ՈՒՂՏԻՆ ԱՍԵՂԻ ԾԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՁԵՌՆԱՐԿ

0

Մի իմաստուն սաել էր՝ մենք պետք է բարին չարիքից ստեղծենք, քանզի այն ստեղծելու համար այլ նյութ չի մնացել: Մեր շուրջն այսօր այդքան սուտ ու կեղծիք է կուտակվել, որ ճշմարտությունը պետք է փնտրել այդ կույտերի մեջ, քանզի մաքուր տեղ գրեթե չի մնացել:

Ուրեմն՝ ՛՛Իգլա”: 1983 թվից արտադրվող սովետական շարժական թեթեւ հրթիռային համակարգ օդային թիրախներ խոցելու համար: Ռուսական հապավումն է՝ 9К38,  անգլերեն հայտնի է իբրեւ SA-18 Grouse:

Ո՞վ է Հայաստանում հանդիսանում հակաօդային այդ զենքի քաղաքական թիրախը: Պատասխանը պարզ է, հատկապես եթե հիշենք, որ դեռ երկու տարի առաջ ՛՛Նորկ-Մարաշ՛՛ զինված խմբի զավեշտալի գործով իրեղեն ապացույցների մեջ հիշատակվում էին Սերժ Սարգսյանի օդանավի վայրէջքի տեսագրությունները: Չքննարկենք այստեղ այդ խմբի հետ կապված թատերական ներկայացումները, մինչեւ որ հստակ չհասկանանք՝ ո՞վ էր գլխավոր բեմադրողը: Այս պահին նշենք միայն, որ նման զինատեսակներ նախկին ԽՍՀՄ տարածքի հանրախանութներում չեն վաճառվում, որքան էլ փորձեն հակառակն ապացուցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաները, արդարացնելով հակաօդային եւ այլ արդիական զենքերի առկայությունը Ուկրաինան զավթած ռուս ՛՛կամավորների՛՛ մոտ:  Ատրճանակի չգրանցված փամփուշտը քրեական հանցագործություն համարվող Հայաստանում ՛՛Իգլա՛՛ հակաօդային հրթիռային համակարգը կարող է հայտնվել միայն լուրջ եւ հատուկ պետական գործողությունների արդյունքում: Ո՞ր պետության: Այ դա հենց այն գլխավոր հարցն է, որը պետք է տալ այսօր, եթե ինչ-որ մեկը դեռ չգիտի դրա պատասխանը: Մի կողմ թողնենք ՛՛Սերժն-ինքն-իրեն-խբելու-շոու-սարքեց՛՛ խոհանոցային խոսակցությունները: Մամուլում, հատկապես ռսական աղբյուրների հղումներով այս կապակցությամբ հանկարծ հայտնվել է Վրաստանի հիշատակումը: Վրաց պաշտոնյաները խառնվել են իրար եւ հերքում են որեւե առընչություն պետական ահաբեկչության հոտ ունեցող այս սադրանքին: Սակայն անհեթեթ այս վարկածը բարեխղճորեն զարգացվում ու ծամծմվում է ռսամետ լրագրագործակալան սարդոստայնի ջանքերով,  հանրության ուշադրությունը շեղելով իրական պատվիրատուներից:

Հիշենք, որ մի քանի օր առաջ Վրաստանով Հայաստան իսկապես մտել էր զինվորական տեխնիկայի ինչ-որ քանակություն: Այդ տեղեկությունները հաստատել են վրացական պաշտոնական ատյանները, ինչն ինքնըստիքյան հետաքրքիր է, քանզի վերջին տարիներին Վրաստանը սովորաբար թույլ չի տալիս նման մատակարարումներն իր տարածքով կազմակերպել եւ որոշ դեպքերում Ռուսաստանը ստիպված էր Թուրքիայի եւ անգամ Ադրբեջանի օդային ճանապարհով ներմուծել Հայաստանում տեղակայված իր ռազմաբազայի համար զենք ու զինամթերք: Միգուցե այդ բեռը նախատեսված էր հենց հայկակա՞ն կողմին: Համեմատենք այդ փաստը մեկ այլ հաստատված տեղեկության հետ՝ օրեր առաջ Հայաստանի ՆԳՆ ստացել էր 8 թե 9 զրահմեքենա: Ամենայն հավանականությամբ, սա հենց այն ռազմական բեռնափոխանակումն էր, որը վրացիները թույլ տվեցին կատարել Ռուսաստանից դեպի Հայաստան իրենց տարածքով: Կրկին մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու՞ հանկարծ ՀՀ ՆԳՆ-ը ռազմական զրահատենիկայի սուր կարիք զգաց, այն էլ ընտրությունների նախօրեին, կարծես թե ՀՀ ՊՆ-ից մի քանի զրահմեքենա ոստիկանությանը փոխանցել ավելի հեշտ չեր լինի: Բայց երկու այս փաստերը համադրելուց հետո, ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք չարաբաստիկ այդ ՛՛Ասեղը՛՛ թաքնված չեր Վրաստանով անցած հենց այդ զենքի ու զրահի կույտերի մեջ:

Եթե հիշենք, որ ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակում բացահայտվեց մեր նահանջը պատրաստող ռսական բարձրաստիճան գործակալների մի ամբողջ ցանց, եթե հիշենք, որ հուլիսյան ապստամբության օրերին ՊՊԾ-ի ղեկավարների դարակներում Վարուժան Ավետիսյանը հայտնաբերել եւ ցույց էր տալիս լրագրողներին ոչ պակաս բարձրաստիճան հայ ոստիկանների ՛՛ռուս կազակությանը՛՛ պատկանելու խայտառակ վկայագրերը, եթե հիշենք ի վերջո, որ ԱԱԾ վերանվանված կառույցը մնում է նույն հանցավոր ԿԳԲ-ի անշրջելի շարունակությունը, ապա կհամաձայնվենք, որ նման պայմաններում Ռուսաստանից Հայաստան ոչ միայն ՛՛Իգլա՛՛ կարելի է ներմուծել, այլ ավետարանական ուղտին էլ ասեղի ծակով անցկացնելը դժվար չէ:

Ինչպիսի՞ն է այստեղ Սամվել Բաբայանի դերը՝ ես չեմ հանդգնի ենթադրություններ անել: Պարզ է միայն, որ Կիեւում օրեր առաջ վտանգավոր վկային սպանող, դրանից մի քանի ժամ առաջ Մոսկվայում մեկ այլ տեղեկացված վկային պատուհաից դուրս շպրտող, Չեռնոգորիայում հեղաշրջում պատրաստող, Ֆրանսիայում նախագահի թեկնածու կաշառող, ԱՄՆ-ում ողջ ընտրությունների ընթացքում փող ու վարկաբեկիչ նյութեր օգտագործող ուժը ոչ մի բանի առաջ չի կանգնի Հայաստանում իր ուզածին հասնելու համար: Չնչին բացառությամբ, տեղական քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը մրցակցում են միայն Կրեմլին հաճոյանալու եւ սեփական ստրկությունն ապացուցելու մրցաշարում: Սակայն բավական է Երեւանին մեկ քայլ անել դեպի Եւրոմիություն, անմիջապես գալիս է սեպտեմբերի 3-ը, ինչպես 2013-ին: Բավական է Սերժին այցելել Նյու-Յորք եւ հանդիպել այնտեղ ԱՄՆ ղեկավարության հետ, անմիջապես գալիս է ապրիլի 2-ը, ինչպես 2016-ին: Բավական էր ստորագրել ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիր, ինչպես արվեց ս.թ. մարտի 21-ին, հաջորդ իսկ օրը Երեւանում հայտնվում է հակաօդային շարժական հրթիռային համակարգ, որպես ակնարկ եւ զգուշացում: Գուցե վերջին:

Մեր ազգի ճնշող մեծամասնւյունը չի հասկանում, չի գիտակցում, չի հավատում, որ անգամ ներկայիս ստրկացված, գաղութացված եւ փաստորեն օկուպացված վիճակում Հայաստանը շարունակում է հսկայական վտանգ պարունակել եւ ահռելի խոչընդոտ հանդիսանալ մեր զավթիչների համար: Ես մի քանի անգամ անդրադարձել էի այս կայքում պուծինյան Ռուսաստանի  համար խայտառակ սիրիական արշավում Հայաստանի եւ հատկապես ապրիլյան պատերազմի արդյունքների առանցքային նշանակությանը: Հայաստանում դրան լուրջ չեն վերաբերվում: Փոխարենը, այդ մասին լավ տեղեկացված են այնտեղ, որտեղից հայկական հացի մեջ պարբերաբար ասեղներ են դրվում: Ինչպես նաեւ այս անգամ:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply