերին, դեռեւս քառօրյա պատերազմի ավարտից առաջ, ապրիլի 4-ին այս նույն կայքում եւ հրապարակեցի մեկնաբանություն, ուշադրություն հրավիրելով հարվածի երկու հիմնական կետերին՝ Մարտակերտ-Թալիշ հյուսիսում եւ Հորադիզ-Հադրութ հարավում: Հենց այդ հանգամանքը լիովին բացահայտում էր ուշադիր դիտորդի համար ռսական գլխավոր շտաբի անվիճելի ներգրավվածությունը այս լայնածավալ սադրանքին: Առաջին կետը հանդիսանում է Բաքու-Ջեյհան նավթագազատարին ամենամոտ հատվածը, իսկ երկրորդը գտնվում է անմիջապես Իրանի սահմանի մոտ: Ակնհայտորեն, առաջին փուլում այդ սցենարով նախատեսվում էր հայոց բանակի խուճապահար փախուստը, որից հետո պետք է վրա հասներ երկրորդ փուլը՝ Երեւանի սպասվող փրկության կոչերին արձագանքելու էին Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի զորքերը, իսկ անհրաժեշտության դեպքում միգուցե նաեւ 102-րդ բազայի ստորաբաժանումները, որոնք երկնագույն սաղավարտներով պետք է դեսանտ տեղադրեին նշված երկու ռազմավարական հատվածներում: Դա աննախադեպ եւ կտրուկ փոփոխություններ էր հաղորդելու ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտությանը, այլ նաեւ ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ ինչու ոչ՝ նաեւ Ռուսաստանի եւ անձամբ Պուծինի միջազգային դիրքերին: Պարզաբանենք՝ ռսական նոր բազաները Բաքու-Ջեյհանի եւ Իրանի անմիջական հարեւանությամբ Մասկվային բացարձակ վերահսկողություն էին տալու ոչ միայն առկա, այլ նաեւ նախագծվող նավթագազային խողովակաշարերի եւ հետեւաբար նավթի եւ գազի գների վրա: Իսկ միջազգային ասպարեզում Պուծինը ձեռք էր բերելու խաղաղարարի պատվավոր դերը եւ վերադառնալու էր բանակցությունների սեղանին ուժեղի դիրքերից: Սակայն ամեն ինչ գնաց այլ կերպ: Հայոց բանակը չնահանջեց: Սերժ Սարգսյանը չդիմեց Պուծինին օգնության խնդրանքով: Փոխարենը, նա արդեն ապրիլի 6-ին մեկնեց Բեռլին եւ ԵՄ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանն այլեւս չունի քաղաքական հովանավոր, ակնարկելով Մոսկվային: Հիշեցնում եմ այս հայտնի փաստերը նոր զարգացումները ճիշտ գիտակցելու եւ գնահատելու համար:

Սա շատ թանկ նստեց Ռուսաստանի վրա՝ եւ քաղաքական, եւ ֆինանսական առումով: Բավական է ասել միայն, որ շաբաթներ անց Մոսկվան ստիպված էր կրկին դիմել արդեն մեկ անգամ տապալված տարբերակին եւ նորից զորք ու նավատորմ ուղարկել Սիրիայի ափերին: Ոչ ոք չմոռացավ ՛՛Նավապետ Կուզնեցովի՛՛ խայտառակ ծխախեղդ արշավը, որի ընթացքում երկու օդանավ պարզապես ջուրն էին ընկել դրա վրայից: Հայաստանում շատերը կզարմանան ու հավանաբար չեն հավատա, որ Կրեմլի  այդ երկրորդ սիրիական նվաստացումը ուղիղ արդյունք էր Հայաստանի ապրիլյան ռազմական եւ քաղաքական դիմադրության:

Անցավ եւս մեկ տարի: Կրեմլն ու ԿԳԲ-ն կենտրոնացել էին ամերիկյան ընտրությունների վրա եւ Հայաստանը ստացավ մի կարճատեւ տարկետում, որի պատճառը մենք նոր ենք հասկանում: Թրամփի նոյեմբերյան հաղթանակը պետք է որ թվար Պուծինին իր քաղաքական ճակատագրի ամենամեծ հաղթանակներից մեկը: Ի՞նչ Հայաստան, ի՞նչ բան՝ ԱՄՆ-ի նախագահն էր այժմ նրա գրպանում… Եւրոպան ճաքում էր անգլիացիների գոռոզության ու համառության՝ ՛՛բրեքզիթի՛՛ պատճառով: Ֆրանսիայի չորս նախագահական թեկնածուներից երեքը Պուծինի երկրպագուներն էին եւ հաճախորդները: Անգամ Հոլանդիայի, Ավստրիայի եւ Գերմանիայի ՛՛նվաճումը՛՛ ռուսամետ ուժերով թվում էր միանգամայն հնարավոր ու անխուսափելի: 2017 թ. սկիզբը Պուծինի իրական մեղրամիսն էր, ՛՛երկրորդ գալուստը՛՛: Հայաստանն իր Արցախով ոչ մի տեղ էլ ՛՛չեր կորչի ռսական սուզանավից՛՛, նման մանրուկների մասին Մոսկվան անհոգ էր: Առավելեւս, որ ստեղծված իրավիճակից եզրակացություններ արած Սերժ Սարգսյանը անվերապահորեն կատարում էր դեռ 2013 սեպտեմբերի 3-ին ստացած հրամանը՝ ոչ միայն դուրս հանել ՀՀ եվրասոցիացումից դեպի ՛՛եվրասիացում՛՛, այլ նաեւ փոխարինել սեփական խնդրահարույց իշխանությունը անդեմ, անխոս, անձայն ու անօգնական ՛՛խորհրդարանով՛՛: Ամերիկան ու Անգլիան հանձնվեցին Պուծինին, մենք ի՞նչ…

Այսպես անցավ տարվա առաջին քառորդը: Հետո պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ ոչ միանշանակ: Սկզբից Հոլանդիան, հետո Ավստրիան եւ հիմա էլ Ֆրանսիան կոշտ դիմադրություն ցուցաբերեցին եւ ջախջախեցին պուծինյան ֆաշիստ թեկնածուներին: Ավելին՝ երիտասարդ Էմանուել Մակրոնը հրապարակայնորեն ստորացրեց ծերացող Պուծինին Վերսալում, որտեղ հրավիրեց չեկիստ ռուս նախագահին միայն անպատասխան ապտակներ հասնցելու նպատակով: Բայց ամենակարեւորը՝ պուծինյան վիթխարի եւ հանճարեղ դավադրությունը խայտառակ պարտության մատնվեց ԱՄՆ-ում: Երբեք, անգամ ՛՛սառը պատերազմի՛՛ եւ ՛՛կարիբյան ճգնաժամի՛՛ օրերին Ռուսաստանի, դրա ղեկավարի եւ ռսական ամեն ինչի հանդեպ ատելությունը եւ զզվանքը Ամերիկայում չէին հասնում այսօրվա մակարդակի եւ ուժգնությանը: Պուծինի կարճատեւ ՛՛հաղթանակը՛՛ ոչ միայ պյուրոսյան էր՝ այն խայտառակ եւ ջախջախիչ պարտության է վերածվել, հեռու գնացող, երկարատեւ եւ դեռ անկանխատեսելի հետեւանքներով:

Հազար ու մի ներողություն այս երկարաշունչ զեղումների համար:  Ոմանց այս ամենը հայտնի է առանց իմ մեկնաբանությունների: Սակայն ես գրում եմ նաեւ իմ հինգ հազար ֆեյսբուքյան ընկերների եւ շուրջ տասը հազար ընթերցողների համար, որոնց թվում են արվեստագետներ, բժիշկներ, շինարարներ, ուսուցիչներ, բանվորներ՝ մարդիկ, ով հաճախ ժամանակ ու առիթ չեն ունեցել խորանալ այս բարդ ու խայտաբղետ խճանկարի մեջ: Մենք պարտավոր ենք գիտակցել, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջը եւ հանուն ինչի են իրենց կյանքը ամեն Աստծո օր վտանգում սահմաններին կանգնած մեր որդիները:

Այսօր, մեկը մյուսի հետեւից ծանր քաղաքական ու տնտեսական պարտություններ կրող պուծինյան Ռուսասատնը կրկին մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Առավել քան երբեւե, քանզի պուծինյան վարչախումբը հայտնվել է հոգեվարքում: Ծովային շնաձկներն ունեն մի զավեշտալի առանձնահատկություն՝ նրանք կարող են շնչել միայն շարժման ընթացքում՝ անշարժության դեպքում օդը չի մտնում նրանց մարմի մեջ եւ գիշատիչները խեղդվում են: Այսպիսին է չեկիստական բռնապետության այսօրվա յուրահատկությունը՝ պուծինյան Ռուսաստանը չի կարող գոյատեւել առանց պատերազմի: Պատերազմը, տարածքային զավթումները, իրական կամ կեղծ քաղաքական նվաճումները միակ քարոզչական միջոցն են, որ դեռ շեղում են այդ դժբախտ երկրի բազմազգ բնակչությանը աճող աղքատությունից, դարավոր կաշառակերությունից ու պետական թալանից, հանցագործությունների, ալկոհոլիզմի, պոռնկության, վարակիչ հիվանդությունների, ահավոր եղանակի ու սարսափելի ճանապարհների, անհուսության ու անհեռանկար ապագայի մղձավանջից: Չեչնյա, Մոլոդովա, Վրաստան, Ուկրաինա, Սիրիա՝ ահա միայն վերջին քսան տարիների պատերազմները, որ վարում է պուծինյան Ռուսաստանը, չհաշված չեկիստական անվերջ հաջող ու անհաջող ահաբեկչական դավադրությունները, որոնցից առաջինն էր 1999 թ. հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջումը Հայաստանում: Այս մռայլ ցուցակում այսօր կրկին հայտնվել է Արցախում պատրաստվող սադրանքը, որի մասին արդեն բաց տեքստով ակնարկում ու զգուշացնում են՝ միգուցե լավագույն նպատակներով՝ ռուս փորձագետները:

Հուսով եմ, որ հայոց քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը ճիշտ է գնահատում այս ահագնացող սպառնալիքը եւ կատարում են անհրաժեշտ պատրաստություններ: Սակայն ՀՀ իշխանության անհուսալի վարկաբեկված բնույթը եւ ռսական հատուկ ծառայությունների բացարձակ վերահսկողությունը հայկական զանգվածային լրատվության, նախեւառաջ հեռուստատեսության ու ռադիոյի, քարոզչության, դիվանագիտության, կրթության, անվտանգության համակարգերի նկատմամբ բերել է նրան, որ հայ հասարակության հսկայական զանգվածը անտեղյակ եւ գրեթե անմեղսունակ է, չհասկանալով իրավիճակը եւ դրա իրական պատճառները: Այս առումով քիչ բան է փոխվել վերջին 100 տարում:

Հայաստանը չի դառնում ժողովրդավարական պետություն ոչ միայն եւ ոչ այնքան իշխանության բռնապետական ու ստորաքարշ բնույթից: Մեր օկուպացված ու գաղութացված Հայրենիքի ազգաբնաչության մի ստվար զանգվածը հաշտվել է այս ստրկության հետ եւ չի էլ զգում դրա սարսափը, չի էլ ցանկանում ազատություն եւ անկախություն: Չի կարող լինել ազատ ու անկախ այն երկիրը, որի ժողովուրդը չի երազում ազատ ու անկախ լինել: Չի կարող ժողովրդավարական լինել մի երկիր, որի հասարակությունը ժողովրդավար չէ: Դրան բերել է մեր դարավոր կախվածությունն ու ստրկությունը, հատկապես վերջին հարյուր տարվա կեղծ քարոզով համեմված օկուպացումը Ռուսաստանի կողմից: Ոչ մի իշխանափոխություն ի վիճակի չէ մի օրում փոխել ազգի հոգեկան անազատությունը: Մենք պարտավոր ենք բարձրացնել ազգային-ազատագրական պայքարի, ազգային արժանապատվության եւ համամարդկային արժեքների դրոշը: Դա իրար կողք կողքի ծածանվող երկու դրոշներ են՝ հայոց եռագույնը եւ միացյալ Եւրոպայի ոսկե-կապույտ դրոշը: Միայնակ մենք չենք հաղթի: Բայց մենք միայնակ չենք: Ահա ինչու եմ ես գրում այս ամենը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply