ՈՉ ԹԵ ՛՛ՈՉ՛՛, ԱՅԼ ՛՛ՉԷ՛՛: ՛՛ՆՅԵՏ՛՛

0

 

Հայաստանը կրկին բաժանված է երկու ճամբարների: Ինչպես միշտ բաժանումն այդ նախաձեռնել է իշխանությունը, օգտագործելով գաղութատիրական «բաժանիր` որ տիրես» հին կանոնը և պահանջելով «այո» կամ «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների մասին կազմակերպվող հանրաքվեում:
Նախաձեռնությունն այդ կեղծ է ի սկզբանե: Նախ, անհեթեթ է չգործող ու անընդհատ ոտնահարվող Սահմանադրությունը «բարեփոխել», նույն հաջողությամբ կարելի է ցորենի պահեստը հանձնել առնետների պահպանությանը: Երկրորդը՝ ոչ մի հանրաքվե կամ ընտրություն վերջին քսան տարում Հայաստանում չի կայացել, քանի որ բոլորն անխտիր կեղծվել են գործող իշխանության կողմից՝ երբեմն բռի ուժով, երբեմն խայտառակ լցոններով ու թվանկարչությամբ: Կեղծվելու է եւ այս մեկը՝ արդեն իսկ կազմված քվեացուցակները «մասնակիցների» թվով գերազանցում են երկրի իրական ազգաբնակչությունը:
Այս ամենը նման է կնոջը բռնաբարելուց առաջ նրանից «այո» ասել պահանջելուն: Համենայնդեպս, հենց այս գռեհիկ տրամաբանությամբ է առաջնորդվում բազմիցս բռնաբարված ժողովուրդը, հասկանալով, որ հերթական բռնաբարությունն անխուսափելի է՝ «այո»-ի եւ «ոչ»-ի դեպքում էլ:
Ի՞նչ անել: Երկրի ընդդիմությունը ճակատներ ու քարոզարշավներ է կազմում, «ոչ» ասելու հորդորով: Սակայն ոչ ոք չի հարցնում դիմացինին կամ ինքն իրեն՝ իսկ ինչո՞ւ է «այոն» միշտ անցնում մեր մշտապես «ոչ» ասող երկրում: Չէ՞ որ պետանվտանգության, ոստիկանության, պետհիմնարկների, դպրոցների ու մանկապարտեզների ղեկավարությունից բացի, մնացած ողջ ազգաբնակչությունը վաղուց ու անշրջելիորեն այնպիսի ատելությամբ ու զզվանքով է լցված իշխանության հանդեպ, որ մերժելու է նրանից եկող ցանկացած, անգամ լավագույն առաջարկը: Սակայն, ի տարբերություն քաղաքական ու կուսակցական գործիչների ժողովուրդը անկաշկանդ բացատրում է իր անտարբերության ու ճակատագրապաշտության հիմնական պատճառը՝ «մեկ է, բան չի փոխվի»: Ինչպե՞ս թե՝ ոչինչ չի փոխվելու, անգամ եթե Սերժին վստահության քվեի վերածված միջոցառման արդյունքում Հայաստանը «ոչ» ասի, ինչպես նախորդ նախագահական ընտրություններում ասաց խիզախ Գյումրի՞ն: Այո՛, ոչինչ չի փոխվելու, ասում է հավաքական «ժողովուրդը»` տաքսու վարորդից մինչեւ հարեւան կոշկակարն ու գիտնականից մինչեւ տանտնտեսուհի: «Ինչո՞ւ» հարցին աչքերն կամ ցուցամատը ուղղում են վերեւ: Վերեւում, ինչպես հայտնի է, մեզ մոտ ու մեզ համար ոչ թե Աստվածն է, այլ` Մոսկվան:
Եւ ահա այն պարզ պատճառը, որը հասկանում են իմաստուն տաքսու վարորդներն ու տանտնտեսուհիները, բայց ոչ մի կերպ չեն հասկանում, կամ ավելի ճիշտ չեն համարձակվում բարձրաձայնել իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ու կուսակցական գործիչները: Ահա ինչու Ուկրաինան, Մոլդավիան, անգամ Վրաստանը կարողանում են անցկացնել հանրաքվեներ ու ընտրություններ, իսկ Հայաստանում քառորդ դար շարունակ տեղի է ունենում նվաստացուցիչ հրապարակային ու զանգվածային բռնաբարություն, երբեմն արյունով ու զոհերով: Որովհետեւ Հայաստանում շարունակ փորձում են մոգոնել ազգային թվաբանություն, յուրային դեմոկրատիա եւ ապացուցել, որ գումարելիների հերթականության փոփոխումից արդյունքը փոփոխվելու է: Ոչ, սիրելիներս: Չի փոփոխվելու: Սերժը կփոխի Ռոբին, Սերժին կարող է փոխել Դոդը կամ Մալիշկեն, բայց քանի դեռ այս ամենը որոշվում է Մոսկվայում, ոչ մի բան Հայաստանում չի փոխվելու:
Ահա ինչու «ոչ» պետք է ասել ոչ թե Սերժին, կամ նրա տեղը զբաղեցնել երազող ռայկոմի հերթական քարտուղարին, այլ «ոչ» պետք է ասել այդ ժանգոտ երկաթե մեքենային, որը բռնաբարում է մեր Հայրենիքը համարյա մեկ դար, որոշ ընդհատումներով, վերջին անգամ՝ 1999 թվի հոկտեմբերի 27-ից սկսած: Դա հասկացան Ուկրաինայում եւ ըմբոստացան, Մայդան արեցին, դանդաղ, դժվար, բայց անշեղորեն ազատվելով ու անկախանալով: Դա հասկացան Վրաստանում եւ ըմբոստացան, հետո կրկին տանուլ տվեցին, բայց կարծես թե արթնանում են ու հետ են բերելու կորցրածը: Դա պետք է հասկանա Հայաստանը՝ հին, թե՛ նոր, Արցախով հանդերձ:
Աշխարհը փոխվում է եւ ընտրություն է պահանջում՝ ում հետ ենք մենք: Այդ ընտրությունը՝ Սերժին ընտրելու կամ մերժելու հարց չէ: Այդ ընտրությունը՝ սեփական կամքով հարց տալն ու պատասխան ստանալու ընտրություն է: Այդ ընտրությունը՝ մի կողմից անցյալի, Սովետի, ԿԳԲ -ի, եւ մյուս կողմից՝ ապագայի, ազատության, անկախության միջեւ է: Եւ այդ ընտրությունը պահանջում է «ոչ» ասել հենց Մոսկվային, Պուծինին, ԿԳԲ-ին, որոնք եւ նստացրել են մեր վզին գործակալների, կեղեքիչների, գողականների այս ոհմակը: Եւ ասել պետք է դա ոչ թե քվեներով, որոնք միեւնույն է կեղծելու են, այլ փողոցներում, հրապարակներում, հանրահավաքներում, որոնք վերաճելու են իրական, ժողովրդական, այլ ոչ թե սերժական հանրաքվեի:
Եւ այդ «ՈՉ»-ը պետք է դառնա «ՉԷ»՝ ինչպես Չե Գեւարայի անունը, ինչպես այրվող անվադողը, ինչպես ջրցանի ու մահակի դեմ սեղմված բռունցքը: Անհնազանդությունն արդեն քիչ է, այժմ պետք է դիմադրություն, ինքնապաշտպանություն, հեղափոխություն: Ոչ թե «Ոչ», այլ «Չէ»: Ինչպես հին հայկական կինոյի հերոսն էր հավելում՝ ՛՛Նյետ՛՛: Սա է այսօր հրապարակի ու ժողովրդի լեզուն: Այլ լեզու բռնությամբ իշխանությունը զավթածները չեն հասկանում: Քվեատուփերից բարիկադներ չեն սարքում: Քվեարկելով հեղափոխություն չեն անում: Սա է դպրոցական այն պարզունակ թվաբանությունը, որը հայ ժողովուրդը գիտի մանկուց, իսկ մանկամիտ քաղաքագետները համառորեն չեն ուզում հասկանալ՝ սկզբից հեղափոխություն, հետո հանրաքվե: Հակառակը չի ստացվի:
(Ծաղրանկարը Օհան Շաշկալի)

 

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply